Հինգշաբթի, Հունիսի 19, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇԵՄԻՆ

16/12/2016
- 16 Դեկտեմբերի, 2016, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԵՐՎԱՆԴ ԱԶԱՏՅԱՆ, Դետրոյթ, ԱՄՆ

Հայաստանի համար ընթացիկ տարին հարուստ էր իրադարձություններով: Սկզբում կյանքն ընթանում էր իր բնական հունով: Տնտեսությունը լճացած վիճակում էր: Արտագաղթը չէր նվազել, կառավարությունն էլ թեեւ ամբողջովին վերահսկում էր կացությունը, սակայն միեւնույն ժամանակ փորձում էր խուսափել ստեղծված պայմանների պատասխանատվությունից: Իշխանական դասը վստահ էր, որ քաղաքական ընդդիմությունը ջախջախված է կամ մասնատվածՙ չներկայացնելով ոչ մի լուրջ սպառնալիք:

Բայց հետո երկու իրադարձություններ ցնցեցին կառավարությանը եւ ժողովրդին: Ապրիլյան պատերազմը Ադրբեջանի դեմ, որը որոշ ռազմավարական կորուստների պատճառ դարձավ, եւ «Սասնա Ծռերի» զինված ապստամբությունը, որը հուսահատության ակներեւ արտահայտություն էր, եթե ոչ այլ բան:

Նախագահը խոստովանեց, որ որոշ բաներ պետք է փոխվեն, եւ որ այլեւս հնարավոր չէր հանդուրժել մինչ այժմ սովորության ուժ ստացած բիզնես հասկացության հետագա գոյությունը: Փոփոխության նշաններից մեկը վարչապետ Հովիկ Աբրահամյանի հրաժարականն էր եւ նրա փոխարեն Կարեն Կարապետյանի նշանակումը: Մի քանի այլ նախարարներ եւս փոխարինվեցին: Այս փոփոխությունները ժամանակավոր հանգստություն բերեցին քաղաքական ակտիվությանը: Բայց արտասահմանյան որոշ բանավիճողներ եւ փոփոխությունների իսկական կողմնակիցներ շարունակեցին իրենց գործունեությունները եւ բողոքները մայրաքաղաքում լարվածություն ստեղծելու մտադրությամբ:

Երկու գործոն է նպաստում այս հուսահատական վիճակին: Մեկը արտաքին մեքենայություններն են եւ Հայաստանի ռազմավարական աննախանձելի դիրքը: Մյուսըՙ ներքին լճացումը: Եթե Հայաստանը ի վիճակի չէ վերահսկելու արտաքին ուժերին, որոնք վճռում են նրա վիճակը, ապա ներքին գործոնները կառավարելի են եւ հնարավորություն ընձեռում են բարելավելու բնակչության կենսամակարդակը եւ ապագայի հանդեպ հույս ներշնչելու նրան:

Հայաստանը շրջափակված է թշնամիներով եւ բարեկամներով, որոնք միայն իրենց շահերն են հետապնդում: Երկար ժամանակ է ինչ խոսակցություններ են հնչում կառուցելու տրանսպորտային ցանցեր Հայաստանի եւ Իրանի միջեւ, բայց առեւտրաշրջանառությունը երկու երկրների միջեւ դեռեւս մնում է նվազագույն մակարդակին: Հույսեր էին փայփայվում, որ Հայաստանը կդառնա կապող օղակ Պարսից ծոցի եւ Սեւ ծովի միջեւ, բայց համաձայնություններ ստորագրվեցին Ռուսաստանի, Իրանի եւ Ադրբեջանի միջեւՙ դուրս թողնելով Հայաստանին:

Աշնան սկզբներին Հայաստանում կայացավ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության տարեկան հավաքը, որին հիվանդ ձեւանալով չմասնակցեց Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը, չնայած նա երբեք բաց չէր թողել Բաքու այցելելու եւ ոչ մի հնարավորություն: Մյուս դաշնակիցը, որն այժմ նախագահում է կազմակերպությունը, Բելառուսն է, որի ինքնիշխան նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն թեեւ մասնակցեց հավաքին եւ ստորագրեց ղարաբաղյան խնդրի լուծման վերաբերյալ համատեղ քաղաքական որոշումը, սակայն հոկտեմբերի 14-ին Բաքու այցելելով ստորագրեց ոչ միայն մի շարք եկամտաբեր համաձայնագրեր Ադրբեջանի հետ, այլեւ արեց մի հայտարարություն Ղարաբաղի վերաբերյալ, որը հակասում է ՀԱՊԿ-ի ընդունած հայտարարությանը: ՀԱՊԿ-ի անդամ մյուս երկրների կողմից ոչ մի բողոք, կամ արձագանք չգրանցվեց: Միայն Հայաստանի խորհրդարանի փոխխոսնակ Էդվարդ Շարմազանովն էր, որ բարձրաձայն հիշեցրեց Լուկաշենկոյին, որ հակասում էր ինքն իրեն եւ վիրավորում Հայաստանին:

Հայաստանը վերջերս պայմանագիր ստորագրեց Ռուսաստանի հետՙ երկու երկրների զինուժերը միավորելու վերաբերյալ: Շատերը հավատացած են, որ սա երկսայր թուր է. կա՛մ հայկական բանակը կկորցնի իր անկախությունը, ինքնուրույն գործելու հնարավորությունը, կա՛մ էլ Ռուսաստանը, հակամարտության սրման դեպքում, ստիպված կլինի ներգրավվել:

Հայաստանի ցամաքային գլխավոր ուղին եւ նրա կենսական ապավենը արտաքին աշխարհի հետ հաղորդակցվելուՙ անցնում է Սեւ ծովով եւ Ռուսաստանով: Ներկայիս հարյուրավոր բեռնատար մեքենաներ կաթվածահար վիճակում են հայտնված Հայաստանի եւ Վրաստանի միջեւ ընկած սահմանագծում: Մեր բարեկամ Վրաստանը ձեւը գտել է խոչընդոտելու համար Հայաստանի արտաքին առեւտրի խղճուկ ծավալները: Հայաստանի նախկին պատշպանության նախարար Սեյրան Օհանյանը ենթադրվում էր, որ բարձր պաշտոն կզբաղեցնի ՀԱՊԿ-ում, սակայն մինչ օրս նրա նշանակումը տեղի չի ունենում, հավանաբար այդ կառույցի ադրբեջանամետ մյուս անդամների ջանքերի պատճառով: Իսկ Մոսկվան հարցին պատշաճ ուշադրություն չի դարձնումՙ հույս ունենալով, որ կկարողանա Բաքվին գայթակղել միանալու այդ կառույցին: Մարտավարական տեսակետից Ադրբեջանին ձեռնտու է չեզոք դիրք գրավել եւ օգտվել ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Արեւմուտքի «բարիքներից» միաժամանակ:

ՀԱՊԿ-ին Ադրբեջանի անդամակցելը, ինչ խոսք, ուժեղացնելու է դիրքերը կառույցի մյուս անբարյացակամ անդամների: Ավելին, խթանելու է առեւտրի շրջանառությունը Թուրքիայի հետ, որտեղ ներդրված են Ադրբեջանի նավթադոլարների մի զգալի մասը: Դա էլ իր հերթին զգալիորեն մեծացնելու է Թուրքիայի ազդեցությունը տարածաշրջանում, որովհետեւ Վրաստանը թույլատրել է Անկարային ներդրումներ կատարել Աջարիայում, նույնիսկ այդ նահանգը (որը դեպի Սեւ ծով Հայաստանի առեւտրային ճանապարհին է գտնվում) ամբողջապես թուրքացնելու աստիճանի: Աջարիայի թուրքացման գործընթացին նպաստում է բնակչության մի մասի մահմեդական լինելը: Այդ գործընթացին խոչընդոտողը, որքան էլ տարօրինակ լինի, ոչ թե Վրաստանի իշխանությունն է, այլ Վրաց եկեղեցին:

Վերադառնալով հայաստանյան ներքին հարցերին, աչքի ընկնող փոփոխություն էր Վիգեն Սարգսյանի նշանակումը պաշտպանության նախարարի պաշտոնում: Որպես նախագահի աշխատակազմի ղեկավարի նա հանդես էր բերել արդի պետականության ըմբռնողության լիարժեք գիտակցություն, թեեւ քիչ բան էր հայտնի նրա զինվորական հարցերի փորձառության մասին: Պարզվում է, որ Ադրբեջանի հետ ընդհարման ժամանակ ռազմավարական կորուստները հետեւանք էին ոչ թե բանակի մարտունակության եւ խիզախելու պակասի, այլ մատակարարման բաժանմունքի թերացումներին: Բաժանմունքին հատկացված բյուջեն լցրել էր զինվորական վերնախավի գրպանները, փոխանակ հատկացվելու փամփուշտների, տանկային վառելիքի եւ զինամթերքի ու պաշտպանական նորագույն համակարգերի ձեռք բերմանը: Ենթադրվում է, որ Օհանյանի փոխարինումը նաեւ կացությունը շտկելու նպատակ է հետապնդում:

Մյուս կարեւոր փոփոխությունը Կարեն Կարապետյանի նշանակումն է վարչապետի պաշտոնում: Նա չափազանց եկամտաբեր պաշտոնը Մոսկվայի Գազպրոմում թողեց, որպեսզի ստանձնի Հայաստանի կառավարության ղեկավարի պաշտոնը: Նա հարուստ է եւ շատ մտերմիկ հարաբերություններ ունի բիզնես աշխարհի ներկայացուցիչների հետ: Նա նաեւ հստակ արտահայտվող, եռանդուն եւ չափազանց գործնական տեխնոգրատ է, այսինքնՙ հմուտ վարչական գործիչ, ով կառավարական ապարատի շարքերում կրճատումներ կատարելով օպտիմալացնում է այդ կառույցի աշխատանքներըՙ վախ սերմանելով կառավարության որոշ աշխատողների շրջանում: Հայաստանի ներկա թշվառ պայմաններում խիզախություն եւ ինքնավստահություն է հարկավոր նման պաշտոն զբաղեցնելու համար: Նա վճռել է հավասարաչափ կիրառել օրենքը, պայքարել կոռուպցիայի դեմ եւ նպաստել միջին եւ փոքր բիզնեսի կայացմանը երկրում: Այս բնագավառի ձախողումը մինչ օրս հետեւանք է եղել հարկային օրենքների անազնիվ շահագործմանը եւ անհատների կամային գործունեության, ինչը շահութաբեր է եղել կառավարության որոշ բարձրաստիճան ներկայացուցիչների համար:

Նոր վարչապետը չափազանց վտանգավոր տարածք է մուտք գործելՙ պահանջելով կառավարության անդամներից հաշվետվություն ներկայացնել իրենց անօրինական եկամուտների վերաբերյալ: Սա կարող է համբերության բաժակը լցնել: Կա՛մ նրան կհեռացնեն իր պաշտոնից, կա՛մ էլ կառավարական պաշտոնյաները կզգաստանան եւ կհամակերպվեն իրավիճակինՙ ի շահ հասարակության, ինչպես այն տեղի ունեցավ հարեւան Վրաստանում:

Ամենաեռանդուն քննադատներն անգամ Ստեփանակերտում ծնված այդ տնտեսագետին եւ գործարարին հավատում են, որովհետեւ նա վստահություն է ճառագայթում: Նա ձեռքը մեկնել է սփյուռքահայերին, որոնք թերահավատ են եղել մինչ օրս Հայաստանում օրինականության կիրառման հարցերում: Հենց Կարապետյանը կարողանա կոռուպցիայի առաջքն առնել, նա կկարողանա հույսը դնել նաեւ սփյուռքահայերի վրա:

Մինչ վարչապետը դրական ուղղությամբ շարժվելու տրամադրություն է ստեղծել, իշխող Հանրապետական կուսակցությունը փորձում է ամրապնդել իր դիրքերը եւ հարատեւ իշխել Հայաստանում:

Վերջերս Հանրապետական կուսակցությունը գումարեց իր տարեկան համագումարը, որը մեզ հիշեցրեց խորհրդային ժամանակների համագումարները, որտեղ ոչ քննարկում կար, ոչ տարակարծություն, ոչ էլ անկախ մտքերի արտահայտություն: Համագումարը սուր քննադատության արժանացավ իր ոճի եւ բովանդակության համար, որոնցից ոչ մեկը լավ բան չէր գուշակում ապագայի վերաբերյալ: Իր ելույթում նախագահ Սերժ Սարգսյանը խոստովանեց, որ Հայաստանի բնակչության մեկ երրորդը ապրում է աղքատության շեմից էլ ցածր վիճակում: Ավելի քան մեկ միլիոն մարդ թողել-հեռացել է երկրից: Նման իրավիճակներում իշխող որեւէ կուսակցություն փոխանակ ամրապնդելու իր դիրքերը, պարտավոր էր հրաժարական տալ:

Նախագահը նշեց, որ կուսակցությունը ներշնչվում է Գարեգին Նժդեհի փիլիսոփայությունից: Նժդեհն անկասկած պատմական դեմք է, որ Հայաստանի Սյունիքի հարավային շրջանը ազատագրեց եւ իր կյանքի վերջին տարիներին ցեղակրոն ազգայնամոլական փիլիսոփայությունն սկսեց դավանել հիմնված նացիստական գաղափարախոսության վրա, որն այսօրվա գլոբալ հասարակության հետ անհամատեղելի հասկացություն է: Համագումարի թատերայնության մեկ այլ բնորոշ կետը 7 հազար քաղաքացիների մի օրից մյուսը անդամակցելն էր Հանրապետական կուսակցությանը, մի հանգամանք, որ դարձյալ հիշեցնում էր խորհրդային ժամանակաշրջանը: Անդամակցողներն այդ քայլին են դիմում սոսկ չկորցնելու համար իրենց աշխատանքը: Դա անկասկած կուսակցության շարքերի համալրումն է նախքան խորհրդարանական ընտրությունները, որոնք կայանալու են հաջորդ տարվա մայիսին:

Նախագահը բացառել էր իր մասնակցությունը երկրի քաղաքական կյանքում իր պաշտոնավարության ժամկետի ավարտից հետո, բայց բոլոր նախանշանները ցույց են տալիս, որ Հայաստանում կրկնվելու է Ռուսաստանում Վլադիմիր Պուտինի եւ Դմիտրի Մեդվեդեւի միջեւ կայացած խաղը: Ի դեպ, նոր սահմանադրությունը, որ առաջ քաշվեց վերջին հանրաքվեի ժամանակ, նախատեսում է ավելի մեծ լիազորություններով օժտել վարչապետին, նախագահին թողնելով արարողակարգային պաշտոնական դերը: Սահմանադրությունը նաեւ թույլատրում է խորհրդարանական ընտրություններին մասնակցել միայն կուսակցական թեկնածուների համամասնական ցուցակներով, եւ այժմ, երբ Հանրապետական կուսակցությունը զբաղեցնում է նշանակալիորեն առաջավոր դիրք քաղաքական արենայում, ոչ մի ուրիշ կուսակցություն չի հավակնի մարտահրավեր նետել նրան: Այդ պարագայում օրենքը թույլ կտա Սերժ Սարգսյանին դարձյալ ընդգրկվել իր կուսակցության թեկնածուների ցուցակներում:

Բայց նման իրադրությունը չի կարող շարունակություն ունենալ: Այս տարվա ընթացքում տեղի ունեցած ցնցումները լուրջ եւ ուժեղ զարթոնք են առաջացրել, ինչը հուշում է, որ հաջորդ ցնցումը կարող է կործանարար լինել:

Ալիեւը մի անգամ եւս հայտարարել է, որ Հայաստանը երերում է, արտագաղթը մոլեգնում է, եւ որ ազերի բանակը պետք է սպասի, որպեսզի խաղաղ միջոցներով «գրավենք մեր տարածքները»: Սա մարտահրավեր է ուղղված համայն հայության, եւ ներկա բարեփոխումները հիանալի առիթ են, որ Ալիեւի երազանքները հօդս ցնդեն, եւ կարելի լինի Հայաստանը հետ բերել անդունդի եզրից, կարգի բերել ներքին տնտեսությունը եւ դրանով իսկ առավել մեծ հնարավորություններ ստեղծել նորանոր դաշնակիցներ ձեռք բերելու:

Թարգմ. Հ. ԾՈՒԼԻԿՅԱՆԸ, The Armenian Mirror-Spectator

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԲԱՔՈՒՆ ԱՐՑԱԽԻՆ ՍՊԱՌՆՈՒՄ Է ՆՈՐ ՊԱՏԵՐԱԶՄՈՎ

Հաջորդ գրառումը

ԲԵՆԶՈԴԻԱԶԵՊԻՆ ԲԵՐԵՔ

Համանման Հոդվածներ

13 հունիսի, 2025

Հայ եկեղեցին՝ մեր հոգու ծննդավայրը

13/06/2025
13 հունիսի, 2025

Ինչո՞վ եք զբաղված

13/06/2025
13 հունիսի, 2025

Ափսոս, Պրն. Վարչապետ

13/06/2025
13 հունիսի, 2025

Թեհրանը սկսեց հրապարակել Իսրայելի ատոմային գործունեությանը վերաբերող գաղտնի փաստաթղթեր

13/06/2025
Հաջորդ գրառումը

ԲԵՆԶՈԴԻԱԶԵՊԻՆ ԲԵՐԵՔ

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

Նորություններ

Աշխարհում շատ քիչ տեղերում է, որ էլցանցերը բացառապես մասնավոր են. մեր պատակը ՀԷՑ-ը պետականացնելն է. Արման Եղոյան

19/06/2025

Ընդհանրապես աշխարհում շատ քիչ տեղերում է, ինչքան որ ես գիտեմ, որ էլեկտրաբաշխիչ ցանցերը բացառապես մասնավոր են։ Ամենաշատը այդպիսի հինգ երկիր...

ԿարդալDetails

Կոտրել են ընդդիմադիր պատգամավորի մեքենայի դիմապակին ու հայելիները

19/06/2025

Իսրայելի ԶՈւ-ին հանձնարարվել է թիրախավորել Թեհրանի ռազմավարական նշանակետերը և կառավարական շենքերը. Կաց

19/06/2025

Փաշինյանը ճկռալով ավարտում է առաքելությունը. Վլադիմիր Մարտիրոսյան

19/06/2025

Սերժ Սարգսյանի մարդը Ստամբուլում․ ինչու՞ է նա վստահելի նաև Փաշինյանի համար․ Politik.am

19/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական