Դրանք պետք է վերացնել, իսկ ծառայությունից խուսափողներըՙ պետք է բարձր գին վճարեն դրա դիմաց
Եթե չասենք միաձայն, համենայնդեպս, բնակչության ճնշող մեծամասնությունը վստահում է հայկական բանակին եւ հպարտանում նրանով: Պատահական չէ, որ հայկական բանակի 25-ամյակը նման էր համազգային տոնիՙ շնորհավորանքների ու անկեղծ բարեմաղթանքների պակասՙ ուղղված երկրի պաշտպաններին, չեղավ: Ուրախալի է, իհարկե, համընդհանուր հոգատարությունը բանակի նկատմամբ, նրան զորավիգ լինելու պատրաստակամությունը, բայց ցավալի է, որ նման մոտեցում չկա պետականության նկատմամբ: Մինչդեռ, պետությունն ու բանակը իրարից անջատ չեն լինում: Չկա պետություն, չի լինի բանակ: Չկա բանակ, չի կարող գոյատեւել պետությունը:
Հատկապես Հայաստանի աշխարհաքաղաքական վիճակում գտնվող եւ երկու ոխերիմ թշնամի ունեցող երկիրը պարզապես պարտավոր է ունենալ ուժեղ բանակ ու պետություն: Առաջինի արժեքը գիտակցում ենք, իսկ երկրորդինըՙ ցավոք, ոչ: Սա, իհարկե, տարօրինակ է, բայց փաստ: Քառորդ դարից ավելի գոյություն ունեցող պետության արժեքը, նրա ժողովուրդը, մանավանդ դարեր շարունակ օտարի դաժան լծի տակ գտնված, ցեղասպանության ենթարկված, պետք է որ վաղուց գիտակցած լիներ: Շատ շատերը դա դա չեն գիտակցում: Որքանո՞վ է դա առնչվում ոմանց մոտ զինծառայությունից խուսափելու մտայնությանը, դժվար է ասել, բայց ինչ-որ չափով նպաստում է: Ինչ վերաբերում է բուն մտայնությանը, ապա այն հետեւյալն էՙ բանակը լավն է, քանի որ պաշտպանում է իրենց, բայց երբ իրենց կամ իրենց որդիների ծառայելու հերթն է գալիս, սկսվում են «գիտությամբ զբաղվելու», «արտերկրում բարձրորակ կրթություն ստանալու», «երեխուն դուրս հանելու» պատրվակներով զինծառայությունը շրջանցելու որոնումները:
Հասկանալ կարելի է ծնողների մտահոգությունը զավակների, հատկապես եթե ընտանիքի միակ տղա զավակն է, անվտանգության համար: Սակայն, չէ՞ որ ծառայող զինվորները նույնպես ունեն ծնողներ, որ նրանց մեջ կան նաեւ ընտանիքի միակ տղա զավակներ, որոնք երկու տարի, իսկ երիտասարդ սպա լինելու դեպքումՙ երկու տասնամյակ պաշտպանում են բոլորիսՙ այդ թվում այդ ամենը չգիտակցողների կյանքն ու խաղաղությունը: Սակայն ամենաարտառոցն ու անթույլատրելին այն է, որ պետությունը լայն դուռ է բացել ծառայությունը շրջանցողների համար: Օրենքով «բանակ չգնալու» հնարավարությունը ոչ միայն անթույլատրելի շռայլություն է, այլեւ լուրջ վտանգ պետության համար: Դա «ինչո՞ւ ես պետք է ծառայեմ, իսկ նաՙ ոչ» օրինական հարցադրում է բարձրացնում, որի փաստարկված պատասխանը չկա: Կան միայն անտրամաբանական պատճառաբանություններ, որոնք վաղուց արդեն մի կողմ դնելու եւ օրենսդրական կարգավորումներ տալու ժամանակն է:
Առաջինըՙ օրենքով հնարավորություն է ընձեռնված հետաձգել բանակային ծառայությունը բուհերում սովորողների համար: Ընդ որում, անհասկանալի է, թե ինչո՞ւ որոշ դեպքերում նման հնարավարություն նախատեսված է, մյուս դեպքերումՙ ոչ: Այսինքն, գործում է շղթաՙ բակալավր-մագիստարտուրա-ասպիրանտուրա, որը հնարավորություն է տալիս «ձգել» ժամանակը մինչեւ 27 տարեկան լրանալը եւ «հաջողությամբ» ազատվել զինծառայությունից: Օրինագիծը, ըստ որի բոլոր 18 տարեկան տղաները պետք է զորակոչվեին բանակ, որը խոստացել էր ներկայացնել կառավարությունը, այդպես էլ չներկայացվեց: Դեռ չներկայացված, բուհերում դասավանդողներից ոմանք սկսեցին քննադատել այդ օրինագիծը, ասելով, որ դա կխանգարի «գիտությամբ զբաղվելու» «անհագ» ցանկությամբ լցված երիտասարդներին: Ինչո՞ւ հնարավոր չէ առաջին կուրսն ավարտելուց հետո վերադառնալ եւ շարունակել ուսումն ու հետագայում գիտությամբ զբաղվել, վերոնշյալ դասախոսներից ոչ ոք այդպես էլ հոդաբաշխ խոսքով չկարողացավ բացատրել: Ընդ որում, երբեք չի խոսվում այն մասին, որ բանակից ազատվելու նպատակով «գիտնական» դարձածները առաջին հերթին եւ ամենամեծ վնասն են պատճառում հենց գիտությանը: Մի խոսքով, բանակից խուսափելուՙ մեր նշած առաջին օրինական հնարավությունը պետք է վերացնելՙ բոլոր 18 տարեկան տղաների համար հավասարապես նախատեսելով պարտադիր զինվորական ծառայություն:
Երկրորդը արտերկրում սովորողների համար նախատեսված տարկետումն է, որը թեեւ տրվում է կառավարության որոշմամբ, բայց դարձյալ առաջացնում է նույն արդարացի հարցադրումը, ինչո՞ւ նրանք չպետք է ծառայեն, իսկ մյուսները պետք է ծառայեն: Ճիշտ է, զուտ իրավական տեսանկյունից տարկետումը նշանակում է զինծառայության հետաձգում, ոչ թե ազատում: Սակայն, ինչպես ասում են, ոզնուն էլ հասկանալի է, որ արտերկիր ուսման համար մեկնողների մեծ մասն ամեն ինչ անում է, որ այնտեղ մնա մինչեւ 27 տարեկանը, ապա, եթե վերադառնա Հայաստան, կվճարի համապատասխան գումարը եւ կազատվի զինծառայությունից էլ, դրանից խուսափելու համար նախատեսված քրեական հետապնդումից էլ: Բացառելու համար բանակից ազատվելու այս օրինական հնարավորությունը, անհրաժեշտ է փոփոխել զինծառայությունից խուսափելու հնարավորություն տվող «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» օրենքը: Սա երրորդ եւ ամենահեշտ տարբերակն է բոլոր նրանց համար, ովքեր չեն ցանկանում պաշտպանել իրենց հայրենիքը, իրենց ծնողներին, հարազատներին:
Հիշեցնենք: 2003թ-ից սկսածՙ զինծառայությունից խուսափած եւ հետախուզման մեջ գտնվող 27 տարին լրացած քաղաքացիները օրենքով սահմանված կարգով, որոշակի գումար վճարելով, ազատվում են քրեական պատասխանատվությունից եւ հաշվառվում պահեստազորում: Դա հնարավորություն է տալիս այն անձանց, որոնք զինծառայությունից խուսափելու նպատակով մեկնել էին արտերկիր, վերադառնալ Հայաստան եւ այլեւս չծառայել բանակում: Դրա համար վճարվող գումարը, մեղմ ասած, ծիծաղելի է: Յուրաքանչյուրի զորակոչից խուսափելու համարՙ 100 հազար դրամ: Այսինքն, 9 տարվա ընթացքում (18-27 տարեկան), տարեկան երկու անգամ անցկացվող զորակոչից խուսափելու համար վճարում ես ընդհանուր առմամբ 1 մլն 800 հազար դրամ եւ… ազատ ես:
Այս օրենսդրական նորմը ընդունվել է նրա համար, որպեսզի խրախուսի հայրենիք վերադառնալու ցանկություն ունեցողներին, բայց փոխարենը խրախուսում է բանակից խուսափելու ցանկություն ունեցողներին: Մոտավորապես այսպիսի կացություն է ստեղծվումՙ դուրս արի երկրից 16 կամ 17 տարեկանում կամ գուցե ավելի շուտ, 10 տարի ապրի որեւէ հարազատի մոտ, ապա վերադարձիր, իսկ քո Հայաստանում մնացած հարազատներին թող պաշտպանեն ուրիշների երեխաները: Սա պարզապես անբարոյական մոտեցում է:
Եթե այս օրենքի գործունեությունը դադարեցնել հնարավոր չէՙ հայրենիք վերադարձողներին չխանգարելու համար, ապա գոնե անհրաժեշտ է փոխել այն գումարի չափը, որը հնարավորություն է տալիս հազարավոր եւ հիմնականում ապահովված ընտանիքների տղաներին (անապահովները չեն կարող 9 տարի արտերկրում երեխա պահել) ազատվել զինծառայությունից: Այսինքն, եթե հրաժավում ես ծառայությունից, ապա դրա համար գոնե բարձր գին վճարիր:
9 տարվա ընթացքում յուրաքանչյուր զորակոչից խուսափելու համար 100 հազար դրամի փոխարեն անհրաժեշտ է սահմանել 500 հազար դրամ (մոտ 1000 դոլարին համարժեք): Այս գումարը ուղղել պայմանագրային զինծառայողների աշխատավարձ վճարելուն: Արդյունքում, բանակային ծառայությունից խուսափելու համար Հայաստանից հեռացողները երկիր վերադառնալու համար թող վճարեն 9 մլն դրամ, այլ ոչ թե 1,8 մլն:
Անընդունելի են հնարավոր պատճառաբանությունները, որ այս գումարը շատերը չեն կարող վճարել, հարկ է հաշվի առնել սոցիալական վիճակը եւ այլն: Եթե չեն կարող վճարել, ապա թող մնան եւ ծառայեն, ինչպես մյուսները: Եթե չեն ծառայում, ապա դրա համար թող բարձր գին վճարեն, իսկ այդ գումարը ուղղվի այն արժանավորներին, որոնք պայմանագրային ծառայության են անցնում: Սա ընդունելի է բոլոր առումներովՙ արդար է, կնպաստի զինծառայությունից խուսափողների թվի կրճատմանը, լրացուցիչ գումարներ կբերի պաշտպանության ոլորտին, հնարավորություն կտա ավելացնել պայմանագրային զինծառայողների վարձատրությունը եւ ամենակարեւորըՙ անհեռանկար կդարձնի այս ճանապարհով պարտադիր զինծառայությունից խուսափելու շատերի մտայնությունը:
Կարծում ենք, պատերազմական մշտական վիճակի մեջ գտնվող երկրի համար օր առաջ պետք է սկսել իրագործել վերոնշյալ քայլերը: Երկրի անվտանգությունը ապահովելը պետք է բոլորի պարտականությունը լինի, իսկ նրանք, ովքեր դրանից խուսափում են, պետք է բարձր գին վճարեն: