ԻՐԻՆԱ ՍԱՐԻԲԵԿՅԱՆ, Վանաձոր
ՌԱԿ-ի գողտրիկ «կանգառը» Տիգրան Մեծ պողոտայում
Ռամկավար ազատական կուսակցության Լոռու մարզային շրջանակի գրասենյակի դիմացՙ Տիգրան Մեծի 44գ հասցեում, տեղի ունեցավ Մեծ եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող փոքրիկ պուրակի բացման արարողությունը:
Հուշարձան-կոթողի հիմնասյան մեջ Արեւմտյան Հայաստանից բերված հող էր պահված: Կոթողի հեղինակը ՌԱԿ-ի կենտրոնական վարչության անդամ, Լոռու մարզային շրջանակի ատենապետ Սեյրան Ղարիբյանն է:
Հիշեցնենք, որ 2015 թվականի նոյեմբերի 1-ին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների, ՌԱԿ-ի 23-րդ պատգամավորական ժողովի շրջանակներում հիմնադրվել էր Մեծ եղեռնի 100-ամյակին նվիրված հուշակոթող:
«Մտորում» հուշակոթողը խորհրդանշում է հայ ժողովրդի հաղթական ճակատամարտերը, մաքառումները, մերօրյա արցախյան պատերազմի հաղթանակներն ու հզոր հայոց բանակը: Հուշակոթողն ամբողջացնող գեղարվեստական տարրերի ձեւի եւ բովանդակության մեջ մեր վաղվա գերհզոր ու պայծառ ապագան է վահանը: Սուրը խորհրդանշում է համայն հայության միասնական ուժը, որի վրա դաջված է տասը միլիոն հայերի համարանիշը. խորհուրդ, որը տեղավորվում է մեկ գաղափարի մեջ. «Ո՛վ հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո հավաքական ուժի մեջ է»: Վահանը որպես պաշտպանվածության նշան է հանդես գալիս, որ մենքՙ հայերս, մշտապես պաշտպանված ենք թշնամուց:
Վահանի կենտրոնում նռան ճյուղն էՙ հավերժության պտուղով, իսկ կոտրած ճյուղը խորհրդանշում է Մեծ եղեռնի 100-ամյա տարելիցը: Վահանի վերին մասում մեր հավատի հույսն էՙ սուրբ խաչը, որն, ինչ խոսք, խորհրդանշում է մեր քրիստոնյա լինելը եւ հայի լինելիությունը: Հարթակի վրա առկա է ցեղասպանության 100-րդ տարելիցի խորհրդանիշ անմոռուկը, որին փորագրված է մեր պահանջատիրական կարգախոսը համայն աշխարհին. «Հիշում եմ եւ պահանջում»: Այն կարծես մի երկրագունդ լինիՙ շրջապատված 12 գնդիկներով, ժամանակը ծովն է, գիտության նավըՙ ժամանակի մեջ:
Փոքրիկ պուրակում այժմ տեղադրվել են նստարան, ծաղկամաններ: Արարողությանը ներկա էին ՌԱԿ-ի ատենապետ, «Ազգ» թերթի գլխավոր խմբագիր Հակոբ Ավետիքյանը, ՌԱԿ-ի Կենտրոնական վարչության անդամ Վարդան Նազիրյանը: Իրենց ներկայությամբ միջոցառումը պատվեցին Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը եւ ՀԳՄ Լոռու բաժանմունքի ղեկավար Մանվել Միկոյանը: Ներկա էին նաեւ Վանաձորի ՏԻՄ ընտրություններում Հայաստանի հանրապետական կուսակցության համամասնական ցուցակը գլխավորող Մամիկոն Ասլանյանը, ցուցակում ընդգրկված Նելլի Գյուլզադյանը, մտավորականներ, վանաձորցիներ: Ողջույնի խոսք ասացին Հ. Ավետիքյանը եւ Մ. Միկոյանը :
Միջոցառումը վարում էր դերասան, ասմունքող Իվան Անտոնյանը : Նա կարդաց Հրաչյա Սարուխանի «Կրկնաղերս» եւ Մ. Միկոյանի «Ալիքվում է դանդաղ» բանաստեղծությունները: