Մինեսոտայի նահանգը ամերիկահայ համայնքային ձեռնարկումներում հաճախակի հիշատակվող անուններից չէ: Քչերին է հայտնի, որ կրթական եւ գիտական հաստատությունների կենտրոնի համարում ունեցող այս նահանգում, հայերի հետ առնչությունները թվագրվում են դեռ 1890-ից: Այդ տարիներին Մինեսոտայում գորգի առեւտրով եւ երկաթուղաշինության մեջ զբաղված մի քանի հայեր են բնակվել, որոնք իրենց ընտանիքներին Արեւմտյան Հայաստանից աստիճանաբար տեղափոխել են են Սեյնթ Փոլ (Մինեսոտայի մայրաքաղաք), փրկելով նրանց Օսմանյան Թուրքիայում սկսված համիդյան հայահալած քաղաքականությունից:
Հայոց ցեղասպանության մասին վկայող մեծաքանակ նյութեր են պահպանվում Մինեսոտայի համալսարանին կից «Ողջակիզման եւ ցեղասպանության ուսումնասիրությունների կենտրոն»-ի պահոցներում: Դրանք ընդգրկում են 1915-1922 թվականներին եւ ավելի վաղ լույս տեսած ամերիկյան մամուլի հրապարակումները հայերի դեմ թուրքերի իրագործած նախճիրի մասին: Զարմացնում է, թե ինչ հետեւողականությամբ ու մանրամասնորեն են լուսաբանել ամերիկյան թերթերը այդ տարիների դեպքերը: Համաձայն կայքում արված մեկնաբանության, Հայերի ցեղասպանության մասին փաստերն ու վկայությունները շատ ավելին են, քանՙ հրեաների Հոլոքոստի մասին եղած տեղեկատվությունը:
1915 թ. օգոստոսի 16-ի իր համարում Մինեսոտայի «Saint Paul Pioneer Press»-ը գրում է.
«Անցած գիշեր հայ կամավորների եւս մի խումբ մեկնեց Նյու Յորք, ուր նրանք միանալու են ԱՄՆ այլ նահանգներից ժամանած կամավորներին, որպեսզի մեկնեն Եվրոպա կռվելու հանուն իրենց երկրի»:
Մինեսոտայի մեկ այլ պարբերականՙ «The Winona Independent»-ը 1915թ.-ի սեպտեմբերի 23-ի համարում գրում է.
«Կոտորածներից, սովից ու հիվանդություններից անցած ապրիլին մահացել են մոտ 700 000 հայեր: Թուրքական կառավարությունը իրականացնում է նրանց համակարգված ու անսիրտ արտաքսումը: Երբ Ավստրիայի դեսպանը հարցրել է Էնվեր փաշային, թե ինչո՞ւ են նրանք այդքան դաժանորեն վարվում, նա պատասխանել է. «Դա մեզ խրախճանք է պատճառում»:
Ամերիկյան այս կայքը Հայոց ցեղասպանության մասին պատմող նյութերի առատությամբ, ականատեսների վկայություններով, տեսանյութերով, գիտական հոդվածներով Վաշինգտոնի Կոնգրեսի գրադարանին չի զիջում թերեւս: Այս աստիճանի ճանաչողական մակարդակը մեր պատմական անցյալին առնչվող թեմայի շուրջ պայմանավորված է նաեւ ամերիկահայ մեծանուն գործարար, բարերար, Ժիրայր Գաֆէսճեանի Մինեսոտայում աշխատած տարիների ընթացքում ծավալած հայանպաստ գործունեությամբ:
Կայքը ներկայացնում է աշխարհի 126 գիտնականների, ակադեմիկոսների, պատմաբանների, Ողջակիզման եւ ցեղասպանության ուսումնասիրության կենտրոնների ղեկավարների ստորագրությամբ հրապարակած հռչակագիրը, ուր նշվում է, որ Հայոց ցեղասպանությունը անառարկելի եւ անվիճարկելի պատմական փաստ է եւ կոչ է անում Թուրքիային առերեսվել իր պատմության դժնի անցյալին: Հռչակագիրը ստորագրողների թվում նշվում է խաղաղության համար Նոբելյան մրցանակի դափնեկիր Էլի Ուայսելը անունը:
Այստեղ զետեղված են նաեւ դրամահավաքի նպատակով «Մերձավոր Արեւելքի ամերիկյան նպաստամատույց»-ի ստեղծած մեկ տասնյակ թվայնացված պաստառները: Դրանցից մեկը 1918թ.-ին կոչ է արել ամերիկացիներին. «Փրկեք երկուս ու կես միլիոն սովյալների կյանքը: Հայ-սիրիացի կանանց եւ երեխաների համար նվիրաբերեք օրը 17 ցենտ»:
Անակնկալ էր, ո՛չ նորահայտության, այլՙ ասելիքի արդիականության տեսակետից, արխիվային այդ նյութերի մեջ տեսնել Հայոց ցեղասպանության թեմայով արված բազմաթիվ խմբագրական (editorial) ծաղրանկարներ, թվովՙ 27, որոնցով ձեւավորել են հաճախ այդ տարիներին լույս տեսած հոդվածները: Ցավոք, թերթային ձեւաչափը թույլ չի տալիս իր էջերում ընդգրկել գրաֆիկական պատկերների լայն տեսականի:
Ամենահին ծաղրանկարները Հայոց ցեղասպանության թեմայով տպագրվել են դեռ 1896թ-ին, որոնցից նույն թվականի սեպտեմբերին Շիկագոյի «Ram s Horn» ամսագրի էջերում լույս է տեսելՙ «Արցունքներ, կոկորդիլոսի արցունքներ» (Tears, idle tears!) վերնագիրը կրող սատիրական գծանկարը: Աշխարհը կարեկցում, սակայն չի խանգարում թուրքին ոչնչացնելու հային, ասելով. «Օ՜հ, սա ահավոր է, այնպես չէ՞»:
Հայ դատի նկատմամբ ԱՄՆ Կոնգրեսի նախանշած դիրքորոշումն ի հայտ է եկել դեռ 100 տարի առաջ ու շարունակվում է մինչ օրս: 1920թ-ին Նյու Յորքի «Evening worldե պարբերականը դիպուկ սարկազմով է պատկերել ԱՄՆ Կոնգրեսի դուռը թակող հայի նկատմամբ վերաբերմունքը.
«Հեռացե՛ք, դուք իմ սիրտը տակնուվրա արեցիք» :
Լոնդոնի «Punch»-ում զետեղված ծաղրանկարն ունի հետեւյալ մեկնաբանությունը. «Եվրոպանՙ նոր Սուլթանին,- որպես երիտասարդ թուրք, սըր, դուք պետք է որ վերացնեք ձեր բոլոր հին մեթոդները»:
Փարիզում «La Baionnette» թերթում պատկերված է Էնվերի ծաղրանկարըՙ Էնֆեր (ֆրանսերենՙ դժոխք) գրությամբ:
Ծանոթանալով, ապշում ես, թե որքան նույնն է մնացել աշխարհը հայությանը պատուհասած եղեռնագործության խնդրում իր դիրքորոշման մեջ եւ որքան չի փոխվել այն Թուրքիայի հետ իր «բլիթ – մտրակ»-ային երեսպաշտ, քծնող հարաբերություններում: 100 տարի առաջ եւ հետո… մեր հանդեպ, ասես, ժամանակը կանգ է առել: Եվ վատն այն է, որ մենք ինքներս չենք փոխվել մեր արժեքների վերագտնման, ներսից ապաքինվելու եւ մեր ապագայի կողմնորոշիչներին հետամուտ լինելու գործում…: Այս ծաղրանկարները եւս մեկ անգամ նկատել են տալիս, որ մեր մասին դրսի ունեցածՙ կարեկցանք հայցողի, թույլի կարծրատիպը փոխել է պետք մեկընդմիշտ:
Այսօր սատիրական գրաֆիկայի ժանրում ամենապահանջված կերպարը կրկին թուրքն է, արդենՙ Էրդողան անունով: Տարբերությունը երկու արյունարբու թուրքերի միջեւ եվրոպական բաճկոնն է միայն:
Ամերիկայի թուրքական կազմակերպությունները 2011թ.-ին դատական հայց էին ներկայացրել Մինեսոտայի համալսարանի դեմ, բողոքելով հայկական հարցի շուրջ ոչ իրավացի տեղեկություններ ներկայացնելու եւ իրենց թուրքական ազգային արժանապատվությունը վիրավորելու համար: Սակայն դատարանը չբավարարեց նրանց հայցը, ավելինՙ Հայոց ցեղասպանությունը հերքող թուրքական մի քանի կայքեր դատարանը համարեց կեղծ եւ ոչ հավաստի: