ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ Ըստ հետազոտության, աղքատությունը նվազել է 0,2 տոկոսով, բայց իրենց աղքատ համարողների թիվըՙ 1,4 տոկոսով2015-ին արձանագրված աղքատության 0,2 տոկոս նվազումը եւ 30 տոկոսից աղքատ բնակչության ցուցանիշը 29,8 տոկոս դառնալն, անշուշտ, աննշան փոփոխություն է: Այս ցուցանիշը ազգային վիճակագրական ծառայության` «Հայաստանի սոցիալական պատկերը եւ աղքատությունը 2015» զեկույցի, որը պատրաստվել է ըստ տնային տնտեսությունների հետազոտության արդյունքների, հիմնական եւ ավելի շատ վեճերի տեղիք տվող եզրակացությունն է: Նշենք, որ նման հետազոտություն վիճակագրական ծառայությունն անց է կացնում յուրաքանչյուր տարի, որի արդյունքները ամփոփվում եւ հրապարակվում են հաջորդ տարի: Այդ պատճառով էլ նոյեմբերի 7-ին հրապարակված զեկույցը վերաբերում է 2015-ի սոցիալական պատկերին:Աղքատ մարդկանց ընդհանուր թիվը գրեթե անփոփոխ է, իսկ շատ եւ ծայրահեղ աղքատները պակասել ենՆախ` վերանայվել է աղքատության գիծը, ինչը տեղի է ունենում յուրաքանչյուր հետազոտությունից առաջ, հաշվի առնելով գնաճային ցուցանիշները: 2015-ի աղքատության գիծը հաշվարկվել է, վերանայելով 2009-ի նվազագույն պարենային զամբյուղը եւ ոչ պարենային ապրանքների գնահատված մասնաբաժինը: Այդ մեթոդաբանությամբ սահմանվել են աղքատության ընդհանուրՙ վերին եւ ստորին, ինչպես նաեւ ծայրահեղ աղքատության գծերը` ըստ մեկ ամսվա ընթացքում մեկ չափահաս անձի սպառման (հետազոտությունը կատարվել է սպառման, այլ ոչ թե եկամուտների ցուցանիշների հիման վրա) ցուցանիշների: Ըստ այդմ, աղքատության վերին գիծ է սահմանվել 41 698 դրամը (կամ 87,2 դոլարը): 2014-ին այդ գիծը 40246 դրամ էր (կամ 96,8 դոլար) է: Աղքատության ստորին գիծ է սահմանվել 34234 դրամը (կամ 71,6 դոլար), 2014-ին աղքատության ստորին գիծը 33101 դրամ էր (կամ 79,6 դոլար): Ծայրահեղ աղքատության գիծ է սահմանվել 24109 դրամը (կամ 50,4 դոլար), ինչը 2014-ին եղել է 23384 դրամ (կամ 56,2 դոլար): Այսինքն, աղքատության գիծը նախորդող տարվա համեմատ բարձրացել է մոտ 1500 դրամով, ստորին գիծըՙ մոտ 3 հազար դրամով, իսկ ծայրահեղ աղքատության գիծըՙ մոտ 800 դրամով:Արդյունքում, համաձայն զեկույցի, 2014-ին մեր երկրի բնակչության 29,8 տոկոսը եղել է աղքատ, որից 10,4 տոկոսը` շատ աղքատ, իսկ 2 տոկոսը` ծայրահեղ աղքատ: Աղքատների թվաքանակը կազմել է մոտ 900 հազար, որոնց թվում շատ աղքատների թվաքանակը կազմել է մոտ 310 հազար, իսկ վերջինների թվում ծայրահեղ աղքատները կազմել են մոտ 60 հազար մարդ: 2014-ի ցուցանիշների համեմատ, աղքատության մակարդակի քիչ թե շատ երեւացող նվազում տեղի է ունեցել շատ աղքատների թվի մեջ մոտ 20 հազարով եւ ծայրահեղ աղքատների թվի մեջՙ մոտ 10 հազարով:Մինչ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի, այսինքն 2008-ի համեմատ, 2015-ին աղքատության մակարդակը դեռ բարձր է 2,2 տոկոսով, իսկ ծայրահեղ աղքատության մակարդակըՙ 0,4 տոկոսով, փոխարենըՙ 2,2 տոկոսոով ավելի քիչ են եղել շատ աղքատները:Ամենաբարձր աղքատությունը Շիրակում, ամենացածրըՙ ԱրագածոտնումՀետազոտության արդյունքներով, 2015-ին աղքատությունը շատ չի տարբերվել ըստ քաղաքային (29,4 տոկոս) եւ գյուղական (30,4 տոկոս) բնակավայրերի: Երբ բնակչության կենսամակարդակը դիտարկվում է ըստ քաղաք-գյուղ բաշխվածության, աղքատների մեծ մասը (61,5 տոկոս) քաղաքաբնակներ են: Սակայն մայրաքաղաք Երեւանում աղքատության մակարդակն ամենացածրն է (25 տոկոս), ինչը 1,4 անգամ ցածր է, քան Երեւանից դուրս այլ քաղաքային բնակավայրերում:Հետաքրքրական են ըստ մարզերի աղքատության ցուցանիշները: Աղքատության ամենացածր ցուցանիշներ ունեն Արագածոտնի մարզը` 16,1 տոկոս, Վայոց Ձորի մարզը` 16,9 տոկոս, Սյունիքի մարզըՙ 24,5 տոկոս: Աղքատության ցածրության ցուցանիշով Երեւանը փաստորեն չորրորդն էՙ 25 տոկոսով: Ի տարբերություն Արագածոտնի, Վայոց Ձորի եւ Սյունիքի, գյուղմթերքների հիմնական շտեմարան Արարատյան դաշտի երկու մարզերից Արարատում աղքատությունը 27,3 տոկոս է, Արմավիրում` 29,6 տոկոս, իսկ մայրաքաղաքին մոտ գտնվող եւ զբոսաշրջային ու գյուղատնտեսական մյուս մարզ Կոտայքումՙ 35,9 տոկոս: Տարբերությունը ավելի քան 10-15 տոկոս է ամենաշատ եւ ամենաքիչ աղքատ մարզերի միջեւ: Որքանո՞վ է դա հնարավոր եւ ինչո՞ւ է Արագածոտնի, Վայոց Ձորի եւ Սյունիքի մարզերում աղքատության ավելի ցածր պատկեր ստացվում, քան Արարատում, Արմավիրում, Կոտայքում եւ անգամ Երեւանում: Ավելին, սահմանամերձ Տավուշի մարզում աղքատությունն ավելի ցածր էՙ 35,3 տոկոս, քան Կոտայքում:Խնդիրը միայն մեկն էՙ հարցվողների պատասխանների անկեղծությունը: Ակնհայտ է, որ ավելի ցածր աղքատության ցուցանիշ արձանագրած մարզերում ավելի անկեղծ են պատասխանել իրենց սպառման մասին տրված հարցերին, քան ավելի բարձր աղքատություն արձանագրված այնպիսի մարզերում, ինչպիսիք Արարատն ու Արմավիրը, մասամբՙ նաեւ մայրաքաղաք Երեւանը: Հակառակը լինել չի կարող, քանի որ մեր հոգեբանության եւ մտածողության մեջ տարածված է ոչ թե աղքատությունը թաքցնելը, այլ իրական կենսամակարդակը թաքցնելը եւ ավելի վատ ապրողի կերպարով ներկայանալը` «լացելը»: Այս տրամաբանությունը գործում է մինչեւ կոնկրետ հարցը, որին տրվող պատասխանից հետո արդեն ավելի իրատեսական պատկեր է երեւում:Իրենց աղքատ են համարել հարցվողների միայն 15,6 տոկոսըՀետազոտության ընթացքում հարցվողներին տրվող կոնկրետ հարցը սա է եղելՙ դուք ձեզ աղքատ համարո՞ւմ եք: Այս հարցին դրական են պատասխանել եւ իրենց աղքատ են համարել միայն 15,6 տոկոսը, այն դեպքում, երբ հետազոտության արդյունքներով աղքատությունն ըստ սպառման ցուցանիշների 29,8 տոկոս է կազմել: Այսինքն, գրեթե կրկնակի տարբերություն: Ինչպես արդեն նշեցինք, պատճառները գտնվում են մեր հոգեբանության եւ մտածողության մեջՙ երբ հարցումը վերաբերում է սպառմանը, պատասխանողները ձգտում են հնարավորինս աղքատ ներկայանալ եւ սպառման ավելի ցածր ցուցանիշներ ասել` համաձայն վերեւում նշված սովորության: Սակայն, երբ հարցն ուղղակիորեն վերաբերում է նրան, թե իրենց աղքատ համարո՞ւմ են, պատասխանը լինում է ավելի անկեղծ, քանի որ ոչ ոք չի ցանկանում որ իրեն աղքատ համարեն, բայց աղքատ ձեւանալ շատերն են սիրում:Ասվածի եւս մեկ վկայություն: 2008-ին 27,6 տոկոս աղքատության ցուցանիշի ժամանակ, իրենց աղքատ են համարել հարցվողների դարձյալ 17 տոկոսը, իսկ հիմաՙ 29,8 տոկոս աղքատության պարագայումՙ 15,6 տոկոսը: Սպառման ցուցանիշների վերաբերյալ անարժանահավատ եւ անկեղծ պատասխանների միջեւ խզումը տարիների ընթացքում ավելացել էՙ հօգուտ առաջինի: Այս պարագայում արդեն գործ ունենք ոչ թե 900 հազար, այլ մոտ 500 հազար աղքատների հետ, որոնք իրենց համարում են աղքատ, այլ ոչ թե ձեւանում են այդպիսին: Միեւնույն ժամանակ, անգամ եթե 500 հազարն են աղքատները, ապա դա նույնպես մեծ թիվ է եւ անհրաժեշտ է տնտեսական աճի բարձր տեմպՙ տարեկան առնվազն 6-8 տոկոս, այն առաջիկա տարիներին հաղթահարելու համար: Հակառակ դեպքում, տարեկան 0,2 տոկոսով կամ անգամ 1,4 տոկոսով աղքատության նվազումը էական տեղաշարժի չի հանգեցնի այս հարցում: |