1988 թվականիցՙ արցախյան պատերազմի առաջին կրակոցից մինչ այսօր մեր զոհված տղաների մահվան բոթը խոր կսկիծով հայտնելուց, պետության կողմից նրանց հուղարկավորության ծախսերը կատարելուց բացի, ոչինչ չի արվում: Հենց տղաներին հողն ենք դնում, դրանով փակում ենք նրա կենսագրության էջերն էլ, տան դուռն էլ: Առողջապահության նախկին նախարար Արմեն Մուրադյանը հրահանգել էր արցախյան պատերազմի մասնակից առաջին կարգի հաշմանդամների անվանացանկը թարմացնել: Պարզվել էՙ 90-ականների զինհաշմանդամների մեծ մասը մահացել էՙ այդպես էլ անհրաժեշտ բուժօգնություն չստանալով, աղքատության ու սովի մեջ: 2016 թվականին 1990-ականների վիրավորների հաշվառում են անում. նորմալ է, չէ՞: Իհարկե. նորմալ է նաեւ, երբ հազարից մեկ մի տեղից օգնություն, աջակցություն ցույց տալիս զոհվածի մորը հարցնում են. «Տղադ ապրիլյան պատրեզմի՞ն է զոհվել:… Ո՞չ. ուրեմն էս օգնությունից քեզ չի հասնում, որովհետեւ որդիդ 90-ականների զոհերից է»:
Արցախյան ազատմարտը բաժանվեց ապրիլյանի ու ոչ ապրիլյանի: Բայց մի հարցնող լինի. իբր ապրիլյան գործողությունների մասնակիցների, վիրավորների, զոհվածների ընտանիքների համար սարե՞ր եք շուռ տալիս: Ապրիլը բացեց մեր աչքերը. անսպասելի իրադարձություններն ավելի սրեցին սոցիալական այն խայտառակ պատկերը, որ խարանի պես դրոշմված է մեր գյուղերում: 104 զոհերից միայն մի քանիսի ընտանիքներն են քիչ թե շատ ապահովված, մյուսները ծայրահեղ չքանվորության են մատնված, վարկերի տակ կքած, բառացիորենՙ օրվա հացի կարոտ: Վիճակագրություն, սոցիալական իրադրության գնահատում, առողջական խնդիրների բարձրաձայնում. կենսական նշանակության այս հարցերը պետության հետաքրքրությունների կամ հոգածության տիրույթում չեն: Դրանք, որպես կանոն, հասարակական կազմակերպությունների, ակտիվիստների, սրտացավ մարդկանց ուշադրության կենտրոնում են միայն:
«Աջակցենք սահմանամերձ բնակավայրերին» նախաձեռնության համակարգող Սոֆյա Հովսեփյանը պարբերաբար լինում է Հայաստանի մարզերում, թիրախավորում անապահով, խոցելի խմբերին, որոնց մեջ առաջին տեղում զոհված ու վիրավոր ազատամարտիկների եւ զորակոչիկների ընտանիքներն են: Նույն նպատակն է հետապնդում «Արշակ Դաբաղյանի անվան Մայր Մանե» հասարակական կազմակերպությունը: Նրանք տեսանկարահանում, լուսանկարում ու լուսաբանում են այդ ընտանիքների վիճակն ու փորձում բարերարներ գտնել, համոզել նրանցՙ հոգալ այս կամ այն զինվորի դեղորայքի, օրվա հացի խնդիրը:
Ազատամարտիկները կամավորության սկզբունքով են մեկնել Արցախ, զոհվել կամ վիրավորվել: Իսկ հայտնի է, որ կամավորներից բացի, 1992-ից սկսածՙ պետությունը զորակոչ է հայտարարել, 18 տարին լրացած տղաներին կտրել իր ընտանիքից, տնից ու բանակ տարել: Ու ի՞նչ է ստացվում. ով զոհվել կամ վիրավորվել է, պետությունը սկզբի կարճ ընթացքում որոշ աջակցություն է ցույց տվել, հետո մոռացության ու անտարբերության մատնել: Վերոնշյալ կազմակերպությունների ներկայացուցիչները պատմում են, որ վիրավոր զինծառայողները հաշմանդամության կարգ ստանալու համար այն աստիճանի են ընկնում փաստաթղթային քաշքշուկների մեջ, որ հիասթափված հրաժարվում են կարգից էլ, պետության տված գրոշներից էլ: Ժողովուրդն ասում էՙ ցավը տիրոջն է տանջում: Նրանք իրենց ցավի ու ողբերգության հետ առանձնացածՙ համակերպվում են ճակատագրի հետ ու գոյություն քարշ տալիսՙ հույսները կտրած պետությունից էլ, ամենքից էլ:
1993 թվականին զորակոչված Ռոմիկ Արզումանյանը 23 տարի առաջ էր վիրավորվել, բեկորային վնասվածքներից նրա մարմնում սկսվել էին բորբոքային, թարախային պրոցեսներ: Անկողնուն գամվածՙ նա այդպես էլ լիարժեք բուժում չստացավ: Դեղորայքով օգնել են նրա մարտական ընկերները, բայց ինչքա՞ն օգնեին. չէ՞ որ հայտնի ճշմարտություն էՙ նմանն է նմանին օգնում, ձեռք մեկնում. Արցախում իսկապես կռվածներից շատերը ոչ բիզնես ունեն, ոչ պաշտոն, ոչ էլ հարստություն: Պատերազմի, մահվան ճիրաններում կռիվ տված մարդու համար փողն ու աթոռն արժեք չունեն:
Ռոմիկ Արզումանյանը մեկ շաբաթ առաջ է մահացելՙ սովի, ընչազրկության պայմաններում: Պատմում են, որ զառամյալ մորաքույրն էր նրան խնամում իր 39.000 դրամ թոշակով: «Շտապօգնությունը» 5000 դրամ է ուզել դին տանելու համար, դիահերձարանն էլ իր հերթին գումար պահանջել դին հարազատներին հանձնելու համար: Ծախսերը հոգացել են բարի ու սրտացավ մարդիկ: Ռոմիկ Արզումանյանի ողբերգական կյանքի ու մահվան պատմությունը կաթիլ է ծովի մեջ, կաթիլ, որի մեջ խեղդվելով գոյություն են քարշ տալիս իրենց առողջությունը, ապագան, կյանքը չգիտես ում ու ինչի համար նվիրած մեր տղաներն ու նրանց հարազատները: Մնում է ենթադրել, որ այս «նվիրել» բառը մեր իշխանությունները բառացի են հասկանում: Ի՞նչ է նշանակում նվիրել. ինչ-որ բան տալ, հանձնելՙ առանց շահադիտական նպատակների կամ փոխհատուցման ակնկալիքի: Այսինքնՙ եղբայր, նվիրիր ու փոխարենը ոչնչի մի սպասիր, ի՞նչ փոխհատուցում կամ ուշադրություն, ի՞նչ գնահատական ու հարգանք: Դու նվիրել ես, իսկ ինչ-որ բան նվիրելիս, եթե անգամ դա կյանք է, նվիրում են ու փասա-փուսան հավաքում-գնումՙ անհասցե, անհետ ու անանուն:
1992-ին թշնամու դեմ կռվելիս քաջաբար զոհվել է Մկրտիչ Մակարյանը: Գեներալներ Միքայել Հարությունյանն ու Յուրի Խաչատուրովը կվկայեն, թե մարմինները փոխանակելիս Մկրտիչի սխրանքի մասին ինչպիսի հիացմունքով է խոսել թուրք գնդապետը. «Այս տղան նռնակը քաշել է ու իր հետ տարել ադրբեջանցի 4 սպայի ու 2 զինվորի»:
Մկրտիչ Մակարյանի ընտանիքը 25 տարի մոռացության է մատնված. միայն ընկերներն են հիշում ու այցելում:
Եթե զոհվածի հարազատները բժշկական օգնության կամ այլ հարցերով դիմում են այս կամ այն հիմնարկությանը, արհամարհանքի են արժանանում: «Հերիք է աչքներս մտցնեք ձեր փաստաթղթերն ու մահվան վկայականները: Զզվեցրիք»,-պատասխանում են: Օրինակները բազմաթիվ են:
Շիրակի մարզի Մեծ Մանթաշ գյուղն ապրիլյան քառօրյայի ժամանակ երեք զոհ է տվել: Արման Անդրեասյանի ընտանիքը սոցիալական ծանր պայմաններում է: Հիվանդ հայրը դիմել է «Գյումրի» բժշկական կենտրոն ու արժանացել արհամարհական վերաբերմունքի: Մյուս որդին հոգեբանական խնդիրներ է ունեցել, երբ տեսել է եղբոր խոշտանգված մարմինը: Կիսատված, կոտրված ընտանիք: Այս տղաների մահից հետո նրանց հարազատների կյանքն իսկական դժոխքի է վերածվել: Արման Անդրեասյանի մահվան վկայականում գրված էՙ զոհվել է ապրիլի 2-ին: Իրականում նա սխրանք է գործել, ինչպես Նորայր Գասպարյանը, որն 9 րոպեի փոխարեն 15 րոպե տանկով կռվել է թշնամու դեմ: Նրա մոխրացած մարմինն են հանձնել ծնողներին ու հետմահու տվել… վաստակավոր պարողի կոչում. Նորայրը պարուսույց էր: Նրա հորդորով էին ծնողները Ռուսաստանից եկել Հայաստանՙ Կապան: 20-ամյա տղան մտադրվել էր պարտքը հայրենիքի առաջ կատարելուց հետո լրջորեն զբաղվել պարարվեստով: Նորայրի ֆեյսբուքյան վերջին գրառումը եղել էՙ «Ես պատերազմ եմ գնում, բայց իմացեքՙ եթե պետք լինի, գլուխս էլ կտամ ձեզ համար»:
Փաստաթղթերում մեր հերոսների մահվան հանգամանքները ճիշտ ու լիարժեք չեն նշվում, որպեսզի մի-երկու գրոշ ավելի չհատկացնեն նրանց հարազատներին: Արիության մեդալ. այս պարգեւն ըստ էության ոչ բարոյական, ոչ նյութական նշանակություն չունի:
Մեծ Մանթաշ գյուղից էր նաեւ Արգիշտի Գաբոյանը: Նրա հայրը 1988 թվականից կռվում է Օմարի լեռներում: Քառօրյայի ժամանակ կապիտան որդու հետ Թալիշում է եղել: Արգիշտին զոհվել է: Որդու քառասունքից անմիջապես հետո հայրը ստիպված է եղելՙ որպես պայմանագրային զինծառայող, դարձյալ մեկնել Օմար: Իսկ ի՞նչ աներ. ուրիշ աշխատանք չկա, իսկ կիսատված ընտանիքին պահել է պետք: Մինչդեռ մոտ երեսուն տարի Օմարում ծառայող, արդեն ոչ երիտասարդ, որդեկորույս հայրը վաղուց պետք է հանգստի անցած լիներ, մանավանդ որդու զոհվելուց հետո: Քառօրյայից հետո պարզվեց, որ Գաբոյանները տուն չունեն: 3 միլիոնից մի քիչ ավելի գումար է տրամադրվել, որ նրանք տուն գնեն: Հետաքրքրական էՙ մաթեմատիկական ո՞ր հաշվարկով է որոշվել, որ այդքան գումարով հնարավոր է տուն առնել կամ կառուցել:
Կարծես օրինաչափություն լինի. զոհվածների, վիրավորների ընտանիքները ոչ միայն ծայրաստիճան չքավոր են, այլեւ հարազատները ծանր հիվանդ կամ հաշմանդամ են: Արագածոտնի մարզի Վարդաբլուր գյուղից էր Միշա Աղաջանյանը: Հայրն էլ, մայրն էլ ծանր հիվանդ են: Հաշմանդամություն ունեն նաեւ ապրիլին զոհված Մոնթե Եղոյանի ծնողները:
Մխիթարական չէ նաեւ պատերազմում վիրավորված ու հաշմանդամ դարձած զինծառայողների ու նրանց ընտանիքների վիճակը: Պատկան մարմինները պարբերաբար հայտարարում էին, թե վիրավորներից բոլորի կյանքը հաջողվել է փրկել: Այո՛, կյանքը փրկել են, մեր բժիշկները նրանց կյանքը փրկելու համար կյանքի ու մահվան միջեւ են պայքարել: Բայց ի՞նչ պատկեր ու համ ունի այդ կյանքը, երբ տղաները գամված են սայլակին կամ մահճակալին: Հետվիրահատական վերականգնողական փուլը եւս չափազանց կարեւոր է, փրկված կյանքի չափ կարեւոր: Բայց հենց զինվորական հոսպիտալում են վկայում, որ վերականգնողական բժշկությունը մեր երկրում հուսադրող հիմքերի վրա չի գտնվում: Խելագարվել կարելի է. մի երկիր, որը երկրաշարժ է տեսել ու ռիսկային գոտի է համարվում, մի երկիր, որն այսօր էլ պատերազմում է, ամենեւին էլ գերազանց տրամաբանություն պետք չէ հասկանալու համար, որ հենց այդպիսի երկրին է անհրաժեշտ ունենալ վերականգնողական զարգացած բժշկություն: Երկրաշարժից հազարավոր հաշմանդամներ ունեցանք, արցախյան պատերազմի պատճառով մեր տղաները հաշմանդամ են դառնում: Այնպիսի տպավություն է, կարծես հայաստանյան բժշկության գերնպատակը սա էՙ մարդը շնչում է, ուրեմն հերիք է, մեր արածն արել ենք ու այդքանով պրծել:
Պատերազմում կա՛մ պետք է զոհվել, կա՛մ պատերազմից վերադառնալ լիովին առողջ: Վիրավորների գլխավոր մեղքն այն է, որ չեն զոհվել: Նրանք այս համոզմունքին են հանգում, երբ բախվում են քայլակ կամ սայլակ ձեռք բերելու, դեղորայք ու հիմնավոր բուժում, վիրահատություններ ստանալու խնդիրներին: Իսկ քանի որ դրանք հնարավոր է լուծել միայն փողով, այ այստեղ անիվը կանգ է առնում ու սկսում հակառակ պտտվելՙ խորտակելով մարդկային կյանքերըՙ երիտասարդ ու կյանքով լի կյանքերը:
Այս տղաներն իրենց ընտանիքի աշխատող ձեռքը պիտի լինեին, իրենց ծնողների նեցուկն ու ապավենը, ուրախությունն ու օջախի ծուխը: Այս տղաները ծնվել ու ապրել են աղքատության մեջ: Նրանց ծնողներն իրենց հետ մեծ հույսեր են կապելՙ որդիս կմեծանա, ուսում կառնի, կաշխատի, իրեն էլ, մեզ էլ կհանի աղքատության ու ծանր կյանքի ճիրաններից: Բայց արի ու տես, որ աղքատությունն իր մագիլներն այս ընտանիքներում ավելի խոր խրեց: Դժվարությամբ պահած-փայփայած տղաներին հեշտությամբ պոկեցին իրենց աղքատ օջախից ու չարքաշ ծնողներից. նույնքան հեշտությամբՙ մեկ վայրկյանում նրանք զոհվեցին կամ հաշմվեցին:
Արցախյան պատերազմի ոչ մի վայրկյանը դաս չեղավ մեզ: Այս ընտանիքների խնդիրները ծանրացած են մի ամբողջ ազգի ուսերին ու բոլոր իշխանությունների խղճին: Մեկ-երկու բարերարով կամ սրտացավ մարդկանց ու կազմակերպությունների աջակցությամբ այս տիեզերաչափ խնդիրները չեն լուծվի: Համակարգված, գրագետ կառավարման բացակայությունը դեռ շատ չարիք ու ողբերգություններ է ծնելու: Վերջը մի օր կերեւա՞: