Նրա «ունեզրկենք ունեզրկողներին» կոչըՙ բավականին մոդայիկ
Խորհրդային Միությունում կոմունիստական բազմաթիվ պաթետիկ եւ քարոզչական լոզունգներից մեկն էլ սա էրՙ «Լենինի գործն անմահ է»: Մարդիկ էլ մեծամասամբ համապատասխան ձեւով էին վերաբերվում տարբեր շենքերին փակցված նման լոզունգներին` արհամարհում էին, կատակներ անում կամ պարզապես աննկատ անցնում: Բնական է, որ ոչ մեկի մտքով չէր անցնում, թե երբեւէ խոհրդային երկիրը կփլուզվի, առավել եւսՙ որ փլուզումից տասնամյակներ անց նման լոզունգները կվերադառնանՙ քանի որ շատ ամուր նստած են մեր ինքնագիտակցության մեջ: Առավել արտասովորն այն է, որ դրանք ուղենիշ եւ գործելաոճ կդառնան Խորհրդային Միությունը չտեսած նոր սերնդի համար:
Հատկանշական է, որ 90-ականներին կարծես թե բոլորը հասկացան, որ այլեւս չկա պլանային-սոցիալիստական տնտեսությունը եւ հիմա այն շուկայական է, որ գներն էլ լինելու են շուկայական, ոչ թե պետության կողմից սահմանվող, որ լինելու է մասնավոր սեփականություն, որ հենց մասնավոր բիզնեսն է լինելու տնտեսության շարժիչ ուժը, որ յուրաքանչյուրն ունի սեփականության իրավունք, որ ոչ ոք իրավունք չունի նրանից կամայական ձեւով խլելու այն եւ այլն, եւ այլն: Սակայն անցավ 20-25 տարի եւ պարզվեց, որ մեզանում, այդուհանդերձ, թե կոմունիստական գաղափարները, թե մոտեցումները պահպանվել են եւ վերածնունդ են ապրում :
Նախՙ դա դրսեւորվեց շուկայական գների դեմ ծավալված կատաղի պայքարովՙ «թույլ չենք տա թանկացում» (տրանսպորտի, էլեկտրաէներգիայի եւ այլն) կարգախոսով: Ինչն, ըստ էության, նշանակում էՙ թույլ չենք տա շուկայական տնտեսություն: Շեշտենք, որ խոսքը ոչ թե այն մասին է, թե որքանո՞վ են հիմնավոր շուկայական գների փոփոխությունները եւ ինչպե՞ս փոխհատուցել դրա սոցիալական ոչ նպաստավոր հետեւանքները, այլ որ թանկացում թույլ չենք տա եւ վերջ: Ո՞վ իրեն նեղություն կտա ուսումնասիրել գների փոփոխության իրական պատճառները, տեսնել դրա օբյեկտիվ կամ սուբյեկտիվ կողմերը: Չէ՞ որ առանց երկար-բարակ մտածելու, «թույլ չենք տա» ասելով, անմիջապես դառնում ես հանրահավաքների եւ սոցիալական ցանցերի հերոս: Ինչպե՞ս կարելի է սա փոխարինել ինչ-որ հաշվարկներ կատարելով, որի մասին ոչ ոք չի իմանա եւ արդյունքում էլ կարող է պարզվել, որ գների փոփոխությունն իսկապես օբյեկտիվ պատճառներով է տեղի ունեցել: Մի խոսքով, գները զսպելու կոմունիստական լոզունգը վերոնշյալ երկու ոլորտներում գործի դրվեց:
Արդյունքում, Երեւանի հասարակական տրանսպորտի ավելի քան 30 երթուղիներ փակվեցին, քանի որ ոչ շահութաբեր եղավ նրանց գործունեությունը, այդ երթուղիներում աշխատողները մնացին առանց աշխատանքի, իսկ հազարավոր երեւանցիներ էլ այդ պատճառով ստիպված եղան երկու երթուղի փոխել իրենց ցանկացած վայրը հասնելու համար, վճարելով ավելին, քան կվճարեին տրասնպորտի սակագնի նախատեսված չափով բարձրանալու պարագայում: Մյուսըՙ էլեկտրաէներգիայի սակագնի սուբսիդավորումն էր, որի արդյունքում անցյալ տարվա օգոստոսից սկսած, ամսական մոտ 2 մլն դոլար (կեսըՙ պետական միջոցներից), ըստ էության, փոշիացվում է, քանի որ յուրաքանչյուր ընտանիքին ամսական 800-1000 դրամ լրացուցիչ ծախսի փոխհատուցումը ոչ մի սոցիալական խնդիր չի լուծում: Այդ գումարը կարելի էր ուղղել ավելի կոնկրետ սոցիալական ծրագրերին, օրինակ իրացման գոտու անօթեւան մնացածների կամ մինչ այժմ անտանելի պայմաններում բնակվողՙ Ադրբեջանից փախստական դարձած մեր հայրենակիցների համար բնակարաններ կառուցելուն: Ինչեւէ:
Հիմա էլ անցել ենք նոր փուլին: Դրա էությունը մոտավորապես հետեւայլն է, եկեք հարուստներից վերցնենք նրանց գույքը (մասնավորապես մեքենաները) եւ դա ուղղենք բանակին: Կամ պետական աշխատողների մեկ ամսվա աշխատավարձերը ուղղենք Արցախին: Հետաքրքրական է, որ վերջին հիմարության հեղինակները փորձել են մեղմացնել իրենց առաջարկի անհեթեթությունը եւ ավելացրել, որ նրանց վարկային պարտավորությունները պետք է զիջվեն: Ստացվել է ավելի մեծ հիմարություն:
Առաջինՙ ովքե՞ր եք դուք, որ ձեզ իրավունք եք վերապահում ավելի հայրենասեր երեւալ, քան պետական համակարգում աշխատող տասնյակ հազարավոր մարդիկՙ քաղաքացիական ծառայողներ, մանկավարժներ, գիտնականներ, բժիշկներ եւ այլն: Երկրորդՙ ինչո՞վ են պետական աշխատողները տարբերվում մասնավոր հատվածում աշխատողներից, եթե նման պահանջ դրվում է միայն պետականի առջեւ: Երրորդ, ի՞նչ իրավունք ունեք մարդկանց ստիպել հրաժարվելու իրենց աշխատավարձից, եւ այդ դեպքում այդ աշխատավարձով ապրող մարդիկ ինչպե՞ս են գոյատեւելու մեկ ամիս: Կամՙ ո՞վ է ձեզ իրավունք տվել մասնավոր, ֆինանսական կազմակերպությունների փոխարեն որոշել զիջել վարկերը, թե՞ չզիջել: Կամՙ ի՞նչ կապ ունեն վարկային պարտավորությունները այստեղ, հատկապես եթե շատերը չունեն նման պարտավորություններ: Մի խոսքով, ի՞նչ է սա, եթե ոչ բոլշեւիկների կառավարման առաջին տարիներին գոյություն ունեցող «պարենային դիկտատուրա», երբ դարձյալ վկայակոչելով ռազմաճակատի կարիքները, մարդկանցից բռնութամբ խլում էին նրանց վերջին ունեցվածքը: Ազգային միասնականությունը ապրիլյան պատերազմի օրերին ու նաեւ հիմա, առանց նման հիմար մտքեր բլթացնողների էլ, հրաշալի դրսեւորումներ է արձանագրում եւ արդյունքներ տալիս:
Հիմա «մեքենաները ծախելու եւ զենք գնելու» մասին: Ասել, թե դա անլուրջ է, նշանակում է ոչինչ չասել: Այդպես խոսում են մարդիկ, ովքեր գաղափար անգամ չունեն, թե ի՞նչ արժե այս կամ այն զինատեսակն ու սպառազինությունը եւ քանի՞ հազար մեքենա պետք է ծախսել, որ ինչ որ բան գնեն: Առաջանում են նաեւ այլ հարցերՙ իսկ ովքե՞ր պետք է գնեն վաճառվող մեքենաները, իսկ դրանից հետո նրանց էլ ե՞նք ասելու ծախեք, որ զենք առնենք եւ ո՞ւր ենք այդպես հասնելու: Սա խնդրի միայն մեկ կողմն է: Երկրորդը դարձյալ նույն կոմունիստական մոտեցումն էՙ հարուստները վատն են, նրանցից պետք է խլել ունեցվածքը: Ճիշտ եւ ճիշտ ինչպես 1917 թ.-ի հոկտեմբերյան հեղափոխության ժամանակ: Չէր խանգարի հիշել, թե ինչ դրան հաջորդեց, քանի տասնյակ միլիոնավոր մարդիկ զոհվեցին եղբայրասպան ներքին պատերազմում Ռուսաստանում եւ նրա կազմի մեջ մտնող այլ տարածքներում: Ի՞նչ կլինի Հայաստանում, եթե իրականացնենք լենինյան «ունեզրկենք ունեզրկողներին» կոչը: Դարձյալ ժողովրդի մի մասին կհանենք մյուսի դեմՙ դրանից բխող բոլոր բացասական հետեւանքներով երկրի ներսում, միաժամանակ հրաշալի նվեր մատուցելով մեր թշնամի Ադրբեջանին:
Այն, որ Հայաստանի տնտեսության մեջ ստվերային տնտեսությունը մեծ ծավալներ ունի, տասնյակ անգամներ գրել ենք եւ ահազանգել, որ դա վտանգում է երկրի անվտանգությունը: Երբ գրում էինք բիզնեսին, հատկապես արժեքներ չստեղծող առեւտրով զբաղվող բիզնեսին արդյունավետ հարկելու մասին, որպեսզի հնարավոր լինի ավելի մեծ ծախսեր անել սոցիալական ոլորտի եւ երկրի պաշտպանության համար, ներկայիս «ունեզրկողները» հեգնանքով էին խոսում «բյուջե լցնելու» մասին: Մինչդեռ հիմա պարզվում է, որ իրենք են ամենա-ամենա հայրենասերներըՙ համակարգչի առջեւ նստած էժանագին հեղինակություն բերող կոչերով:
Աշխարհում այլ բան չեն հորինելՙ պետք է ունենալ զարգացած տնտեսություն, որը պետք է պարտաճանաչ հարկեր վճարի, որն էլ ուղղվի աշխատավարձերին, թոշակներին, պետական ծրագրերին եւ բնականաբարՙ նաեւ երկրի պաշտպանությանը: Ոչ մի դրամահավաքով, ոչ մի երկիր ի վիճակի չէ իր ռազմական ծախսերի չնչին մասն անգամ իրականացնել: Առավել եւսՙ մեքենաներ առգրավելով ու վաճառելով: Այն, որ այս ամենի մասին հանրության լայն շերտերը, հատկապես նրանք, ովքեր հիմա սովորելու տարիքում են գտնվում, գաղափար չունեն, նաեւ պետության մեղքն է: Պետության կառավարողները պետք է պարզաբանեն, ներկայացնեն, պետական կառույցները, հատկապես կրթականՙ ուսուցանեն այս ճշմարտությունները, որպեսզի մարդկանց գիտակցությունը չվերադառնա իր դարն ապրած մեթոդներին դիմելուն:
Մյուս կողմիցՙ ունեւոր, հատկապես շատ ունեւոր խավը իսկապես որ պետք է ավելի մեծ պարտավորվածություն ունենա երկրի անվտանգության համար, քան մնացած խավերը: Նրանք նույնպես պետք է գնան զոհողությունների, որն ընդամենը նյութական զորոհողություն է լինելու: Նախեւառաջՙ նրանք պետք է դառնան պարտաճանաչ հարկատուներ: Սա թիվ մեկ պահանջը պետք է լինի խոշոր եւ ոչ միայն խոշոր բիզնեսի առջեւ, ինչի մասին հերթական անգամ շեշտում ենք: Հանրություննն էլ, այո, իրավունք ունի ունեւորներից ակնկալելու այդ զոհողությունները, պետության ղեկավարությունն իր հերթին պետք է նրանց առջեւ որոշակի պարտավորություններ դնի: Նման մի փորձ ունեցել ենք, երբ վարչապետը խոշոր գործարարների հետ հանդիպմանը առաջարկեց վերանայել իրենց հարկային հաշվետվությունները եւ նվազեցնել ստվերային գործունեությունը: Ռազմական կացության պարագայում կարելի է պետության կողմից նման հորդոր եւ ինչ-որ առումով պահանջ դնել նաեւ հիմա, բայց դա ոչ մի դեպքում չպետք է դառնա ունեցվածք խլել: Դա սկզբունքորեն անընդունելի է որպես պետություն, հատկապես որպես մշտական պատերազմական վիճակում գտնվող երկիր: Դա նաեւ վտանգավոր է երկրի տնտեսության համար:
Առանց այն էլ ներդրումների առատությունից չենք խեղդվում, հիմա էլ վախեցնենք, որ մեզ մոտ հարուստների մեքենաներ կամ գույք են խլումՙ անկախ նրանից, թե ով ինչպե՞ս է հարստացել: Եթե դա տեղի է ունեցել ապօրինի ճանապարհով, ապա նման դեպքում պետք է լինի պատասխանատվություն օրենքի առջեւ, բայց դարձյալ ոչ «սամասուդով»: Քիչ թե շատ մտածելու ունակություն ունեցող մարդը իրեն պետք է հարց տա, նման կերպ վարվելու դեպքում ո՞վ կցանկանա ներդրումներ կատարել Հայաստանում, տնտեսություն զարգացնել եւ աշխատատեղեր ստեղծել: Թեեւ բացառված չէ, որ կրկին դիմեն լենինյան լոզունգներին, ասելովՙ «պետությունը թող անի»: Չենք կրկնվի, թե երբ 70 տարի պետությունն էր դա անում, ինչ եղավ վերջում: Պարզապես արձանագրենք, որ նման կաղապարներ ունեցողների դեպքում, ինչպես ընդունված է ասելՙ բժշկությունն անզոր է :