Կամՙ պտտվիր, պտտվիր, իշխանության կարուսել
Հոկտեմբերի 2-ին Գյումրիում առաջին անգամ համամասնական ընտրակարգով ընտրված համայնքային նորՙ 33 հոգանոց ավագանին արդեն երկու անգամ նիստեր է գումարել, բայց երկու անգամն էլՙ միայն ՀՀԿ-ի եւ ՀՔԴՄ-ի «Բալասանյան դաշինքը» ներկայացնող 17 անդամներով: Անցողիկ 6 տոկոսանոց շեմը հաղթահարած ԲՀԿ, «Հայկական վերածնունդ» (ՀՎԿ) եւ ԳԱԼԱ կուսակցությունների ցուցակներով ընտրված մյուս 16 անդամները, ինչպես հայտնի է, բոյկոտել են ավագանու նիստերը եւ հայտարարել, որ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի որոշումը բողոքարկելու են ՀՀ եւ եվրոպական բոլոր հնարավոր դատական ատյաններում: Խնդիրն այս անգամ ոչ թե սովորականի պես ընտրությունների ընթացքն ու հայտարարված արդյունքներն են, որոնց վերաբերյալ նույնպես դժգոհություններ եւ բողոքներ ունեն, այլ այդ արդյունքների հիման վրա ավագանու մանդատների կատարված բաշխումը: Իսկ խնդրի արմատը ՀՀ ընտրական նոր օրենսգրքում է:
Սովորաբար եթե յուրաքանչյուր օրենք ընդունվում, հաստատվում է խորհրդարանում որոշակի քննարկումից հետո, ապա դրա դրույթները քննություն բռնում կամ չեն բռնում կյանքում կիրառվելով: Երբեմնՙ ի հայտ բերելով նաեւ իրենց մեջ թաքնված մարտահրավերներ: Այս տարի հաստատված ընտրական ներկա օրենսգրքիՙ Երեւանի, Գյումրու եւ Վանաձորի ավագանիների ընտրությունների արդյունքների ամփոփմանը վերաբերող 141-րդ հոդվածի 4-րդ մասում հստակ, առանց որեւէ վերապահման սահմանվում է. «Ավագանու անդամների մանդատները բաշխվում են կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) ընտրական ցուցակների միջեւՙ նրանցից յուրաքանչյուրին կողմ քվեարկված քվեաթերթիկների թվին համամասնորեն…»: Ըստ այսմ, Գյումրու ավագանու ընտրություններում բոլոր վավեր ձայների ընդհանուր թվի ամենամեծՙ 34,67%-ը ստացած «Բալասանյան դաշինքին» հասնելու էր ավագանու 33 մանդատներից 15-ը, մյուսներից ԲՀԿ-ինՙ 9-ը, ՀՎԿ-ին 5-ը եւ ԳԱԼԱ-ինՙ 4-ը: Սակայն ԸԸՀ-ի որոշմամբ «Բալասանյան դաշինքը» ավագանիում ստացել է 2-ով ավելիՙ 17 մանդատ, հաջորդ երկուսըՙ նշվածից 1- ականով պակաս:
Ընտրատարածքային հանձնաժողովի նման որոշման համար հիմք է ծառայել օրենքի նույն հոդվածիՙ այս պարզ տրամաբանությանը հակասող հաջորդՙ 5-րդ մասը, ըստ որի` եթե կուսակցություններից կամ դրանց դաշինքներից մեկը վերը սահմանված կարգով ստացել է տեղերի (ոչ թե ձայների… – Գ. Մ.) 40 տոկոսից ավելին, բայց ոչ բացարձակ մեծամասնությունը, ապա տեղերի բացարձակ մեծամասնությունը տրվում է այդ կուսակցությանը (կուսակցությունների դաշինքին): Տեսեք ի՜նչ ձեւակերպում է, է. «եթե ստացել է տեղերի… ոչ բացարձակ մեծամասնությունը, ապա տեղերի բացարձակ մեծամասնությունը տրվում է այդ կուսակցությանը (կուսակցությունների դաշինքին)»: Այսինքն նրան տրվում են քվեներով չստացած մանդատներ: Որոնք էլ պակասեցվում կամ, բողոքող քաղաքական ուժերի իրավացի գնահատմամբ, խլվում են մյուսներից: Օրենսգրքի միեւնույն հոդվածի մի դրույթը ուղղակիորեն հակասում է այդ հոդվածի նախորդ, ըստ էության ելակետային դրույթին, եւ որ ամենաէականն էՙ խախտվում է հենց յուրաքանչյուրին կողմ քվեարկված քվեաթերթիկների թվին համամասնության սկզբունքը: Ու փաստորեն տեղական ինքնակառավարման մարմնի կառուցվածքի, այն էՙ նրանում մանդատների բաշխման եւ քաղաքական ուժերի հարաբերակցության ձեւավորման հարցում վճռորոշը դառնում է ոչ թե տեղի ընտրողների քվեն, այլ հանրապետության մոտավորապես նույնպիսի սկզբունքով ձեւավորված իշխող խորհրդարանական մեծամասնության առաջ մղած նման օրենքը:
Տեսեք ինչ է ստացվում: Գյումրի քաղաքում ընտրողների պաշտոնական թիվը մոտ 126 հազար էր (…): Քվեարկությանը մասնակցության թիվը եղել է 45 670 մարդ կամ 36,25%: «Բալասանյան դաշինքի» օգտին քվեարկել է այս 36,25%-ի էլ բոլոր վավեր ձայների ընդհանուր թվի 34,67%-ը կամ մեկ երրորդից քիչ ավելին: Բայց նրան օրենքի ուժով տրվել է ավագանու բոլոր տեղերի կեսից ավելին, անզոր փոքրամասնություն թողնելով միասին ձայների գրեթե երկու երրորդը ստացած մյուս ուժերին: Եթե վերջիններս նիստերին մասնակցեն էլ, միեւնույն էՙ դրանից էական ոչինչ չի փոխվի: Էլ ո՞ւր մնացին ժողովրդավարությունն ու ժողովրդի իշխանությունը, ընտրությունների միջոցով վերջինիս ձեւավորման եւ իրացման հիմնարար սահմանադրական իրավունքը:
Նորՙ համամասնական ընտրակարգով ձեւավորվող ավագանիում քաղաքապետի նախապես գրած ցուցակով կազմված ու նրան նվիրված մեծամասնության պարագայում թերեւս ավելորդ է խոսել նաեւ քաղաքապետին հակակշիռ լինելու, վերջին հաշվովՙ տեղական ինքնակառավարման թեկուզ որոշ ինքնուրույնության մասին եւս…