Գաղտնիք չէ, որ բուռն զարգացումների XXI դարում հայ ժողովրդի գոյատեւման առանցքը խարսխվում է գիտության ու հետեւապես կրթության առանցքի շուրջը: Իսկ այդ պարագայում աշախարհասփյուռ հայությանն անհրաժեշտ է ունենալ համահայկական կրթահամալիր նաեւ սփյուռքում, քանի որ հայտնի իրողություն էՙ վաղուց դարձել ենք միջազգային ժողովուրդ, սփյուռքյան իրականությունը մնայուն է, չենք կարող մտածել, որ մի օրում ողջ հայ ազգը կհավաքվի մի երկրի մեջ, հետեւապես մայր հայրենիքում զարգացնելով հանդերձՙ անհրաժեշտ է պահպանել սփյուռքյան հաստատությունները, որպեսզի ուժեղ լինենք: Այդ դերակատարությունը սկսած 1926 թվականից 78 տարի շարունակ իրականացնում էր Կիպրոսի Մելգոնյան կրթական հաստատությունը, որն ուներ հարուստ գրադարան, որտեղ կային 30 000 հատոր գիրք եւ ձեռագիր մատյաններ եւ ապահովում էր կրթական բարձր մակարդակ:
Տարիներ շարունակ 40 երկիրներից ժամանած եւ ուսման ընթացքում նույն հարկի տակ ապրելովՙ հայ պատանիները կրթությանը զուգընթաց շատ ընդհանուր գծեր էին ձեռք բերում, հաստատում ընկերա-ընտանեկան կապեր եւ նույնիսկ տարիներ հետո շրջանավարտների յուրաքանչյուր հանդիպում վերածվում էր իսկական տոնի:
Ինչ-ինչ պատճառներով 2005 թ. Մելգոնյանը փակվեց, որը բացասաբար անդրադարձավ սփյուռքում կրթական գործի վրա: Մելգոնյանների կտակում մի պատգամ կա, որ տարածքը միայն որպես դպրոց օգտագործվի, հետեւապես այն չի կարող վաճառվել (ի դեպ` այդպիսի կարգ է գործում նաեւ Սորբոնի համալսարանի համար), հետեւապես վտանգ կա, որ կոչնչանա նաեւ ազգային կտակների ինստիտուտը:
Վերջերս շնորհակալությամբ ստացա գրչակից բարեկամիսՙ Պայծիկ Գալայջյանի «Անմար կանթեղը լուսոյ» գիրքը եւ անմիջապես սկսեցի ընթերցել: Գրքում այնքան անկեղծություն, ափսոսախառն ցավ ու հպարտություն տեսա, որ չկարողացա անտարբեր մնալ…: Նախաբանում հեղինակը, որ նախկին մելգոնյանցի է, սիրով է արձանագրում, որ վարժարանի աշխարհացրիվ սաները շնորհակալության խորունկ ու անմար զգացումով են հիշում հիմնադիրների սուրբ անունները, եւ որտեղ էլ լինում ենՙ որդիաբար խոնարհում են իրենց գլուխները նրանց աստուածահաճո գործի եւ պայծառ հիշատակի առջեւ: Միեւնույն ժամանակ, խոստովանում է, որ հայի արժանապատվությամբ խռովել ու ընդվզում են իրենց հոգիները, քանի որ վերջին տարում ցիրուցան են եղել 210 հայ սաները:
/Այն պատճառաբանությանը, թե հարկավոր է բոլոր ուժերը հայրենիքում կենտրոնացնել, Պ. Գալայջյանը պատասխանում է խելացի փաստարկներով եւ ակնհայտ իրողություններ վկայակոչելով: Մեր պատմության մեջ աննախադեպ իրավիճակ է ստեղծվել,-շեշտում է հեղինակը եւ շարունակում,- ցեղասպանությունից առաջ յուրաքանչյուր չորս հայից երեքը ապրում էր հայրենի հողի վրա, իսկ այսօր չորս հայից մեկն է ապրում հայրենիքում: Այսինքնՙ հարկավոր է հետեւողաբար ուշադիր լինենք, որ չկորցնենք այդ բացարձակ մեծամասնությանը, քանի որ մեր օրերում Սփյուռքն է տարեկան Հայաստան փոխանցում 1,5-ից 2 մլրդ ԱՄՆ դոլար: Հստակ է, որ մեր ժողովրդի ապագան միայն Հայրենիք-Սփյուռք իսկական համագործակցության դեպքում կկայանա եւ հզոր կդառնա ու կդիմակայի մեզ նետված մարտահրավերներին:
Այնուհետեւ հեղինակը ներկայացնում է սփյուռքահայության «իրապաշտ եւ առարկայական պատկերը», անթաքույց ափսոսանք հայտնելով մերձավորարեւելյան գաղթօջախների քայքայման համար, որի պատճառով հայեցի ինքնության խնդիրը վերստին ու նորովի օրակարգ բերելու անհրաժեշտություն է զգացվում: Սփյուռքում այսօր հաշվվում են 7-8 մլն հայեր, որոնք բնակվում են աշխարհի 60-ից ավելի երկրներում, իսկ արտագաղթն էլ շարունակվում է: Հետեւապես, իրավացիորեն նկատում է հեղինակը, սփյուռքում հայեցի ինքնության շարունակական կերտման անհրաժեշտության ապահովումը ռազմավարական նշանակություն է ձեռք բերում, դառնում գերխնդիր ողջ հայության համար:
Այս տեսակետից Մելգոնյան հաստատությունը երկար տասնամյակներ եղավ այն հաստատուն խարիսխը, որտեղ հասակ առնող հայ ուսանողը երբեք չխարխափեց սփյուռքի դժվարին պայմաններում եւ Մելգոնյանական լույսով նույնիսկ խավարը կարողացավ լուսավորել,- վստահաբար ընդգծում է Պ. Գալաջյանը: Հեղինակը վկայակոչելով պատմական տվյալներ, շեշտում է, որ 1850-1915 թթ. ընթացքում հայ ժողովուրդը ամեն ինչ ներդրեց եւ ստեղծեց 1700 դպրոց, 1970 թ. Սփյուռքում գործում էր 250, իսկ այսօր, Ռուսաստանը ներառյալ, մնացել է ընդամենը 170 դպրոց 30 000 աշակերտով, եւ դա այն դեպքում, երբ սփյուռքը 1,5-ից 2 մլն ավելացել է: Կորսվում է նաեւ հայերենի եւ հայոց պատմության իմացության երբեմնի մակարդակը, վտանգվում սփյուռքի մեջ հայ ինքնության կերտման գործում հայկական դպրոցի անփոխարինելի լինելու տեսլականը:
Պատմական հանգրվանի մեջ գտնվող հեղինակը չի թաքցնում, որ հաջորդ սերունդների ապագայի ճակատագիրը բոլորիս հոգիների սրբազան պարտքն է: Այդ առումով կարեւոր է պահել-պահպանել նախորդ սերունդների ավանդները եւ կառուցել նորն ու ավելի լավը, որ դրանք միասնաբար գործեն հայ ժողովրդի հարատեւման համար:
«Ղողանջ Մելգոնեական» խորագիրը կրող բաժնում հեղինակը անանց սիրով ու խանդաղատանքով է խոսում կրթօջախի զանգի ու նրա ղողանջի մասին: Պատկերավոր զուգակցելով զանգի հնչյուններն ազգապահպանության գաղափարին` հեղինակը հուզախառն տագնապով արձանագրում է. փակվելուց հետո էլ կրթօջախի զանգը, որ Հայաստանի ձայնն է, համրորեն ղողանջում է, ամփոփումի եւ զգաստության կոչելով բոլորիս:
Գրքի Բ մասը պատմական ակնարկ է Մելգոնյան կրթօջախի մասինՙ որին չենք անդրադառնա: Միայն նշենք հեղինակի վկայակոչված մի քանի կարեւոր փաստեր. Մելգոնյան եղբայրների կտակի գումարը 60 000 անգլիական ոսկի է եղել (դա շատ մեծ գումար էր եւ հավասար էր Լյուքսեմբուրգի տարեկան բյուջեին): 250 ոսկիով գնվել է 460 մ. երկարությամբ եւ 400 մ. լայնությամբ «Ծաղկաբլուր» տարածքը, որը հետագայում վերածվել է բուրաստանի: Թվարկվում են կտակով նախատեսված ասպարեզներն ու գործառույթները, ինչպես նաեւ բոլոր աչքի ընկած մելգոնյանցի մտավորականների անուններն ու կոչումները, անթաքույց հպարտությամբ ընդգծում, որ նրանցից շատերն իրենց անփոխարինելի գույներով են հարստացրել հայոց գիտության ու մշակույթի ներկապնակը:
Գրքի վերջում հեղինակը ներկայացնում է Մելգոնյան հաստատության փակման պատմությունը: Հղում կատարելով ՀԲԸՄ-ի կենտրոնական վարչության պաշտոնական հայտարարությունից, հեղինակը շատ զուսպ եւ զգուշավոր փորձում է պատճառաբանված ու արդարացված տեսնել կրթօջախի փակման փաստը:
Ամփոփելով նշեմ, որ ասելիք շատ կա, քանի որ այսօր էլ Մելգոնյան լուսո տաճարի ճառագայթների արտացոլանքն զգացվում է ամենուրեք, քանի որ դրանք տասնամյակներ շարունակ հայության համար ապահովել են բարձր մակարդակի մտածողություն ու անբասիր կեցվածք, գիտության ու արվեստի տարբեր ճյուղերի խորը իմացություն, սիրված գործին անմնացորդ նվիրում եւ, որ ամենակարեւորն էՙ հայեցի դիմագիծ: Այսինքն` անչափ կարեւոր մի հանգամանք ներկա աշխարհացունց իրողությունների ետնախորքի վրա: Հավելեմ, որ նյութի խորը իմացությունը, բարեխիղճ մոտեցումը փաստերին, գրագետ, հարուստ ու ճոխ լեզուն հեշտընթեռնելի ու գրավիչ են դարձնում գիրքը եւ վստահություն ներշնչում, որ հեղինակը նոր ստեղծագործություններով ապագայում եւս ընթերցողին կպարգեւի նմանատիպ հաճելի պահեր:
28.11.2016 թ.