ՎԱՀԱՆ ՔՈՉԱՐ
Եդեսիայում հայտնաբերել են Աբգար Ե արքայի դամբարանը
Ներկայիս Թուրքիայի Շանլըուրֆա (Եդեսիա, Ուրֆա) քաղաքում հայտնաբերվել է հայ արքա Աբգար 5-րդի ընտանիքի դամբարանը, հաղորդում է թուրքական Karar հրատարակչությունը: Ուրֆայի (այժմ Շանլըուրֆա) ամրոցում հնագիտական պեղումների ժամանակ գիտնականները հայտնաբերել են մոտ 80 վաղ քրիստոնեական դամբարաններ, որոնց մեջ է Աբգար 5-րդ արքայի ընտանիքի դամբարանը: Գիտնականները հայտնաբերել են սալ, որի վրա կա ասորերեն գրություն. «Մեծ արքա Աբգար 5-րդ Ուկամա Մաննու, Եդեսիո առաջին քրիստոնյա տիրակալ»: Բացի դրանից, դամբարանը զարդարված է եղել խճանկարով եւ խաչի պատկերով: Այնտեղ թաղված են եղել արքայական ընտանիքի 10 անդամներ:
Աբգար արքան երկու անգամ կառավարել է Օսրոյենե թագավորությունը եւ Հյուսիսային Միջագետքի հայկական մասը, որի մայրաքաղաքն էր Եդեսիան: Առաջին անգամ կառավարել է մ.թ.ա. 4 թվականից մինչեւ մ.թ. 7 թվականը, երկրորդ անգամՙ 13-50 թթ.: Աբգարը մեծարվում է որպես Քրիստոսի հավատքը ընդունած առաջին հայ թագավոր. 4-րդ դարում Եվսեբիոս Կեսարացին Էդեսիայի արխիվում հայտնաբերեց փաստաթուղթ, որը վկայում է արքայի հետ Հիսուս Քրիստոսի նամակագրության մասին: Փաստաթղթում Աբգարը Քրսիտոսին անվանում է «Աստծո Որդի» եւ նրան դիմում է բուժման խնդրանքով, հաղորդում է «Նովոստի» գործակալությունը:
Ստորեւՙ Աբգար թագավորի վերոհիշյալ նամակի, ինչպես նաեւ Քրիստոսի կենդանագիր-պատկերի վերաբերյալ նյութերի ուսումնասիրությամբ պատրաստված խիստ հետաքրքական մի հոդված, որի հեղինակը մեր տաղանդավոր լուսանկարիչ-ձեւավորող, հայ լուսանկարչության պատմության լավագույն հետազոտող, «Ազգ»ի հիմնադիր կազմի անդամ Վահան Քոչարն է:
Այս նամակագրությունը պատմագիտական աներեւակայելի արժեքավոր գանձ է, իր տեսակի մեջ աննախադեպը չունեցող, միակն ու եզակին, քանի որ չկա ոչ մի այլ տվյալ, որ եղել է մեկ ուրիշ նամակի պատասխան արված Փրկչի կողմից: Խոսքըՙ Հիսուս Քրիստոսի եւ Աբգար թագավորի միջեւ կայացած նամակագրության մասին է, միաժամանակ` տեղի ունեցած անբացատրելի երեւույթիՙ հրաշքի մասին, որը այսօր չունենալով իր փաստացի ապացույցըՙ ներկայացվում է ինչպես հորինված պատմություն: Սակայն չի նշանակում, որ անբացատրելի այն ամենը, ինչի նյութական ապացույցն այսօր դեռ չունենք, զուրկ է իրական հիմքից:
Հայտնաբերված հարուստ նյութական արժեքների ուսումնասիրության ու գիտական փաստարկների հիման վրա ընդլայնելով մեր իմացությունը անցյալի ու տարածության մասին, առաջնորդված ենք ժամանակի մեր ընբռնումով: Փորձում ենք ճշտել մեր իսկությունը, անհասկանալի ու անբացատրելի իրողությամբ շրջապատված, որոնց պատասխանները մեծապես կնպաստեն ճանաչողության շղթայի ամբողջականությանը: Եվ որքան էլ որ ապագան առավել քան անորոշ է, ցանկացած կանխատեսման պարագայում անգամ մարդկային միտքը ուղղված է իրականությունը սթափ գնահատելու, անհավանական ակնհայտը պարզելու, առեղծվածը իմաստավորելու, առասպելը վերծանելու գիտակցությամբ:
Իր ուսումնասիրության եւ դիտարկումների արդյունքը մարդն ամրագրում է հիշողությամբ, ինչը նրա կարեւոր հատկանիշներից է: Այն ենթագիտակցաբար եւ առօրյա փորձի փոխանցումով սերունդներին է հասցնում անցյալի ներկան:
Անգնահատելի է լուսանկարչության դերը անցյալըՙ մնայուն, տեսանելի դարձնելու եւ ժամանակի մեջ այն փոխանցելու հարցում: Նրա միջոցով մարդկությունը կատարեց բազմաթիվ հայտնագործություններ, ծանոթացավ ու բացատրեց անհասկանալի երեւույթներ: Այս շարքում է նաեւ Թուրինում պահվող ծածկոցն է, որը առաջին անգամ լուսանկարել է իտալացի փաստաբան Սեկոնդո Պիան 1898 թվականին: Ցնցված նեգատիվի վրա երեւակված պոզիտիվ պատկերիցՙ նա բացականչել է. «Ես տեսնում եմ Տիրոջ պատկերը»: Կատարած լուսանկարի կապակցությամբ նա նույնիսկ մեղադրվել է խաբեության ու կեղծարարության մեջ: Աղմկահարույց այդ լուսանկարը մեծ հետաքրքրություն է առաջացրել եւ արձագանք ունեցել հասարակության լայն խավերի մեջ: Գիտական աշխարհը ալեկոծված սկսել է փնտրել երեւույթը բացատրելու հիմնավոր պատասխանը, որը մինչ օրս էլ լիարժեք չէ, ինչի առիթով էլ Հովհաննես Պողոս II պապը ասել է, -Այն մշտական մարտահրավեր է մեր բանականությանը:
Վատիկանի կողմից 1978 թվականին, աշխարհի մի խումբ գիտնականների թույլատրվեց 120 ժամ հետազոտել ծածկոցըՙ առանց վնասելու պայմանով:
Թուրինում պահվող 437 x 111 չափեր ունեցող վուշե կտորի վրա երեւում է ամբողջ հասակով մեկ մարդու պատկերՙ դիմացից եւ թիկունքից: Ըստ տեղեկության, դարերի խորքից մեզ հասած, բոցերի լեզուներից փրկված այս կտորով ծածկված է եղել խաչից իջեցված Հիսուս Քրիստոսի անշունչ մարմինը: Կատարվեցին ուլտրամանուշակագույն, ինֆրակարմիր, ռենտգենյան ճառագայթներով եւ այլ բազմաթիվ փորձաքննություններ: Ուսումնասիրողները եզրակացրին, որ այդ վուշե գործվածքի վրա հայտնված պատկերը ձեռակերտ չէ, այսինքնՙ նկարված չէ, որ նրանով փաթաթված է եղել խոշտանգված եւ խաչված տղամարդու մարմին, որի գլխին դրված է եղել փշե պսակ: Որ ծածկոցի վրա պահպանված բազմաթիվ մուգ բծերը արյան հետքեր են եւ ոտքերի, ծնկների եւ ռունգերի հատվածներից պահպանված հողի մասնիկները վկայում են, որ նրանք Երուսաղեմի շրջանից են: Գիտնականները եզրահանգեցին, որ պատկերը առաջացել է դեգիդրոտացիայի, այսինքնՙ այրման հետեւանքով:
Դժվար է պատկերացնել, որ ծածկոցում Հիսուսի մարմինը չէ արտատպված, առավել եւս ակնհայտ է, որ սովորական մահկանացուն չի կարող նման փաստ արձանագրել: Սակայն կտորով ծածկվածի ստույգ ինքնութունը հաստատելը հնարավոր է միայն գործվածքի ժամանակագրական ճշտության շնորհիվ: Դրա համար ծածկոցի եզրից կտրվեց շատ փոքրիկ մի հատված, ածխածին 14-ով փորձարկվեց իրարից անկախ աշխարհի 3 տարբեր հետազոտական կենտրոններում: Հաստատվեց, որ գործվածքը չի համապատասխանում Հիսուսի ապրած ժամանակաշրջանին, որ այն միջնադարյան ժամանակաշրջանի է: Հետագայում պարզվեց, որ հետազոտության տրված այդ փոքրիկ հատվածը իրական կտորի եւ միջնադարում բամբակե թելով վերականգնված մասից է վերցված: Ինչպիսի՞ դաժան վրիպում, ճակատագրի ինչպիսի՞ հեգնանք:
Մեր հայրենակից Սեմյոն Կիրլյանը լուսազգայուն շերտի վրա չորացած տերեւի բիոէներգիայի գրանցումով հիմք դրեց «Կիրլյանագրաֆիա» գիտությանը, ինչի շնորհիվ այսօր հնարավոր է ստանալ բիոդաշտի լուսապատկերը: Այս հայտնագործության լույսի տակ դիտարկելով Թուրինի ծածկոցի վրա առաջացած պատկերըՙ կստանանք անկենդան մարմնից ազատված բիոէներգիան, կտավը մարմնին հպված մասում գործվածքի գույնը մգացրել է, իսկ խորությունները մնացել են կտորի գույնի, որից եւ առաջացել է մարմնի նեգատիվ պատկերը: Այսինքնՙ պատկերը առաջացել է բիոէներգիայի գիդրոդացիաի միջոցով: Մարմինը կտորով ծածկված է եղել, այլ ոչ թե փաթաթված: Փաթաթված լինելու պարագայում պետք է ունենայինք մարմնի ուրվագիծը ամբողջությամբ, արտազատված բիոէներգիայի շնորհիվ կտորի գույնը մգանալու հետեւանքով: Մարմինը ասես դիմային եւ մեջքի կողմից պրոեկտված է կտորի վրա, ինչը կստացվեր միայն պարզապես ծածկված լինելու պարագայում: «Կիրլյանոգրաֆիա»-ի միջոցով երեւույթը քննելիս կարող ենք ասել, որ պատկերի առաջացումը կտորի վրա Հիսուսի անշունչ մարմնից արտազատված հզոր բիոէներգիաի գրանցման արդյունքն է: Թուրինյան ծածկոցըՙ ուսումնասիրող գիտնականներինՙ ստացած պատասխանների դիմաց առաջադրեց բազմաթիվ նորանոր հարցադրումներ:
Մեծաքանակ հրապարակումներում եւ այս մասին գրված գրքերում չկա ոչ մի հիշատակում այն մասին, թե ծածկոցը հանդիսանում է Փրկչի նմանատիպ հրաշագործության երկրորդ իրեղեն ապացույցը, իսկ առաջինը դա Հայոց Աբգար թագավորի դաստառակն է: Որի մասին խոսվում է ոչ միայն Մովսես Խորենացու «Պատմություն Հայոց» աշխատության մեջ, այլեւ մի շարք օտար պատմական աղբյուրներում:
Պատմահայր Խորենացու վկայությամբ, Տիգրան Մեծի եղբորՙ պարթեւ Արշակունի Արշամի որդիՙ Աբգարն է եղել անդրանիկ հայ քրիստոնյա արքան: Թագավորել է I դարում Մեծ Հայքի կազմում գտնվող Օսրոյենե երկրամասում, որի մայրաքաղաքը Եդեսիան էր (այժմՙ Ուրֆա): Հայոց Աբգար Ե թագավորը, որն ապրել է Հիսուս Քրիստոսի ժամանակ, լսել է Փրկչի համբավը ու նրա կատարած սքանչելագործությունների մասին եւ հավատացել, որ «դրանք մարդու զորություններ չեն, այլ Աստծու, որովհետեւ մարդկանցից ոչ ոք չի կարող մեռելներ հարուցանել, այլ միայն Աստված» , եւ հավատալով, որ Հիսուսը ճշմարիտ Աստծո Որդին է, իր բանբերների միջոցով թուղթ է ուղարկել Երուսաղեմՙ Հիսուսին, խնդրելով, որ նա գա եւ բժշկի իրեն, «որովհետեւ նրա մարմինն ապականված էր չարաչար ցավերով» ՙ բորոտությամբ:
Պատասխան թղթում ասվում է, որ Փրկիչը դեռ գործ ունի կատարելու Երուսաղեմում, բայց կուղարկի իր աշակերտներից մեկին, որը կգա, կբժշկի «եւ կյանք կշնորհի քեզ եւ քեզ հետ եղողներին» : Խորենացին նշում է, որ այս բանը վկայում է Ավետարանի խոսքը, թե «կային հեթանոսներից ոմանք, որ եկել էին նրա մոտ» : Սա հաստատվում է «Նոր Կտակարան»ում Հովհաննեսի Ավետարանի հետեւյալ խոսքերով. «Այնտեղ կային նաեւ որոշ թուով հեթանոսներ նրանց մէջ, որ Երուսաղէմ էին եկել, որպէսզի տօնի ժամանակ երկրպագութիւն անեն» : Նրանք մօտեցան Փիլիպպոսին, ով Գալիլիայի Բեթսայիդա քաղաքից էր. «Տէր, ուզում ենք Յիսուսին տեսնել» : Փիլիպպոսը եկաւ եւ Անդրէասին ասաց: Անդրէասը եւ Փիլիպպոսն էլ Յիսուսին ասացին: Եվ Յիսուս նրանց պատասխանեց ու ասաց. «Հասաւ ժամը, որ փառաւորուի մարդու Որդին» : Չէ՞ որ Աբգարը Հիսուսինՙ որպես Աստծու որդի, հավատացել ու ընդունել Էր, առանց իսկ տեսնելու նրան: Մինչդեռ նրան չէր հավատում իր ժողովուրդըՙ հրեությունը, որին փրկելու համար Քրիստոս աշխարհ էր եկել: Զուր չէր, որ Քրիստոսի պատասխան նամակում, որը գրեց Թովմաս առաքյալը Հիսուսի կարգադրությամբ, ասվում է. «Երանի նրան, ով ինձ հավատում է, թեպետ տեսած չլինի, որովհետեւ իմ մասին այսպես է գրված, թե որոնք ինձ տեսնում են, ինձ չեն հավատում, իսկ որոնք չեն տեսնում, կհավատան եւ կյանք կգտնեն» :
Խորենացին արձանագրել է նաեւ մի իրողություն. «Այս թուղթը բերեց Աբգարի սուրհանդակ Անանը եւ նրա հետ Փրկչի կենդանագիր պատկերը, որ մինչեւ այսօր գտնվում է եդեսիացիների քաղաքում» : Այս մասին գրավոր հիշատակություններ ենք գտնում նաեւ օտար աղբյուրներում, ասորական «Վարդապետութիւն Ադդէի», Եդեսիոյ Լաբուբնեայ Դիվանագրի «Թուղթ Աբգարու» պատմագրություններում:
Ֆեոֆիլատ Սիմոկատը այսպես է գրում կերպասի մասին. «Արվեստի աստվածային ստեղծագործություն, ուր չի մասնակցել ոչ կտավագործի ձեռքը, ոչ էլ նկարչի վրձինը» :
Եվագրիի Սխոլաստիկը նկարագրում է Քրիստոսի կերպարը Եդեսիայիցՙ որպես «Աստծու կողմից ստեղծված կերպար առանց մարդկային ձեռքի օգնության» , ուր ասվում էՙ Հիսուս Քրիստոսի պատասխանի հետ միասին Աբգարի սուրհանդակ Անանը բերել է նաեւ Փրկչի «կենդանագիր պատկերը» ՙ առաջացած թաշկինակի վրա նրա դեմքի հպումից:
Հռոմեացի պատմիչ, եկեղեցու պատմության հայր Եվսեբիոս Կեսարացին իր «Եկեղեցու պատմություն» աշխատության մեջ ներկայացնում է դեպքեր քրիստոնեության սկզբից մինչեւ 324 թվականը, իր իսկ խոսքերովՙ «հիմնվելով միայն պահպանված գրավոր աղբյուրների վրա»: Պատմիչը, ով նամակների գոյության փաստի վկան է եւ Եդեսիայի գրադարանում գտնվող այս երկու թղթերի առաջին լիարժեք ներկայացնողը, գրում է. «Չկա կարծես ոչինչ այս նամակներից ավելի հետաքրքիր իմ կողմից ստացած արխիվից եւ թարգմանված բառ առ բառ ասորերենից» : Այս նամակներին փակցված է եղել եւս մեկ թուղթՙ գրված նույնպես ասորերեն լեզվով, ուր մանրամասն նկարագրվում է Թադեւոս առաքյալի թե՛ բժշկելու եւ թե՛ քարոզչական գործունեությունը Եդեսիայում, որը, ինչպես եւ երկու նամակները, թարգմանվել է իր կողմից հունարեն:
«Ուխտագնացություն սրբազան վայրեր» IV դարից մեզ հասած հուշագրությունում նկարագրվում է Եդեսիայում այցելած սրբավայրերի մասին: «Մտնելով քաղաք առաջինը եկանք եկեղեցի եւ Սուրբ ֆոմայի գերեզմանի շուրջ աղոթքներ կարդացինք: Այստեղ կար նոր կառուցված մեծ ու գեղեցիկ մի եկեղեցի, որը հիրավի աստծո տուն կարելի է անվանել: Եպիսկոպոսը, բարեպաշտ մի այր, մեզ ուղեկցեց եւ ցույց տվեց Աբգար թագավորի պալատները, նրա եւ նրա որդու մարմարե արձանները, թագավորական ընտանիքի դամբարանը»: Աբգար թագավորի կերպարը բնութագրվում է, որպես այր «իմաստուն եւ պատվարժան»: «Սուրբ եպիսկոպոսը ցույց տվեց մեզ նաեւ դարպասները, որով սուրհանդակ Անանը անցնելով բերել էր Տիրոջ ուղերձը»:
Դանթե Ալիգիերին (1265-1321) իր «Աստվածային Կատակերգություն»ում հիշատակում է «իրական պատկեր»ը, «vera icona».
Անձեռակերտ դիմանկարի մասին հիշատակվում է նաեւ երրորդ դարի առաջին կեսին Եդեսիայի շրջանում գրված «Գործք Ֆոմա առաքյալի» գրքի «Հիմն Մարգարիտին» հատվածում:
Համաձայն Անանիա Շիրակացու «Աշխարհացոյց»ի, Միջագետքի բազում քաղաքներից Ուռհայում (Ուրֆա) է գտնվում Փրկչի անձեռագործ պատկերը: Պատմաբան Սուրեն Երեմյանը հաստատում է, որ մինչեւ 1144 թ. քրիստոնեական աշխարհի մեծագույն սրբությունըՙ «անձեռագործ դաստառակը», գտնվել է Ուռհայում (Եդեսիայում): Այն, դաստառակից բացի, հանդիպում է նաեւ «քող», «վարշամակ», «թաշկինակ, «գլխաշոր» անվանումներով եւ գտնվել է Եդեսիայում մոտ 400 տարի: Բյուզանդական կայսրությունում այն հայտնի էր որպես Մանդիլոն (mindil արաբերեն նշանակում է կերպաս, թաշկինակ):
Այս փաստը պատմագիտությունն ընդունում է:
Քրիստոնեության վաղ շրջանից մեզ հասած տարբեր աղբյուրներում բավական հանգամանորեն նկարագրվում է Աբգար թագավորի նամակագրության եւ վարշամակի գոյության պատմությունը այն դեպքում, երբ ո՛չ Աստվածաշնչում, ո՛չ էլ Ավետարաններում նկարագրված խաչելության ողբերգական իրողությունից հետո հարության նկարագրված հատվածներում ծածկոցի վրա առաջ եկած պատկերի մասին ոչ մի գրավոր տեղեկություն չկա:
Մաթէոսի, Մարկոսի ավետարաններում ծածկոցի մասին խոսք բնավ չկա: Հիսուսի մարմինը ծածկած կտավների մասին երեւում է Ղուկասի ավետարանում (ԳԼ-ԻԴ 12): Իսկ Հովհաննու ավետարանում կարդում ենք ծածկոցի մասին, անգամ գլխի վրա առանձին դրված վարշամակի գոյության մասին (ԳԼ-Ի 6-7): Ընդունելով վերջինիս տեղեկությունըՙ ենթադրենք, որ Հարության փաստից ցնցված, ո՛չ վարշամակի վրա տպված դիմանկարը , ո՛չ արնաշաղախ կտորի վրա երեւակված մարմնի պատկերը այդ պահին ուշադրության չեն արժանացել: Բայց չէ՞ որ այս մասին հետագայում էլ ոչ մի հիշատակություն չի գտնվել: Չի պահպանվել ոչ մի գրավոր արձանագրություն, չի հայտնաբերվել այս մասին եւ ոչ մի տեղեկություն: Իսկ, որպես աննախադեպ իրողություն, որպես վերջին հրաշագործության նյութեղեն ապացույցՙ անվերապահ պետք է, որ պատմագրության մեջ տեղ գտած լիներ: Իսկ ծայրահեղ դեպքում գոնե դառնար բանավոր փոխանցվող լեգենդ, ինչպես ներկայացվում է Աբգար թագավորին ուղարկված դաստառակի պատմությունը: Չունենալով իրեղեն ապացույց, ինչպես նաեւ տվյալ ժամանակաշրջանից պահպանված գրավոր վկայություն, մի քանի դար հետո պատմական աղբյուրներում հիշատակվող անցքերը ներկայացվում են որպես լեգենդՙ գրառված բանավոր աղբյուրից: Բոլոր բանավոր պատմություններն էլ իրական հիմք են ունեցելՙ անկախ այն բանից, թե որքան այլակերպված են հասել մեզՙ հեռանալով սկզբնաղբյուրից: Եթե նամակագրության փաստը հաստատ է, ապա ինչո՞ւ միեւնույն ժամանակ տեղի ունեցած դեպքը չէր կարող իրականում եղած լինել եւ մեզ փոխանցվեր:
Դեռ վաղ շրջանից հայաբնակ Եդեսիան եղել է արհեստագործության խոշոր կենտրոն, ուր զարգացած էին կտավագործությունը, կավագործությունը, գորգագործությունը, ասեղնագործությունը, ուր Փրկչի համբարձվելուց հետո եկել է Թադեոս առաքյալը, որը բուժել է Աբգար թագավորին, քաղաքի բոլոր հիվանդներին ու ախտավորներին, քարոզել Ավետարանը եւ Եդեսիայի եպիսկոպոս կարգել Ադդե անունով մետաքսագործին: Ապա մեկնել Աբգարի քեռորդուՙ Հայոց Սանատրուկ թագավորի արքունիք: Այնուհետեւ Աբգար թագավորը նամակներ (թղթեր) է հղել հռոմեացի Տիբերիոս կայսերը, Ասորեստանի Ներսեհ թագավորին, Պարսից Արտաշիր թագավորինՙ հորդորելով նրանց եւս ընդունել Հիսուս Քրիստոսինՙ որպես Աստծո Որդու եւ Փրկչի: Հիսուսի պատասխանը եւ Աբգար թագավորի թղթերի բովանդակությունը բերված են նաեւ Մովսես Խորենացու «Պատմություն Հայոց»ի 2-րդ գրքում:
Ինչպիսի՞ն է եղել պատկերը այն թաշկինակի վրա, որը հասել է Հայոց Աբգար թագավորինՙ ի պատասխան իր հրավերի: Ենթադրում եմ, որ անձեռակերտ դիմանկարը, որը առաջացել է Հիսուսի դեմքին հպվելիս, արտացոլելով նրա իրական պատկերը, ի տարբերություն Թուրինյան ծածկոցի նեգատիվ պատկերի, պոզիտիվ է եղել: Ինչպե՞ս երեւակվեցին ծածկոցի եւ թաշկինակի վրայի պատկերները: Ինչպե՞ս է, որ մեկը նեգատիվ է, մյուսըՙ պոզիտիվ: Գոյություն ունեն թաշկինակի պատմական վկայություններ, իսկ որպես իրեղեն ապացույց ներկայացվում է Ճենովայի Ս. Բարդուղիմեոս եկեղեցու պատկերը, որը ձեռակերտ աշխատանք էՙ նկարված կտավի վրա: Այն մինչեւ V դարը պահպանվել է Եդեսիայում: Քաղաքական խառը իրավիճակի պատճառով այն տեղափոխվել է Կոստանդնուպոլիս եւ այստեղ մնացել գրեթե 400 տարի: Եվ տասներորդ դարում, ավելի ճիշտ 944 թ.ին, սուրբ վարշամակը Կոստանդին Ծիրանածինի ջանքերով Եդեսիայից տեղափոխում են Կոստանդնուպոլիս: Այդ իրադարձությունն այնքան է կարեւորվել, որ դրա պատվին հատուկ Սուրբ Պատարագ է մատուցվել: Պատմական իրադարձությունների անաչառ էջերը մեզ հիշեցնում են. «944 թվականին Եդեսիայում գտնված Հիսուսի` Աբգար թագավորին ուղարկած անձեռակերտ պատկերը փոխադրեցին Կ. Պոլիս, իսկ այնտեղից` Հռոմ»: Այս տվյալը քաղված է հայոց մատենագրությունից:
XIV դարում Բյուզանդիայի որոշ շրջաններ թուրքերից ազատագրելու ծառայության դիմաց Հովհաննես 5-րդ պապը սրբազան դիմանկարը նվիրաբերել է ճենովացի զորավար Լեոնարդո Մոնտալդոյին: Վերջինս 1384 թվականին այն ընծայել է հայոց Ս. Բարդուղիմեոս եկեղեցուն, որը գտնվել էր Մոնտալդոների ընտանեկան կալվածքների մերձակայքում: Անշուշտ, հայկական եկեղեցուն նվիրաբերվել է ոչ իր կալվածքների մոտ լինելու պատճառով, այլ նկարն ուղղակի կապված է Հայոց Աբգար թագավորի պատմությանըՙ Փրկչի առաջին դիմանկարն էՙ նկարված սուրհանդակ Անանի ձեռքով: Այն ամփոփված է արծաթե տապանակում, որի վրա դրվագված է 10 պատմությունՙ կապված անձեռակերտ պատկերի հետ: Այն մինչեւ օրս էլ գտնվում է հայ վանականների ջանքերով Ճենովայում 1308 թվականին կառուցված հայկական եկեղեցում, որը կրում է Սուրբ Բարդուղիմեոս առաքյալի անունը, ով առաջինը Հայաստան բերեց Տիրոջ փրկարար ավետարանի լույսը: Տապանակը ցուցադրվում է տարին մեկ անգամ, Հոգեգալստյան շաբաթվա օրերին: Կա տեղեկություն նաեւ այն մասին, թե որոշ փորձագետներ հավաստում ենՙ իբր նկարի տակ գտնվում է անձեռակերտ վարշամակը տիրոջ իրական կերպարով, ինչը, ըստ էության, հանդիսանում է քրիստոնեության ամենաարժեքավոր մասունքը: Այդ դեպքում ինչո՞ւ այն լույս աշխարհ չի հանվում, ինչի՞ համար է պահվում եւ ումի՞ց: Ուրեմն սա՞ չէ Հայ առաքելական եկեղեցու տոնելի Սուրբ Աբգարին հասած Քրիստոսի անձեռակերտ վարշամակը: Ո՛չ, քանի որ այն ձեռքով նկարված է, եւ անձեռակերտ չէ՛:
Վերջը` հաջորդիվ
Նկար 3. Նկարազարդում Դանթե Ալեգիերիյի «Աստվածային Կատակերգություն» ձեռագրից. Վենետիկ 1390թ.
Նկար 4. Հիսուսի անձեռակերտ պատկերը հայտնաբերված Մանոպելլոյի եկեղեցում: Այն ամփոփված է արծաթե շրջանակում երկու հախճապակիների միջեւ եւ ի ցույց դրված եկեղեցու խորանում: Թափանցիկ ծովային մետաքսի վրա առաջացած պատկերը հնարավոր է երկու կողմից էլ տեսնել:
Նկար 5. Ճենովայի Սուրբ Բարդուղիմեոս հայկական եկեղեցում պահվող արծաթե տապանակը, որի տաս դրվագված պատկերներում ներկայացված է դաստառակի պատմությունը: Իսկ տապանակում գտնվում է սրբապատկերը: