2015-ի ապրիլի 24-ին Բունդեսթագի նիստում քննարկման էր դրվել 3 առաջարկՙ կոալիցիայի միասնական ՔԴՄ- ՔՍՄ եւ ՍԴԿ խմբակցության ներկայացրած «100 տարի առաջ հայերի տեղահանման ու կոտորածների հիշողության եւ հիշատակման» վերաբերյալ հայցադիմումը, Ձախերի «1915-16-ին Հայոց ցեղասպանության 100-ամյա հիշատակին. Գերմանիան պիտի նպաստի պատմության վերանայմանն ու հաշտեցմանը» տարբերակը եւ Կանաչների ներկայացրած «Ի հիշատակ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի. աջակցել հաշտեցմանըՙ վերանայման եւ փոխանակման միջոցով» վերնագրյալը:
Ժամանակին գրել ենք, որ քննարկմանը հրաշալի հռետորներ գտնվեցին, մեր միտքը, սիրտն ու մանավանդ հոգին ալեկոծվեցին, բայց նույն դահլիճում նստած, նույն փաստարկները մեզանից լավ սերտած արտգործնախարար Ֆրանկ Վալտեր Շթայնմայերը, կանցլեր Անգելա Մերկելը ու նրանց նման պրագմատիկ այլ գործիչներ դեմ էին, քվեարկություն չեղավ, առաջարկներն ուղարկվեցին լրամշակմանՙ հատկապես արտաքին հանձնաժողովին հանձնելով դրա տնօրինումը:
«Ե՞րբ է Բունդեսթագը նորից քննարկելու հարցը» բարեբախտաբար հուզում էր ոչ միայն հայ լրագրողիս, այլեւ գերմանացի մյուս գործընկերներիս, որ վերջին մեկ տարում գերմանական հանրությանն այնքան իրազեկեցին խնդրի հրատապությանը, որ հայոց պահանջը, թող թույլ տրվի ասել, Գերմանիայում դարձավ հասարակական պահանջ: Այդուհանդերձ, նույնիսկ Թուրքիայում անցյալ ամռանը կայացած ընտրություններից հետո բանաձեւին չանդրադարձավ Բունդեսթագը, քանի որ փախստականների օրեցօր աճը Թուրքիային մերթ գործընկեր, մերթ դաշնակից, մերթ գործիք էր դարձնում, գերմանացի հանրությանՙ Հայոց ցեղասպանության հարցում Թուրքիային պատասխանատվության ենթարկելու պահանջը Բունդեսթագից հեռացնելով:
Նույնիսկ գերմանական լրատվամիջոցների համար էր անակնկալՙ Բունդեսթագի օրակարգում հարցը հայտնվեց 2016- ի փետրվարի 25- ինՙ փախստականների հարցերին վերաբերող առավոտյան տաք քննարկումներից հետո, Դաշինք 90/ Կանաչներ խմբակցության ներկայացրած «100 տարի առաջ իրականացված Հայոց ցեղասպանության հիշատակումն ու ոգեկոչումը» վերնագրով: Նիստի մասին արդեն գրել ենք, ուստի ամփոփՙ կոալիցիան ներկայացնող պատգամավորները հստակ ձեւակերպեցինՙ ԵՄ- Թուրքիա բանակցություններից առաջ նպատակահարմար չեն գտնում քվեարկության դնել նման բանաձեւ, բայց մինչ ապրիլի 24-ը բանաձեւը կհայտնվի խորհրդարանում: Չեմ կարող մոռանալ պատգամավորներից Յոհանն Վադեֆուլի ասածըՙ չենք կարող վստահեցնել, թե 24-ը իրատեսական է: Այդպես էլ եղավՙ ԵՄ-Թուրքիա բանակցություններն ավարտվեցին, բայց Հայոց ցեղասպանության բանաձեւը հունիսի 2-ին օրակարգ մտնելու մասին հայտարարվեց այն ժամանակ, երբ Թուրքիայում խոսքի ազատության, մարդու իրավունքների հարցն այլեւս գերմանացիների չափանիշներով անթույլատրելիի սահմանը հատեց. գերմանացի մի քանի լրագրողի չհավատարմագրեցին, հումորիստ Բյոմերմանի Էրդողանին վիրավորող չափածո տողերը Թուրքիայի պահանջով, Մերկելի արտոնությամբ հայտնվեցին դատական կշեռքի նժարին… ապրիլի 27-ին Բունդեսթագը նիստ գումարեց «Թուրքիայում մամուլի եւ կարծիքի ազատության վիճակը» քննելով: Նիստին հստակ ուրվագծվում էր, որ նույնիսկ եվրոպական հիմնարար արժեքներիցՙ խոսքի ազատության սահմանափակումը որոշ պատգամավորների համար այնքան վտանգավոր չէ, որքան Թուրքիայի հետ ունեցած տարիների դաշնակցության մասին մոռանալը: Նիստի ավարտին հստակ էր մի բանՙ Գերմանիան չի մոռանում, բայց…
Նախադասությունը տարբեր կերպ է շարունակվում, մանավանդ վերջին օրերին. փախստականների հարցով բանակցություններից հետո, երբ Գերմանիան հայտարարեց, թե Թուրքիան չի կատարել 72 կետերը, մանավանդ սահմանադրության մեջ առկա ահաբեկչության մասին հոդվածը վերացնելու պահանջը, ուստի խոստացված վիզային ազատ կարգը չի կարող գործել: Էրդողանի պատասխանը չուշացավՙ ուրեմն Թուրքիայի խորհրդարանը չի վավերացնի փախստականների հարցերով ձեռք բերված պայմանավորվածություն- գործարքը: «Ու ի՞նչ է լինելու հիմա» գերմանացի լրագրողների հստակ հարցին գերմանացի քաղաքական գործիչների պատասխանը մոտավորապես այսպիսի ձեւակերպում ունի այժմՙ պիտի երկխոսենք: Այդ երկխոսության մեջ ինչպիսի՞ դերակատարում է ստանում հունիսի 2-ին քննվելիք բանաձեւը: Անցյալ տարի մամուլն այնքան գրեց բանաձեւի մասին, որ հստակ ուրվագծվում էր այնտեղ առկա բառապաշարը: Այս անգամ միայն վերնագիրն ենք տեսելՙ հունիսի 2-ին ժամը 11.10-ին Բունդեսթագը 1 ժամանոց քննարկման կներկայացնի ՔԴՄ- ՔՍՄ, ՍԴԿ եւ Կանաչների խմբակցությունների ներկայացրած միասնական առաջարկը «Հայերի եւ այլ քրիստոնյա փոքրամասնությունների ցեղասպանության 101-ամյա հիշատակն ու ոգեկոչումը», ինչպես նաեւ առանձին Ձախերի ներկայացրած բանաձեւի առաջակը, որ Գերմանիայի կառավարության առջեւ պահանջ է դնում «անվերապահ ճանաչել գերմանական ռայխի պատմական համապատասխանատվությունը Հայոց ցեղասպանության հարցում»: Փետրվարյան նիստին Ձախերից Ուլլա Յելփկեն ասացՙ եթե քննարկումն այդ օրը լիներ, իրենք դեմ էին լինելու, քանի որ բանաձեւի վերնագրում, ճիշտ է, առկա է ցեղասպանություն եզրույթը, բայց բովանդակային մասում լավ ձեւակերպված չէ, ինչպես նաեւ նվազեցված է Գերմանիայի համապատասխանատվության մասը , եւ իրենք նոր նախագիծ են ներկայացնելու:
Բանաձեւի վերնագրում ամրագրված ցեղասպանություն եզրույթը, նկատել ենք, գերմանական մամուլում ոչ միշտ է, որ կիրառվում է: Երբեմն գրում են, երբեմն հինՙ կոտորածներ, տեղահանություններ, բնաջնջում տարբերակներն են կիրառում, որ արտոնում է ենթադրել, թե վերնագրում բառեզրի ամրագրումը դեռեւս հույս կամ հիմք չի տալիս հստակ արձանագրելու, թե քննարկման դրվելիքը այն է, ինչ ակնկալում ենք: Մանավանդ մասնագիտական աչքն արդեն նկատել էՙ «հայերի եւ քրիստոնյա այլ փոքրամասնությունների» գրելու փոխարեն հարցը պարտավոր են դիտարկել «բնիկ ժողովուրդների» համատեքստից ելնելով:
Ինչպե՞ս կքվեարկի Բունդեսթագը, դժվար է ասել: Բայց հայտնի է արտգործնախարար Շթայնմայերի (ՍԴԿ) անփոփոխ կարծիքը, որ կախված չէ բառեզրի կիրառումից: Մայիսի 16-ին «Թագեսշպիգելը» փոխանցել էրՙ «Հույս ունեմ, որ գերմանա-թուրքական հարաբերությունները բանաձեւի պատճառով չեն ծանրաբեռնվի եւ հետագայում էլ լավ կհամագործակցենք», եւ իր ցանկությունն իհարկեՙ որ Գերմանիան նպաստի Թուրքիայի եւ Հայաստանիՙ պատահածին միասնաբար առերեսվելու, ինչպես նաեւ մերձեցման գործընթացին, քաջ իմանալով, որ հեշտ չէ, երկու կողմն էլ զգայնություններ ունեն պատմության հետ հարաբերվելու իմաստով: Այն հարցին, թե ինչպես է քվեարկելու, ԳԴՀ արտգործնախարարը պատասխանել էՙ սոցիալ դեմոկրատական կուսակցությունը փակ քվեարկություն է իրականացնելու:
Շթայնմայերին ուղղված բողոքի բաց նամակ հրապարակվեց, որի տակ ստորագրեցին Գերմանիայում ճանաչում գտած երեք տասնյակից ավելի գիտնականներ, մտավորականներ: «Զյուդդոյչե ցայթունգին» Կանաչների ղեկավար Էոզդեմիրն ասել էրՙ Բունդեսթագը թույլ չի տա, որ մի բռնակալ ճնշի իրեն: Նույն կարծիքն են արտահայտել մյուս խմբակցությունների ղեկավարներըՙ Ֆոլքեր Քաուդերը (ՔԴՄ-ՔՍՄ), Թոմաս Օփփերմաննը (ՍԴԿ):
Ցեղասպանություն բառեզրը հունից հանել է Թուրքիային, եւ նա մեծացնում է ճնշումը: Սկզբում Բեռլինում իր դեսպանի միջոցով: Իսկ առաջիկա շաբաթ օրը զորաշարժի է ենթարկում Գերմանիայում, Եվրոպայում բնակվող իր գույնզգույն մարդուժըՙ «Բունդեսթագը իրավասու չէ, խորհրդարանը դատարան չէ» գրությամբ պաստառներն արդեն պատրաստ են: Նրանց հորդորել են նաեւ էլեկտրոնային նամակներ, ֆաքս ուղարկել գերմանացի պատգամավորներինՙ կանխելու բանաձեւի ընդունումը, որ ըստ ձեւակերպումների «կծանրաբեռնի ոչ միայն Գերմանիայի եւ Թուրքիայի կառավարությունների հարաբերությունները, այլեւ թուրք եւ գերմանացի ժողովուրդների կապերը: Բանաձեւը թույն կդառնա երկու ժողովուրդների խաղաղ գոյակցության, կրակի վրա յուղ կլցնի»:
Հունիսի 25-ին լսվեց նաեւ Ադրբեջանի ձայնը Europe online-ում: «Հուսախաբ ենք, որ Բունդեսթագը ցեղասպանություն բառեզրով է ուզում որակել 100 տարի առաջ հայերի դեմ կատարվածը», ասել էր Ադրբեջանի խորհրդարանի փոխխոսնակ Բահար Մուրադովանՙ պատգամավորների «շրջահայաց լինելու» որակին ապավինելով եւ հավատալով, որ նրանք դա թույլ չեն տա:
Մյուս կողմիցՙ մեր կարծիքով, առավել լուրջ հակազդեցություն էլ կա, որ քողարկված բնույթ է կրում: «Բեռլիներ ցայթունգի» մայիսի 24- ի համարում տպագրված « Հայերի ցեղասպանության լոկ դատապարտումը բավարար չէ» հոդվածում գերմանացի հայտնի պատմաբան Ալի Գյոթցը, ճիշտ համարելով Բունդեսթագի քննարկման նյութը, նշում էՙ բանաձեւը չպետք է միայն թուրքերին դիտարկի որպես կատարողներ, իսկ հայերինՙ զոհեր, այլ նաեւ ուրիշների, որոնք մասնակից են դարձել: Հետո մեջբերում է պատմաբան Քրիստիան Գերլախի 2010- ին լույս տեսած «Ծայրահեղ բռնարար հանրություններ» հատորից մի հատված «Թուրքերը, քրդերը, արաբները եւ հույները հետաքրքրված էին հայ կանանց կամ երեխաներին որպես հավելյալ աշխատուժ կամ իրենց սեռական պահանջները բավարարելու համար», քրդերն էլ հարյուր հազարավոր հայերի կողոպտել ու կոտորել են», նշում է Գյոթցըՙ մեկ ուրիշ առաջարկ էլ չմոռանալովՙ բանաձեւից բացի պատմաբանների միջազգային հանձնաժողով կազմելու մասին, որ պիտի ուսումնասիրի նաեւ 1915-ից առաջ մահմեդականների հանդեպ քրիստոնյաների իրականացրած տեղահանություններն ու կոտորածները:
Թուրք-ադրբեջանական հակազդեցությունից առավել վտանգավորը գերմանացիների ծուղակներն են, որ հուսանք Բունդեսթագում չեն գերակշռելու:
Գերմանիա