Յոթ տարվա անորոշությունից հետո Ստամբուլում կարծես ծրագրվում է անցկացնել նոր պատրիարքի ընտրություն: 2008-ին Մեսրոպ արք. Մութաֆյանը անբուժելի մի հիվանդության պատճառով ճանաչվեց անկարող շարունակելու իր պարտականությունները որպես պատրիարք: Նա սաստիկ հյուծվել էր եւ ամբողջությամբ կորցրել իր մտավոր կարողությունը: 2010-ի հունիսի 30-ին Արամ արք. Աթեշյանը Հոգեւոր խորհրդի կողմից նշանակվեց առաջնորդական տեղապահ: Այդ օրվանից Ստամբուլի հայկական համայնքը շփոթ կացության է մատնված եւ բաժանված է երկու ճամբարների, մեկըՙ որ կողմնակից է նոր պատրիարքի ընտրությանը, իսկ մյուսըՙ աթոռակից պատրիարք ունենալուն:
Նման իրավիճակը աննախադեպ էր պատրիարքարանի պատմության մեջ: Հայկական եկեղեցու կանոնագիրքն էլ չէր նախատեսել կամ քննարկել նման հարց:
Թուրքական կառավարությունը ոչ մի կողմի նախապատվությանը չարձագանքելով, համայնքը թողել էր շփոթ կացության մեջ: 2016 թվի հոկտեմբերի 6-ին Սահակ արք. Մաշալյանի նախագահությամբ գումարված Հոգեւոր խորհրդի նիստը Մութաֆյան արքեպիսկոպոսին պաշտոնաթող հայտարարեցՙ ճանապարհ հարթելով նոր պատրիարքի ընտրության համար: Մութաֆյանը 84-րդ պատրիարքն էր: Համայնքն այժմ պատրաստվում է ընտրել 85-րդին:
Ստամբուլի պատրիարքարանը վճռական դեր է խաղացել հայոց պատմության մեջ: Այն դեռեւս շարունակում է մնալ Թուրքիայում հայկական համայնքի գլխավոր կառույցը եւ պահպանել իր դերակատարությունը հայկական եկեղեցու ընդհանուր, տիեզերական հիերարխիայում:
Պատրիարքարանը ստեղծվել է 1461-ինՙ սուլթան Մուհամմեդ II ֆաթիհի հրամանագրով, 1453-ին Կոստանդնուպոլիսը գրավելուց ութ տարի անց, որպես հակակշիռ հույն ուղղափառ պատրիարքության: Օսմանյան իրարահաջորդ առաջնորդները երբեմն պաշտպանել են, բայց ավելի հաճախ օգտագործել են եւ չարաշահել նրա գոյությունը: Քանի որ Օսմանյան կառավարությունը «միլլեթի» համակարգն էր ներդրել, երկրի պարտված ազգությունները կառավարվում էին իրենց հոգեւոր առաջնորդների կողմից: Սուլթանը հայ ընտրազանգվածի հետ հարաբերվում էր պատրիարքի միջոցով: Սա իր հերթին մեծացրեց պատրիարքի իշխանությունը երկրում: Եղավ ժամանակ, որ Ստամբուլի (Կոստանդնուպոլսո) պատրիարքարանը ավելի մեծ իշխանություն էր վայելում, քան հայկական եկեղեցական նվիրապետության որեւէ այլ սուրբ աթոռ, ներառյալ երկու կաթողիկոսություններն ու Երուսաղեմի պատրիարքարանը:
Թուրքիայի սուլթանները օգտագործում էին Ստամբուլի պատրիարքությունը որպես «քաղաքական գործիք» վերահսկելու համար Երուսաղեմի պատրիարքությունը, որն իր հերթին մրցակցության մեջ էր Սուրբ քաղաքի հունական եւ հռոմեական կաթոլիկ եկեղեցիների հետ: Արդյունքում հայերը շահում էին, օգտվում այդ վերահսկողությունից:
Երբ Մեծի տանն Կիլիկիո Սահակ կաթողիկոս Խապայանը տարագրվեց Սսից, Ջեմալ փաշայի հրամանագրով նշանակվեց համայն հայության գերագույն հոգեւոր առաջնորդ, նստավայրըՙ Երուսաղեմ, հակակշռելու համար Սուրբ Էջմիածնի կաթողիկոսությանը, որը Ռուսաստանի վերահսկողության տակ էր գտնվում:
Սուլթանը Հայոց ազգային սահմանադրությունը վավերացրել էր 1863-ին: Այդ սահմանադրության որոշ դրույթներ եւ սկզբունքներ մինչեւ օրս էլ ուժի մեջ են եւ օգտագործվում են ամբողջ աշխարհի հայկական եկեղեցիներում ու թեմերում:
Չնայած հայկական համայնքը տեխնիկապես կարիք չունի ընտրություններ անցկացնելու համար կառավարությունից թույլտվություն խնդրելու, այդուհանդերձ թույլտվությունն անհրաժեշտ է «ընտրության գործընթացը կանոնավոր կերպով անցկացնելու» համար, որը հավասարազոր է կառավարական վերահսկողության: Մի ճանճ անգամ չի կարող մի տեղից մյուսը թռչել հայկական համայնքումՙ առանց կառավարության հավանության կամ թույլտվության, ի հակասություն 1923 թվի Լոզանի պայմանագրի, որն իբր երաշխավորում է Թուրքիայում ապրող փոքրամասնությունների ներքին ազատությունները:
Միայն նախագահ Էրդողանը չէ, որ բողոքում է այդ պայմանագրի սահմանափակումներից: Նրա բոլոր նախորդները նույնպես բողոքել են եւ ժամանակ առ ժամանակ խախտել այդ պայմանագրի դրույթները, դրա տակ ստորագրած երկրների լուռ համաձայնության ներքո:
Ստամբուլում գործում են հայկական 42 բարեգործական ընկերություններ (վաքըֆներ), որոնց թվում են եկեղեցիներ, դպրոցներ եւ հիվանդանոցներ: Դրանցից ոչ մեկին արդեն բավական երկար ժամանակ է, ինչ թույլ չի տրվել անցկացնել ընտրություններ: Ենթադրում ենք, որ այս մեկ ընտրության անցկացման համար ինչ-որ պետական մի պաշտոնյա հավանաբար համայնքի առաջ կանաչ լույս է վառել:
Դա բոլորովին չի նշանակում, անշուշտ, որ ինչ-որ բան փոխվել է Թուրքիայում: Որեւէ պատրիարք նախքան իր հոտին ծառայելը, պետք է շարունակի ծառայել պետությանը, թուրքական կառավարությանը:
Վերջերս Civilnet-ին տված հարցազրույցի ժամանակ ներկա տեղապահը խոստովանեց, որ ամեն անգամ երկրից դուրս ճանապարհորդելիս Մութաֆյան արքեպիսկոպոսին էին տալիս հրահանգների մի ցուցակ, թե որտեղ ինչ պետք է խոսի: Եղավ ժամանակ, որ նա այցելեց եվրոպական մայրաքաղաքներ առաջ տանելու համար Եվրոմիությանն անդամագրվելու Թուրքիայի ցանկությունը: Դա, իհարկե, զայրացրեց աշխարհասփյուռ հայությանը:
Դա այն գինն է, որ որեւէ կրոնական առաջնորդ պետք է վճարի այնտեղՙ Թուրքիայում, պաշտպանելու համար իր հոտի շահերը: Թուրքիայի սահմաններից դուրս ապրող հայերը պետք է հաշվի նստեն պատրիարքի պարտականությունների այս սահմանափակումների հետ:
Ինչ վերաբերում է գերմանական Բունդեսթագի որոշմանը հաջորդած Աթեշյան արքեպիսկոպոսիՙ Էրդողանին ուղղված նամակին, ապա դա, ըստ պատրիարքական ընտրություններում նրա մրցակիցների, արտակարգ երեւույթ էր եւ «նպատակ ուներ սոսկ իր անձնական շահերն ապահովելուն»:
Ներկա դրությամբ պատրիարք ընտրվելու չորս թեկնածուներ կան: Ստամբուլի համայնքային առաջնորդների համոզմամբ նախընտրելի թեկնածուն Թուրքիայում ծնված, Ամերիկայի հայկական եկեղեցու արեւելյան թեմի առաջնորդ Խաժակ արք. Պարսամյանն է, բայց նա հրաժարվել է մասնակցել ընտրարշավին: Այնպես որ, ինչպես նշեցինք, չորս թեկնածու ունենք այժմ. արքեպիսկոպոսներ Արամ Աթեշյանը, Սահակ Մաշալյանը, Գարեգին Բեկչյանը (գերմանահայերի առաջնորդ) եւ Սեպուհ Չուլճյանը (Գուգարքի առաջնորդըՙ Հայաստանից):
Բացի համայնքին ծառայելուց եւ թուրքական կառավարության օրինական եւ անօրինական բավիղներով նավարկելուց, նորընտիր պատրիարքը պետք է ունենա բարոյական բարձր հատկանիշներ կարողանալ պահպանելու համար եկեղեցական միասնականությունը ամբողջ աշխարհում: Հաշվի առնելով Անթիլիաս-Էջմիածին տարաձայնությունները եւ Երուսաղեմի պատրիարքի ըմբոստ կեցվածքը, ներկայացված հայտը շատ լուրջ է մանավանդ Թուրքիայի ներկա անկայուն տնտեսական վիճակի պայմաններում:
Շատ վաղ է դեռ կանխատեսել ընտրության արդյունքը: Սակայն մի բան հստակ է. թուրքական իշխանությունները, նախքան համայնքին քվեարկության իրավունք տալը, պետք է հավաստիանան, թե որքանով են թեկնածուները հավատարիմ իրենց: Դա ապահովելուց հետո, մասնագետները հավատացած են, որ ընտրությունները կանցկացվեն արդար եւ թափանցիկ:
Իր պաշտոնավարության ընթացքում տեղապահ Աթեշյանը հասցրել է ալեկոծել համայնքի ջրերը, վրդովեցնելով ոմանց: «Ակօսի» խմբագիր Բագրատ Էվտուկյանը նշել է. «Ես նրան չէի ընտրի»: Աթեշյան արքեպիսկոպոսը ցանկանում է ընտրողների վստահությունը շահելՙ խոստանալով վերանորոգել Դիարբեքիրի Սբ. Կիրակոս եւ Ախթամարի Սբ. Խաչ եկեղեցիները: Բեկչյան սրբազանը կարծես ամենից շատ է ձգտում տիրանալ այդ պաշտոնին, սակայն շատերի կարծիքով նա չափազանց երկար ժամանակ հեռու է եղել համայնքից եւ այդ պատճառով էլ անտեղյակ է համայնքին հուզող հարցերից եւ տրամադրություններից: Չուլճյան արքեպիսկոպոսը, որն ավելի լայնախոհ է, համարվում է խորապես ձուլված Հայաստանի կենսակերպին, եւ ժամանակ կպահանջվի, որպեսզի կարողանա հարմարվել Թուրքիայի հայկական համայնքային կյանքին, իսկ Մաշալյան արքեպիսկոպոսը պնդում է, որ չի շտապում մասնակցել ընտրապայքարին, բայց ընտրվելու դեպքում չի հրաժարվի այդ պատվից:
Թուրքական օրենքը պահանջում է, որ բոլոր թեկնածուներն էլ լինեն Թուրքիայի քաղաքացիներ, բայց խախտելով Լոզանի պայմանագրի դրույթներըՙ կառավարությունը փակել է Հեյբելիի Սբ. Խաչ հայկական եւ հունական հոգեւոր ճեմարանները, որտեղ հոգեւորականներ կարող էին պատրաստվել: Կառավարությունը նաեւ արգելել է ուսանողներին օտար երկրների ճեմարաններում վերապատրաստվել, դրանով իսկ խափանելով նոր հոգեւորականների պատրաստման գործընթացը: Հակառակ այս բոլոր արհեստական խոչընդոտներին, հրաշքի է նման այն, որ չորս թեկնածու է մասնակցում ընտրապայքարին եւ դեռ ուրիշ արժանիներ էլ կան, որոնք ծառայում են այլ համայնքներում:
Թուրքիայի հայ բնակչությունը, համենայնդեպս, միասնական է եւ խոստանում է հարգել նրան, ով ընտրվելու է: Մեզ մնում է միանալ նրանց:
Թարգմ. Հ. ԾՈՒԼԻԿՅԱՆԸ, Armenian Mirror-Spectator