Այն ինչ տեղի է ունենում այս օրերին Երեւանումՙ սկսած հուլիսի 17-ից կարելի էր սպասել: Վերջին տարիներին մեր երկրում նման ցնցումները ավելի են հաճախակիացել: Հայաստանում ասես քաոս լինիՙ փողոցների ու ճանապարհների փակում, բախումներ, զոռբայություն եւ մի օր էլ հերթը պետք է հասներ զինված գործողությանՙ զորանոցի գրավման, մարդասպանության եւ պատանդներ պահելով քաղաքական հարցեր լուծելու փորձի: Այս ամենի քարոզչական ֆոնն էլ ապահովվում է սոցիալական ցանցերի, մասնավորապես ֆեյսբուքի միջոցով: Որո՞նք են հիմնական պատճառները:
Առնվազն անիմաստ է այս ամենի տակ սոցիալական ենթատեքս որոնելը: «Հիմնադիր խորհրդարան» կոչվածի ձեռնարկածը բնորոշվում է որպես ահաբեկչություն, որքան էլ ոմանք ջանքեր գործադրեն արդարացնել, վրդովվել «ահաբեկիչ» բնութագրումից, այդ երեւույթը այդպես է կոչվում եւ դրա հետ ոչինչ անել հնարավոր չէ: Հայ ժողովուրդը, սոցիալական վիճակից ելնելով, ահաբեկչության չի գնա: Նախկինում, անկախության տարիներին ունեցել ենք ավելի ծանր սոցիալական կացություն եւ այսօրվա համեմատ ահռելի չափերի հասնող աղքատություն, բայց զինված հեղաշրջումը բնակչության լայն զանգվածներին չի հրապուրել: Այլ բան է, որ ազգի շահերի մասին խոսելով, առանձին խմբեր գնում են այդ քայլին:
1999-ի հոկտեմբերի 27-ին Նաիրի Հունանյանի խումբը սարսափելի հանցագործություն կատարեցՙ գնակահարելով Վազգեն Սարգսյանին, Կարեն Դեմիրճյանին եւ եւս 6 գործիչների, վկայակոչելով ազգի շահերը: Այն ժամանակ բոլորը գիտակցում էին, որ Նաիրի Հունանյանը ահաբեկիչ է եւ ոչ ոքի մտքով չէր անցնում ի պաշտպանություն նրա բողոքի ցույցի դուրս գալ: Սակայն փոխվում են ժամանակները, եւ երբեմն ոչ այնպես, ինչպես տրամաբանությունն է ենթադրում:
Չնայած անհամեմատելի են 1999-ի եւ 2016-ի Հայաստանները եւ այս ընթացքում թե՛ տնտեսությունը, թե՛ սոցիալական վիճակը հսկայական դրական փոփոխություններ են կրել, բայց «ժողովրդի շահերով» «առաջնորդվող» զինյալներին, ի տարբերություն 1999-ի, հիմա սկսել են հերոսացնել եւ աջակցության ցույցեր անել: Կարելի է ենթադրել, որ եւս մի 17 տարի հետո, կամ գուցե ավելի շուտ, երբ աղքատությունը Հայաստանում ոչ թե 30 տոկոս լինի, այլ ասենք 10 տոկոս, էլի կգտնվեն մարդիկ, որոնք կփորձեն ահաբեկչություն իրականացնելՙ իբր ժողովրդի վիճակից ելնելով: Հետեւաբար, ահակբեկչության պատճառների մեջ սոցիալականը չկա: Այն գործածվում է իրական պատճառիՙ իշխանության համար պայքարում միջոցների առջեւ խտրություն չդնելու համար որպես հիմնավորում:
Սոցիալական պատճառ չունեն նաեւ ոստիկանության զավթված շենքի մոտ հավաքվող մի քանի հարյուր ցուցարարները, որոնց մեջ գերակշռում են նրանք, ովքեր մասնակցում եւ նույն ֆեյսբուքի միջոցով ուղղորդում են առանց բացառության բոլոր նման գործողությունները, որոնց միայն մի քանի ժամով են ձերբակալում եւ ապա բացթողնվումՙ նոր անկարգություններ կազմակերպելու եւ մասնակցելու ճանապարհ տալով:
«Հաստիքով» ցուցարարներին, սադրիչներին եւ ոստիկանության հետ բախումներ հրահրողին, բոլոր ցույցերի, փողոցների փակման եւ այլ դեպքերում տեսնում են եւ գիտեն այդ իրադարձությունները լուսաբանող լրագրողները: Նրանց գլխավոր կարգախոսը, երբ տվյալ պահին տեղի չի ունենում որեւէ բողոքի ակցիաՙ «էս մի ամիս ա լոքշի մեջ ենք, երբ ա ցույց ըլնելու, հելնենք փողոց» (գրառում ֆեյսբուքում): Այսինքն, գոյություն ունի մի զանգված, որի հիմնական աշխատանքը «փողոց հելնելն ա» ու տրամադրություններ բորբոքելը, շահարկելով իսկապես գոյություն ունեցող կառավարման, տնտեսական, կոռուպցիոն եւ մյուս խնդիրները:
Այս օրերին բնորոշ ցնցումների պատճառներից մեկն, անշուշտ, ամենաթողությունն ու հասարակական կարգուկանոն հաստատելու իշխանության վճռականության բացակայությունն է: Դեմոկրատիա խաղալ մի երկրում, որտեղ ժողովրդի մեծ մասը չգիտի դրա հիմնարար սկզբունքները եւ դա ներկայացնել որպես ժողովրդավարական նվաճում Արեւմուտքին դուր գալու համար, ինչպես վարվում է Հայաստանի նախագահը, առնվազն տարօրինակ է: Ժողովրդավարական երկրներում, օրինակ գիտեն, որ իշխանությունը փոխվում կամ պահպանվում է ընտրությունների արդյունքում, որ մինչ այդ, թե՛ տվյալ պահին իշխանություն հանդիսացող ուժին ձայն տվածները, թե՛ նրա դեմ քվերակածները պարտավոր են ընդունել գործող իշխանությանը: Օրինակ, Ֆրանսիայի (ի դեպ, սոցիալապես անհամեմատ ավելի ապահով, քան Հայաստանը) ներկայիս նախագահ Օլանդի վարկանիշը հասել է մինչեւ 13 տոկոսի, բայց ոչ ոք չի պահանջում իշխանափոխություն մինչեւ ընտրությունները: Կգա ընտրությունների օրը եւ ֆրանսիացիները չեն ընտրի այդ անձին կամ նրա քաղաքական կուսակցությանը: Գոյություն ունի՞ նման ավանդույթ Հայաստանում: Ոչ իհարկե, մենք յուրաքանչյուր նախագահի ընտրության հաջորդ իսկ օրը, սկսած 1991-ից, նրան համարում ենք ոչ լեգիտիմ եւ պահանջում հրաժարական տալ:
Կարո՞ղ ենք չընտրել Սերժ Սարգսյանի գլխավորած կուսակցությանը հաջորդ ընտրություններում: Անշուշտ: Բոլոր այն խոսակցությունները, որ դա անհնար է, դատարկ խոսակցություններ են: Դա հնարավոր է արդյունավետ քաղաքական պայքար տանելու եւ ժողովրդի մեծ մասի վստահությունը ստանալու դեպքում: Սակայն, եթե պայքարը տարվում է միայն հրապարակներ, փողոցներ եւ հիմա արդեն զենքով զորանոցներ զավթելու ճանապարհով, ապա դա երբեք ոչ մի ուժի չի բերի իշխանության, իսկ եթե բերի, ապա նույն ճանապարհով էլ այդ իշխանությունը կտապալվի: Այս ամենը չի գիտակցում հասարակ ժողովուրդը, նրան ոչ ոք չի սովորեցնում ժողովրդավարության հիմնարար սկզբունքների, դրանք ճիշտ տեղում եւ ճիշտ ձեւով կիրառելու մասին: Արդյունքում, ժողովրդավարություն ասելով մարդիկ հասկանում են, որ իրենք պետք է ասեն «այս իշխանությունը սրիկա է եւ պետք է տապալենք», իսկ նրանք, ովքեր դա կհամարեն պետական հեղաշրջում եւ ոչ ժողովրդավարական մոտեցում, առաջինների կողմից կպիտակավորվեն որպես «դավաճան», «ծախված» եւ այլն: Բնական է, որ ժողովրդավարության այսպիսի յուրօրինակ ընկալման դեպքում, իշխանությունից դժգոհ անձինք, խմբերը, քաղաքական եւ ոչ քաղաքական ուժերը մշտապես կարող են իրենց իրավունք վերապահել կատարել հակաօրինական քայլերՙ ընդհուպ զենք կիրառելը:
Անընդունելի է նաեւ, երբ երեւույթների հստակ եւ ճիշտ բնորոշման փոխարեն փորձում են հավասարակշռության նժարներ դնել բռնության դիմողի եւ նրան պատասխանողի միջեւ, սադրողի եւ իր պարտականությունը կատարողի միջեւ: Խոսքը ոստիկանության մասին տրվող գնահատականների մասին է: Յուրաքանչյուր պետությունում ոստիկանություն պետք է լինի եւ այն պարտավոր է ապահովել մեր ներքին անվտանգությունը: Այլապես ինչի՞ համար ենք պահում այդ կառույցը: Նույն Ֆրանսիայում, օրինակ, աշխատանքային օրենսգրքի դեմ ցույցերի ընթացքում ոստիկանությունը կիրառեց բոլոր այն միջոցներըՙ ջրցան, արցունքաբեր գազ, մահակներ եւ այլն, որոնք նա օրենքով իրավունք ունի կիրառել , երբ ցուցարարները սկսում են «շփոթել» օրինականն ու անօրինականը, այսինքն, երբ սկսում են իրեր նետել ոստիկանների վրա, ճանապարհներ փակել եւ այլն: Ոստիկանության գործողություններն այդ դեպքում համարվում են հասարակական կարգուկանոնի հաստատում եւ ամենեւին չեն վարկաբեկում ժողովրդավարությունը տվյալ երկրում: Հետեւաբար, կա՛մ պետք է ընկալենք, որ ոստիկանությունը պարտավոր է կարգուկանոն հաստատել, կա՛մ գուցե լուծարենք այն ու տեսնենք, թե ի՞նչ կլինի մեր բոլորիս հետ:
Ի՞նչ հետեւանքներ կունենա հուլիսի 17-ից հետո ստեղծված իրավիճակը, անգամ եթե այն հանգուցալուծվի ամենալավատեսական սցենարով: Եթե կարճ, ապա խիստ բացասական: Տնտեսական վիճակի վատթարացման, Հայաստանը ներդրողների համար վանող դարձնող եւ դրանց սոցիալական հետեւանքների մասին հպանցիկ նշել ենք հարեւան հրապարակման մեջ: Սակայն անգամ սա ամենասարսափելին չէ:
Վերջին տարիներին բնորոշ դարձած այս ցնցումները ծանր հարվածներ են մեր պետականությանՙ ներառյալ Լեռնային Ղարաբաղի անվտանգությանը: Այսպես շարունակվելու դեպքում մենք պարզապես կկորցնենք մեր անկախությունը: Թե՛ երկրի ղեկավարները, որպես առաջին պատասխանատուներ պետության անվտանգության եւ կայունության, թե՛ քաղաքական ուժերը եւ թե՛ մենք բոլորս, ժողովուրդը, պարտավոր ենք հիշել, թե որտե՞ղ է գտնվում մեր երկիրը, ի՞նչ թշնամիներով է շրջապատված եւ ի՞նչ կարող է լինել ներքին բախումներից հետո: Անտեղյակներին ի գիտություն. ներքին պատերազմին, որպես կանոն, հետեւում է արտաքին ներխուժումը: Մեր դեպքում այս կանոնը հաստատ կգործի: