Մինչ մեր լրագրողներն ու տեղեկատվական ողջ միտքը զբաղված են նախկին ու ներկա լրագրողներ Ռուբեն Հակոբյանի եւ Վահե Մակարյանի շուրջ ծագած սկանդալով` իիիի՜նչ պայքարի դաշտ, Բաքվում երկու հայկական ազգանունով տրոյական ձիերի ստեղծած այսպես կոչված «խաղաղության պլատֆորմը» նոր բարձունքներ է նվաճել ու էս անգամ իր ցանցն է գցել մի տասնիննամյա արցախուհու` Լուսինե Ներսիսյանին, որը հարցազրույց է տվել վահան մարտիրոսյան կոչված շեղվածին ու «ք…ին.ազ-ին» եւ խոսել Արցախի հարցի խաղաղ ճանապարհով լուծման անհրաժեշտության մասին: Բայց այդ` սկայպով արված հարցազրույցում կան ձեւակերպումներ, որոնք, մեղմ ասած, այդ փոքրիկ աղջկա մտածողությանը համարժեք չեն (նա իր ֆեյսբուքյան էջում ոտանավորներ է գրում ու տարբեր պարզունակ մտքեր արտահայտում` տարբերությունն ակնհայտ է), դրանց մեջ համարյա դավաճանական շեշտադրումներ կան: Իհարկե, անվտանգության մարմինների խնդիրն է պարզել, թե ինչն` ինչպես է եղել, սակայն պետք չէ շտապել` միանալու աղջկան ոչնչացնող տարիքով տիկինների անեծքներին ու հիշոցներին: Քանի որ նա դեռ այնքան երիտասարդ է, որ դեռ կարող է սխալվել (չնայած նրա տարիքի տղաները ապրիլյան պատերազմում կյանքը տվեցին նրա համար), ու պետք է նրան ոչ թե ոչնչացնել, այլ դարձի բերել, ի տարբերություն Բաքվում գտնվող երկու «քյարթու» դավաճանների, որոնց անունները պարզապես պետք է մոռանալ:
Ավելի շատ ինձ հետաքրքրում է, թե ինչով են զբաղվում մեր` Արցախի եւ Հայաստանի անվտանգության մարմինները` քաղաքական հայացքների համար մարդկանց զրույցի հրավիրելուց բացի (երգիչ Վահան Արծրունուն էին այդպիսի զրույցի հրավիրել օրերս), ինչու չեն զբաղվում իրենց բուն գործով` օրորոցում խեղդելով վահանմարտիրոսյանների, սյուզանջաղինյանների դավաճանությունը, կամ բարեկամաբար կանխելով Արցախում բավական հրապարակային անձ (գոնե սոցիալական ցանցերի մակարդակով) Լուսինե Ներսիսյանին, ով հանգիստ շփվում էր նաեւ ադրբեջանցի օգտատերերի հետ, ինչու նրան չէին զգուշացնում հնարավոր սադրանքներից, բա դա ո՞ւմ գործն է:
Կամ որ մեր քարոզչության պատասխանատուներն արդարանում են, թե ադրբեջանցիները քարոզչության վրա միլիոններ են ծախսում, է, մերոնք էլ թող ծախսեն, թե՞ միլիոնները միայն տրվում են` սոցցանցերում իշխանություններին պաշտպանող կիսագրագետ գրառումներ անելու համար: Կամ էլ` Արցախի մշակութային շրջանակներն ինչու են աչքաթող արել պոեզիայում առաջին փորձերն անող աղջկան, ինչու չեն գուրգուրել, որը նույնպես ազդելու, ճիշտ ճանապարհի վրա դնելու ձեւ է, ինչու չեն նկատել նրա տրամադրությունները` սա կարելի է ավագների, անգամ ծնողների եւ բոլորիս բացթողումը համարել: Այդ է հենց թերացումը: Թե՞ միայն կատարված փաստից հետո «ով ավելի թունդ կհայհոյի դավաճանին, նա ավելի հայրենասեր է» սկզբունքը գիտեք միայն:
Մինչեւ հուլիսի մեկը կարելի է ապօրինի հարստանալ, շտապեք…
Երկար գովազդված ու միգուցե սպասված ապօրինի հարստացումը քրեականացնող երկու օրինագծերի` քրեական եւ քրեական դատավարության օրենքներում փոփոխությունների փաթեթն այս շաբաթ քննարկվեց եւ առաջին ընթերցում անցավ` կողմ քվեարկեց 90 պատգամավոր, դեմ եւ ձեռնպահ չկար: Սակայն քննարկումները առաջին հայացքից չերեւացող շերտեր բացահայտեցին, որոնք այդպիսի օրենսդրություն ունենալու ոգեւորության համատեքստից չեն: Պատգամավորներ եղան, որոնք կարծում էին, թե այս օրինագծի պատճառով` ա/կապիտալը կարտահոսի Հայաստանից, բ/պաշտոնյա մարդիկ ապօրինի եկամուտները լվանալու այլ ձեւեր կհայտնագործեն, գ/ այն կարող է մահակ դառնալ քաղաքական հետապնդումների համար, դ/ այլեւս նոր հարուստներ չեն ձեւավորվի Հայաստանում:
Եթե նկատի ունենանք, որ օրենքը հետադարձ ուժ չունի, ու այն գործելու է եկող տարվա հուլիսի 1-ից, փաստորեն, եկող տարվա հուլիսի 1-ից հետո ապօրինի հարստանալ չի կարելի, իսկ մինչ այդ, փաստորեն, կարելի էր: Ու դա նկատի ունեին պատգամավորներից ոմանք, որ այս օրինագիծն անվանեցին մինչեւ հուլիսի 1-ը ապօրինի հարստացած հանցագործների հանդեպ ամնիստիա: Ի՞նչ է ստացվում: Նախ` այն ենթադրության առումով, որ այս օրինագծի պատճառով այլեւս նոր հարուստներ դժվար թե ձեւավորվեն, ու կամրագրվի հին հարուստների հարուստ լինելու բացառիկ իրավունքը. սա այն համոզմունքի հաստատումն է, որ Հայաստանում, այո, օրինական ճանապարհով հարստանալ հնարավոր չէր եւ չէ, ու ոչ մեկն օրինական ճանապարհով չի հարստացել, այլ` միայն անձնական գրպանի համար շահագործելով պաշտոնն ու դիրքը, քվոտայով բիզնես ունենալով: Ու հիմա այդ մարդիկ անպատիժ շարունակելու են ղեկել տնտեսությունը, քաղաքականությունը, լրատվական դաշտը, ամեն ինչ ու ծիծաղել օրինապաշտ քաղաքացիներիս վրա. ցավալի է: Մյուս կողմից, պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի բնորոշմամբ` աշխարհի ամենագեղեցիկ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի կարծիքով էլ այս օրենքը արդյունք կգրանցի միգուցե երկու տարվա ընթացքում կամ ավելի հետո, զուգահեռ մի քանի այլ օրենքների ընդունմամբ ու համադրմամբ, բայց հո չենք կարող ինչ- որ պահից չսկսե՞լ, սա եւս ճիշտ է: Բայց էս անգամ, միգուցե առաջին անգամ, համաձայն ենք նաեւ Լեւոն Զուրաբյանի հետ, որն ասում էր, թե Հայաստանի անկախացման առաջին տարիներից` ամենասկզբից ապօրինի հարստացումը հայտնաբերելու մեխանիզմներ պետք է դնել օրենքի մեջ (խոսքն օրենքի` հետադարձ ուժ ունենալու մասին չէ, որը սահմանադրությամբ է բացառվում), որ երկու տասնամյակում ապօրինի հարստացածներն անպատիժ չվայելեն իրենց ապօրինի միլիոններն ու չծիծաղեն բոլորիս վրա:
Դե իսկ եթե ուղղակի փաթեթը կոռուպցիայի դեմ պայքարի ցուցափեղկ է միայն` եվրոպաներին ցույց տալու համար ու թղթի վրա է թողնելու պետական պաշտոնյաների ապօրինի հարստացման ու դրա դեմ պատասխանատվության սահմանման դրույթները, քրեական պատասխանատվությունն էլ լինելու է միայն ցուցադրական դեպքերով, ինչպես որ վերջերս մի դատավորի թատերական ձերբակալությունն էր. այստեղ արդեն մեզ ոչ ոք չի կարող օգնել` ո՛չ գրված, ո՛չ չգրված օրենքները: Ասենք, որ փաթեթով 3-ից 6 տարվա ազատազրկման կենթարկվեն ապօրինի հարստացած, հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող այն պաշտոնատար անձինք, որոնց գույքի ավելացումը էականորեն գերազանցում է նրանց օրինական եկամուտները, եւ որը ողջամտորեն չի հիմնավորվում դրանցով: Նախատեսվում է, որ այդ պաշտոնյաները որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից կզրկվեն առավելագույնը 3 տարի ժամկետով, իսկ նրանց գույքը կբռնագրավվի: Էական է համարվում հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհազարապատիկը գերազանցող գումարը: Այս փաթեթի կիրառման ամենակարեւոր գործիքը, որն, ըստ նախարարի, կլուծի պաշտոնյաների` փոխառություններով ու նվիրատվություններով սեւ փողն օրինականացնելու խնդիրը, կանխիկ գործառնությունների սահմանփակումն է, որի վերաբերյալ նախագիծը եւս քննարկվում է:
Իսկ թե ինչպես են պարզվելու պաշտոնյային իրապես փոխկապակցված այն անձինք, ում վրա կարող է իր հարստությունը գրել պաշտոնյան (զոքանչի անունն է դուրս եկել, բայց հիմա այնքան լայն է նրա շրջապատը), այսինքն` երեւակվի հայտարարագիր ներկայացնող փոխկապակցված անձանց իրական շրջանակը, երբ համատարած հայտարարագրում չկա, կամ ի՞նչ պետք է տեղի ունենա աղբյուրը չբացահայտված հարստության հետ, հավանաբար ավելի խորքային լուծումներ պահանջող հարցեր են, որոնք փաթեթի կիրառումից հետո ավելի կհստակվեն: Մնում է, որ օրենքը գործի, Հայաստանի եղած օրենքներով էլ կարելի էր ցանկության դեպքում այս ուղղությամբ խնդիրներ լուծել:
Այլապես բոլորը գիտեն` ով ինչ ունի այս երկրում, որ միլիարդանոց տունն` ումն է, փաստաթղթերով թեեւ ոչինչ չի երեւում: Ու այդ առթիվ պատգամավորների գունավոր ելույթների պակաս էլ չկար`բերեք մենք էլ չդիմանանք գայթակղությանը մեկ- երկու մեջբերում անելու.«Էդ ո՞ւմ պապաներն են ըտենց միլիոնատեր եղել, որ մենք չենք ճանաչել իրանց պապաներին: Թրիքից էն յան բան չէին տեսել իրանց պապաները: Թրիքը պատին ծեփում էին, որ հաց թխեին- ուտեին, հիմա իրենց երեխեքը միլիարդատերեր են: Հիմա էդ մարդիկ եկել ու մեզ սովորեցնում են, թե պետք է օրենքներով առաջ գնանք, այս ենք անելու, այն ենք անելու», սա Հեղինե Բիշարյանի զայրույթն էր ապօրինի հարստացածների մասով, իսկ սա էլ` Նաիրա Զոհրաբյանի . «ՊԵԿ միջին պաշտոնյաները որտեղ են հանգստանում` արաբական շեյխերը գլուխները պատին են տվել»:
Կուսակցությունների «Ոչ եւս»-ը
Այս շաբաթ խորհրդարանում մասամբ անսպասելի նորություն եղավ նաեւ կուսակցությունների մասին օրենքի փոփոխության երկրորդ ընթերցմամբ քննարկման ժամանակ: Պարզ դարձավ, որ սկզբունքային (եւ ոչ թե խմբագրական` ինչպես որ ընդունված է երկրորդ ընթերցման դեպքում) դրույթ է ներմուծվել, ըստ որի այն կուսակցությունները, որոնք երկու անգամ չեն մասնակցի տեղական ինքնակառավարման ընտրություններին` կգնան ինքնալուծարման նախ մեկ տարով, իսկ երրորդ անգամ չմասնակցելուց հետո` ընդհանրապես: Սա բարկացրել էր անգամ սովորաբար պահպանողական մոտեցումներով հայտնի Խոսրով Հարությունյանին , որն ասում էր, թե փոքր կուսակցությունները եթե չեն օգնում, չեն էլ խանգարում, ինչու է այս արմատական լուծումը որդեգրվում: Իսկ ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչները համարում էին, որ նվազ ֆինանսավորման պարագայում սա կտանի նրան, որ միայն իշխանական կուսակցությունները կկարողանան գոյատեւել` վերջնարդյունքում կհանգենք միակուսակցական համակարգի:
Դե որ ասում են` հայի չափը չափազանցն է, ասում եք` չէ, իբր քաղաքական դաշտը կայացավ-առողջացավ, հիմա էլ մկրատով դնում-քրթկտրում են:
Հ.Գ.- Ի լրացումն մեր հրապարկման` նշենք, որ երեկ երեկոյան իր ֆեյսբուքյան էջում հետեւյալ հայտարարությունը տարածեց արցախցի Լուսինե Ներսիսյանը, որը ներկայացնում ենք առանց խմբագրման.«Հարգելիներս, ինչ տեսել եք սոցիալական կայքերում, իմ ու Վահան տականքի կարճատեւ տեսանյութերը եւ հարցազրույցը, որը թարգմանվել է այդ սրիկայի կողմիցՙ ռուսական տարբերակով, այնինչ ես նրա հետ գրվել եմ հայերենով, ՉԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ…
Խոսակցությունները իբր իմ ձերբակալության վերաբերյալ…. վստահեցնում եմ բոլորիդ, որ դրանք կեղծ լուրեր են, ու ես գտնվում եմ իմ գյուղում, մեր տանը ու մտահոգված եմ այս ամենի համար:
Ինձ ճանաչողներն ինձ գիտեն որպես հայրենասեր աղջիկ եւ վստահեցնում եմ, որ այդպես էլ կա եւ դա ապացուցելու համար պատրաստ եմ հանդես գալ հանրության առաջ, այդ բոլոր կեղծ լուրերը հերքելու նպատակով»: