Երբ տրամաբանությանը փոխարինելու է գալիս ամենազոր «կարգը»
Որքան էլ ասենք, որ Հայաստանի բանկային համակարգը ամենակայացած ոլորտն է, որ այստեղ կա ուժեղ մրցակցություն եւ այլ որ-եր, մատուցած ծառայությունների եւ հաճախորդների հանդեպ վերաբերմունքի առումով այս համակարգում շարունակում է գործել գավառականություն ու վաշխառուական մոտեցումը: Բանկային ծառայություններից օգտվողներից շատերը կարող են թվել մանր-մունր թափթփվածության դեպքեր եւ բացթողումներ, որոնց մեծ մասամբ ուշադրություն չենք դարձնում, չցանկանալով ժամանակ, նյարդեր, միջոցներ վատնել: Սակայն, երբ խոսքը ոչ թե նման բաների, այլ բանկերի կողմից սահմանված «կարգի» աննորմալությունների եւ դրանց «մատուցման» մասին է, ապա անհնար է դառնում հանդուրժելը: Նման «կարգի» ողջ «հմայքներին» վերջերս բախվեցի, երբ անհրաժեշտ եղավ փակել իմ անունով գրանցված լուծարվող ընկերության բանկային հաշիվը հայկական բանկերից մեկում, որի անունը անպայման կնշեմ վերջում:
Ընկերության լուծարման դեպքում հարկային ծառայությունից պահանջվում է ընկերության գործարքների մասին բանկային քաղվածք: Բանկի աշխատակիցն անմիջապես հայտարարեց, որ այն ստանալը վճարովի է: Բողոքեցի, ասելով, որ 7 տարի տվյալ բանկում բանկային հաշիվ եմ ունեցել որպես իրավաբանական անձ, իսկ որպես ֆիզիկական անձ ունեմ իրենց բանկի պլաստիկ քարտը, իսկ իրենք անմիջապես գումար են ուզում: Ղեկավարության հետ կարճատեւ հեռախոսազրույցից հետո բանկային աշխատակիցը հայտնեց, որ առաջին անգամ նման քաղվածք ստանալն անվճար է, իսկ համակարգը «սխալմամբ» ցույց էր տվել, թե ես մեկ տարի առաջ նման քաղվածք ստացել էի: Անհասկանալի մնաց, թե ի՞նչ է նշանակում «առաջին անգամ»: Դա ընդհանրապես տվյալ ընկերության ամբո՞ղջ գործունեության ընթացքում մեկ անգամն է, տարեկա՞ն մեկ անգամը, թե՞ ամսական: Ինչեւէ: Համենայնդեպս համարեցի, որ խնդիրը հարթվեց եւ առաջին անգամ անվճար տրվող քաղվածքը ստացա: Սակայն ամեն ինչ դեռ առջեւում էր:
Հաշիվ փակելուց, նախՙ գանձվում է տարեկան սպասարկման վճարըՙ 5000 դրամՙ անկախ նրանից, թե հաշիվը գործել եւ բանկի կողմից սպասարկվել է ամբո՞ղջ տարվա ընթացքում, թե՞ կես տարվա կամ մեկ եռամսյակի ընթացքում: Բանկի «կարգն» այդպես էՙ պետք է վճարես ամբողջ գումարը: Սակայն, բանկային վաշխառության վերջը չէր սա: Տարեկան սպասարկման վճարը ամբողջությամբ վճարելուց հետո դեռ 2000 դրամ էլ պետք է վճարես «հաշվի փակման» համար: Չզսպելով վրդովմունքս, հարցնում եմ, թե ի՞նչ է նշանակում փակման համար վճար, եթե տարեկան սպասարկման գումարը վճարել եմ, այն էլ ամբողջությամբ, չնայած տարվա մի մասն է միայն անցել, պատասխանը դարձյալՙ «կարգն է այդպես»: Դժվար էր բանկի երիտասարդ աշխատակցուհուն հասկացնել, որ հարցս ոչ թե կարգին, այլ այդ կարգի հիմնավորմանն ու տրամաբանությանն է վերաբերումՙ նրա պատասխանը բոլոր դեպքերի համար նույնն է:
Թվում էր, թե նյարդային փորձությունները վերջացան: Մնացել էր միայն տեղեկանքն այն մասին, որ տվյալ ընկերության հաշիվը տվյալ ժամանակահատվածում սպասարկվել է տվյալ բանկում: Տեղեկանքն անհրաժեշտ է տարածքային հարկային ստորաբաժանում ներկայացնելու համար: Խնդրեցի, որ տրամադրեն այդ տեղեկանքը եւ ստացա պատասխան, որ ամենահանգիստ մարդուն հունից կհաներՙ տեղեկանքն արժե 3000 դրամ: Զայրույթս թաքցնելն արդեն անհնար էր: Ասում եմՙ «լավ չե՞ք, վճարել եմ տարեկան հաշվի սպասարկման վճարը, փակման վճարը ու հիմա փակվելու մասին տեղեկանքի համար էլ առանձի՞ն վճար եք ուզում»: Պետք չի երեք անգամից փորձել կռահելու համար պատասխանըՙ «կարգն այդպես է»: Ստիպված վճարեցի: Սակայն վճարելուց հետո լսում եմ հետեւյալ հայտարարությունըՙ «եկեք վաղը տեղեկանքը ստանալու համար»: «Այսինքն, ո՞նց, հիմա գումարը գանձում եք, ծառայությունը վա՞ղն եք մատուցում: Սա ի՞նչ է: 3000 դրամ հիմա վճարեմ եւ դեռ վաղն էլ պետք է գա՞մ»: «Կներեք, բայց մեզ մոտ կարգն այդպես է, տեղեկանքը տրամադրվում է հաջորդ օրը», հերթապահ պատասխանն եմ լսում: «Լավ, այդ երկու տողը գրելն ու տրամադրելը այդքան բա՞րդ է, որ վաղվան պիտի մնա» հարցիս բանկային աշխատակցուհին պատասխանում էՙ «կներեք, իմ ընդմիջման ժամն է հիմա»: «Իսկ ձեր փոխարինողն ո՞ւր է»: Պատասխանն անորոշ էր, իսկ փոխարինող ընդհանրապես չհայտնվեց: Մի խոսքով, տեղեկանքը ստացա հաջորդ օրը, այն կազմված էր ընդամենը երեք տողիցՙ հավանաբար ամեն մի տողը բանկը գնահատել էր 1000 դրամ եւ հավանաբար «կարգի» տրամաբանությունը դա էր:
Հիմա խորհուրդ բոլոր նրանց, ովքեր բանկային հաշիվ են բացում: Բացի բանկի կողմից ներկայացվող ավանդների կամ վարկերի մասին «փայլուն» առաջարկներից, անպայման հարցրեք, թե որքա՞ն է տարեկան սպասարկման վճարը, եթե այն կա, որքա՞ն է հաշվին բանկի կողմից պահվող չնվազող մնացորդը, եթե այն կա, որքա՞ն են հաշվի փակման, դրա մասին տեղեկանքի տրամադրման եւ զանազան այլ թղթերի տրամադրման, ավելի շուտՙ դրանց վաճառքի գները: Գներ, որոնց մասին քեզ չեն ասում եւ որոնց մասին ՀՀ Կենտրոնական բանկը չի պարտադրում բանկերինՙ նախապես տեղեկացնելու հաճախորդներինՙ լայն սողանցք թողնելով բանկային «գրդոնի» համար: Տիպիկ արեւելյան գրդոնի, որի համանման տարբերակին լավ տեղյակ են Եգիպտոս այցելած զբոսաշրջիկները :
Եգիպտոսում, երբ զբոսաշրջիկը ցանկանում է ուղտ նստել, ուղտապանը ասում է, որ դա արժե 2 դոլար: Զբոսաշրջիկը վճարում է 2 դոլարը եւ վայելում ուղտ հեծնելու էկզոտիկ հաճույքըՙ գլխի չընկնելով, որ այն բավականին թանկ է արժենալու: Այդ մասին նա իմանում է միայն ուղտից իջնելուց, որի համար արդեն ուղտապանը պահանջում է… 40 դոլար: Հայկական «Կոնվերս բանկում» գործում է նույն կարգը :
Հ.Գ. – Ի դեպ, հայկական բանկերի սպասարկման որակին կամ դրա բացակայությանը բախվել եմ ոչ միայն «Կոնվերս բանկում»:
«Հայ բիզնես բանկի» (ABB) մասնաճյուղերից մեկում գոյացած մեծ հերթը չէր խանգարում բանկի աշխատակցուհուն խոսել հեռախոսով, իսկ երբ դիտողություն ես անում, որ քո գործը մարդկանց սպասարկելն է, նա ոչ թե վերադառնում է իր գործին, այլ… անվտանգության աշխատակցին է հրավիրում ինձ կարգի հրավիրելու համար:
«Արդշինբանկի» մասնաճյուղերից մեկում մեծ հերթ էր պատուհաններից մեկի մոտ, մյուսների մոտՙ դատարկություն: Երբ հարցնում ես, թե «հնարավոր չէ՞ քարտ ստանալու հետ կապված գործարքը կատարել այլ պատուհանից», ստանում ես «միայն այդ համակարգչում կա էդ ծրագիրը» պատասխանը: «ՎՏԲ Հայաստան» բանկի մասնաճյուղերից մեկում նույն վիճակըՙ ահռելիՙ մոտ 30 հոգուց կազմված հերթ եւ միայն մեկ սպասարկվող պատուհան:
Վերոնշյալ բանկերի պատասխանատուներին պատրաստ եմ տեղեկացնել, թե ո՞ր մասնաճյուղերում է սպասարկման նման ողբալի վիճակը, եթե դա նրանց հետաքրքրում է իհարկե: Իսկ «Կոնվերս բանկի» օրինակը հաստատ միակը չէ եւ բացառություն չէ:
Հայկական բանկերի ղեկավարներ, իրականություն դարձրեք ձեր կողմից մշտապես տարփողվող ձեր բանկերի «բարձրակարգ ծառայությունների» մասին հավաստիացումները: