Հունիսի 2-ին Գերմանիայի Բունդեսթագը ընդունեց Հայոց ցեղասպանության փաստը վկայող երկար սպասված բանաձեւը: Ընդունումը դրամատիզմով լի էր, հաշվի առնելով Գերմանիայի եւ Թուրքիայի միջեւ գոյություն ունեցող լարված հարաբերությունները: Գերմանական խորհրդարանը ոչ միայն ընդունեց պատմական ճշմարտությունը, այլեւ ճանաչեց Գերմանիայի մեղսակցությունը Ցեղասպանության իրագործմանը: Ավելին, այն ծանրակշիռ ուղերձ հղեց նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանին, որ նա չի կարող Եվրոպային անընդհատ սպառնալիքներ ներկայացնել եւ անպատիժ մնալ:
Այսպիսով Եվրոպայի հզորագույն պետություններից մեկը ճանապարհ հարթեց, որ ուրիշներ էլ հետեւեն իր օրինակին:
Հաշվի առնելով ներկա ժամանակների քաղաքական լարվածության ուժգնությունը, Բունդեսթագի կատարած քայլը լայնորեն լուսաբանվեց աշխարհով մեկ: Խմբագրականներ գրվեցին «Նյու Յորք Թայմսում» եւ գլխավոր լրատվական աղբյուրներ հանդիսացող շատ այլ հեղինակավոր պարբերականներում, որոնք սովորաբար հազվադեպ էին պատշաճ ուշադրություն դարձնում մեկուկես միլիոն հայերի կոտորածին:
Հասկանալի էր աշխարհով մեկ սփռված հայության ցնծությունը, մինչ պաշտոնական Թուրքիան ատամներն էր կրճտացնում:
Քանի որ Էրդողանի հնարավորությունները սահմանափակ էին, փոխանակ աշխարհի ուժեղագույն երկրներից համարվող Գերմանիայի հետ իր տարաձայնությունները սրելու, նա իր ամբողջ չարակամությունը թափեց Թուրքիայում աշխատող հայաստանցիների գլխին, սպառնալով վտարել նրանց, ճիշտ այնպես, ինչպես իրենից առաջ, վարչապետ Թանսու Չիլլերն էր վարվել: Այդ արտագնա աշխատողները Թուրքիայում ապրում են որպես «քաղաքական խաղազինվորներ», կամ «պատանդներ»:
Մինչ հայերս, աշխարհի քաղաքակիրթ հատվածի հետ, տոնում էինք Գերմանիայի քաղաքական խիզախությունը, Ստամբուլից լսվեց մի անախորժ ճռնչյուն, հանձին Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի, ով նենգորեն զավթել է պատրիարքական գահը եւ հանդես է գալիս որպես իր «տիրոջ խոսնակը» հայկական համայնքում:
Աթեշյանը պատրիարք չէ: Նա Պոլսո հայոց պատրիարքի ընդհանուր փոխանորդն է, այն էլ ինքնակոչ, քանի որ ընտրյալ պատրիարք Մութաֆյան արքեպիսկոպոսը իր անբուժելի հիվանդության հետեւանքով դարձել է անկարողՙ կատարելու իր պարտականությունները: Անձնական փառասիրությունից դրդված եւ գործի դնելով զանազան մեքենայություններ, Աթեշյանն իրեն հռչակեց ընդհանուր փոխանորդՙ ծառայելու համար թուրքական պետության քաղաքական շահերին: Որեւէ ստոր անձնավորություն այդ պաշտոնում կվաճառեր իր խիղճն ու հոգին եւ նաեւ իր համայնքինըՙ հնարավորինս երկարաձգելու համար իր կեցությունն այդ անօրինական պաշտոնին:
Աթեշյանն Էրդողանին ուղղած իր նամակում նշում է. «Առաջին համաշխարհային պատերազմի ողբերգական շրջանում տեղի ունեցած իրադարձությունների մասին Գերմանիայի Ազգային ժողովի ընդունած որոշումը մեր ժողովրդի շրջանում խոր վիշտ է առաջացրել: Սրտից բխող եւ անկեղծ զգացմունքներով Ձերդ գերազանցությանը տեղեկացնում ենք, որ Թուրքիայի հայկական համայնքը կիսում է այս վիշտը»:
Հաշվի չառնելով Թուրքիայի հայ համայնքի ոգեւորությունը Գերմանիայի որոշման առթիվ, Աթեշյանը շարունակում է իր անազնիվ ուղերձը. «Ինչպես նշել ենք մի շարք առիթներովՙ տխրություն եւ ցավ է առաջացնում այն, որ հայ ժողովրդին պատուհասած ցավը խաղարկվում է միջազգային քաղաքական դաշտում: Ընդունված այս օրենքը եւ նույնաբնույթ այլ օրենքներ մեզ խորապես վիրավորում են: Ցավոք, հայ ազգի պատմության էջերի ցավը միջազգային քաղաքական հարթակում Թուրքիային եւ թուրք ազգին մեղադրելու եւ պատժելու համար որպես գործիք է ընկալվում»:
Միայն ստրկամիտ մարդը կարող է այնքան ստորանալ, որ գրի նման նվաստացուցիչ նամակ, երբ նույնիսկ ողջամիտ թուրքեր աշխարհով մեկ ողջունում են Բունդեսթագի որոշումը: Գերմանական խորհրդարանի տասնմեկ խիզախ թուրք պատգամավորներ, իրենց կյանքի գնով կողմ քվեարկեցին բանաձեւին, որի գլխավոր ձեւակերպողը կանաչների կուսակցության թուրք առաջնորդ Ջեմ Օզդեմիրն էր:
Ի դեպ, այն ժամանակ, երբ Թուրքիայի բնակչությունը իրո՛ք ազատ կլինի եւ հասուՙ ճշմարիտ պատմությանը, ի հակադրություն պետության կողմից ուռճացված հեքիաթների եւ ճոռոմաբանությունների, նա էլ կպաշտպանի ճշմարտությունը ինչպես Գերմանիայում ապրող այդ տասնմեկ ազատագրված թուրքերը: Դրա վրա էր Հրանտ Դինքը հույսը դրել: Նա հավատացած էր, որ երկրի ժողովրդավարացումը նաեւ կհեշտացներ Ցեղասպանության ճանաչումը: Բայց քանի Էրդողանն իր երկիրը ետ, դեպի խավարի դարաշրջան է տանում, այդպիսի հնարավորությունը չափազանց անհեռանկարային է դառնում:
Աթեշյանի նամակը անմիջական զայրույթ առաջացրեց ինչպես Թուրքիայի հայկական համայնքում, այնպես էլ ամբողջ աշխարհի հայկական համայնքներում եւ Մայր հայրենիքում, որտեղ Ազգային ժողովում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը նշելով, որ «սա պետական, ազգային դավաճանություն է բարձրաստիճան հոգեւորականի կողմից, որի նախադեպը Հայաստանի ողջ պատմության մեջ չի եղել», կոչ արեց Ամենայն Հայոց կաթողիկոսինՙ իրեն վերապահված լիազորություններով կարգալույծ անել Արամ արքեպիսկոպոս Աթեշյանին:
Բայց առավել մեծ խիզախություն է պահանջում նման հակադարձություն կատարել հենց Թուրքիայում: Բարձրաձայն ահազանգողը «Ակօս» շաբաթաթերթն էր, որի Աթեշյանին ուղղված բաց նամակում նշվում է. «Հայոց ցեղասպանությունըՙ որպես մարդկության դեմ իրականացված հանցագործություն, բացի հայերից, ողջ մարդկության խնդիրն է: …Ճիշտ է, այդ նամակը գրելու համար Ձեզ վրա գործադրված ճնշումը մեզ ցավ ու վիշտ է պատճառում: Բայց Թուրքիայի հայկական համայնքը վիրավորված է զգում իրեն ոչ թե բանաձեւի ընդունումից, ինչպես նշել եք դուք, այլ ձեր արտահայտած մտքերից ու գրած տողերից: …Աղոթում ենք Աստծուն, որ առողջ բանականություն, խելամտություն եւ ճիշտ ըմբռնելու կարողություն պարգեւի Ձեզ: Նաեւ աղոթում ենք, որ Աստված Ձեզանում արժանապատվության զգացումը արթնացնի, ինչը ակնհայտորեն բացակայում է Ձեր մեջ, քանի որ գրում եք, որ աղոթում եք, որ մարդկանց բարօրության համար աշխատող պետական այրերը հաջողությամբ ավարտեն իրենց գործը, այն դեպքում, երբ նրանք քաղաքացիական պատերազմ հրահրելով հազարավոր մարդկանց մահվան պատճառ են դառնում»:
Ակնարկն, անշուշտ, քրդական շրջաններում Էրդողանի կառավարության իրագործած կոտորածների մասին է, որոնց «հաջողության» համար է աղոթում հայ կղերականը:
Կարծես այս բոլորը քիչ է, վերջերս մի խումբ պատգամավորների շրջանում անցկացվող քննարկումների ժամանակ Աթաթուրքի հիմնած «Ազգային շարժում» ընդդիմադիր կուսակցության (MHP) առաջնորդ Դեվլեթ Բահջելին խոսակցության մեջ մտնելով ասել է. «1915 թվի տեղահանության որոշումը միանշանակ ճիշտ էր, եւ եթե հանգամանքները նույնը լինեն, պետք է նորից իրագործվի»: Բահջելիից առաջ, պաշտպանության նախկին մի նախարար Բրյուսելում հարց էր տվել. «կունենայի՞նք մենք Թուրքիայի ներկայիս սահմանները, եթե հայերին եւ հույներին տեղահանած չլինեինք մեր տարածքներից»:
Այնպես որ պաշտոնական Թուրքիան մնում է անհողդողդ: Չի զղջում իր կատարածի համար եւ առիթը ներկայանալու դեպքում պատրաստ է դարձյալ ցեղասպանություն գործել: Եվրոպան պարտավոր է աչալուրջ լինել եւ այդ երկիրը դուրս պահել Եվրոպայի սահմաններից, քանի որ նրա առաջնորդները Ցեղասպանությունը համարում են գործադրելի տարբերակ խնդիրները լուծելու համար:
Այսօրվա պատերազմն ընդդեմ քուրդերի այդ մտածելակերպի վառ օրինակ է: Երբ թուրք առաջնորդները չեն թաքցնում իրենց թշնամական մտադրություններն ընդդեմ փոքրամասնությունների, նրանք Աթեշյանի նման մարդկանց են օգտագործում համայնքներում, տվյալ դեպքումՙ հայկական համայնքում, իրենց կեղտոտ գործը առաջ տանելու համար: Նրան այդ պատրիարքարանի բարձր պաշտոնին են դրել հայկական համայնքի շահերի դեմ գործելու համար: Նաեւ իր անձնական բանկային հաշիվները ուռճացնելու համար: Հիշեցնենք, որ միջազգային աղմուկ առաջացրած Վանի Ախթամար եկեղեցու որպես թանգարան վերանորոգումն ու տարին մեկ անգամ այնտեղ պատարագ մատուցելը մի քանի տարի իրականացվելուց հետո, այլեւս մոռացության է տրվել: Դիյարբեքիրի եւ այլ շրջաններում բացված եկեղեցիները, որոնք մղում էին թրքացած հայերին վերադառնալ իրենց արմատներին, կառավարության կողմից ետ են վերցվել, կամ էլ անօգտագործելի դարձել: Աթեշյանը մերժում է այդ եկեղեցիներ ուղարկել հոգեւորականներին, որպեսզի երեխաների մկրտության եւ զույգերի ամուսնության արարողությունները կատարեն: Նա անտեսում է բոլոր նրանց, ովքեր դիմում են վերականգնելու իրենց հայկական ինքնությունը եւ ստիպում է նրանց հաճախել ասորական եկեղեցիներ: Նա կազմալուծել է պատրիարքարանի խորհուրդը, որն զբաղվում էր համայնքի առգրավված ունեցվածքի ձեռք բերման հարցերով: Ավելին, որոշ ժամանակ առաջ նա հայտարարել էր, որ պատրիարքարանը ի վիճակի չէ կառավարելու եւ հոգալու այդ բոլոր կալվածների հոգսը: Սա հենց այն էր, ինչ Էրդողանը ցանկանում էր լսել:
Վերջերս մեծ աղմուկ բարձրացավ Ստամբուլի հայկական համայնքի շրջանում, երբ հայտնի դարձավ, որ Աթեշյանը քաղաքի Շիշլի թաղամասում ձեռք է բերել 550 հազար դոլար արժողությամբ շքեղ մի առաձնատուն, որը նա շատ բնական է համարումՙ «համեմատած այլ հոգեւորականների ձեռք բերած կալվածների չափսերի հետ»:
Բայկոզի շրջանում համայնքը նույնպես արժեքավոր կալված ունի, որի կարգավիճակի կամ սեփականության մասին միայն Աթեշյանը գիտի: Դրա շուրջ համայնքի ուղղած բոլոր հարցերն առայժմ անպատասխան են մնացել: Երբ հայկական ընտանիքներ Թուրքիա են վերադառնում պահանջելու իրենց ժառանգված ունեցվածքը, Աթեշյանը նրանցից հավելյալ վարձատրություն է գանձում պատրիարքարանում համապատասխան թղթերը ձեւակերպելու համար եւ դա նույնպես շատ բնական է համարում:
Այն ժամանակվանից, երբ Մութաֆյան պատրիարքը անընդունակ դարձավ կատարելու իր պարտականությունները, համայնքի ներկայացուցիչները կառավարությանն են դիմում թույլտվություն ստանալու պաշտոնակից կամ նոր պատրիարք ընտրելու: Աթեշյանը, գիտակցելով որ ժողովրդականություն չի վայելում, ամեն կերպ խոչընդոտում է նման քայլերը: Իսկ թուրքական կառավարության համար նման հնազանդ անձնավորություն ունենալն այդ պաշտոնում չափազանց ձեռնտու է:
Հայաստանում մի քանի բարձրաստիճան հոգեւորականների պատասխանը Աթեշյանի նամակը մեկնաբանելու հարցին, շատ մեղմ է եղել: Նրանք նշել են, որ պատրիարքական փոխանորդը հավանաբար «կրակե զսպաշապիկ» է կրում եւ որ բացառված չէ, որ նրան ստիպել են գնալ նման դավաճանության:
Ժամանակն է, որ բոլոր բարձրաստիճան հոգեւորականները ոտքի կանգնեն եւ իրենց ձայնը լսելի դարձնեն: Աթեշյանին պատրիարքի կամ նույնիսկ նրա փոխանորդի պատշաճ ընդունելություն չպետք է կազմակերպել, երբ նա այցելի որեւէ հայկական համայնք: Նա պատրիարք չէ եւ զավթել է փոխանորդի պաշտոնը սոսկ ծառայելու համար թուրքական պետությանը, ի վնաս իր հարազատ ժողովրդի: Այդ մարդու աղետաբեր գործողությունների հանդեպ լուռ մնալը պետք է դիտարկվի մեղսակցություն: Թուրքահայերի ձայնը հասկանալիորեն խլացված է, չնայած խիզախ արտահայտություններ լսվում են, ինչպես օրինակ «Ակօսինը», ներկայացնելու համար համայնքի իսկական զգացմունքները:
Եթե միասնականություն չցուցաբերենք դատապարտելու նման անշրջահայաց հայտարարությունները, Աթեշյանը շարունակելու է չարաշահել իր պաշտոնը ի գոհունակություն Էրդողանի եւ նրա նմանների, որոնց նա ծառայում է հագուրդ տալու համար իր փառասիրությանը եւ վնասելու իր հոտին:
Թարգ. Հ. ԾՈՒԼԻԿՅԱՆԸ, The Armenian Mirror-Spectator շաբաթաթերթից