ՍՈՒՐԵՆ Թ. ՍԱՐԳՍՅԱՆ, ԳԱԱ պատմ. ինստիտուտի առաջատար գիտաշխատող
Ինչպես հայտնի է ընթերցողներին, հուլիսի 5-ին Իսրայելի խորհրդարանում «Մերեց» կուսակցության նախագահ Զեհավա Գալյոնի նախաձեռնությամբ արդեն երրորդ անգամ քննարկվել է Հայոց ցեղասպանության հարցը: Իսրայելի Քնեսեթը Հայոց ցեղասպանության բանաձեւն ուղարկել է կրթության եւ մշակույթի հանձնաժողով. 120 պատգամավորից որոշմանը կողմ է քվեարկել 24-ը, դեմ քվեարկողներ չեն եղել: Հիշեցնենք, որ 2015թ. հուլիսի 8-ին եւս Իսրայելի խորհրդարանի կրթության, գիտության եւ մշակույթի հանձնաժողովը բաց նիստ էր գումարել եւ միաձայն որոշվել էր բանաձեւն ուղարկել արդեն լիագումար նիստ: Հարցի տեղափոխումը հանձնաժողով կարեւոր է, սակայն տարիներ շարունակ, դա վերածվել է ճշմարտության կոծկմանը միտված ցինիկ քաղաքական քայլի:
Ինչպես կանխատեսել էին Հայաստանում հրեական համայնքի ղեկավար Ռիմա Վարժապետյանը, իսրայելցի հայտնի գիտնականներ Խայմ Աուրոնը, Իսրայել Չարնին, Յակով Ախիմեյրը, քաղաքագետ Սիվան Գայդեսը, նշանավոր ցեղասպանագետ Յաիր Աուրոնը եւ ուրիշներ, արմատական որեւէ փոփոխություն Իսրայելի դիրքորոշումներում չէր լինելու: Մասնավորապես վերջինս Քնեսեթում Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձեւի քննարկման նախօրեին Haaretz պարբերականի «Եվ կրկին Իսրայելը հերքում է Հայոց ցեղասպանությունը» վերնագրով սյունակում կանխատեսելով զարգացումներըՙ գրել էր, որ Իսրայելը աշխարհում եզակի «ժողովրդավարական երկրներից է», եթե ոչ միակը, որն աջակցում է Թուրքիայի անզիջող ժխտողական քաղաքականությանը եւ հերքում Հայոց ցեղասպանությունըՙ «պղծելով» ինչպես Հայոց ցեղասպանության, այնպես էլ Հոլոքոստի զոհերի հիշատակը: Նա նաեւ կարծիք էր հայտնել, թե Իսրայելը հավանաբար ձեռնպահ կմնա Հայոց ցեղասպանության հանրային քննարակումներից եւ ազատ քվեարկություն անցկացնելուց` չցանկալով իրենից վանել տարածաշրջանում իր «մեծ եղբոր»` ԱՄՆ-ի առանցքային դաշնակից Թուրքիային:
Եթե հաշվի առնենք նաեւ վերջերս տեղի ունեցած Թուրքիա-Իսրայել հաշտեցումը, որը վերջ դրեց երկկողմ հարաբերություններում վեցամյա լարվածությանը, Քնեսեթում քննարկման արդյունքում ցեղասպանության ճանաչման մեծ հավանականություն չկար: Հետո էլ, Իսրայելը Թուրքիայի կրտսեր եղբոր` Ադրբեջանի հետ բազմամիլիոն դոլարների արժողությամբ զենք-զինամթերք (զենք, որը նախատեսված է հայերի հետ բախումների համար) վաճառելու վերաբերյալ կնքված գործարքը ցեղասպանության ճանաչման հաստատ ավետիս չէ:
Նկատենք, որ ամեն տարի այս ժամանակ Քնեսեթը քննարկումներ է իրականացնում այդ հարցի շուրջը, սակայն կառավարությունը ոչ մի անգամ թույլ չի տվել, որ քվեարկություն տեղի ունենա: Հատկապես այժմ, երբ հստակ է, որ արդեն օրինագիծն ընդունելու բավական թվով կողմնակիցներ կան, եւ եթե այս տարի Հայոց ցեղասպանությունը ճանաչելու կամ ժխտելու վերաբերյալ ազատ քվեարկություն կայանար, Յաիր Աուրոնի կարծիքով իսկական ժամանակն էր, որ Իսրայելը վերջապես պաշտոնապես ճանաչեր Հայոց ցեղասպանությունը:
Ի՞նչ է սա, սոսկ մտավորական-անհատի տեսակե՞տ, թե՞ գիտնականի շուրթերով իշխանությունների մոտեցումներում տեղի ունեցած փոփոխությունների ուրվագիծ: Ի վերջո, լա՞վ է, թե՞ վատ, որ Իսրայելը եւս ճանաչի հայ ժողովրդի ողբերգությունը: Կասկածից դուրս է, որ դա դրական տեղաշարժ կլինի, քանի որ «միակ ցեղասպանված» ժողովուրդը (հրեաները- Ծ.Խ.) վերջապես ի լուր աշխարհի կընդունի, որ իրենից բացի էլի կան արհավիրք տեսած ժողովուրդներ: Ընդ որում` իրենից առաջ: Հետո էլ` Գերմանիայի կողմից Հոլոքոստի ճանաչման եւ փոխհատուցում տալու իրողությունները Հայկական ցեղասպանությունը դիտարկելու գործընթացների ժամանակ կարող է որպես նախադեպ դիտարկել:
Հարց է առաջանում. արդյոք իր այդ մղումներում անկե՞ղծ է Իսրայելը, թե՞ այլ խնդիրներ կան ու նա ուրիշ շատ տերությունների նման հօգուտ իր շահերի պարզապես շահարկում է Հայկական հարցը, ինչպես եղել է պատմության կարեւոր մի քանի կեռմաններում որպիսի օրինակները շատ են եւ վաղուց հայտնի: Այդպես է նաեւ մեր օրերում. առաջնորդվելով «չկան հավերժական թշնամիներ, այլ կան մշտական շահեր» սկզբունքով ու նեղանալով իր ինքնաթիռը կործանելուց` ռուսական քաղաքական միտքն ամենուր բարձրաձայնում էր Հայոց ցեղասպանության եւ փոխհատուցման խնդիրը: Գերմանիան էլ հակադարձելով գաղթականների նոր հոսքերով Եվրոպան ողողելու Թուրքիայի սպառնալիք-շանտաժին` Բունդեստագում ընդունեց Հայոց ցեղասպանության մասին, իսկ Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատըՙ ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծ եւ այլն: Ի դեպ, ամենացավալին այն է, որ արդեն 136 տարի միջազգային կարգավիճակ հաղորդելով հանդերձ մեծ տերություններն ամեն անգամ Հայկական հարցը շահարկում են հօգուտ իրենց շահերի: Իսկ մենք, ամեն անգամ խաբվելով ու հիասթափվելով եւ նոր առիթ ներկայանալիս մոռանալով ամեն ինչ ու դասեր չքաղելով անցյալից` կրկին հորթի նման հրճվում ենք, միմյանց աչքալուսանք տալիս, թե այսինչ երկրի պառլամենտը կամ որեւէ քաղաքական գործիչ հօգուտ Հայկական հարցի ինչ լավ բան է ասել:
***
Մեզ համար կարեւոր վերոնշյալ հարցերի պատասխանները գտնելու համար, կարծում ենք, անհրաժեշտ է դիտարկել տարածաշրջանում գլխավոր դերակատար ԱՄՆ-ի, Իրանի, Թուրքիայի եւ Իսրայելի արտաքին քաղաքականության մեջ տեղի ունեցած տեղաշարժերը:
Նախ ընդգծենք, որ Միացյալ Նահանգների վերջին տարիներին որդեգրած փոքր ու մեծ պետությունների ստեղծմանը միտված նկրտումերը (օրինակ` Քուրդիստանի) ոչ այլ ինչ է, եթե ոչ Մերձավոր Արեւելքի վերաձեւման փուլի սկիզբ: Գործընթաց, որը ենթադրում է տարածաշրջանի բաժանումը էթնիկապես միատարր, հեշտ կառավարվող պետությունների: Սակայն ԱՄՆ-ի կողմից Հարավային Սուդանում անկախ պետություն ստեղծելու օրինակը նաեւ վկայում է այդտեսակ պետությունների ստեղծման արհեստական բնույթի մասին: Խոսքը «առանց պետություն պետության» հայտնի սկզբունքի մասին է:
Այս խորապատկերում տեղի ունեցած մի շարք կարեւոր իրադարձություններ, ինչպիսիք էին «Արաբական գարունը», աֆղանական, իրաքյան ու սիրիական փակուղային գործընթացները եւ այլն` ԱՄՆ-ին ուղղորդեցին զիջումների գնալ եւ համաձայնել այն իրողության հետ, որ բացի իր «հավատարիմ» դաշնակիցներ Թուրքիայից ու Իսրայելից, տարածաշրջանի կարեւորագույն դերակատարներից է նաեւ Իրանը: Երկիր, որի առաջնահերթ նպատակներից էին ոչ միայն հեգեմոն դերակատարություն ստանձնել մահմեդական աշխարհում, այլեւ սանձել Իսրայելի մահմեդական աշխարհի հաշվին անընդհատ ընդարձակվելու ախորժակները:
Գաղտնիք չէ, որ այս վերջին ներքաղաքական փոփոխություններից հետո Իսրայելը եւս մտել է արտաքին քաղաքականության առաջնահերթությունների, որոնք չեն փոփոխվել Դավիթ Բեն-Գուրիոնի ժամանակներից ի վեր, ճշգրտման փուլ: Դրա դրսեւորումը դարձավ վերջերս քննարկվող ազգային անվտանգության եւ պաշտպանության ռազմավարության վերանայման հարցը: Հետաքրքրական է այն, որ համաձայն այդ նոր տեսության` Իսրայելի համար առավել լուրջ սպառնալիք է ներկայացնում ոչ թե արաբական աշխարհը, այլ Իրանը` միջուկային զենքի կիրառման իր հնարավորություններով: Թեեւ դարձյալ կարեւորվում է պաղեստինյան «ահաբեկչության» դեմ պայքարը, սակայն առաջին անգամ իսրայելական քաղաքական միտքն ընդունում է, որ այդ «ահաբեկչության» նկատմամբ վերջնական հաղթանակն անհնար է: Առավելագույնը, ինչն Իսրայելն ունակ է այստեղ անել` «ահաբեկչության» դրսեւորումներն ու վնասները նվազագույնի հասցնելն է: Պարզապես անհրաժեշտություն է դարձել հրեական ուժեղ, միատարր, համախմբված եւ ավելորդ գլխացավանքներից ազատված պետության ստեղծումը, քանի որ, ըստ իսրայելցի փորձագետների, հստակ է դարձել մի շատ կարեւոր հանգամանք. այլեւս արաբական աշխարհը չէ Իսրայելի հիմնական հակառակորդը, այլ Իրանի հակաիսրայելական կեցվածքն ու միջուկային սպառնալիքը:
Իսրայելում այսօր բացահայտ հայտարարում են, որ 1948 թվականից ի վեր իրենց պետության համար հիմնական հոգսը Իրանն է, որն արդեն քսանհինգ տարուց ավելի չի ճանաչում հրեական պետության գոյությունը եւ անգամ գոյության իրավունքը: Եղել են դեպքեր, երբ պաշտոնական Թեհրանը սպառնացել է վերացնել Իսրայելը քարտեզի վրայից, հովանավորել է Լիբանանում գործող եւ Իսրայելի սահմաններին անմիջապես վտանգ ներկայացնող «Հըզբոլլահ» կազմակերպությանը, ինչպես նաեւ աջակցել «Համասին»: Կարծում ենք, որ եթե իրանական ղեկավարությունն իրականացներ իր միջուկային ծրագիրը եւ միաժամանակ չսպառնար Իսրայելին «աշխարհի քարտեզից վերացմամբ», ապա Իսրայելը, թերեւս, կճանաչեր Իրանի միջուկային կարգավիճակը, ինչից հետո հնարավոր կլիներ վերականգնել մինչեւ 1979 թ. ունեցած երկկողմ ռազմավարական համագործակցությունը:
Իր հերթին Իրանին, որը հավակնում է դառնալ տարածաշրջանում կարեւոր խաղացող-դերակատար տերություն եւ անհրաժեշտ է ունենալ միջուկային զենք, գլխավոր խաղացող ԱՄՆ-ի դաշնակից Իսրայելի հետ խնդիրներ պետք չեն, ավելին` համագործակցություն է անհրաժեշտ: Քանի որ փորձը ցույց է տալիս, որ չնայած համագործակցության մի քանի փաստերին, արաբները միշտ էլ վերապահումով են վերաբերվել եւ վերաբերվում Իրանին եւ չեն համարում նրան որպես հուսալի դաշնակից, առավել եւս` որպես իսլամական աշխարհի առաջնորդ: Ո՞վ այս իրավիճակում կարող է լինել Իրանի ենթադրյալ դաշնակիցը: Կարծում ենք` Իսրայելը: Քանի որ վերջինս իր հերթին որպես տարածաշրջանում արաբական աշխարհին զսպելու համար իր ամենահզոր հավանական դաշնակցի` Իրանի կարիքը շատ ունի:
Սակայն ներկայումս այդ երկու երկրների միջեւ ավելի շատ առկա է հակամարտություն: Իսրայելը երբեմն-երբեմն սպառնում է օդային նշանակետային հարվածներ հասցնել Իրանի միջուկային օբյեկտներին: Իսրայելը փորձում է նաեւ միջազգային հանրությանը մղել Իսլամական հանրապետության դեմ վճռական գործողությունների: Հստակ է, որ միայնակ Իսրայելը ոչինչ անել չի կարող: Ավելին, ինչպես դա եղավ իրաքյան պատերազմի ժամանակ, թեեւ օժանդակ օգնություն ամերիկյան օդուժին նա ցույց տվեց, սակայն ենթադրյալ Իրան-ԱՄՆ բախման դեպքում ամենայն հավանականությամբ չի համարձակվի մասնակցել կտրուկ գործողությունների: Կարծում ենք Իրանն էլ չի գնա ուղղակի բախման Իսրայելի հետ, այլ կգերադասի «Հըզբոլլահի» եւ «Համասի» զինյալների միջոցով զգոն պահել Իսրայելին եւ թույլ չտալ նրան ավելորդ հավակնություններ դրսեւորել: Մանավանդ որ ԱՄՆ-ի եւ Իրանի միջեւ աստիճանաբար հաստատվող համաձայնության քաղաքականությունն ու Իրանում իշխող չափավորականների (կրոնական թե աշխարհիկ) գաղափարախոսությունը, որով առաջնորդվում են ներկա իշխանությունները, ձգտում է տարածաշրջանը տեսնել խաղաղ եւ բարգավաճ:
Սակայն, կարծում ենք, դեռեւս Իսրայելի հետ նորմալ հարաբերություններ հաստատելու մասին վաղ է խոսել, իսկ իրանա-իսրայելական հակամարտությունը դեռեւս առժամանակ մնալու է տարածաշրջանային օրակարգի թիվ մեկ խնդիրը:
Եվ, ինչպես նշում է Իրանի հարցերով փորձագետ Ռուդիկ Յարալյանը, թեկուզ ԱՄՆ-ի եւ Իրանի միջեւ աշխարհաքաղաքական կարեւորություն ունեցող պայմանագիրը ստորագրելուց հետո էլ տեսանելի ապագայում` անիմաստ է համարել, որ կտրուկ ձեւով կփոխվի Իրանի եւ Իսրայելի հարաբերությունների տրամաբանությունը: Այնպես որ, Իրանը, որի ամենագլխավոր մրցակիցները Իսրայելը, Թուրքիան եւ Սաուդյան Արաբիան են, հավակնություններ ունի տարածաշրջանում` ստանձնելու իսլամական երկրների առաջատարի դերը, չի փոխելու իր տարածաշրջանային քաղաքականության տրամաբանությունը:
Հարցը խորությամբ դիտարկելիս անհրաժեշտություն է դառնում նշել նաեւ, որ Իսրայելը արաբական աշխարհի եւ Իրանի հետ հակամարտության համատեքստում մշտապես աջակցել է Թուրքիային, որը պայմանավորված է ինչպես այդ երկրների` ԱՄՆ դաշնակիցներ լինելու, այնպես էլ Իրանին թուլացած տեսնելու հանգամանքներով: Բացի այդ, չունենալով տարածաշրջանում այլ դաշնակիցներ` Իսրայելը ստիպված հենվում է Թուրքիայի վրա եւ առիթը ներկայանալու դեպքում նրան եւս ուղղորդում ընդդեմ Իրանի:
Իրան-Իսրայել համատեքստում ոչ պակաս կարեւոր է նաեւ Իսրայելի մոտեցումները քրդերի ու քրդական հարցի վերաբերյալ: Ի դեմս քրդերի, Իսրայելը տեսնում է Իրանին էապես թուլացնող մի լծակ եւ օգտվելով առիթից` փորձում է ապահովել իսրայելական ներկայությունն իրաքյան Քրդստանում: Ավելին, Իսրայելում վերհիշել են Միջագետքում հրեաների, այդ թվում` քրդական հրեաների արմատների մասին: Հրապարակվում են հետազոտություններ, որոնցով որպես ժողովուրդների, հաստատվում է անգամ գենետիկ կապը հրեաների եւ քրդերի միջեւ` որոնց ծագման բնօրրանը հենց Միջագետքն է: Նրանք ավելի հեռուն գնացող նկրտումներ են դրսեւորում նաեւ հայերի ու նրանց պատմական լեռնաշխարհի նկատմամբ: Առաջ են քաշում Վասպուրականի հայության հրեական ծագում ունենալու մասին ցնդաբանությունը եւ հավակնություններ հայտնում նույնիսկ այդ տարածքների նկատմամբ: Այլապես ինչով կարելի է բացատրել վերջին շրջանում նկատվող մեծաքանակ հրեա «զբոսաշրջիկների» հոսքը դեպի այդ տարածաշրջան:
Ավելի հեռուն գնալով իսրայելական հետախուզությունը բավական ակտիվացրել է շփումներն իրաքյան քրդերի հետ: Իսրայելական մամուլը, վկայակոչելով 1996 թ. Թուրքիայի եւ Իսրայելի միջեւ ստորագրված ռազմական համագործակցության մասին համաձայնագիրը, անթաքույց հաղորդում է նաեւ քուրդ զինյալներին իսրայելցի զինվորականների կողմից վարժեցման, սպառազինությունների մատակարարման, քրդական ինքնավարության քաղաքների ենթակառուցվածքների արդիականացման մասին: Ընդ որում` բոլոր իսրայելցի մասնագետները գտնվում են այնտեղ «մասնավոր» հիմունքներով: Ավելին, ինչպես նշել է նախկինում մի բարձաստիճան իսրայելցի դիվանագետ, Թուրքիան այսօր դեռ շարունակում է Իսրայելը դիտել որպես կարեւոր եւ հզոր պետություն, սակայն ոչ որպես տարածաշրջանում իրեն դաշնակից: Ուստի պատահական չէ, որ իսրայելական արտաքին քաղաքականության ճարտարապետները գտնում են, որ պետք է հակակշիռներ փնտրեն` ի դեմս քրդերի եւ նույնիսկ հայերի, որոնց հետ հարաբերություններն առայժմ գտնվում են ճշգրտման փուլում:
Այս համատեքստում Իրանի տարածաշրջանային հակառակորդները եւ մասնավորապես Իսրայելը, հավասարապես եւ ակնհայտ «խանդով» են մոտենում Արեւմուտքի եւ Իրանի միջեւ հարաբերությունների բարելավման հեռանկարինՙ իրավացիորեն երկյուղելով կորցնել նույն Արեւմուտքի ռազմավարական դաշնակցի կարեւոր կարգավիճակըՙ հատկապես Մերձավոր Արեւելքում ներկայում ընթացող բուռն զարգացումների համատեքստում:
***
Ամփոփելով նշենք նաեւ, որ Քնեսեթում քննարկումների արդյունքները շատ բանով պայմանավորված էին մի շարք այլ հանգամանքներով: Նախ` հարկավոր է հաշվի առնել այն հանգամանքը, որ 1948-ին անկախություն ձեռք բերելուց հետոՙ իսրայելական իշխանությունները տարիներ շարունակ խախտել են պաղեստինցիների հիմնարար իրավունքները: Եվ դա այն դեպքում, երբ Պաղեստինի անկախությունը ճանաչել է 135 երկիր: 2012-ին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան Պաղեստինին շնորհել է դիտորդ պետության կարգավիճակ եւ ճանաչել 1967-ին Իսրայելի կողմից օկուպացված տարածքներումՙ Հորդանան գետի արեւմտյան ափին, Գազայի հատվածում եւ Արեւելյան Երուսաղեմում պաղեստինցիների ազատ ինքնորոշման իրավունքը:
Հետո էլ` իսրայելական պետության հիմնադրումից ի վեր Անկարան սերտ դաշնակցական հարաբերությունների մեջ է եղել վերջինիս հետ` առաջիններից մեկը ճանաչելով Իսրայելի անկախությունը: Կնքվել են բազմաթիվ երկկողմ ռազմական եւ տնտեսական համագործակցության, որոնց ավելացել են նաեւ Թուրքիայի կրտսեր «եղբայր» Ադրբեջանի հետ կնքված շահավետ պայմանագրերը: Համոզված ենք սակայն, որ Իսրայելը մոտ ապագայում կշարունակի Հայոց ցեղասպանության հարցը որպես մահակ ու միջոց օգտագործել Թուրքիայի գլխին: Հետեւապես, այդ ամենն ամենեւին չեն նշանակում, որ Քնեսեթում Հայոց ցեղասպանությունը ճանաչելու բանաձեւը կարող էր դրական լուծում գտնել: Քանի որ, մեր կարծիքով, դեռեւս Իսրայելում վճռական մեծամասնություն չի կազմում այն սերունդը, որը վեր կկանգնի քաղաքական ու տնտեսական շահերից, քաջություն կունենա եւ կճանաչի Հայոց ցեղասպանությունն իր բոլոր ենթադրելի հետեւանքներով:
03.07.2016 թ., Երեւան