Թրամփի հետ կապված հույսեր
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, Ֆիզուլու շրջանի առաջնագծում զինծառայողների առջեւ ելույթ ունենալովՙ հերթական անգամ հայտարարել է. «Մենք երբեք թույլ չենք տա հայկական երկրորդ պետության ստեղծում. ապրիլյան մարտերը մեկ անգամ եւս ապացուցեցին դա»: Ավելի վաղ նա ասել էր, թե «փակ դռների հետեւում» իր երկրի վրա ճնշում է գործադրվում ԼՂ անկախության ճանաչմանը համաձայնվելու նպատակով, բայց «Արդբեջանը երբեք չի համաձայնվի դրան»: Իսկ ՀՏրրՌÿ րպչՏՊվÿ գործակալության տնօրեն Դմիտրի Կիսելյովին տված հարցազրույցից հետո Ալիեւն ասել էր, թե Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքի պահպանման դեպքում «կարող է լինել փոխզիջում տեղական ինքնակառավարման, ԼՂ ինքնակառավարման հարցերի շուրջ», մանրամասնելով, որ «ապագայում, եթե համաձայնության գանք, այն կարող է լինել ինքնավար հանրապետություն»:
Ամեն ինչից երեւում է, որ սա Վաշինգտոնի ճնշման արդյունքն է, որը Բաքվին պարզ հասկացրել էր, որ թույլ չի տա «քթից բռնած ման ածել» իրեն: Բանն այն է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջամտության շնորհիվ դադարեցված ապրիլյան պատերազմից հետո ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին նախագահ Բարաք Օբամայի հանձնարարությամբ մայիսի 16-ին Վիեննայում հանդիպում անցկացրեց Մինսկի խմբի 3 համանախագահների եւ ՀՀ եւ ԱՀ նախագահների մասնակցությամբ: Համատեղ հայտարարության մեջ նշվում էր, որ համաձայնություն է ձեռք բերվել միջադեպերի քննության համար Շփման գծի վրա մշտադիտարկման մեխանիզմ մտցնելու, ինչպես նաեւ ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցչի հնարավորություններն ընդլայնելու (միջազգային դիտորդներ գործուղելու) վերաբերյալ, որից հետո հնարավոր կդառնար անցումը խաղաղ կարգավորման բանակցությունների վերսկսմանը: Սակայն օրերս Ալիեւի վարչակազմի ղեկավարի տեղակալ Նովրուզ Մամեդովը հայտարարեց, թե Բաքուն «Վիեննայում որեւէ պարտավորություն չի ստանձնել», այսինքն ընդհանուր հայտարարությունը չի ստորագրել:
Հունիսի 20-ին Սանկտ-Պետերբուրգում ՌԴ նախագահի մասնակցությամբ տեղի ունեցավ Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների եւս մեկ հանդիպում: Ընդունված համատեղ հայտարարությունը Վիեննայի համաձայնության կրկնությունն է: «Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանական Հանրապետության նախագահները հաստատեցին ս.թ. մայիսի 16-ին Վիեննայի հայ-ադրբեջանական վերջին գագաթաժողովում ձեռք բերված պայմանավորվածությունները, որոնք ուղղված են հակամարտության գոտու իրադրության կայունացմանը եւ հաշտության գործընթացի առաջմղմանը նպաստող մթնոլորտի ստեղծմանը: Այդ նպատակով նախագահները մասնավորապես պայմանավորվեցին հակամարտության գոտում ԵԱՀԿ հովանու ներքո ավելացնել միջազգային դիտորդների թիվը: Նրանք գոհունակություն արտահայտեցին Շփման գծի վրա վերջերս պահանջվող զինադադարի ռեժիմի կապակցությամբ: Կարծիքների հանգամանալից փոխանակում կայացավ կարգավորման էական կողմերի առթիվ, որոնց լուծումը թույլ կտա պայմաններ ստեղծել ԼՂ կարգավորման առաջընթացի համար: Նախագահները նշեցին ԼՂ խնդիրներին նվիրված իրենց կանոնավոր հանդիպումների կարեւորությունը եւ պայմանավորվեցին դրանք այդպիսի ձեւաչափով շարունակել ի լրումն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքի, որոնք հրավիրված էին ներկա գտնվելու Սանկտ-Պետերբուրգի հանդիպման եզրափակիչ մասին», ասված է փաստաթղթում, որի տակ կա նաեւ Ադրբեջանի ստորագրությունը:
Պատահական չէ, որ ԱՄՆ պետդեպարտամենտը ողջունեց Սանկտ-Պետերբուրգի հանդիպման արդյունքները եւ կարեւորեց այն, որ կողմերը «պահպանեն հրադադարի ռեժիմը, ձեռնարկեն բռնության դադարեցմանն ուղղված միջոցներ եւ վերսկսեն համապարփակ կարգավորմանը միտված բանակցությունները»:
Նովրուզ Մամեդովը խոսում է պետերբուրգյան հանդիպմանը իր մասնակցության մասին եւ ամեն անգամ տարբեր ձեւերով է մեկնաբանում հանդիպման արդյունքները: Նրա խոսքերովՙ նախապատվությունը տրվել է հակամարտության փուլային կարգավորմանը. նախ ազատվում է հինգ, ապա եւս երկու շրջան եւ որոշվում է միջանցքը, իսկ հետո որոշվում է ԼՂ կարգավիճակը: Եվ կողմերը իբր «այդ ուղղությամբ հասել են համաձայնության»:
Սակայն, ինչպես «Ռեգնում» գործակալության կայքում նշում է հայտնի պատմաբան Ստանիսլավ Տարասովը, Սանկտ-Պետերբուրգում հակամարտության կարգավորման տեխնոլոգիայի քննարկումը փակ բնույթ է կրել, թեպետեւ հաստատ չէ, թե դեպքերը զարգացել են հենց Մամեդովի նշած սցենարով: Իսկ ահա թե ինչ է վկայում Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը. «Սույն պաշտոնատար անձըՙ Նովրուզ Մամեդովը, երբեք չի մասնակցել որեւէ բանակցության: Եվ Սանկտ-Պետերբուրգի գագաթաժողովը բացառություն չկազմեց: Վերջին հանդիպման ընթացքում նա ներկա էր միայն աշխատանքային ճաշկերույթին, երբ քննարկվում էին բացառապես միջադեպերի քննության մեխանիզմների ստեղծման, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի թվակազմի ավելացման, հակամարտության բացառապես խաղաղ կարգավորման, 1994-1995 թթ. զինադադարի համաձայնագրերի կատարման հարցերը»: Բաքուն փաստորեն փորձում է «քթից բռնած ման ածել» նաեւ Մոսկվային, բացահայտորեն խեղաթյուրելով նրա դիրքորոշումը ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում: Ավելի ստույգ, Վաշինգտոնից փոքր-ինչ հեռանալովՙ Ադրբեջանը մտադրվել էր թաքնվել Մոսկվայի կամ Փարիզի հետեւում: Ուստի պատահական չէ, որ օգոստոսին կամ սեպտեմբերին նախատեսված ՀՀ եւ ԱՀ նախագահների հանդիպումները չկայացան: Դրան հաջորդեց Քերրիի բազմանշանակ հայտարարությունը, թե ԼՂ-ի հետ կապված հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման պայմանները դեռ չեն ձեւավորվել, քանի որ երկու երկրների առաջնորդները պատրաստ չեն փոխզիջումների որոնմանը:
Եվ դարձյալ Մամեդովը «զարմանք» է արտահայտել հայտարարության առթիվ, դժգոհելով, որ այնտեղ խոսք չկա 7 շրջանի ազատման մասին, իսկ Ադրբեջանը մեղադրվում է հակամարտության լուծմանն անպաստրաստ լինելու մեջ: «Մենք չենք ընդունում տվյալ հայտարարությունը, որը պահանջում է պարզաբանումներ մատչելի լեզվով», ասել է Մամեդովը: Այս կապակցությամբ Ստանիսլավ Տարասովը ընդգծում է, որ Մինսկի խմբի երկրներից ոչ մեկը երբեւէ հրապարակավ առաջ չի քաշել շրջանների ազատման նախագիծ: Եթե դա նույնիսկ քննարկվել է, ապա միայն փաթեթային տարբերակով: Այդուհանդերձ «ծնվեց» Արցախին ինքնավար հանրապետության կարգավիճակ տալու հնարավորության մասին նախագահ Ալիեւի առաջարկը: Տարիներ առաջ պաշտոնական Բաքուն վերացրել էր Արցախի ինքնավարությունը, լիովին անտեսելով արցախահայերի շահերը եւ նրանց համարելով «ոչ բնիկ»: Իսկ հիմա, Բաքվի լեզվով ասած, «Լեռնային Ղարաբաղի գոյություն չունեցող ժողովրդին» տրամադրվում է ինքնավար հանրապետության կարգավիճակ: Սա ինչպե՞ս հասկանանք:
Տեսականորեն կարելի է խոսել Ադրբեջանի պետական կառուցվածքի դաշնային ձեւի մասին, ինչը ենթադրում է երկրի օրենսդրական համակարգի, նոր սուբյեկտի կանոնադրությունների եւ օրենքների համապատասխան փոփոխություններ, իշխանության կենտրոնական մարմինների եւ սուբյեկտների հատուկ պայմանագրերի ստորագրում: Բայց նույնիսկ սահմանափակ ինքնավարության շնորհումը կարող է դիտվել որպես Անդրկովկասում հայկական երկրորդ պետության ստեղծում: Էլ չենք ասում, որ Բաքուն կփորձի ԼՂ-ում փոխել ժողովրդագրական վիճակը, ինչպես արել էր Նախիջեւանի ինքնավար հանրապետությունում, այնտեղից դուրս մղելով հայերին, չնայած այդ ինքնավարության կարգավիճակը հիմնված է 1921 թ. Մոսկվայի եւ Կարսի պայմանագրերի վրա: 1921 թ. մարտի 16-ին Մոսկվայում Խորհրդային Ռուսաստանի եւ Թուրքիայի կնքած բարեկամության ու եղբայրության պայմանագրի համաձայն, Նախիջեւանի մարզը դառնում էր «ինքնավար տարածք Ադրբեջանի հովանավորության ներքոՙ պայմանով, որ Ադրբեջանը չի զիջի սույն պրոտեկտորատը որեւէ երրորդ պետության»: Այդուհանդերձ, ինչպես գրում է ադրբեջանցի պատմաբան Ջամիլ Հասանլին, «Նախիջեւանի երկրամասը ձեռք է բերել միջազգային կարգավիճակ, մնալով Ադրբեջանի տարածքի մասը»:
Սակայն Լեռնային Ղարաբաղի դեմ «նախիջեւանյան գործողության» իրականացման համար պատմական ու քաղաքական օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պայմաններ չկան: Ի տարբերություն Վրաստանի, Ադրբեջանում չկա հատու կառույց, որը պաշտոնական Բաքուն կկարողանար համարել Լեռնային Ղարաբաղի շահերի «օրինական» ներկայացուցիչ («տարագիր» կառավարություն կամ խորհրդարան): «Քարնեգի» հիմնադրամի ավագ գիտաշխատող Թոմաս դե Վաալի կարծիքովՙ հայերը կմերժեն ԼՂ վերջնական կարգավիճակի վերաբերյալ Ալիեւի արած առաջարկը, սակայն Ալիեւի կողմից արցախահայերի իրավունքների ճանաչումը «դրական» երեւույթ է: «Ռեգնում» գործակալությունը ճիշտ է համարում ՀՀ արտգործնախարար էդվարդ Նալբանդյանի տեսակետը, ըստ որի Ադրբեջանը «խճճվել է իր մոտեցումների մեջ, եւ նրան օգնություն է պետք այդ վիճակից դուրս գալու համար»: ԼՂ ճակատային գծում իրադրությունը մնում է լարված, թեպետեւ ԵԱՀԿ առաքելությունը մերթ ընդ մերթ դիտարկումներ է անցկացնում Շփման գծի վրա:
ԱՄՆ նախագահական ընտրություններում պարտություն կրած դեմոկրատները Բաքվին «ղարաբաղյան ժառանգություն» կտակեցին ԼՂ անկախության ճանաչման նպատակով նրա վրա ճնշում գործադրելու տեսքով: ՌԴ նախագահ Պուտինը իր հերթին «Ազերթաջ» պետական գործակալությանը տված հարցազրույցում հայտարարեց, որ «փոխզիջման հասնելը նախատեսում է տարածքային ամբողջականության եւ ժողովուրդների ինքնորոշման իրավունքի սկզբունքների լավագույն հավասարակշռության որոնում», եւ որ կողմերից ոչ մեկը չպետք է լինի հաղթող կամ պարտվող, զիջումները պետք է լինեն փոխադարձ, կողմերից յուրաքանչյուրի օգուտները պետք է պարզ լինեն հանրության համար: Մոսկվան փաստորեն դադարել է նախապատվությունը տալ տարածքային ամբողջականության սկզբունքին եւ գնացել է Վաշինգտոնին ընդառաջ: Իր հերթին Բաքուն սկսել է հույսեր կապել ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հետ, ով հայտարարել է երկրի արտաքին քաղաքական որոշ գերակայություններ վերանայելու պատրաստակամության մասին:
Հիմա տեսնենք, թե ինչ է ասում Մամեդովը. «Քանի որ դեմոկրատները գերադասությունը տալիս են մարդու իրավունքների եւ ժողովրդավարության հարցերին, նրանք Ամերիկայի հայ համայնքի ազդեցության ներքո ամենուրեք աջակցում են հայերին: Սակայն Սենատի եւ Ներկայացուցիչների պալատի վերջին ընտրություններում որոշ ազդեցիկ հայամետ գործիչներ դուրս մնացին: Դա կարեւոր իրադարձություն է: Մեզ ավելի լավ հաջողվում է համաձայնության հասնել հանրապետականների հետ: Ավելի քան 6 ամիս ունենք մեր աշխատանքով հանգիստ զբաղվելու համար»:
Ադրբեջանի նախագահն առաջվա պես ենթադրում է հակամարտության ուժային լուծում, հայտարարելով, թե «ադրբեջանական բանակն անպարտելի է, կարող է կատարել ամեն մի խնդիր», իսկ «գրավյալ տարածքներում, Լեռնային Ղարաբաղում այսօր չկա մեր հասանելիությունից դուրս գտնվող որեւէ ռազմական թիրախ»:
Ներկայումս Ադրբեջանում գրում են, որ «Թրամփը կապեր ունի երկրում կառավարող վերնախավի որոշ անձանց հետ, ներդրումներ ունի Ադրբեջանում», ուստի նա «առանձնահատուկ ուշադրություն կդարձնի Ադրբեջանի դեպքերին», նախ եւ առաջՙ ԼՂ հակամարտության լուծումների որոնմանը: Ալիեւի հասարակական-քաղաքական հարցերի գծով օգնական Ալի Հասանովի խոսքերովՙ «Բաքուն հույս ունի, որ Վաշինգտոնը որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ կակտիվացնի իր ջանքերը հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման ուղղությամբ, եւ ստատուս-քվոն վերջապես կփոխվի»:
Իրոք, նախագահական ընտրություններից հետո ԱՄՆ-ն առաջին քայլն արեց այդ ուղղությամբ: ԵԱՀԿ-ում ԱՄՆ դեսպան Դանիել Բաերը հանդես եկավ հատուկ հայտարարությամբ. «ԱՄՆ-ը վերստին վճռական աջակցություն է հայտնում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին եւ բարձր է գնահատում կողմերի հետ նրանց անսասան փոխգործողությունըՙ Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումն առաջ մղելու համար:
Որպես Մինսկի խմբի համանախագահ երկիր, ԱՄՆ-ը շտապ միջոցներ է ձեռնարկել լարվածության թուլացման նպատակով: Պետքարտուղար Ջոն Քերրին հանդես եկավ Վիեննայում մայիսի 16-ին 3+2 ձեւաչափով հանդիպում անցկացնելու նախաձեռնությամբ, դրանով իսկ ընդունելով, որ Միացյալ Նահանգների, Ռուսաստանի եւ Ֆրանսիայի ամենաբարձր մակարդակի համատեղ ջանքերը կարող են կողմերին օգնել դադարեցնելու բռնությունը եւ առաջ մղելու հաշտության գործընթացը: Բարձր մակարդակի հանդիպումը տվեց շոշափելի արդյունքներ: Կողմերը հաստատեցին հրադադարի հարգումը, եւ Շփման գծի երկայնքով իրադրությունը զգալիորեն կայունացավ»:
Դեսպան Բաերը նաեւ կողմերին կոչ արեց հավանություն տալ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի մանդատի ընդլայնմանը եւ աշխատանք սկսել միջադեպերի քննության մեխանիզմ ստեղծելու առաջարկության վրա: Այդ դիրքորոշումը պաշտպանեց նաեւ ԵԱՀԿ-ում Ռուսաստանի ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշեւիչը: ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստում նա հայտարարեց. «Մենք կոչ ենք անում լիովին կատարել Վիեննայում եւ Սանկտ-Պետերբուրգում Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների ձեռք բերած համաձայնությունները: Մենք Ֆրանսիայի եւ ԱՄՆ-ի հետ կշարունակենք օժանդակել ԼՂ հակամարտության կարգավորմանն ուղղված ընդհանուր համաձայնության ձեռքբերմանը»: Մնում է միայն, որ գեղեցիկ խոստումները կատարվեն: