«Լոզանում մենք Հունաստանին տվեցինք Էգեյան ծովի կղզիները, որտեղից բղավոցն անգամ լսելի է մեր ափին: Այնտեղ մենք ունենք մզկիթներ եւ սրբատեղիներ»: Դեպի մեր իրականություն շուռ տալով այս լկտի խոսքերը, որոնք պատկանում են Թուրքիայի սուլթան Էրդողանին, կարող ենք նույնը կրկնել, արդեն ճշմարիտ, շատ ավելի ուժգին. իսկ ի՞նչ վիճակ է տիրում մեզ պարտադրված արեւմտյան եւ հարավ-արեւմտյան ողջ սահմանագծի երկայնքովՙ Ծաղկուտ եւ Գառնառիճ գյուղերից մինչեւ հարավՙ Ագարակ: Ոչ թե բղավոցը, այլ շշուկն անգամ կարելի է լսել «գետի այն ափից»: Իսկ ի՞նչ ասել մեր սրբատեղիների մասին, որոնք ի տարբերություն հունական կողմի մզկիթներին, քանդել են, պղծել, վերածել պոլիգոնների, իսկ Ջուղայի խաչքարերի գերեզմանը միջազգային կազմակերություների աչքի առաջ արեւելյան թուրքերը քանդել են քար առ քար, բոլորովին անպատիժ մնալով…
Այս հոդվածի նպատակը 1923 թ.ի Լոզանի պայմանագրի հետեւանքները քննարկելը չէ, ոչ էլ Սուլթանի պնդումներիՙ Լոզանում իր երկրի կրած պարտության մասին, որին հրաշալի անդրադարձել է ռուսաստանցի հայտնի քաղաքագետ Ստանիսլավ Տարասովը (տեսՙ մեր 11-րդ էջը): Բայց պետք է ասել, որ Լոզանը առաջին հերթին մե՛ր պարտությունն էր: Թուրքիան Հունաստանի եւ հարակից երկրների տարածքները տվել է ստիպողաբար, զեն ի ձեռին, Բալկանյան պատերազմում: Մինչդեռ մենքՙ Ցեղասպանության հետեւանքով, միջազգային ուժերի մեղսակցությամբ: Լոզանը մե՛ր բացարձակ պարտությունն էր, ուր թաղվեց նաեւ Սեւրի պայմանագիրը: Դա մեր երկրորդ պարտությունն էր, երկու պարագաներում էլ Ցեղասպանությամբ: Առաջինը 1921 թ.ի Մոսկվայի ու Կարսի ռուս-թուրքական պայմանագիրն էր, որը պարտադրվեց մեզ բոլշեւիկների ու քեմալականների կողմից: Դավաճանական այդ պայմանագրով առաջին հերթին գծվեց եւ ամրափակվեց Հայաստան-Թուրքիաՙ այսպես կոչված սահմանագիծը վերեւից ներքեւ, եւ երկրորդ հերթին մոգոնվեց Նախիջեւանիՙ այսպես կոչված ինքնավար հանրապետությունը: Երկու պարագաներում էլ թելադրողը եղավ Թուրքիան, երկու դեպքում էլ Ցեղասպանությամբ: Առաջինը անմիջական, համատարած ցեղասպանական գործողություններով, իսկ երկրորդըՙ արեւելյան իր զարմիկների ձեռքովՙ հանգրվանային, հատված առ հատված, հայաթափությամբ, որը շարունակվում է մինչեւ օրսՙ հայկական պատմական բոլոր հետքերի սիստեմատիկ ոչնչացմամբ:
Ահա այս մասին է մանրամասնորեն գրել նշանավոր հրապարակախոս Զորի Բալայանը մեր այս համարի 8-9 էջերում հրատարակված ծրագրային իր հոդվածում, խոսելով նաեւ միջազգային ուժերի, այդ թվում բոլշեւիկյան Ռուսաստանի հանցավոր թողտվության մասին:
Միջազգային այդ ուժերը, դրանք կոչվեն ԵԱՀԿ, Մինսկի խումբ թե եռանախագահող երկրներ, այժմ փորձում են դիվանագիտական եւ այլ կարգի ճնշումներով մեզ թելադրել իբր բանակցային այնպիսի լուծումներ, որոնց տեղի տալու դեպքում Արցախի համար կստեղծվեն նույն պայմանները, ինչ Նախիջեւանում, 1921-1950 թթ.ին: Միջազգային այդ միջնորդները բոլորովին անտարբեր են Արցախի եւ Հայաստանի Հանրապետության հետագա անվտանգության, հայկական կենսական տարածքների ապահովությունը երաշխավորող ռազմավարական դիրքերի անհրաժեշտության նկատմամբ: Առանց որեւէ զիջում պարտադրելու Թուրքիային եւ Ադրբեջանինՙ առաջին հերթին ապաշրջափակում պահանջելու նրանցից, նրանք ներկայիս փորձում են կորզել շրջաններ, որոնց հանձնումը կամ զիջումը բերելու է Արցախի հայաթափմանը, անկասկած:
Այնպես որ, 90 տարի հետո դերակատարները մնում են նույնը, գործողություններըՙ նույնանպատակ, միայն մեթոդներն են տարբեր: