Սովորաբար գրեթե բոլոր կայացած կառույցներն իրենց մասին պատմող, իրենց գործունեությունը ներկայացնող տարբեր չափերի ու մակարդակի գիրք-ալբոմներ են հրատարակում: Այս անգամ առիթ ունեցա ծանոթանալու Խաչատուր Աբովյանի անվան Հայկական մանկավարժական համալսարանի այդտեսակ հրատարակությանը եւ, անկեղծ ասած, այնքան տպավորվեցի, որ որոշեցի գրել այդ մասին:
Միանգամից ասեմ, որ կատարված է բարձր մակարդակով եւ չափի հիանալի զգացողությամբ (ինչը մեր օրերում այնքան էլ հաճախ հանդիպող երեւույթ չէ) աշխատանք: Աչք են շոյում անթերի ձեւավորումն ու ասելիքի կարեւորության գիտակցումը, գունաերանգային համաչափ ու ճիշտ բաժանումը: Ամենակարեւորը, որ իմ կարծիքով մատուցվող նյութն է ու ասելիքը, ներկայացվում է խորիմացությամբ եւ փայլուն ընտրված հաջորդականությամբ: Գիրք-ալբոմում ասելիքն ու լուսանկարները համահունչ են ու զուգակցված, միմյանց լրացնող, մեկ ամբողջություն կազմելուն միտված չափաբաժնով:
Աշխատանքը բացվում է հայ գրերի ստեղծման, նշանավոր դպրոցների եւ միջնադարյան հայկական վանական համալսարանների մասին հակիրճ, սակայն տարողունակ շարադրանքով:
Թեեւ այդ մասին որեւէ ակնարկ անգամ գրքում չկա, սակայն դժվար չէ հասկանալ հեղինակ-կազմողների հրաշալի մտահղացումը` աշխատանքն սկսել Մեսրոպ Մաշտոցին ներկայացնելով: Որովհետեւ գաղտնիք չէ, որ մեսրոպյան հայ գիրը «լայն ու լուսավոր ոսկե դարպասը եղավ», որով հայ ժողովուրդը հաղորդակցվեց համաշխարհային քաղաքակրթության նվաճումներին: Նա ոչ միայն ճանաչեց իր անցյալը, հարատեւեց, այլեւ այդ հոգեւոր սխրանքի արդյունքում Հայոց աշխարհում նոր թափով ու նորովի վերսկսվեց սերունդներ կրթելու սրբազան գործը, որն առժամանակ զանազան օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով բարձիթողի էին մատնված: Հեղինակներն այս խելացի մոտեցմամբ ասում, հասկացնում են` հայ ժողովրդի դարավոր ու անփոփոխ ձգտումը եղել եւ մնում է մատաղ սերնդի հայեցի դաստիարակությունը, որն սկսվում է դպրոց-կրթարանից եւ րաբունի-ուսուցչից: Իսկ Մանկավարժական համալսարանի առաքելություն-կոչումն այդ սրբազան օղակում հենց ուսուցիչ ու մանկավարժ կրթել-ձեւավորելն է: Օրգանական այս կապն անխաթար պահելու, սերունդների ամենավեհ այդ առաքելությունը պատվով կատարելու ինքնահանձնարարականն էլ, կարծում ենք, այս աշխատանքի ամենահաջողված դրույթներից է:
Աշխատության անուրանալի արժանիքներից է նաեւ այն, որ հեղինակներին հաջողվել է քչատող շարադրանքում շատ բան ասել: V դարն անվանելով հայ ժաղովրդի պատմության «ոսկեդար», հեղինակներն անթաքույց հպարտությամբ արձանագրում են, որ այն եղավ հայ ժողովրդի հոգեւոր աննախադեպ վերելքի ժամանակաշրջան: Հայ պատմիչների, փիլիսոփաների, աստվածաբանների ոսկեբույլի կողքին, նրանք շեշտում են նաեւ, որ V դարում ու հետագայում Հայաստանի բոլոր նշանավոր վանական համալիրներին կից բացվեցին դպրանոցներ, որտեղ կրթություն էին ստանում հայ երեխաները: Ընդգծելով այդ ազգանպաստ առաքելության կարեւորությունը, հեղինակները վկայակոչելով Սահակ Պարթեւի «Կանոնագիրքը», պարզաբանում են, որ դեռեւս այն ժամանակ պահանջվում էր, որ ուսուցիչներն ունենան խորը գիտելիքներ եւ կարողանան դրանք վարպետորեն ու եռանդով փոխանցել իրենց աշակերտներին: Պարտադիր էր համարվում նաեւ այն, որ նրանք վաղ հասակից իրենց սաների մեջ անսահման հայրենասիրություն դաստիարակեն: Պահանջներ, որոնք դարերի հաստ շերտից ու ծանրությունից անգամ չեն փոխվել եւ այսօր էլ արդիական են ու անհրաժեշտ:
Աշխատանքում անդրադարձ կա նաեւ հայ մանկավարժության ռահվիրաներից VII դարի նշանավոր գիտնական, մանկավարժ ու րաբունապետ Անանիա Շիրակացուն: Հատկանշական է, որ հեղինակներն անթաքույց համակրանքով են ընդգծում` մաթեմատիկոս, աշխարհագրագետ, տոմարագետ, տիեզերագետ ու մատենագիր Շիրակացին, փայլուն կրթություն ստանալով վերադարձել է Հայաստան եւ բացել իր դպրանոցը, որտեղ աստվածաբանությունից բացի իր սաներին ուսուցանել է «ազատ արվեստներ», արտաքին գիտություններ եւ առաջին հերթին` բոլոր գիտությունների մայր մաթեմատիկա:
Աշխատության հեղինակները, որպես հայ կրթական գործի ու մանկավարժության հաջորդ օղակ, հպարտությամբ ներկայացնում են միջնադարյան հայկական կրթօջախները, խոսում Անանիա եւ Գրիգոր Նարեկացիների, ժամանակի մեծագույն մտածող Գրիգոր Մագիստրոս Պահլավունու, Հովհաննես Սարկավագ Իմաստասերի, Թորոս Ռոսլինի, Սարգիս Պիծակի, Մխիթար Գոշի, Վարդան Արեւելցու, Ստեփանոս Օրբելյանի, Հովհաննես Երզնկացու, Վահրամ Րաբունու, Ներսես Շնորհալու եւ մյուս մեծ մտածողների մասին, որոնց գործունեության անբաժան մասն ու լուսապսակն են կազմել մատաղ սերնդին հայեցի կրթելն ու խելացի, բանիմաց գրագետ-վարդապետներով երկիրն ու ժողովրդին ապահովելը:
Անկասկած, հայ ժողովրդի հպարտությունն ու հարգանքն են վայելել միջնադարյան հայկական համալսարանները, որոնց մասին եւս միանգամայն իրավացիորեն գրում են հեղինակները: Միայն ափսոս Գլաձորի, Տաթեւի եւ մյուսների կողքին չի հիշատակվել միջնադարյան հայկական առաջիններից մեկի` 966 թ. հիմնադրված 1050-ամյա Սանահինի համալսարանի մասին :
Մեկ անգամ չէ, որ խոսվել է 12-19-րդ դարի սկիզբ ժամանակահատվածում հայ ժողովրդի տարափեղկված լինելու եւ դժվարին կացության մասին: Ի պատիվ աշխատության հեղինակների, այս անգամ էլ գրեթե չխոսելով այդ ժամանակաշրջանի մասին, իրենց շարադրանքով ընթերցողին հասկանալի են դարձնում մեր ժողովրդի համար ստեղծված այդ անելանելի իրավիճակը եւ միանգամից անդրադառնում են Խաչատուր Աբովյանին ու նրա ծավալած կրթամշակութային գործունեությանը: Հեղինակների կարծիքով Աբովյանը հրաշալի իմանալով, որ հայ ժողովուրդն անտիկ ժամանակներից իր մասնակցությունն է բերել համաշխարհային քաղաքակրթության զարգացմանը, նաեւ հավատում էր` հայ ժողովուրդը մի օր անպայման ազատվելու էր պարսկաթուրքական բռնատիրություններից եւ վերականգնելու էր իր ազգային ինքնուրույնությունը: Եվ այդ գերխնդրում Խ. Աբովյանն իրավացիորեն կարեւորում էր ազգային կրթությունը, հատկապես բարձրագույն կրթությունը: Նա երազում էր այն օրը, երբ Հայաստանում կգործեր մանկավարժական բարձրագույն դպրոց, որը կպատրաստեր գրագետ ու իրենց գործի նվիրյալ ուսուցիչներ: Նրա երազանքն էր նաեւ հայ դպրոցը մոտեցնել եվրոպական առաջադեմ դպրոցների մակարդակին: Իսկ ամենակարեւոր փաստն այն էր, որ Աբովյանն ունեցավ հետեւորդներ, ինչպես նաեւ այն, որ նրա մանկավարժական հայացքներն այսօր էլ արդիական են:
Գրքի հաջորդ բաժնում ներկայացված է կրթության վիճակը արեւելահայ եւ արեւմտահայ հատվածներում XIX դարի վերջին եւ XX դարի սկզբին: Նշվում է, որ այդ շրջանում հայկական մշակույթն աննախընթաց վերելք է ապրում, քանի որ դրա համար ստեծվել էին բավականաչափ նպաստավոր պայմաններ` տեղի էր ունեցել հայ ժողովրդի ազգային զարթոնքը: Սոցիալ-տնտեսական եւ քաղաքական կյանքում առաջացած նոր փոփոխությունները, միջազգային շփումները նպաստել էին եւ հայ ժողովրդի բազմատեսակ կապերն ընդլայվել էին զարգացած ժողովուրդների հետ: Դրանց արդյունքում հայ ժողովրդի ազգային ինքնագիտակցությունը բարձրացել էր նոր մակարդակի, որը հանգեցրել էր ազգային-ազատագրական շարժման առաջացմանը:
Այս պայմաններում հայկական մշակութային գլխավոր օջախ-դպրոցներում եւս 1870-ական թվականներից երկու` ռուսահայ եւ թուրքահայ հատվածներում էլ նկատելի առաջընթաց գրանցվեց: Այս շրջանի առանձնահատկությունը հեղինակների միանգամայն իրավացի գնահատմամբ այն էր, որ ի տարբերություն նախորդ տարիների, երբ դպրոցը հիմնականում զարգանում էր հայաշատ գաղթօջախներում, ապա այդ շրջանում արդեն այն սկսել էր տարածվել նաեւ բուն Հայաստանում: Այդ գործընթացների անմիջական արգասիք էին այնպիսի բեղուն կրթօջախների հրապարակ գալը, ինչպիսիք էին 1874 թ. հիմնադրված Էջմիածնի Գեւորգյան ճեմարանը, 1880 թ.` Նոր Նախիջեւանի թեմական դպրոցը, 1881 թ.` Երեւանի ուսուցչական սեմինարիան ու գիմնազիան արեւելահայ իրականությունում եւ 1876 թ.` Կոստանդնուպոլսի Կեդրոնական, 1878 թ.` Վանի Երեմյան, 1881 թ.` Վանի Կեդրոնական վարժարանները, 1881 թ. Էրզրումի Սանասարյան դպրոցը եւ այլ կրթօջախներ: Շարունակվում էին նոր դպրոցներ հիմնվել նաեւ գաղթօջախներում եւ ավանդական եվրոպական երկրներից բացի արդեն նաեւ հեռավոր ԱՄՆ-ում եւ նույնիսկ Ինդոնեզիայում:
Հեղինակները թվարկում են այդ շրջանում հայ կրթության երախտավորներից շատերին եւ նշում, որ հայ մանկավարժական մտքի զարգացմանը մեծապես նպաստել է այնպիսի երեւույթի հանդես գալը, ինչպիսին մամուլն էր: Հեղինակները իրավացիորեն չեն անտեսել նաեւ այնպիսի կարեւոր երեւույթ, ինչպիսին էր այն, որ հայկական դպրոցների եւ, առհասարակ, մշակույթի զարգացումը միշտ եւ ամենուրեք հանդիպում էր սուլթանական եւ ցարական կառավարությունների կատաղի դիմադրությանը: Միաժամանակ նշելով, որ հայ դպրոցն ու կրթական գործը անդառնալի եւ անչափելի կորուստներ կրեցին առաջին աշխարհամարտի եւ հատկապես Մեծ եղեռնի հետեւանքով:
Այս պատմական էքսկուրսի հենքի վրա հեղինակները, որպես հայ կրթական գործի մեր օրերի օրինական ժառանգորդի ու այդ առաքելության պատվի ու պատասխանատվության բարձր գիտակցությամբ իրականացնողի, հակիրճ շարադրել են Մանկավարժական համալսարանի պատմությունը: Համալսարանի կենսագիրներն այն ներկայացնում են «Հիմնադրումը եւ գործունեության առաջին տարիները (1922-1940 թթ.)», «Հետպատերազմյան շրջանում` մինչեւ հանրապետության անկախացում (1945-1990 թթ.)», «Արցախյան հերոսամարտերի տարիներին» եւ «1990-ականներից մինչեւ մեր օրերը» ենթավերնագրերով եւ պարզաբանում այդ հատվածներում ինստիտուտ-համալսարանի ունեցած դժվարություններն ու կարեւորագույն ձեռքբերումները:
Խորհրդային տարիներին հիմնադրված մեր մյուս բոլոր բուհերի նման Մանկավարժականն էլ սկզբում ֆակուլտետ եղել է Երեւանի պետական համալսարանի կազմում եւ միայն 1922 թ. ՀԽՍՀ լուսժողկոմատի որոշմամբ է դարձել առանձին ԲՈւՀ: Տարիների ընթացքում 24 դասախոս եւ 32 ուսանող ունեցող Մանկավարժականը դարձավ հանրապետության կարեւոր կրթօջախներից մեկը եւ այսօր 10 ֆակուլտետներում տալիս է բակալվրի ծրագրով 40 եւ մագիստրոսի կրթական ծրագրով 53 մասնագիտությունների գծով շրջանավարտներ: Գրքի վերջին մասում ներկայացված են համալսարանի ձեռքբերումները հատկապես վերջին տարիների ընթացքում եւ այն իրատեսական եւ պատճառաբանված փոփոխությունները, որոնք իրականացվել են հատկապես այսօրյա ռեկտոր Ռուբեն Միրզախանյանի պաշտոնավարման տարիների ընթացքում:
Ամփոփելով նշենք, որ այս գիրք-ալբոմն իսկապես հաջողված աշխատանք է եւ, անկասկած, շատ ուսանելի կողմեր ունի: Ավելացնենք, որ աշխատանքը տպագրված է բարձրակարգ տպագրական միջոցներով, գեղեցիկ ձեւավորմամբ եւ, որ ամենակարեւորն ու էականն է, կազմող հեղինակների սրտացավ, բարեխիղճ ու բարձր գիտական մակարդակի շարադրանքով: Ուզում եմ ընթերցողների անունից շնորհակալություն հայտնել եւ շնորհավորել ողջ հեղինակային կոլեկտիվին այստեսակ գնահատելի աշխատանքի համար:
20.11.2016