ՍԱՌԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ, Նյու Յորք Ամենայն հավանականությամբ այս տարի առիթ պետք է ունենանք գրանցել Հայոց ցեղասպանության պայքարի գործում եւս մեկ կարեւոր հաղթանակ: Օգոստոսի 4-ին Կալիֆորնիայի 9-րդ մարզի դաշնային վերաքննիչ դատարանում լսվելու է Հայոց ցեղասպանության զոհերի երեք ժառանգորդների հայցն ընդդեմ Թուրքիայի կառավարության, որով վիճարկվելու է «Ինջիրլիք» ամերիկյան ռազմաբազայի հողատարածքի պատկանելությունը:Մեղադրվող կողմը թուրքական պետական երկու բանկերն ենՙ «Կենտրոնական» եւ «Զիրաաթ բանկասի»-ն, ուր պահվել են Արեւմտյան Հայաստանի հայ բնակչությանը պատկանող անշարժ գույքի եւ հողային սեփականության վերաբերյալ բազմաթիվ փաստաթղթեր: «Զիրաաթ բանկասի»-ն Թուրքիայի ամենահին բանկերից է, հիմնվել է Օսմանյան կայսրությունումՙ 1863-ին: Կոտորածներից հետո այս բանկում կատարվել են հայերի հողային սեփականության, նրանց լքյալ գույքի յուրացման անհաշիվ ապօրինություններ: Ի բարեբախտություն ամերիկահայ հայցվորների, այս բանկերն իրենց մասնաճյուղերն ունեն ԱՄՆ տարածքում, ինչը հեշտացրել է դատական հայցի հարուցման գործը:Ըստ գործող միջազգային օրենքի, որի կիրառման պարտավորություն է ստանձնել նաեւ ԱՄՆ, որեւէ երկիր կարող է վիճարկել մեկ այլ երկրում գտնվող անշարժ գույքի կամ հողատարածքի ապօրինի սեփականացումը այն դեպքում, եթեՙ այդ գույքը յուրացվել է բռնության, վանդալիզմի կամ ցեղասպանության հետեւանքով:Հայտնի ամերիկահայ իրավաբան, 2005-ին «Նյու Յորք Լայֆ» ապահովագրական գործակալության դեմ դատական գործը շահած Վարդգես Եղիայանի կարծիքով, «Ինջիրլիք»-ի ռազմաբազան տարիներ շարունակ դարձել է Թուրքիայի կողմից Ամերիկային ճնշելու ազդեցիկ միջոցներից մեկը: «Ադ հողերն ամբողջությամբ հայերուն կպատկանին, հոն եղեր են Ադանայի հայերի ամառանոցները, եկեղեցիներն ու դպրոցները, որոնք Թուրքիո կառավարությունն ապօրինի զավթած է», հայտնել է նա:Պատմությունը վկայում է, որ հայերի տեղահանության ընթացքում օսմանյան կառավարությունը 1915-ին ընդունել է այսպես կոչվածՙ «Լքյալ գույքի» մասին օրենքը, որով փորձել է օրինականացնել ցեղասպանության ենթարկված արեւմտահայության ունեցվածքի զավթումը: Սակայն 1920-ին հաղթանակած տերությունների եւ Թուրքիայի միջեւ փոխադարձ համաձայնությամբ կնքված Սեւրի պայմանագրի 144 հոդվածով, այդ օրենքը ուժը կորցրած է համարվել, ավելինՙ արգելվել է Թուրքիային նման օրենքներ ընդունել ապագայում: Նույն տարում այս դրույթը պաշտպանվել է նաեւ ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի իրավարար վճռում եւ երեք տարի հետոՙ Լոզանի պայմանագրում:Չքնաղ երկիր մեր Կիլիկիո այդ գողտրիկ անկյունը նշանավոր է եղել իր հեկտարավոր թզենիների այգիներով, ինչն էլ պայմանավորել է այդ տարածքի անվանումը. թուրքերենՙ ինջիր նշանակում է թուզ:Դատական հայցի մեկնարկը տրվել է դեռ 2010 թ-ից: Ադանացի երեք ընտանիքների ժառանգորդներն, ի դեմս ԱՄՆ քաղաքացիներՙ Ռիտա Մահդեսյանի, Անայիս Հարությունյանի (Կալիֆորնիա) եւ Ալեքս Բաքալյանի (Վաշինգտոն), դատական պայքարի մեջ են արդեն վեց տարի: Այս անձանց մոտ պահպանվել են 30-ից ավելի փաստաթղթեր, որոնք հավաստում են «Ինջիրլիքի» հողային տարածքի նկատմամբ իրենց իրավասությունները: Եվս 13 հայ ընտանիքների հայցեր են կցվելու գործին, որով կամբողջացվի «Ինջիրլիքի» ողջ տարածքի նկատմամբ հայերի պահանջատիրությունը: 2013-ին դատական հայցը հաղթել էր առաջին ատյանի դատարանում, սակայն զուտ քաղաքական նկատառումներով վճռի կիրառկումը կասեցվել է: Սակայն ամերիկյան գերագույն դատարանում վերջերս Ավստրիայի դեմ նմանատիպ մի հայց է շահել, ինչը հայկական կողմը որպես նախադեպ է օգտագործելու օգոստոսյան լսումների ժամանակ:Պենտագոնը Թուրքիայում «Ինջիրլիքի» ռազմաբազան վարձակալել է 1951-ին: Թուրքիան ամեն տարի ԱՄՆ կառավարությունից ստանում է միլիոնավոր դոլարների վարձավճար այդ տարածքների շահագործման համար: Այստեղ է գործում ԱՄՆ ռազմաօդային մոբիլ էսկադրիլիան: 3320 ակր տարածքի վրա կա հյուրանոցների, հիվանդանոցների, ատամնաբուժարանների, Pizza Hut եւ Starbucks բիզնեսի հսկա համակարգ, իր երկու հազարի հասնող սպասարկող աշխատակազմով: Այստեղ է տեղադրված ՆԱՏՕ-ի հարավային հրամանատարության ԱՄՆ 39-րդ ավիաբազան: Հայցվորները պահանջում են թուրքական կողմից 63 միլիոն դոլարի փոխհատուցում:Հայոց ցեղասպանության վնասի փոխհատուցման իրավական պայքարի հարթությունում այժմ երկու ճակատ է ձեւավորվելՙ պետական եւ մասնավոր: ՄԱԿ-ի միջազգային քրեական դատարան Թուրքիայի դեմ Հայաստանի հայցը դեռ սպասում է պատեհ աշխարհաքաղաքական ժամանակների գալուն, ինչը, ցավոք, դատելով այսօր տիրող իրավիճակից, Աստված չանի, որ տեւի էլի մեկ հարյուրամյակ կամ մինչեւՙ «աշխարհի վերջը»: Համենայն դեպս, Հայոց եղեռնի 100-րդ տարելիցի միջոցառումների ժամանակ հնչած պահանջատիրության դատական գործընթացի մասին ոգեւորիչ հավաստիացումներն, այսօր, ավելի քան մեկ ու կես տարի անց, լռության են մատնված:Քավ լիցի, խոսքս ամենեւին նպատակ չունի ստվերել այն հսկա աշխատանքը, ինչն արվում է այդ ուղղությամբ հայ միջազգային իրավունքի մասնագետների կողմից: Ամենահավանական ժամկետը թերեւս զուգահեռելն է Հայոց եղեռնի եւ Քեսաբի ու սիրիահայության դեմ «Իսլամական պետության» իրագործած ցեղասպանության գործով միջազգային դատարան դիմելու հայցերը: Մանավանդ, որ ԱՄՆ որպես ցեղասպանություն է որակել եզդիների, Սիրիայում ապրող քրիստոնյաների եւ Շիա մահմեդականների դեմ ԻՊ-ի կատարած գազանությունները: Իսկ դրա համար ժամանակ է պահանջվում: Որքա՞ն: Հայտնի չէ:Մի բան հստակ է, որ այլեւս ոչ մի օր ու ժամ Թուրքիան չպետք է հանգիստ գտնի հայ ժողովրդի նկատմամբ գործած հանցանքի համար իրեն ուղղված մեղադրանքներից: Լինի դա ճանաչման ձեւով, ինչպիսինՙ Բունդեսթագի որոշումն էր, կամ իրարահաջորդ դատական գործերի տեսքով, որոնք պետք է Դամոկլյան սուրի պես մշտապես կախված լինեն Թուրքիայի գլխին:Սփյուռքը, այս առումով շատ ավելի գործնական է: Նրանք հոգնել են սպասելուց: Բացի դա, Սփյուռքում ձուլման պրոցեսը արագ է ընթանում եւ վախ կա, որ սերնդե-սերունդ պայքարի ջիղը կթուլանա: Այսօր տարբեր երկրների դատարաններում Թուրքիայի դեմ ներկայացվող սփյուռքահայության հայցերի թիվը հասնում են 30-ի: Սակայն հայ մասնագետներն այս իրավիճակը համարում են վտանգավոր եւ կարծում, որ մասնավոր պահանջատիրությունը լուրջ վնաս կհասցնի ՀՀ պետության անունից տրվող քրեական գործին:«Ես խորհուրդ կտայի որ Հայաստանը չդիմի միջազգային դատարան», ասում է Վարդգես Եղիայանը, «դատական համակարգը միայն խրախուսում է մեղադրանքների փոխանակում եւ թույլ չի տալիս, որ հայցերը արդյունավետ ու շուտափույթ կերպով ավարտվեն»: Ամերիկահայ իրավաբանի կարծիքով, «ավելի նպատակահարմար է որպեսզի Սփյուռքը սկսի դատական մեղադրանքները, իսկ Հայաստանը հանդես գա որպես երրորդ կողմՙ Սփյուռքի եւ Թուրքիայի միջեւ: Հայաստանն ընդդեմ Թուրքիայի միջազգային դատը, թուրք ազգայնականների եւ ազերիների դրդմամբ, կարող է վերածվել Հայաստանի դեմ միջազգային Ջիհադի հրահրման: Թուրքիան կարող է էլ ավելի սաստկացնել ճնշումները թույլ Հայաստանի նկատմամբ: Իսկ Սփյուռքի դեմ Թուրքիան անզոր է, քանզի սփյուռքահայերը ուժեղ եւ ազդեցիկ երկրների քաղաքացիներ են», մեր զրույցում նշեց նա:Գալով «Ինջիրլիքի» դատավարությանը, կարեւոր է հասկանալ հետեւյալ փաստը, որ օգոստոսյան լսումների հաղթանակի դեպքում, երբ ամերիկյան դատարանը ընդունի Հայոց ցեղասպանության պատճառով ԱՄՆ քաղաքացիների ժառանգական իրավունքի վերականգնումը, այն կարող է զորեղ ազդակ հանդիսանալ կարճ ժամանակում Սպիտակ տան կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման գործում: Կարծես բոլոր ճանապարհները տանում են դրան: Ահա թե ինչ կարող է պատահել, երբ գերտերության եւ Հայ դատի շահերը ինչ-որ տեղ, ինչ-որ պահի համընկնում են: |