Հունիսի 30- ին Երեւանի օդանավակայանում արված լուսանկարներից պարզ երեւում էՙ ԳԴՀ արտգործնախարար, ԵԱՀԿ գործող նախարար Ֆրանկ Վարտեր Շթայնմայերը եւ նրան դիմավորող հայաստանցի պաշտոնակից Էդվարդ Նալբանդյանը գոնե հագուկապի հարցում նմանօրինակ ճաշակ ունեն, իսկ պաշտոնյայի խորհրդանշական ատրիբուտըՙ փողկապը նույնն էՙ մուգ կապույտՙ փոքրիկ սպիտակ պուտիկներով:
Գերմանական լրատվամիջոցները, բնական է, ուրիշ հայացքով են լուսաբանում Շթայնմայերիՙ հունիսի 29, 30, հուլիսի 1-ի այցը հարավկովկասյան երեք հանրապետություններ: Նրանց դիտարկման մեջ, ակնհայտ է, որ չեն մոռանում եւ հիշատակում են, որ հունիսի 2-ին Բունդեսթագի Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի քննարկմանը նա բացակայում էր: Թուրքիայի հանդեպ այսչափ զգույշ վերաբերմունքի մասին ակնարկած գերմանացի լրագրողի հետ արտգործնախարարը չի համաձայնելՙ ասելով, թե «ինքը սատարել է բանաձեւին, այդ պատճառով չի խուսափել ցեղասպանություն եզրույթից»: «Ֆրանկֆուրտեր ալգեմայնե ցայթունգը» նկատել է տալիս, որ Շթայնմայերը Հայաստանին եւ Թուրքիային նոր երկխոսության կոչ է արելՙ գործածելով «ցեղասպանություն» եզրը: Նույն «ցեղասպանություն» բառեզրի կիրառությանը ուշադրություն են հատկացրել ուրիշ թերթեր էլ, այդ թվում նաեւՙ Բոննի «Գեներալ անցայգերը»ՙ այդպես վերնագրելով իր հոդվածը: Թերթն ընդգծում է, որ Երեւանում գտնվող Շթայնմայերը շատ մոտ էՙ ավտոմայրուղով 4 ժամ ճանապարհ է, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ տասնամյակներ տեւող հակամարտության գոտուն, որ տարածաշրջանում պատերազմ, այնուհետ փխրուն հրադադար է ստեղծել:
Թերթն ակնարկում է, որ մյուս հակամարտությունն էլ մոտ էՙ Երեւանի հետ մյուս սահմանակից երկիրը Թուրքիան է, որ Բունդեսթագի Հայոց ցեղասպանության բանաձեւից հետո ծանրաբեռնվել են Գերմանիայի հարաբերությունները ՆԱՏՕ- ի իր դաշնակից Թուրքիայի հետ: Երբ Բունդեսթագն ընդունում էր բանաձեւը, Շթայնմայերը վայրէջք էր կատարում Բուենոս Այրեսումՙ Արգենտինայում Հայաստանի փոխարեն: Արգենտինայում եւ Մեքսիկայում նա խուսափեց ցեղասպանություն բառեզրից, թուրքերին հավելյալ չգրգռելու նկատառումով: Ճանաչումից հետո Թուրքիան ետ կանչեց իր դեսպանին, իսկ եռօրյա այցի առաջին կանգառը Հայաստանի մայրաքաղաքում սկսած Շթայնմայերը լրագրողների առջեւ արտասանեց Բառը: Հունիսի 30-ին Ֆրանկ Վալտեր Շթայնմայերն այցելեց Ծիծեռնակաբերդ: Առաջին անգամ չէ, որ ԳԴՀ արտգործնախարարը ծաղկեպսակ է զետեղում Հայոց ցեղասպանության հուշակոթողին, իսկ իրենից առաջ նրա նախորդըՙ Յոշկա Ֆիշերն է հարգանքի տուրք է մատուցել հայոց զոհերինՙ տարիներ առաջ: Ծիծեռնակաբերդ այցը արդեն տարիներ ի վեր ՀՀ այցելող պաշտոնատարների արարողակարգի մաս է կազմում, ինչպես Բաքվում Շեհիդների պուրակ այցելությունը: Բայց նկատելի մի տարբերություն կա. գոնե երեկվա մեր դիտարկումներով, գերմանալեզու լրահոսը Շթայնմայերի Բաքու այցելության լրատվությանը կցել էր գերմանացի պաշտոնյայիՙ նույն օրը Ծիծեռնակաբերդում արված լուսանկարը: Մեկ ուրիշ փաստ էլ նկատեցինք: Գերմանական լրահոսը անդրադարձել էր ԳԴՀ արտգործնախարարի հետ Բակո Սահակյանի Երեւանում կայացած հանդիպմանը:
Անդրադառնալով երկրորդ հակամարտությանը, գերմանացի լրագրողները նկատում են այն ակտիվ ջանքերը, որ ԵԱՀԿ գործող նախագահն ուզում է գործադրել բանակցություններն վերսկսելու ուղղությամբ: «Մենք բոլոր կողմերից քաջություն, պատրաստակամություն, փոխզիջում ենք ակնկալում», ասել է Շթայնմայերը հունիսի 30- ին Բաքվում, նույնը նախապես հայտարարելով Հայաստանում, գրում է «Լաուզիթցեր ռունդշաուն»: Հաջորդ հանդիպումը Փարիզում պիտի կայանա, փոխանցում է թերթըՙ հղում անելով Ադրբեջանի արտգործնախարար Մամեդյարովին, որ հստակ ժամկետ դժվարացել է նշել: Գերմանական հիշյալ թերթը գրում է նաեւ, որ «Շթայնմայերը Երեւանում հանդիպել է ինքնահռչակ հանրապետության նախագահ Բակո Սահակյանին»: Այնուհետ նշումՙ Բաքվում Մամեդյարովն ընդգծել էՙ «Ադրբեջանում մամուլի ազատություն կա: Այն լրագրողները, որ ձերբակալված են, իրենց լրագրողական գործունեության համար չէ, որ անազատության մեջ են: Լրագրողների մի մասն օրինակ մոռանում է ինչ է էթիկան»: Որպես վերջաբան գերմանական աղբյուրը նշում է կառավարության քննադատներից Ռասուլ Ջաֆարովի հաղորդածըՙ Ադրբեջանում դեռեւս առկա է քաղբանտարկյալների հարցը, թեպետ Եվրոխորհրդին անդամակցող երկիրը պարտավորված է հարգել օրենքի գերակայությունը:
Հունիսի 30-ին «Ազերթաջի» գերմաներեն տարբերակում ընդգծված խանդ կա նույն օրը Երեւանում կայացած Ֆրանկ Վալտեր Շթայնմայեր-Բակո Սահակյան հանդիպմանը: «Սա ադրբեջանական Լեռնային Ղարաբաղի հայկական համայնքի հետ հանդիպում է», այսպես է մեկնաբանել Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակ Հիքմաթ Հաջիեւըՙ հաղորդելով, թե գերմանացի պաշտոնյան Ադրբեջանում հանդիպելու է ԼՂ-ի ադրբեջանական համայնքի հետ: