Հոդվածի հակիրճ բովանդակությունը պատրաստեցՙ Հ. Ծ.
«Գարդիան» անգլիական թերթում տպագրված «Զրույցս Սողոմոն Թեհլիրյանի որդու հետ» վերնագրով հոդվածում, մեծահամբավ լրագրող Ռոբերտ Ֆիսքը մանրամասներ է ներկայացնում Թալեաթ փաշային սպանած հայորդու հետագա ճակատագրի մասին:
Սողոմոնը երկու որդի է ունեցել, երկուսն էլ ծնված Հարավսլավիայում, որտեղ նա Գերմանիայում ազատ արձակվելուց հետո ապաստան էր գտել: Ավագ որդին մահացած է, կրտսերը այժմ 86 տարեկան, ապրում է Մ. Նահանգներում: Ֆիսքը հեռախոսային զրույց է ունեցել նրա հետ: «Տեսել եմ այն ատրճանակը, որով նա սպանել էր Թալեաթ փաշային: Երբ գերմանացիները մտան Հարավսլավիա, նա այդ ատրճանակը գցեց Դանուբ գետը: Իրեն մահվան կդատապարտեին, եթե նման ատրճանակ գտնեին նրա մոտ», պատմել է նա, նշելով, որ թերթի էջերում չհայտնվի իր ինքնությունը, զգուշության նկատառումներով:
«Նա շատ ազնիվ, համեստ, համարյա պարզամիտ անձնավորություն էր: Քչախոս էր, դժվարանում էինք նրա բերանից բառերը դուրս բերել: Սիրում էր բանաստեղծություններ գրել եւ շատ լավ նկարում էր: Տասը տարեկան էի, երբ ինձ պատմեց Թալեաթին սպանելու մասին: Հետագայում պարզեցի, որ նա դրանից առաջ մի հայ դավաճանի էլ էր սպանել Ստամբուլում, ով Ցեղասպանության օրերին հօգուտ թուրքերի էր ծառայում: Նրա անունը Հարություն Մկրտիչյան էր», պատմել է որդին:
Թեհլիրյանը 1914 թվի հունիսին Սերբիայում է եղել, իր 2 եղբայրների հետ: Մայրը եւ ավագ եղբայրըՙ Վազգենը սպանված են եղել Ցեղասպանության ժամանակ:
«Հայրս միացել է Անդրանիկ Օզանյանի բանակին: Ինձ մոտ մի նկար է պահպանվել, որտեղ նա մորթուց կարված փափախ է կրում, կրծքին էլ փամփուշտներ շարված: 1917-ին հայրս հանդիպել է Թբիլիսիում ապրող Անահիտ անունով մի հայուհու, ով դառնալու էր իմ մայրը: Մեծ դժվարությամբ Անահիտին եւ իր քրոջը թույլատրել են Մարսել (Ֆրանսիա) մեկնել: Հայրս, որ այդ ժամանակ տեղափոխվել եւ Քլիվլենդում էր (ԱՄՆ) ապրում, թողնելով իր գործըՙ Մարսել է մեկնել եւ ամուսնացել Անահիտի հետ: Այնուհետեւ որոշել են դարձյալ Հարավսլավիա տեղափոխվել: Այնտեղ նա սուրճի առեւտրով է զբաղվել, մինչեւ որ Երկրորդ աշխարհամարտից հետո, Տիտոյի իշխանության գալուց հետո իր կոմունիստ գործընկերը ազատել է նրան աշխատանքից:
Դրանից հետո նա Մ. Նահանգներում է անցկացրել իր կյանքի մնացած օրերը մինչեւ 1960 թվականը, երբ մահացել է ուղեղի ուռուցքից: Կինըՙ Անահիտը (մայրս), մահացել է 1979-ին: Թաղված են Ֆրեզնոյում (Կալիֆոռնիա) գտնվող «Արարատ» գերեզմանատանը: Հողաթումբի վրա հայկական ոսկեձույլ արծիվն է, ճանկին Թալեաթը ներկայացնող մի օձ բռնած»: