Չնայած Հայաստանում նոր ընտրակարգ է որդեգրվել` 100 տոկոս համամասնականը, սակայն Ընտրական օրենսգրքով սահմանվում է, որ կուսակցություններն ու կուսակցությունների դաշինքները պետք է ունենան ե՛ւ համապետական, ե՛ւ տարածքային ընտրական ցուցակներ: Տարածքային ընտրական ցուցակում կարող է ընդգրկվել տարածքի յուրաքանչյուր 15 000 ընտրողի հաշվարկով` մեկ թեկնածու, բայց ոչ պակաս, քան 5 թեկնածու: Ընտրատարածքային ցուցակներով ընտրությունն այլ կերպ անվանում են ռեյտինգային, հայերեն` վարկանիշային: Սա առավել նման է մեծամասնական կարգին, քանի որ համամասնականը ողջ Հայաստանով մեկ կուսակցական ցուցակի գոյությունը պիտի լիներ միայն, ու այդ քվեարկությունը հենց իրական վարկանիշ ցույց կտար: Սակայն նոր Ընտրական օրենսգրքովՙ ռեյտինգային ցուցակ հասկացությունն է մտցվել, որում ներկայացված են լինելու ընտրությանը մասնակցող կուսակցության` տվյալ ընտրատարածքի ներկայացուցիչները:
Քվեաթերթիկի առաջին էջում նշվելու են ընտրություններին մասնակցող կուսակցության անվանումը, կուսակցությանը տրված համարը, ինչպես նաեւ համապետական ընտրական ցուցակի առաջին երեք թեկնածուների անունները: Քվեաթերթիկի երկրորդ էջում կլինեն ընտրություններին մասնակցող կուսակցության համապատասխան տարածքային ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուների անունները` այբբենական հերթականությամբ: Սա որպես հիշեցում:
Այդ քաղցր բառը` վարկանիշ
Հայաստանում Սահմանադրությունն, այո, փոխվեց, ընտրական կարգը նույնպես, սակայն զուգահեռ հայրենի իշխանությունները կարողացան մեր քաղաքական դաշտի հետ վարվել այնպես, որ այն իր ուրվագծով, օրակարգով, պահանջներով համարժեք չէ նոր օրենսդրությանը եւ չունի այն ներուժը, որով կկարողանար նոր օրենսդրությունից քամել առավելագույն հնարավորությունները` համամասնական կարգի ընձեռած ինստիտուցիոնալ էությունը ձեռք բերելու եւ այդ առումով աշխարհի կաննոներով գործելու համար: Այսինքն` նոր Սահմանադրության եւ նոր ԸՕ-ի օրենսգրքի ընդունմանը զուգահեռ` քաղաքական դաշտի ձեւախեղումը, իրական ընդդիմության դեգրադացումը ստեղծեց այն իրավիճակը, երբ մեր կյանքը, ընտրական բարքերը, քաղաքական դաշտ ձեւավորելու իշխանության մենաշնորհը մնում են հինը` նոր ընտրական օրենսդրության ու նոր սահմանադրության պարագայում:
Իշխանություն, իշխանական քաղաքական դաշտ ասելով մենք շարունակում ենք հասկանալ անձեր, ընդդիմություն ասելով`նույնպես: Այսինքն` ընդդիմադիր եւ իշխանական բառերի փոխարեն մենք հանգիստ ընդամենն անուններ կարող ենք գործածել, իսկ դա հազիվ թե քաղաքականություն հնչեղ բառի բովանդակության համարժեքն է:
Այս իմաստով ավելորդ չէ ընտրությունների դռանը մեկ անգամ եւս քննարկել նոր ընտրական իրողություններից մեկը` վարկանիշային (ռեյթինգային) քվեարկությունը, որը սահմանադրությամբ եւ Ընտրական օրենսգրքով միգուցե լավ էլ հիմնավորված է, բայց գործառնական իմաստով մեր կյանքում ստանալու է այն բովանդակությունը, ինչ վերեւում ասում էինք իշխանություն-ընդդիմություն հայկական համարժեքների պարագայում:
Ձայների աճուրդ
Ստացվում է, որ վարկանիշային քվեարկություն հասկացությունը ոչ թե կուսակցական գաղափարների մրցակցություն է լինելու` ի դեմս թեկնածուների, ինչպես որ պիտի լիներ, այլ այն վերածվելու է ձայների աճուրդի, որտեղ առաջադրվածի (ըստ այդմ էլ` կուսակցության) վարկանիշը կախված է լինելու փողից, լավ ախպերությունից, կրիմինալ շրջապատի ուժի աստիճանից, բուն վարկանիշային (տեղական) ցուցակով առաջադրվածի ֆինանսական-վարչական կարողություններից: Այդ բոլոր տարբերակիչներն անցյալում բացառապես մեծամասնական կարգին էին հատուկ: Բայց հիմա անգամ վարկանիշային քվեարկություն կոչվածը կարելի է համարել մեծամասնականի նոր` կատարելագործված տարբերակը, քանի որ այն ժամանակ մեծամասնականները, այսպես ասենք, տակից էին ստանում որեւէ կուսակցության աջակցությունը, եւ իրենց հպարտորեն կոչում էին անկախ, իսկ հիմա մեր օլիգարխներն ու թաղային տղերքը արդեն օրենքով են համալրելու կուսակցությունների տեղական-վարկանիշային ցուցակները, իսկ նրանց տրված ձայները համարվելու են կուսակցությունների ձայները, ու ոնց էլ լինի` 13 ընտրատարածքից մի 26 հոգի կանցնեն խորհրդարան, համարեք դրանց մեծամասնական պատգամավոր:
Ավելի հստակեցնենք` ո՞վ վարկանիշ ունի այսօր: Փորձենք պատասխանել այս հարցին: Ամբողջ խնդիրն այն է, որ տարիների ընթացքում մեր երկրում ձեւախեղվել է նաեւ վարկանիշ բառի բովանդակությունը: Ասենք` ինչպես լրատվամիջոցներում մեծ վարկանիշ կարող է հավաքել ինչ-որ անմակարդակ «աստղի» անատոմիական մանրամասնությունների նկարագրությունը, կամ խորհրդարանի պատերից ներս տեղի ունեցած «ռազբորկան», եւ ոչ թե բուն խնդրի վերհանումը, այնպես էլ հարգարժան, կրթված անհատները մեր հանրության զգալի շերտերի մոտ վարկանիշ չունեն, քանի որ որեւէ նյութական-առարկայական բան նրանք ընտրողին չեն կարող առաջարկել` իրենց գաղափարներից զատ: Իսկ վերջին մի քանի տարիներին ոչ միայն քաղաքական դաշտն է զրկվել իր բուն բովանդակությունից, այլեւ ձեւախեղվել է ընտրողի կերպարը: Ընտրողների շատ զգալի շերտի, իսկ միգուցե կեսից ավելիի մոտ վարկանիշ կարող է ունենալ իր կոմունալ վճարները փոխհատուցողը, անվճար առողջապահական հետազոտություն կազմակերպողը, իր բազմաթիվ սոցիալական խնդիրներից թեկուզ մեկը լուծողը, հարազատի թաղման ծախսերը հոգացողը եւ այլն: Այստեղ են ասում` սկսվելու է իսկական աճուրդ` ընտրողի «ձենի» համար, ու դա կլինի ոչ թե ընտրության օրը, այլ մինչ այդ: Այն հիմիկվանից է սկսվել, չնայած դեռ հրապարակված չեն երկու տեսակի ցուցակներն էլ, բայց թաղային հավակնորդներն իրենց «բազարներն» արդեն արել են: Ամեն օր այդ մասին բազմաթիվ վկայություններ ենք ստանում:
Օրինակ` հայտնի է, որ Երեւանում տեղական ՀՀԿ-ական (հատուկ միտում չունենք, ամենամեծ կուսակցությունն է, բացի այդ` նա է տիրապետում վարչական լծակներին, դրա համար էլ ՀՀԿ-ի մասին ենք ասում) ակտիվն ու նրան մերձ հայտնի շրջանակները բազմաթիվ հանդիպումներ են անցկացրել այս ու այն տարածքի նայողների, այդպես ասենք, նախաձեռնությամբ որեւէ կերուխումի օբյեկտում եւ հաշվառել են իրենց հնարավորությունները: Հավաքների մասնակիցներից ամեն մեկից գույքագրում են արել, թե քանի կողմնակից-ընտրող նա ունի ձեռքի տակ եւ ի՞նչ թիվ կարող է ապահովել: Սկսվել է անգամ աշխատանքն այդ` սեփական ընտրողի հետ: Իսկ արդեն «ապահովված» ընտրողը ընտրության օրը գնալու ու նախապես տված իր «ձենն» ուղղակի գրավոր հաստատելու է` քվեաթերթիկում համապատասխան նշում անելով: Սա աշխատող տարբերակ է, քանի որ հավաքված «հեղինակավոր» մարդիկ փաստորեն ամեն շենքում իրենց պատասխանատուներն ունեն, որոնք նախապես աշխատում են մարդկանց հետ, հաշվառում «իրենց կոնտիգենտի» բոլոր կարիքները, ներկայացնում կուրատորին, սա էլ երեւի ավելի կենտրոնացած նայողի կամ վարկանիշայինով առաջադրածի հետ մտածում է այդ կարիքները հոգալու ձեւերի մասին: Ու հավանաբար ճիշտ է ասում Ազգային Ժողովի հանձնաժողի նախագահ Հովհաննես Սահակյանը ` այս անգամ միգուցե կարուսելների կարիք իրոք չլինի, քանի որ մեր բոլոր նախկին դիտարկումները ցույց են տալիս, որ վարչա-կառավարման լծակների օգտագործման եւ ուղղակի փոխհատուցման այնպիսի հստակ մեխանիզմներ են կատարելագործվել, որ հազիվ թե պրիմիտիվ ընտրակեղծարարության կարիքը զգացվի, մանավանդ` վերահսկման մեխանիզմները եւս կատարալեգործվել են: Այդ բոլորին կարող էր դիմակայել ընտրողը, բայց նա, սոցիալական վատ պայմանների պատճառով կամազուրկ է դարձել: Բացի այդ` նա չի ակնկալում իր ընտրատարածքում տեսնել իսկապես հեղինակավոր մարդու, որից միայն գաղափար կարող է ընծա ստանալ: Ոչ էլ հանրության զգալի շերտի զգացմունքներին համահունչ կերպարներ են առաջադրվելու` ասենք «Սասնա ծռերին» հաց բերողը չի լինի ցուցակներում:
Այնպես որ` վարկանիշային ցուցակի յուրաքանչյուր անդամի վարկանիշն ուղիղ համեմատական է լինելու միայն ու միայն նրա նյութական խոստումների չափին, ձեռքի տակ եղած տղերքի բիլակներին, դեպի վերեւ հարց լուծելու լայն կարողություններին: Իհարկե` վարկանիշային թեկնածուներին ձայն տալու առումով միգուցե կարեւոր լինի նաեւ տվյալ կուսակցության համապետական ցուցակի առաջին եռյակի` էլի վերը նշված առումներով կարողունակության աստիճանը, ինչպես օրինակ «Ծառուկյան դաշինքի» ցուցակի առումով սպասումն է, երբ առաջին եռյակում կլինեն երկու ֆինանսական հսկա` Ծառուկյանն ու Սուքիասյանը, գումարած ֆինանսական հսկաների միավորման հոգեբանական գործոնը: Բայց սովորական ընտրողը նախ տեսնելու է ի՛ր տարածքի ընտրացուցակը (համապետական ցուցակն իսկի քվեաթերթիկում չի էլ լինելու), նրա տեղային կամ շահառու բնազդներն են աշխատելու, երբ հնարավորություն կա երեք մարդուց միաժամանակ փող վերցնել ու նրանց վարկանիշի առաջնահերթությունը նշել ըստ տեղերի: Խեղճ ընտրող` քվեաթերթիկի վրա մի թեզի աշխատանք է թափելու:
Ուշանում են
Մեր քաղաքական անվանյալ դաշտն էլ լավն է, ցուցակների գրանցմանը հաշված օրեր են մնացել` դեռ բանակցում են, մինչդեռ նրանք ամիսներ առաջ դեռ պետք է հայտնեին` ով, ում հետ եւ ինչու է գնում, որ ընտրողն էլ ժամանակ ունենար կողմնորոշվելու: Իսկ հիմա չկողմնորոշված կամ հայտնի եղանակով կողմնորոշված ընտրողը մի այնպիսի խառնափնթորություն է ստեղծելու, այնպես է խճողվելու բարդ քվեաթերթիկների մեջ, որ բառիս բուն իմաստով թանկ քվեաթերթիկը կարող է փուստ անցնել եւ անվավեր համարվել` նրա անիրազեկության պատճառով:
Ընդհանուր առմամբ` վարկանիշային քվեարկությունը կարող է շուռ գալ նրանց դեմ, ովքեր դա նախագծել են, եթե շարունակվի մեծահարուստ նեղացածների արտահոսքը ՀՀԿ-ից, չէ՞ որ նրանք գնալու են առաջադրվելու ու փողը վատնելու այլ կուսակցությունների անունից:
Թեեւ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանն ասում էր, թե մեզ մոտ համամասնական ընտրակարգ է` իր առանձնահատկություններով, որտեղ առաջին հերթին կարեւոր են կուսակցությունների ստացած ձայները, որից հետո` միայն թեկնածուներինը, այնուամենայնիվ, կուսակցությունները պարտք են մնալու վարկանիշայինների փողին ու այլ «հմտություններին»: Իսկ նրանց ծառայություններն առաջվա նման պետք է փոխհատուցվեն, եթե ոչ մանդատով, ապա բիզնես-քվոտաներով ու զանազան այլ արտոնություններով, իսկ վարկանիշային ցուցակը գլխավորող մեր օլիգարխներն անպաատճառ կանցնեն խորհրդարան` ասենք Միհրան Պողոսյանը (Քեթրինի Միհրանը)` թիվ մեկ ընտրատարածքից, կամ Սամվել Ալեքսանյանը` թիվ երեքից եւ այլն: Ստացվե՞ց, որ համամասնական կարգն էլի կախված է փողից, կրիմինալից, թաղային հեղինակությունից: Այդպիսով պատասխանեցինք մեր հարցին, թե ո՞վ վարկանիշ ունի այսօր: Իսկ խորհրդարան, փաստորեն, էլի գնալու են նույն տիպի մարդիկ առավելաբար, միգուցե` նոր դեմքերով, բայց նույն բովանդակությամբ, ինչ որ ներկայիս գործող խորհրդարանում է, դրան նպաստելու է նաեւ մանդատների բաշխման դժվար վերծանելի համակարգը, որի գումարում-բաժանումներն անգամ սովորական մարդու համար ընկալելի չեն, էլ ուր մնաց` վերահսկելի լինեն: Այդպիսով` իրական պատգամավորական կերպարներ էլի դժվար ենք փնտրել-գտնելու ապագա խորհրդարանում: