Ինչպես հայտնի է, հունիսի 23-ի հանրաքվեի ժամանակ բրիտանացիների 51,9 տոկոսն արտահայտվեց երկիրը ԵՄ կազմից դուրս բերելու օգտին: Կառավարող Պահպանողական կուսակցության առաջնորդ եւ վարչապետ, եվրոինտեգրման կողմնակից Դեյվիդ Կեմերոնը դրանից հետո հրաժարական տվեց: Նորընտիր կուսակցապետը եւ Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը Թերեզա Մեյն է, որը երկրի նախկին ներքգործնախարարն է:
«Դեյլի թելեգրաֆ» թերթը գրում է, որ նոր վարչապետը հենց սկզբից արեց երկու կարեւոր հայտարարություն, որոնք ընդունելի են: Առաջին, Մեյը ներկայացրեց բրիտանական պահպանողականության սեփական ընկալումը: Երկրորդ, նա կարեւոր պաշտոններում նշանակեց այնպիսի մարդկանց, որոնք կոչված են կենսագործելու այդ ընկալումը եւ միաժամանակ մշակելու ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու ռազմավարությունը: Զարմանալի չէ, որ այդ մարդկանց մեջ կան Brexit-ի կողմնակիցներ, որոնց շնորհիվ վարչապետն ուզում է պահպանել կուսակցության միասնությունը: Քանզի, Brexit-ից բացի, կան նաեւ ուրիշ հրատապ խնդիրներ:
Մեյը բրիտանացի երկրորդ կին վարչապետն է: Առաջինը «Երկաթյա լեդի» Մարգարետ Թետչերն էր, ով բարգավաճում ապահովեց բարեկեցության աճի հաշվին, եւ դրա շնորհիվ երեք անգամ հաղթեց համընդհանուր ընտրություններում, հիշեցնում է «Դեյլի թելեգրաֆը»:
Գերմանիայի կանցլեր Մերկելի եւ Ֆրանսիայի նախագահ Օլանդի հետ հեռախոսազրույցների ժամանակ Մեյը հավաստիացրել է, որ ինքը կատարելու է ԵՄ կազմից դուրս գալու վերաբերյալ բրիտանացիների արտահայտած կամքը: Ըստ որում, Մեյը ընդգծել է, որ Լոնդոնին ժամանակ է պետք ԵՄ ղեկավարների հետ Brexit-ի շուրջ բանակցություններ սկսելու համար: