Ազգը բանակ դառնո՞ւմ է: Սա շատ կարեւոր հարց է, համենայն դեպսՙ շատերին է հուզում, եթե չի դառնում, ապա ի՞նչ եւ ինչո՞ւ են խոսում պաշտպանության նախարարությունից, թե ազգ-բանակ հայեցակարգ է պետք, եթե դառնում է, ապա ինչպե՞ս, ասենք` բոլորս ապրելու ենք նույն կազարմայում, ենթարկվելու ենք նույն հրամանատրին, ով մեզ ամեն առավոտ վազեցնելու է, հետո Գազի հրամանով ստիպելու է հակագազ հագնենք, հետո շարային պարապենքՙ ըստ երեւույթին Հանրապետության հրապարակում, հետո գնալու ենք ազգովի ճաշարան, որտեղ ուտելու ենք ջրիկ պյուրե եւ պնդիկ ցորեն, երբեմնՙ միս, մեկ-մեկՙ ձուկ, առավոտները նաեւ գոլ, հաճախ էլՙ սառած թեյ (չխառնելՙ սառը թեյի հետ): Մի խոսքով, ինչպե՞ս: Տպավորությունն այնպիսինն է, որ բոլորը գիտեն, թե բանակն ինչ է, յուրաքանչյուրը ծառայել է, բայց քանի որ այնտեղ միայն դժվարություններ է տեսել եւ բացառապես վատ օրեր, չի ուզում, որ ազգը դժվարություններ տեսնի եւ վատ օրեր ունենա բացառապես: Դե` հայրենասեր են էլի, պետությունըՙ չգիտեմ, բայց ազգը սիրում են, կան, որ խենթանում են, այնքան շատ են սիրում: Իսկ սերը կուրացնում է, պոետներն իհարկե համաձայն չեն լինի այս պնդման հետ, բայց մեր պոետները կամ արտագաղթել են վաղուց եւ այս ամենով առանձնապես հետաքրքրված չեն, կամ մահացել են վաղուց, կամ էլ անունով են պոետ: Այնպես որ կարող ենք հանգիստ հայտարարել, որ սերը կուրացնում է, ընդվզում չի լինի: Կուրանալու արդյունքում էլ շատ բան չես տեսնում, ու քանի որ աշխարհում շատ լավ բաներ կան, շատ լավ բաներ չես տեսնում:
Ազգ-բանակը այդ լավ բաներից է: Լավ օրից չէ, բայց լավ բաներից է: Լավ օրից չէ, քանի որ երբ ազգը բանակ է դառնում, կամ դրա ցանկություն է հայտնում, կնշանակի ազգը պատերազմի մեջ է, ընդ որումՙ տեսանելի ապագայում չավարտվող: Իսկ լավ բան է, քանի որ տեսանելի ապագայում չավարտվող պատերազմի մեջ գտնվող ազգը կարող է եւ բանակ չդառնալ, մնալ ուղղակի ազգ, ավելի ճիշտՙ դիմանալ, քանի դեռ այդ չավարտվող պատերազմը չի ստիպել, պարտադրել, բերել եւ վզներիս փաթաթել այդ ավարտը: Այսինքն, երբ նման իրավիճակում ազգը բանակ է դառնում, դա լավ է, նման իրավիճակըՙ հակառակը, վատ է:
Հիմա, ո՞րն է խնդիրը, այն որ շատերը չե՞ն հասկանում, թե ազգ-բանակն ի՞նչ է, բայց, եղբայր, կարդացեք, դուրս եկեք, մարդկանց հետ խոսեք, զրուցեք, գուցե տեսնեք, թե ինչպե՞ս է մայրը սպասում իր որդուն, հայրը ոտքի կանգնում զինվոր որդու կենացը խմելիս, մորաքույրը պարտք անում, որ քրոջ զինվոր որդուն պահոց ուղարկի բանակ, հորաքույրը մի մոմ ավել վառում եկեղեցում, որ եղբոր զինվոր որդին կենդանի տուն դառնա, այ դա հենց ազգ-բանակի հիմնքն է, այսինքն` նման ազգը բանակ կդառնա: Ինչպե՞ս, շատ պարզ, ջութակ նվագելով, գիտությամբ զբաղվելով, ֆուտբոլ խաղալով, նկարելով, հոդված գրելով, գիրք գրելով եւ մանավանդՙ կարդալով, բիզնես դնելով եւ հատկապեսՙ հարկ վճարելով, պարտադիր չէ անպայման Արարատի մասին, կամ Արցախին նվիրված, պարտադիր էՙ լավ, նվիրվածությամբ: Գիտության, արվեստի, սպորտի, տեղեկատվական տեխնոլոգիաների, բիզնեսի հնարավորինս շատ ճուղերըՙ բանակի հետ կապելով: Սա չի նշանակում, որ ֆլեյտահարը պետք է գնա զորամասում համերգ տա, կամ խանութպանը պետք է ձրի կոնֆետ ուղարկի իքս զորամաս, ավելի ճիշտՙ սա միայն դա չի նշանակում, սա նշանակում է, որ ֆլեյտահարն էլ կարող է կրակել, եթե պետք է, խանութպանըՙ նույնը, լրագրողըՙ նույնպես, գիտնականըՙ եւս: Բոլորը, անկախ սեռից: Ընդ որում կրակել պարտադիր չէՙ զենքից, պարտադիր էՙ թշնամու ուղղությամբ: Կամ թշնամիների, մեր բախտը բերել է, մերըՙ մեկն է, բայց չի բերելՙ եւ արեւելքից է, եւ արեւմուտքից:
Ազգ-բանակն ուրեմն կրակելու համատարած ունակությունն է, սեփական տունը ամեն գնով պահելու վճռականությունն է, ավելի լավ ապրելու առարկայական ձգտումն է, ամենօրյա աշխատանքն է, եթե աշխատանքը կա, եթե չկա, ամեն աշխատանքի պատրաստ լինելն է:
Իսկ կազարման, տոնական օրերի զույգ մանդարինն ու սեւ կետերով դեղին խնձորները, ազգովի ճաշարանն ու հակագազ հագնելը, վազելը, շարային պարապելը կապ ունեն բանակի հետ: Ազգ-բանակը ուրիշ բան է, դուք կրկին հարցնում եք, թե ի՞նչ է…