Առեւտրի համար ավելի ցածր, արտադրության համարՙ ավելի բարձր
Կառավարությանը դարձյալ առաջարկում է փոփոխություն կատարել շրջանառության հարկի շեմումՙ իջեցնելով այն: Սա խորհրդարան ներկայացված հարկային նոր օրենսգրքի հիմնական վիճելի կետերից մեկն է: Համենայնդեպս, հենց այս շեմի շուրջ կառավարության առաջարկին են բախվում պատգամավորական տեսակետներըՙ ինչպես իշխանական թեւը ներկայացնողներինը, այնպես էլ ընդդիմադիրներինը: Անկախ նրանից, որ նոր օրենսգրքի քննարկումները տեղի են ունեցել գործարար շրջանականերին միավորող կազմակերպությունների մասնակցությամբ, տարակարծությունները մնացել են: Շրջանառության հարկի նոր շեմը առաջարկվում է սահմանել տարեկան 40 մլն դրամը: Այսինքն, այդքան շրջանառություն ունեցող տնտեսվարողները կհամարվեն փոքր եւ միջին ձեռնարկություներ եւ կօգտվեն ավելի մեղմ ու հեշտացված հարկային դաշտից:
Հիշեցնենք, որ ներկայումս այդ շեմը կազմում է 113,4 մլն դրամ: Մոտ 1,5 տարի առաջ այն 58,35 մլն դրամ էր: Փոփոխությունը տեղի ունեցավ այն բանից հետո, երբ առեւտրով զբաղվողների համար կառավարությունը որոշեց իջեցնել շրջանառության հարկի չափը 3,5 տոկոսից մինչեւ 1 տոկոսի, երբ նրանք, որքան էլ արտասովոր կարող է թվալ առաջին հայացքից, սկսեցին բողոքել դրա դեմ:
Բանն այն է, որ, առաջարկելով ավելի քան 3,5 անգամ ցածր հարկ վճարել առեւտրային գործունեությամբ զբաղվողներին, նրանց առջեւ պահանջ էր դրվում փաստաթղթավորել ապրանքները, այսինքնՙ գործել առանց ստվերի: Առեւտրականները սկսեցին բողոքել ավելի ցածր հարկ վճարելու հնարավորության դեմ, քանի որ իրենց ստվերային շրջանառությունը բացահայտելու դեպքում, իրականում նրանք կսկսեին ավելի բարձր հարկ վճարել: Շրջանառություն, որը առնվազն 5-10 անգամ ավելին էր, քան ներկայացնում են իրենքՙ առեւտրականները: Բավական է նշել, որ շրջանառության հարկի դաշտում գործող մոտ 55 հազար տնտեսվարողները, (որոնցից մոտ 40 հազարը առեւտրով զբաղվողներ) վճարում են պետական բյուջեի եկամուտների ընդամենը մոտ 1 տոկոսը:
Մի խոսքով, կառավարությունը հերթական անգամ տեղի տվեց բողոքողների պահանջներին եւ գնաց այս փոփոխություններիՙ 5 տոկոս առանց փաստաթղթերի կամ 1 տոկոս փաստաթղթերով հարկ վճարելու ընտրությունը թողնելով տնտեսվարողների ընտրությանը: Միաժամանակ, բարձրացվեց շրջանառության հարկի շեմը մինչեւ 113,4 մլն դրամի, այն հիմնավորմամբ, թե փաստաթղթավորմամբ հարկ վճարելու ցանկություն ունեցողները եթե բացահայտեն իրենց իրական շրջանառությունը, հնարավոր է, որ դուրս գան 58,35 մլն դրամի շեմից եւ հայտնվեն ավելացված արժեքի հարկի դաշտ: Թեեւ, արդեն հիմա, որոշ ժամանակ անց, պարզ է, որ առեւտրով զբաղվողներից ոչ ոք չնախընտրեց աշխատել օրինական եւ փաստաթղթերով, հետեւաբար եւ շեմի բարձրացումը արդարացված չէր:
Առեւտրով զբաղվողների վճարած միջին ամսական շրջանառության հարկը 10-15 հազար դրամ է, իսկ ցույց տրվող շրջանառությունըՙ առավելագույնը 200-300 հազար դրամ: Անգամ եթե ցույց տրվեր իրական առավելագույն շրջանառությունըՙ մոտ 10 անգամ ավելի, ապա միեւնույնն է, տարեկան շեմը չէր գերազանցի 58,35 մլն դրամը: Այն ժամանակ առիթ ունեցանք գրելու, որ դա դժվարացնելու էր պետբյուջեի եկամուտների հավաքումը եւ միայն հասարակության մի խավի սուբյեկտիվ դժգոհություններին ընդառաջ գնալը ճիշտ չէ:
Մեր հրապարակումներից մեկում («Դժվարանում է պետբյուջեի եկամուտներ հավաքելը», «Ազգ», 5.09.2015 թ.) նշել էինք, որ առեւտրով զբաղվողները, ինչպես ակնկալում էր կառավարությունը, աստիճանաբար չանցան փաստաթղթավորման եւ օրինական գործունեության: Առաջացան նաեւ բյուջեի եկամուտների հավաքման խնդիրները: Նոր հարկային օրենսգիրքը ներկայացնելիսՙ սա խոստովանեց նաեւ պետեկամուտների կոմիտեի փոխնախագահ Վախթանգ Միրումյանը : Նա նշեց, որ շեմի բարձրացումից օգտվեցին խոշոր տնտեսվարողները, որոնք մասնատեցին իրենց ընկերությունը մի քանի փոքրերի եւ անցան շրջանառության հարկի դաշտ, սկսելով ավելի քիչ հարկեր վճարել: Այսինքն, տուժեցինք բոլորս, անգամ փոքր առեւտրականները, որոնց դաշտում հայտնվեցին ավելի խոշոր առեւտրային գործունեություն իրականացնողները: Հիմա, այս երեւույթի դեմ պայքարելու համար կառավարությունը ցանկանում է նվազեցնել շրջանառության հարկի շեմը մինչեւ 40 մլն դրամի:
Ընդհանրապես, նման դեպքերում կտրուկ փոփոխությունները անընդունելի են: Ճիշտ այնպես, ինչպես չէր կարելի 58 մլն դրամից շեմը կտրուկ բարձրացնել մինչեւ 113 մլն դրամ, այդպես էլ չի կարելի ավելի կտրուկ իջեցնել մինչեւ 40 մլն դրամ: Նկատի ունենալով վերջին մեկ-երկու տարվա ընթացքում արձանագրված գնանկումային միջավայրը, կարելի է շեմը վերադարձնել նույն 58,35 մլն դրամին, քանի որ շեմի բարձրացման պատճառաբանություններից մեկն էլ այն ժամանակ գնաճի ցուցանիշներն էին: Թեեւ ավելի ճիշտն այստեղ տարբերակված մոտեցում կիրառելն է, ինչի մասին բազմիցս ենք գրել:
Հայաստանում փոքր ու միջին բիզնես ասելով անմիջապես հասկանում ենք առեւտրով զբաղվողներին: Որքան էլ ցավալի է, հենց նրանք են գերակշռում շրջանառության հարկի դաշտում, կազմելով մոտ 80 տոկոսը: Մինչդեռ միայն նրանց համար է շրջանառության հարկի տոկոսադրուքի իջեցում նախատեսված: Փոխարենըՙ արտադրության համար շրջանառության հարկի տոկոսադրույքը 3,5 տոկոս է, ծառայությունների համարՙ 5 տոկոս: Նման անարդար հարկային դաշտը փոքր բիզնեսում փաստորեն խրախուսում է ներմուծումը, այդ թվում մեր թշնամի երկրիցՙ Թուրքիայից:
Միանշանակ է, որ նախեւառաջ փոքր արտադրությունները պետք է ունենան ամենացածր տոկոսադրույքը, ոչ թե առեւտրականները, որպեսզի խրախուսենք տեղական փոքր արտադրությունների զարգացմանը: Դա կնպաստի նաեւ առեւտրի ծավալների ավելացմանը, քանի որ առեւտրով զբաղվողները կսկեն վաճառել տեղական ապրանքները եւ մեր երկրից դուրս եկող միջոցների մի զգալի մաս կշրջանառվի մեր երկրում:
Հարկային տոկոսադրույքի հետ միասին հարկ է նաեւ տարբերակված մոտեցում շրջանառության հարկի շեմի հարցում: Դարձյալ առեւտրով զբաղվողների համար կարող է դա լինել 40 մլն կամ 50 մլն դրամ, իսկ փոքր արտադրությունների համարՙ նախկին 58 մլն դրամը կամ գուցե ավելի բարձր: Արտադրության դեպքում, օրենքը շրջանցելով հարկման ավելի հեշտ դաշտ անցնելը բարդ է, քան առեւտրում, որը դժվար վերահսկելի է:
Դժվար է ասել, թե ո՞ր մոտեցումը կգերակշռի կառավարությունում եւ Ազգային ժողովում: Դա կախված է նաեւ մոտալուտ նախընտրական տարով: Պատգամավորների մեծ մասը, սովորության համաձայն, կղեկավարվեն ոչ թե համընդհանուր, համապետական շահով, այլ առեւտրականների խավին դուր գալու եւ ձայներ ստանալու ակնկալիքով: