Բոլորը հետեւում են, թե ինչ է անում եւ ասում Կարեն Կարապետյանը: Ամեն ասված խոսքից մեծ հետեւություններ են անում, վարչապետի մի խոսքը դառնում է բազում վերլուծականների նյութ: Սոցիալական ցանցերը հեղեղված են նրա դրական կերպարի վկայություններով, տարիքով կանայք հատկապես տարերքի մեջ են` բարեփոխումներին չհավատացողներին համացանցում ջախջախելու առումով: Ասենք, որ վարչապետին գովաբանողները ամենեւին, կամ ավելի ստույգ` բացառապես նոր վարչապետի «փիարշչիկները» չեն միայն: Սովորական մարդիկ, ինչպես որ խեղդվողը ձեռքն ամեն շյուղից էլ գցում է, ինքնաներշնչված են մեծ սպասումներով: Ահա եւ ստեղծվում է հերթական կուռքը, իսկ գիտեք` հայերս օժտված ենք մի բացառիկ ընդունակությամբ. ինչ արագությամբ որ կուռք ենք ստեղծում, նույն ուժգնությամբ էլ փշրում ենք այն:
Ո՞րն է այս երեւույթի ֆենոմենը: Միթե մարդանց բազմակի փորձառությունն անձերի փրկիչ լինելու դրույթի սնանկոթյան առումով անընդհատ մոռացվում է, թե՞ աշխատում է ինքնապահպանման այն բնազդը, երբ հիշողությունը բլոկ է անում ծանր ապրումները: Արդյունքում` մարդիկ չեն հիշում վատ փորձառությունը, ու նորից սխալ երազներ են կառուցում: Մինչդեռ պետք է ոչ թե անձերին նայել, այլ ողջ կառուցվածքի աշխատանքին:
Եթե պրագմատիկ քաղաքական հայացքով նայենք տեղի ունեցողին` էլի ֆենոմենը միանշանակ բացատրություն չունի, քանի որ մասնագիտական շրջանակներ կան, որոնք հենց այդ ֆենոմենները գործածելուն են կոչված` սեփական եզրահանգումների հույսին թողնելով հանրությանը: Ֆենոմենի տարբեր բացատրություններն այս առումով ծնվում են ինքնին: Երկիրը ծայրահեղ ծանր վիճակում այլեւս թողնելու անհնարինության պարագայում նոր ֆիգուրի հետ հույս կապելու շարքային բացատրության հետ մեկտեղ` կարող են գոյության իրավունք ունենալ այլ բացատրություններ եւս: Միգուցե հենց այդպես էլ պլանավոված է եղել նախապես: Կարեն Կարապետյանը կգա, դրական սպասումներ կձեւավորի, մարդիկ կշեղվեն պրոբլեմներից, դժգոհության ինչ-որ դոզա կծալեն-մի կողմ կդնեն, ու այն ցանկալի ժամանակը, որ զանազան բողոքի ցույցերի պատճառով չէր ընձեռվում մեր քաղաքական կյանքի ճատարապետներին` նստելու ու հանգիստ պլանավորելու իշխանության հանձնումը ժառանգորդին, ի վերջո կգտնվի: Միգուցե հոգեբանական թերապիայի առումով էլ Կարեն Կարապետյանով ազգիս հոգեկան առողջության խնդրի կարճաժամկետ լուծումը հանրության համար հանգստացնող պրեպարատների նշանակությունն ունի ` բռավո ճարտարապետին, քանի որ դա այս պահին աշխատել է: Սակայն հիվանդությունների հետաձգումը ինչ- որ դեղահաբի ազդեցությամբ չի կարող հիվանդության բուժման երաշխիք լինել:
Մանավանդ`ամեն ինչից երեւում է, որ այլ, մանր թերապեւտիկ միջոցների հերթագայության մասին եւս մտածվել է: Օրինակ, այս քառօրյայում Ազգային ժողովը սկսեց ընդունել մի շարք քրիստոնեական օրենքներ: Ասենք` այսուհետ տարբեր պարտականությունների չկատարման պատճառով գոյացած պարտքերը մարելու համար մեր քաղաքացիներն այլեւս չեն կորցնի իրենց բնակարանը` ԴԱՀԿ-ն չի կարող մարդու բնակության վերջին կացարանը վաճառել (խոսքը բանկային գրավին չի վերաբերում):
ԱԺ պատգամավոր Ռուզաննա Մուրադյանի հեղինակած փոփոխությունները «Ազգաբնակչության Էկոլոգիական կրթության եւ դաստիարակության մասին» օրենքում կարեւորում էին էկոլոգիական մշակույթի ներդրումն ամենուր` կրթության եւ դաստիարակության մեջ, կառավարման ոլորտում հատկապես: Այսուհետ պետական քաղաքականության հիմնական սկզբունքներում պետք է ներառվեն մարդու բնապահպանական անվտանգության եւ էթնոէկոլոգիայի մասին դրույթներ: Կամ օենսդրորեն փորձում են լուծել ազատազրկման վայրերում գտնվող անձանց մասնագիտական ուսուցումը` պատժի կրումից հետո այդ անձանց վերասոցիալականացումը, վերաինտեգրումը կազմակերպելով: Այսինքն` վարչապետի ու բարեփոխումների մասին նրա ամենօրյա օրակարգին զուգահեռ` ամեն օր այսուհետ սոցիալականացված գործելակերպի նորանոր դրսեւորումների ականատեսն ենք լինելու: Չնայած սպասվելիք նվազ բյուջեի ու շատ ավելի լղարիկ ՀՆԱ-ի, զանազան ծախսերի կրճատումների հեռանկարը ոգեւորիչ չէ ամենեւին: Միգուցե շուտով էժան գազ առնենք Իրանից ու մի քիչ թանկ ծախենք Վրաստանին, ու այս հաճելի հեքիաթը մեզ գազ ծախող ռուսների քթի տակ իրականություն դառնա, միայն թե չգիտենք որտե՞ղ էին այս հաճելի հեքիաթը շրջանառության մեջ դնողները ռուսների հետ գազային ամենաանհարմար պայմանագիրը կնքելիս…
Դե ոչինչ, զբաղվեք, մինչեւ այս ֆոնին կարելի է մի անգամ էլ վերաձեւել քաղաքական դաշտը, նորից շուռումուռ տալ, քանի որ վերջին ՏԻՄ ընտրությունները ցույց տվեցին, որ առկա քաղաքական ուժերից ոչ մեկն ընդունակ չէ ապահովելու ոչ կարկատանային խորհրդարան, որտեղ օրենք անցկացնելը գլխացավանք չի դառնա: Դե բա հո մի ֆիգուրով հնարավո՞ր չէ ողջ ազգին պահել երազանքի գոտում, մի ֆիգուրը չափազանց խոցելի է, հղի համակարգի փլուզման մշտական վտանգով: Բացի այդ` այդ ֆիգուրի մտքով կարող է անցնել կամ խախտել պայմանավորվածությունը` վարակվելով աստղային հիվանդությամբ, ինչպես ժամանակին Գագիկ Ծառուկյանն արեց: Այո, հիմա Կարեն Կարապետյանը ՀՀԿ-ական կդառնա, նոյեմբերի 26-ի ՀՀԿ համագումարում` միգուցե ՀՀԿ փոխնախագահ, բայց դա էլ երաշխիք չէ, որ երբ գան խորհրդարանական ընտրությունները, նա ինքնուրույն խաղ չի տանի, ոտնիգլուխ անելով պայմանավորվածությունները: Այնպես որ` ձվերը տարբեր զամբյուղներում տեղավորելու քաղաքական ճատարապետի հին սովորությունը հիմա նորից է դրսեւորվելու: Մեկում` Կարեն Կարպետյանն ու իր սիզիփոսյան գործունեությունը կլինի: Մյուսում, այո, նորից կհայտնվենք նույն տաշտակի առջեւ` իհարկե Գագիկ Ծառուկյանը կվերադառնա, հանրությանը վրա ազդելու նրա ռեսուրսը ժամանակին չսպառված մնաց, քանի որ նա այն ժամանակ այնքան տարվեց խաղով, որ ռուբիկոնն անցավ, ու արդեն հեղափոխություն էր անելու: Նրան ցույց տվեցին իր տեղը:Սակայն անտեր մնացած դաշտը, զանազան փոխակերպումներով հանդերձ, ՏԻՄ ընտրություններում չձգեց այն պատկերին, որ հարկավոր էր ճարտարապետին: Ծառուկյանի ասած կարկառունները չեն կարողանում լավ աշխատել: ՏԻՄ փորձարկումը հասավ նպատակին, հասկացվեց, որ մյուս միավորները միասին չեն կարող անել այն, ինչ միայնակ անում էր Ծառուկյանը… որ ամեն ինչ կատարյալ թվա, անցնցում իրականացվի նաեւ իշխանության հանձնումը այն միակ ժառանգորդին, որը կհայտածվի միայն 2018 թվականին:Դա կարող է լինել Վիգեն Սարգսյանը, Միքայել Մինասյանը, ինչու չէ` նաեւ Կարեն Կարապետյանը, նայած, թե ով կհաղթի ձեռնամարտում: Իսկ նախորդող խոհրդարանական ընտրություններին նա նախապես կամրապնդի իր քաղաքական հենարանները` նոր մարդկանցով ու նոր դեմքերով լիցքավորելով իշխանական կուսակցությունները, կրկին կօգտագործի համարյա նախկին հզորությունը վերագտած ծառուկյանական ԲՀԿ-ին, հետագա իշխանության ամուր կառուցվածք ապահովելով:(Ինչպես գիտեք` կա մի տեսություն, ըստ որի երկիրն իր կրկնակ մոլորակն ունի` Գլորիան, որը երկրի հետ նույն ուղեծրում գտնվելով արեգակի` մեզնից անտեսանելի մասում, հավասարկշռում է երկրի ուղեծիրը, ԲՀԿ-ին այդ դերը գուցե կվերապահվի):
Չի հաջողի Կարապետյանը, կա Ծառուկյանը, որը գուցե էլի կկարողանա նույն ուժգնությամբ հանրային սպասումները սնել: Ծառուկյանն իրեն լավ չի պահի` Կարապետյանին չեն փչացնի: Թե չէ` մեկ մարդու վրա խաղադրույք անելը միշտ վտանգավոր է` նախ այն պատճառով, որ մարդը կարող է աստղային հիվանդությամբ վարակվել եւ վեր թռչել իր գլխից (Ծառուկյանի պաագայում դա տեղի ունեցավ), երկրորդ` պարզապես կարող է չհաջողել: Երբ մեկը չհաջողի, մյուս խաղաթուղթը կնետվի սեղանին, կամ, ինչպես անընդհատ սիրում է կրկնել ոչ անհայտ մեր մի գործընկերը` Պլան Բ-ն կգործարկի:
Դե իհարկե Ծառուկյանը կվերադառնա: Նա երեւի հասկացել է այն սխալները, որ ժամանակին արել է ինքը, եւ մեր քաղաքական կյանքի ճարտարապետները եւս հասկացել են, որ Ծառուկյանից ավելի լավ դաշնակից իշխանությունը չի կարող ունենալ, մանավանդ նոր իրավիճակում, երբ Ռուսաստանը, օբյեկտիվ ու սուբյեկտիվ գործոններով պայմանավորված, ամենեւին էլ իր ազդեցությամբ երկրորդական դեր չունի: Ու այստեղ շատ կարեւոր ինտրիգ կա իշխանությունը փոխանցելիս: Վերը նշված եւ ուրիշ ոչ մի սցենար չի կարող հարյուրտոկոսանոց լինել, իշխանությունը փոխանցող նախագահ Սարգսյանը եւ նրա հրավիրած վարչապետ Կարեն Կարապետյանը, որ դաշնակիցներ են այս պահին, միշտ էլ կարող են մրցակից դառնալ, նայած թե արտաքին խաղացողները, եւ հատկապես Ռուսաստանը ո՞ր նախագծի վրա խաղադրույք կանի, կամ ավելի կոպիտ` ո՞վ կկարողանա դառնալ նրա ֆավորիտը:
Այս սցենարներն հիմա աննկատելի են: Անգամ այդ մասին ամեն օր ժամանակին գրողները կարծես մի հրահանգով այդ թեման անտեսում են` թեմայից շեղման ընդհանուր շղարշն ապահովելով:Եւ դա զարմանալի չէ, եթե նկատի ունենանք. թե մեծ մասամբ ով է կառավարում մեդիա համակարգը:
Իսկ ավելի խորքային ու կարեւոր այն հարցը, զարմանալի բան, որ Հայաստանում միշտ եւ բոլոր հարցերը անձերն են լուծել, իշխանությունն էլ միշտ սահուն փոխանցվել է , անգամ Տեր-Պետրոսյանի` անսպասելի թվացող հրաժարականի պարագայում, սա կարծես մի տեսակ մոռացել են: Առօրյա իրադարաձությունների շղարշի հետեից չի երեւում` ո՞ւմ է հանձնվելու իշխանությունը, ո՞վքեր են հիմք դնելու եւս մի ողջ ժամանակաշրջանի իշխանությանը, որը հներին հանգիստ թողնելով, ցնցումներից զերծ պահելով առկա տնտեսական եւ քաղաքական ամենաառանցքային ստատուս-քվոները, կստանձնի նոր ժամանակի ղեկը, նորից նոկաուտ անելով ժողովրդին, եթե, իհարկե, տարբեր մարտահրավերների առջեւ կանգնած Հայաստանը մի կերպ չոր դուրս գա ջրից:
Բայց մինչ այդ, այո, պետք է չոր դուրս գալ ջրից` երկրով ու ժողովրդով: