Գեներալ Սեյրան Սարոյանը ԱԺ-ի այն եզակի պատգամավորներից է, եթե ոչ հենց եզակին, որը, երբ ելույթ է ունենում ամբիոնի մոտ կանգնած, երբեք չի կարդում: Զուգահեռաբար մտածում է եւ արտահայտվում: Ճիշտ է, պարոն Սարոյանը շատ բան այնպես չի ասում, ինչպես հարկն է ասելՙ խորհրդարանի պես վսեմ ու սեգ տեղերում, օրինակ փոխարենն ասիՙ «Մի՞թե ես զրպարտիչ ե՞մ», ասում էՙ «Ես խոմ շառ անող չե՞մ», եւ այլ նման բաներ, բայց դա էլ ընկալվում է որպես պարոն Սարոյանի բանավոր խոսքի առանձնահատուկ ոճ, որը, ասում են, մեծ ժողովրդականություն է վայելում, քանի որ ժողովուրդը միայն այդՙ «ջիգյարով» լեզուն է հասկանում, ոչ թե գիտահետազոտական-միտահետազոտական… Մի խոսքով, եթե պարոն Սեյրան Սարոյանը ԱԺ-իՙ իր իսկ ասած «կուլտուրական» պատգամավորներից սովորելու շատ բան ունի էլ, ասենք` խոսքի կառուցվածքի եւ արտահայտման տեսանկյունից, ապա վերջիններս էլ շատ բան ունեն սովորելու պարոն Սարոյանից, օրինակ` ելույթը չկարդալ, այլ հա՛մ մտածել, հա՛մ խոսել: Առանձին-առանձին ստացվում է, միաժամանակՙ ոչ: Այս պարագայում, սակայն, առաջանում է մեկ այլ, ոչ պակաս կարեւոր հարց, արդյո՞ք պետք է ասել այն, ինչ մտածում ես, եթե դու ԱԺ պատգամավոր ես, եւ ելույթ ես ունենում խորհրդարանում: Օրինակ, կարելի՞ է ասել, թե «ավելի լավ է Աստված պատժի, քան դատախազը»: Գուցե եւ կարելի է, բայց նա, ով նման բան է ասում, նշանակում է, որ կամ դատախազն իր ընկերն է, կամ դատախազն ով է, որ, կամ էլ Աստծուն չի հավատում, քանի որ նրա պատժից հեչ էլ չի վախենում, եթե հավատար, կիմանար, որ ամենասոսկալին հենց այդՙ Աստծու պատիժն է, դատախազինըՙ մանր խաղիկներ են Աստծու պատժի դիմաց: Թե նշվածներից ո՞ր կոնկրետ դեպքն էՙ գեներալ Սեյրան Սարոյանինը, չգիտեմ, բայց գիտեմ, որ նա երեքշաբթի օրը խորհրդարանում ունեցած իր ելույթում հայտարարել էՙ «Ավելի լավ է Աստված պատժի, քան դատախազը»…
Իսկ կարելի՞ էՙ ես բանկ թալանեմ, եւ ինձ դատախազը չպատժի, կամ իմանամ, թե ովքեր են բանկ թալանում եւ կանգնեմՙ հայտարարեմ, ավելի լավ է նրանց Աստված պատժի, քան դատախազը: Եւ առհասարակ, ամեն անգամ, երբ հանցագործության ականատեսն ենք լինում, հույս բարձրաձայնենք, որ ավելի լավ է Աստված պատժի, եթե հարցնենՙ ո՞վ է քեզ նման բան ասել, պատասխանենքՙ Սարոյանը, եթե գլուխները կախեն եւ լռեն, ճշտենքՙ Սեյրան Սարոյանը: Ի դեպ, որտեղի՞ց գիտի պարոն Սարոյանը, թե ովքեր են բանակում գողություն անում: Որ գիտի, հաստատ է: Այսպես, խորհրդարանում իր վերջին ելույթի ժամանակ գեներալն ասել էՙ «բանակից գողություն կատարողների էրեխեքը կամ նարկոման են դառնում կամ էլ կազինոներում փողերը քամուն են տալիս»: Համաձայնեք, եթե պարոն Սարոյանը չիմանա, թե ովքեր են բանակից գողություն անում, չի իմանա, թե նրանց էրեխեքն այդ փողերն ինչ են անում: Ուրեմնՙ գիտի, ավելին, գիտի նաեւ, որ կազինոն այն վայրն է, որտեղ փողերը քամուն են տալիս:
Գիտի եւ անուններ չի տալիս, եթե հարցնենքՙ ինչո՞ւ չես անուններ տալիս, կասիՙ «սկի դատախազն էդքան ռիսկ չունի, որ անուններ տա, ես որտեղի՞ց տամ»: Այսինքն` դատախազն էլ գիտի այդ անունները, բայց ռիսկ չունի, որ բարձրաձայնի:
Լավ, բա ո՞վ ունի այդ խիստ անհրաժեշտ ռիսկը: Ոչ ո՞ք, գիտե՞ք` կարելի էր եւ կռահել, քանի որ եթե մեզանում լայն ժողովրդականություն են վայելում գեներալ Սարոյանի խորհրդարանական ելույթները, որտեղ նա ասում էՙ «Ես խոմ շառ անող չե՞մ», կնշանակի, որ ոչ մեկս էլ «շառ անող չենք»:
Դրա համար էլ «շառի» մեջ ենք: