Օտարամոլությունն ու քաղքենիությունն ընդդեմ տեղական արտադրանքի
Երբ, սովորության համաձայն, մրթմրթում ենք «էս վիճակի» եւ «երկիրը երկիր դառնալու» մասին, որպես կանոն դրանում մեր դերը, առավել եւսՙ պարտականությունը, ընդհանրապես չենք տեսնում: Քաղաքական ուժերը մանեւրում են մեր այս մտածելակերպի շնորհիվ, ասելով, որ «միայն ազատ եւ արդար ընտրությունների» (պետք է հասկանալ միայն իրենց իշխանություն գալու) շնորհիվ ամեն ինչ միանգամից պայծառ կլինի: Դա իրականության հետ կապ չունի, ինչին անդրադարձել ենք վերջերս («Երկիրը երկիր դարձնելը» ընտրությունների հետ կապ չունի», ԱԶԳ, 24.06.2016թ.):
Մեր գործարարները նույնպես ասում են այն, ինչ ամբողջ աշխարհումՙ թողեք հարկերը չվճարենք ու երկիրը կծաղկի, չբացատրելով իհարկե, իսկ ի՞նչ են ստանալու բյուջեից աշխատավարձ կամ թոշակ ստացող հարյուր-հազարավոր մարդիկ: Լուրջ գործարարները խոսում են բարենպաստ բիզնես միջավայրի մասին, ավելի իրատեսական դաշտ բերելով երկրի զարգացման եւ բարեկեցության բարձրացման մասին խոսակցությունները:
Իշխանություններն էլ սովորաբար ներկայացնում են ծրագրեր, որոնք եթե իրականացվում են, մարդիկ շատ արագ սովորում են դրան եւ շարունակում դժգոհել, իսկ եթե չեն իրականացվումՙ ավելի են խորացնում օբյեկտիվ դժգոհություները: Ի՞նչ է մնում բնակչությանըՙ շարունակել դժգոհել եւ վե՞րջ:
Ներմուծման առնվազն 10 տոկոսը կարող ենք փոխարինել տեղականով
Իրականում բնակչությունը իր դերն ու պարտականությունն ունի երկիրն առավել զարգացած եւ բարեկեցիկ դարձնելու հարցում: Ընդ որում, որքան էլ անհավանական կարող է թվալ առաջին հայացքից, այդ դերը փոքր չէ եւ շատ հաճախ առանձնակի ջանքեր չի պահանջում:
Խոսքը ո՛չ քաղաքացիական ակտիվիստ լինելու մասին է, ինչն ուղղակիորեն հարվածում է տնտեսական զարգացմանը, հետեւաբար եւ մեր բարեկեցությանը, ո՛չ հարուստների «թալանածը խլելու» մասին, ինչի հետեւանքները պատմության ընթացքում մեկ անգամ արդեն տեսել ենք, ո՛չ էլ գների իջեցում պահանջելու կամ ակնկալելու մեջ, քանի որ գները կարգավորվում են շուկայական տնտեսության կողմից եւ պետությունը, անհրաժեշտության դեպքում, միայն կարող է ազդել այդ գործընթացի վրա, բայցՙ ոչ կանոնակարգել:
Մենք բոլորս ուղղակիորեն կարող ենք բարելավել մեր վիճակը, նպաստելով մեր տնտեսության զարգացմանըՙ նախապատվությունը առաջին հերթին տալով տեղական արտադրությանը: Այն, որ դա կարող է բավականին լուրջ արդյունավետություն ունենալ, անկասկած է: Դրա համար բավական է ծանոթանալ երկիր ներմուծվող այն ապրանքների ծավալներին, որոնց գերակշիռ մասը կա՛մ արտադրվում է Հայաստանում, կա՛մ կարող է արտադրվել:
Եթե 2015-ի արդյունքներով մոտ 3,2 մլրդ դոլար ներմուծման թեկուզ 10 տոկոսը հնարավոր լիներ արտադրել եւ սպառել տեղում, ապա դա կբերեր թե՛ նոր աշխատատեղերի, թե՛ արտարժույթի արտահոսքի նվազման, թե՛ մեր արդյունաբերության եւ գյուղատնտեսության զարգացման, դրանից բխող դրական հետեւանքներով տնտեսության այլ ճյուղերումՙ ծառայությունների, առեւտրի եւ շինարարության: Մինչդեռ, քաղքենիությունն ու օտարամոլությունը մի կողմից, հայրենասիրության պակասըՙ մյուս, թույլ չեն տալիս, որ մենք ինքներս նպաստենք մեր տնտեսության արդյունավետության բարձացմանը եւ զարգացմանը:
Անգամ սննդամթերքի պարագայում նախընտրում ենք ներմուծվողը
Ներկայացնենք պատկերն ըստ առանձին ճյուղերի: Մեր արտահանման երկրորդ ամենախոշոր ճյուղը պատրաստի սննդի արտադրանքն է: Անցյալ տարվա ընթացքում արտահանել ենք մոտ 308 մլն դոլարի պատրաստի սնունդ: Ընդհանուր առմամբ, Հայաստանում արտադրվել է մոտ 490 մլրդ դրամի կամ մոտ 1 մլրդ դոլարի պատրաստի սննդի արտադրանքՙ սննդամթերք, խմիչքներ եւ այս ապրանքախմբի մեջ մտնող ծխախոտ: Սակայն, մյուս կողմից, անցյալ տարվա ընթացքում ներմուծել ենք 325 մլն դոլարի պատրաստի սնունդՙ ավելի շատ, քան արտահանել ենք, կամ մեր արտադրած սննդամթերքի ծավալների մեկ երրորդի չափ: Հարց է առաջանում, եթե մենք արտադրում ենք վերոնշյալ ծավալներով սննդամթերք, որն այնքան մրցունակ է, որ նաեւ արտահանվում է, ապա ինչո՞ւ ենք մեր երկիր ներմուծում մեր արտահանածից էլ շատ պատրաստի սնունդ: Պատասխանը պարզ է, չկրկնվենք:
Բանն այն է, որ թեեւ մենք ունենք, օրինակ «Գրանդ Քենդի», «Դարոյինք» կամ «Ամչոկ», բայց չգիտես ինչու նախընտրում ենք գնել ուկրաինական «Ռոշեն» կամ «ԱԲԿ», որոնք իրենց որակ-գին հարաբերակցությամբ միանշանակորեն զիջում են հայկականին: Ունենք հայկական գազավորված քաղցր խմիչների լայն տեսականի, սկսած «Անի»-ից, «Կիլիկիա»-ից «Նոյ»-ից եւ «Ջուսինադից», վերջացրած այստեղ արտադրվող «Կոկա-կոլա»-ով եւ «Պեպսի-կոլա»-ով, բայց արի ու տես, ոմանք նախընտրում են վրացական «Նատախտարի»-ն, որի սեփականատերն, ի դեպ, ազգությամբ ադրբեջանցի է: Նույնը կարելի է ասել բնական հյութերի մասինՙ «Նոյան», «Սիս», «Մենք» եւ այլն, բայց գնում ենք «Դոբրի» կամ «Նաշ սադ»: Այս շարքը կարելի է երկար շարունակելՙ երշիկեղեն, կաթնամթերք, գինիներ եւ անգամ մեր ամենաարտահանվող ապրանք հայկական կոնյակի փոխարեն ներմուծվող նախընտրողներն էլ քիչ չեն:
Ոմանք կասեն, յուրաքանչյուրն ունի իր ճաշակը, նախընտրությունը եւ հնարավորությունները: Սակայն, նախՙ հնարավությունների առումով անիմաստ է խոսելը, քանի որ տեղական ապրանքը հիմնականում իր գնով ավելի ցածր է լինում եւ որակով ավելի բարձր կամ, ծայրահեղ դեպքում ունենում է նույն գինն ու որակը, ինչ ներմուծվողը: Ճաշակն ու նախընտրությունն էլ, անշուշտ, յուրաքանչյուրի իրավունքն է, բայց, այդ դեպքում արդեն, թող ուրիշ տեղ չփնտրեն ավելի զարգացած տնտեսություն եւ բարեկեցիկ երկիր ունենալու բանալին եւ չդժգոհեն այն իրականությունից, որի փոփոխելուն իրենք չեն ցանկանում իրական մասնակցություն ունենալ: Հատուկ ցանկանում ենք շեշտել, որ խոսքն այն մասին չէ, որ պարտավորվենք ձեռք բերել անորակ եւ անհասկանալիորեն թանկ տեղական ապրանքը: Խոսքը իր սպառողների մասին հոգացող եւ լավ արտադրողների արտադրանքի մասին է:
Ակնհայտ է, որ հատկապես ներմուծվող պատրաստի սննդի գերակշիռ մեծամասնությունը կարելի է փոխարինել տեղականով, եթե դա ցանկանանք մենքՙ սպառողներս, լրացուցիչ մրցակցություն ստեղծելով տեղական արտադրողների, ոչ թե ներմուծողի եւ արտադրողի միջեւ: Այդ դեպքում 325 մլն դոլարի ներմուծման մեծ մասը հնարավոր կլինի կրճատել:
Հայկական բրինձ չենք կարող ունենալ, բայց հայկական կոշիկ եւ խնձոր էլ ունենք
Հաջորդ ապրանքախմբերը բուսական ծագմամբ ու կենդանական ծագման արտադրանքն է, որոնցից առաջինի ներմուծումը կազմում է 188 մլն դոլար, երկրորդինըՙ 106 մլն դոլար: Միասին վերցրած 300 մլն դոլարին մոտ ցուցանիշ ենք ունենում: Այստեղ նույնպես ներմուծման փոխարինման էական հնարավորություներ կան: Անշուշտ, Հայաստանում չենք կարող անանաս կամ բանան աճեցնել, ունենալ բրնձի մշակության դաշտեր, եւ նրանց ներմուծումը այլընտրանք չունի, բայց կարելի է հրաժարվել այնպիսի մրգերի ներմուծումից, որ կան մեզ մոտՙ խնձոր, տանձ, դեղձ: Կամ ասենք ծովային կենդանական մթերքները նույնպես Հայաստանը չի կարող արտադրել, բայց տարօրինակ է, երբ ներմուծում ենք թռչնի (հավի) միսը, եւ տեղական արտադրանքը մեր ներքին շուկայի փոքր մասն է զբաղեցնում: Այստեղ, իհարկե, մեղքի մեծ բաժին ունեն տեղական թռչնարտադրողները, որոնք այդպես էլ չկարողացան իրենց արտադրանքի ինքնարժեքը մոտեցնել ներմուծվողին: Այդուհանդերձ, ներմուծվողի հետ տեղականի գնային տարբերությունը մեծ չէ, իսկ որակական առումով հայկական թռչնամիսն անհամեմատ ավելի լավն է:
Շարունակենք թվարկել ճյուղերը, որոնց արտադրությունները տեղում կան, բայց նաեւ ներմուծման ահռելի ծավալներ ունենք: «Քիմիայի եւ դրա հետ կապված արդյունաբերության ճյուղերի արտադրանք»ՙ ներմուծվում է 300 մլն դոլարի ապրանք: Սրա մեջ մտնում են նաեւ լվացող, մաքրող միջոցներն ու նյութերը, որոնց տեղական արտադրողները կանՙ «Կենացաղային քիմիայի գործարան», «Գռոմ» եւ այլն: Սակայն, չնայած տեղական արտադրանքն ունի պահանջվող ամբողջ տեսականին եւ համապատասխան որակը, բայց մենք շարունակում ենք գնել թուրքական, պարսկական, ուկրաինական, ռուսական եւ այլ երկրների միջոցները, հարստացնելով եւ աշխատատեղեր ապահովելով այդ երկրների ձեռնարկությունների համար: Նախկին հզոր քիմիական արդյունաբերությունն այլեւս չունի Հայաստանը, բայց գոնե եղածը կարող ենք պահել եւ զարգացնել, խրախուսելով տեղական արտադրողներին:
Ժամանակին ամբողջ Խորհրդային Միությունը կոշիկով ապահովող Հայաստանն այժմ ներմուծում է մոտ 22 մլն դոլարի կոշիկ, այն պարագայում, երբ արտահանում է ընդամենը մոտ 1,5 մլն դոլարի: Հարկ կա՞ ասել, որ արդեն ունենք կոշիկի զարգացած տեղական բրենդային արտադրություններ («Սալի», «Ռոբերտո» եւ այլն), բայց շարունակում ենք գնել իտալական, կորեական, չինական, ինչպես նաեւ թուրքական կոշիկ:
Մանածագործական իրեր, այսինքն հագուստ եւ տեքստիլ այլ արտադրանքՙ անցյալ տարի մոտ 164 մլն դոլարի ներմուծում ունենք: Հատկապես ցավալի է, որ այստեղ գերակշռում են թուրքական ապրանքները, որոնք ուղղակի հեղեղել են մեր շուկան: Չնայած հայկական տեքստիլ արտադրությունը վերջին տարիներին նկատելիորեն աշխուժացել է, մի քանի կայացած ընկերություններ կան («Տոսպ», «Մելանտե», «Ալեքս» եւ այլն), որոնք արտադրում են գուլպաներ, տղամարդու եւ կանացի ներքնազգեստ, սրբիչներ, անկողնային պարագաներ, մանկական հագուստ եւ այլն, բայց անգամ այս ապրանքների թուրքականն ենք նախընտրում: Ճիշտ է, տեղական թեթեւ արդյունաբերությունը դեռ չունի տղամարդու եւ կանացի վերնահագուստի քիչ թե շատ ճանաչված արտադրություններ եւ լայն տեսականի, բայց գոնե նախապատվություն տանք այն ապրանքներին, որոնք արտադրվում են տեղում:
Նշենք, որ սեփական երկրի արտադրանքին նախապատվությունը տալը լայնորեն քարոզվում եւ ընդունվում է բոլոր, անգամ ամենազարգացած եւ այլընտրանքի լայն հնարավորություններ ունեցող երկրներում:
ԱՄՆ-ում գերադասում են «Ֆորդ» կամ «Ջեներալ մոթորս» քշել, Գերմանիայումՙ «Մերսեդես» կամ «Ֆոլսվագեն», Ճապոնիայումՙ «Տոյոտա» կամ «Նիսսան», այսինքնՙ սեփական երկրի արտադրանքը: Անկախ նրանից, որ այս մեքենաներն արտադրող հսկաները դաժան մրցակցություն են ծավալում միմյանց երկրներում եւ անկախ նրանից, որ շարքային ճապոնացին կամ ամերիկացին նույնպես կարող է ճաշակ կամ նախընտրություն ունենալ եւ անգամ անկախ նրանց բարեկեցության բարձր մակարդակիցՙ առանց սեփական արտադրանքի նկատմամբ մարդկանց հայրենասիրական մոտեցման, վերոնշյալ ընկերություններից ոչ ոք չէր կարողանա դիմակայել մրցակցությանը: Այո, դա իսկապես հայրենասիրության դրսեւորում է, որը որդեգրելու կարիքը մենք ունենք: Խաղաղ ժամանակներում նույնպես հայրենասիրություն ցուցաբերելու առիթներ կան, որոնք նաեւ մեզ ավելի ուժեղ կդարձնեն պատերազմի պարագայում: