Այսուհետ ամերիկացիները կարող են կուբայական սիգար ծխել…
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման իր տիկնոջ հետ մարտի 20-ին եւ 21-ին պատմական այցելություն կատարեց Հավանա, որտեղ Կուբայի ղեկավար Ռաուլ Կաստրոյի հետ հանդիպման ժամանակ չմոռացավ խոսել մարդու իրավունքների մասին: 1928 թվականից ի վեր ամերիկացի որեւէ նախագահ չէր այցելել Կուբա, իսկ 1959 թ. հեղափոխությունից հետո ԱՄՆ իշխանությունները այդ երկրի նկատմամբ սահմանել էին բեռնարգելք, որը 1961-ին ավարտվել էր երկկողմ դիվանագիտական հարաբերությունների խզմամբ:
2014 թ. դեկտեմբերի 17-ին Բարաք Օբաման հայտարարեց Կուբայի ժողովրդի հանդեպ ԱՄՆ վերաբերմունքի «արմատական փոփոխման» մասին: «Մենք վերջ ենք դնում հնացած մոտեցմանը, որը տասնամյակներ շարունակ խանգարում էր մեր շահերին… Այդ 50 տարիները ցույց տվեցին մեկուսացման ապարդյունությունը: Եկել է նոր մոտեցման ժամանակը», ընդգծեց Օբաման:
Անշուշտ, նման արմատական քայլը պայմանավորված էր քաղաքական ու տնտեսական մի շարք պատճառներով:
Հումանիզմ եւ շահ
Բարաք Օբամայի եւ Ռաուլ Կաստրոյի հայտարարություններն ուրախացրին շատերին, մանավանդՙ Կուբայում: Ազատության կղզին բավական ծանր վիճակում է: Թեեւ վերջին տարիներին Հավանայից ոչ հեռուՙ Մարիել նավահանգստի շրջանում բացվել է ազատ առեւտրի գոտի, թույլատրվել է սահմանափակ ձեռնարկչական գործունեություն, բայց տնտեսության մեջ պահպանվում է ճնշող անորոշությունը: Կուբան նշանակալի չափով կախված է վենեսուելական նավթի մատակարարումներից, իսկ Վենեսուելան ներկայումս տնտեսական ճգնաժամի մեջ է: Ներկայիս նախագահ Նիկոլաս Մադուրոն իր նախորդիՙ Ուգո Չավեսի չափ հեղինակություն չունի, իսկ ԱՄՆ-ի աջակցությունը վայելող ընդդիմությունը հույս ունի տիրել իշխանությանը: Նման պայմաններում հակակուբայական պատժամիջոցների մեղմացումը եւ բեռնարգելքի վերացման հեռանկարը գոյատեւման հավելյալ հնարավորություն են տալիս Կաստրոյի վարչակարգին:
ԱՄՆ-ում մտավորականության ազատական ներկայացուցիչները եւ ակադեմիական շրջանակները վաղուց բարբարոսություն եւ վայրենություն են համարում հակակուբայական բեռնարգելքը, որից առաջին հերթին տուժում են հասարակ կուբացիները, ում Սպիտակ տունն այդ ձեւով իբր պաշտպանում է Կաստրոյի բռնապետությունից:
Սակայն Կուբայի հետ հարաբերությունների ջերմացումը առավել մեծ բարիքներ է խոստանում ամերիկյան ընկերություններին: Ներկայումս Կուբայի շուկայում ազատորեն գործում են ուրիշ երկրների ընկերություններ, եւ ամերիկացի ձեռնարկատերերը հասկանում են, որ իրենց հապաղումը լոկ կուժեղացնի մրցակցությունը: Ազատության կղզու հետ հարաբերությունների վերականգնմամբ հատկապես շահագրգռված է ագրոբիզնեսը: Փորձագետները հաշվարկել են, որ Կուբայում շուկայի տարեկան պահանջները հասնում են 2,5 մլրդ դոլարի, եւ դրա առյուծի բաժինը կազմում է պարենը: Մեծ եկամուտ կարող են ունենալ նաեւ զբոսաշրջության ֆիրմաները. հարցումները վկայում են, որ տարեկան 5 մլն ամերիկացի պատրաստ է այցելել Կուբա:
Վերջապես, բեռնարգելքի վերացման շնորհիվ ԱՄՆ-ը կամրապնդի իր դիրքերը Արեւմտյան կիսագնդում: Կաստրոյի վարչակարգին չհամակրող Կանադան եւ Կոլումբիան անգամ ՄԱԿ-ում ամեն տարի քվեարկում են հակակուբայկաան բեռնարգելքի վերացման օգտին: Հավանայի հետ հարաբերությունները կարգավորելովՙ Վաշինգտոնը հակամարտության եւս մեկ պատճառ է վերացնում այն երկրների հետ իր հարաբերություններում, որոնց փորձում է պահել սեփական ազդեցության ոլորտում:
Հին վիրավորանքներ
Ամենքը չէ, որ գոհ են Օբամայի որոշումից: Գլխավոր ընդդիմախոսների թվում են Կաստրոյի վարչակարգից փախած կուբացի տարագիրները եւ նրանց սերունդները: Կուբայական համայնքը պատկառելի ներկայացուցչություն ունի Կոնգրեսում: Կուբացի սենատորները, անկախ կուսակցական պատկանելությունից, Կուբայի հարցում մշտապես եղել են «ճուռակներ», ակտիվորեն մասնակցել են հակակուբայական արշավներին: Նրանք Կուբայի վարչակարգի հետ համագործակցելու Օբամայի պատրաստակամությունը համարում են դավաճանություն: Կուբայական համայնքի ոչ պաշտոնական մայրաքաղաք Մայամիում կայացած բազմամարդ հանրահավաքների մասնակիցները այցի օրերին բռնել էին «Միստր Օբամա, Դուք երկրի խայտառակությունն եք» գրությամբ պաստառներ: Կոնգրեսում դեմոկրատ սենատոր Բոբ Մենենդեսը Օբամայի հայտարարությունն անվանեց «Կաստրոյի վարչակարգի փրկօղակ»:
Կեսդարյա շրջափակում
Կուբայի դեմ ԱՄՆ-ի առաջին պատժամիջոցները ձեռնարկվեցին 1960 թ., երբ Ֆիդել Կաստրոյի նորաստեղծ կառավարությունը օտարեց ամերիկյան ֆիզիկական եւ իրավաբանական անձանց սեփականությունը. կուբացիները ոչ առանց հիմքի կարծում էին, որ կղզին փաստորեն խնամարկյալ տարածք դարձրած ամերիկացիներն են պատասխանատու Բատիստայի բռնակալական վարչակարգի համար: Ժամանակի ընթացքում պատժամիջոցները վերածվեցին բեռնարգելքի: Կուբացիները զրկվեցին ԱՄՆ-ի հետ առեւտուր անելու հնարավորությունից, իսկ Կուբա այցելող ամերիկացիները հաճախ բանտարկվում կամ տուգանվում էին: Թույլատրվում էր միայն երեք տարին մեկ այցելել հարազատներին եւ ծախսել փոքր գումարներ: Երրորդ երկրներում գործող ամերիկյան ընկերություններին խստագույնս արգելված էր համագործակցել կուբացիների հետ, իսկ երրորդ երկրների ֆիրմաներինՙ ԱՄՆ արտահանել կուբայական արտադրանք: Կուբայից կամ դեպի Կուբա արտադրանք տանող նավերը չէին կարող մտնել ամերիկյան նավահանգիստներ:
2003 թ. Ջորջ Բուշը խստացրեց զբոսաշրջիկների եւ ապրանքների վերահսկողությունը, իսկ 2004-ին լրացուցիչ արգելք հաստատվեց կուբայական սիգարների վրա. եթե նախկինում դրանք պարզապես չէր կարելի ներմուծել, ապա նոր որոշմամբ ամերիկացիներին արգելվեց դրանք գնել եւ ծխել նույնիսկ երրորդ երկրներում: 2008 թ. Ֆիդել Կաստրոն թողեց իր պաշտոնը, բայց դա չազդեց պատժամիջոցների ռեժիմի վրա:
Մոլախաղ բարձր խաղադրույքներով
2014 թ. առաջին կիսամյակում Օբամայի վարկանիշն ԱՄՆ-ում անշեղորեն իջնում էր: Հունիսին նախագահի արտաքին քաղաքականությունից դժգոհ էր ընտրողների գրեթե 60 տոկոսը: Այդ պայմաններում Օբաման դիմեց վտանգավոր քայլի, որը էլ ավելի կվաներ հանրապետականներին, բայց կարող էր շահել անկախ ընտրողների համակրանքը:
Իրավիճակը բարդ էր: 1970-ականների վերջերին հյուպատոսական դեր կատարող երկկողմ դիվանագիտական ներկայացուցչություններ փոխանակելու որոշման պատճառով նախագահ Ջիմի Քարտերը շատ քվեներ կորցրեց եւ ընտրություններում պարտվեց Ռեյգանից: Դրանից հետո ԱՄՆ-ում ոչ ոք չէր ուզում կրկնել Քարտերի փորձը: Ֆիդել Կաստրոն մեծ հույսեր էր կապում Բիլ Քլինթոնի հետ, բայց վերջինս կուբացի դեսպանորդին ազնվորեն ասաց, որ Հավանայի հետ մերձենալու դեպքում ինքը պարտություն կկրի ընտրություններում:
Այդուհանդերձ Օբամայի վտանգավոր ռազմավարությունը հաջողությամբ պսակվեց: CNN-ի վերջին հարցման համաձայն, նախագահի վարկանիշն աճել է գրեթե տասը կետով եւ այժմ ամենաբարձրն է 2013-ի մայիսից ի վեր: Բնակչության 48 տոկոսը հավանություն է տալիս Վաշինգտոնի արտաքին քաղաքականությանը: Օբամայի համակիրների թիվն արագորեն աճում է կանանց, երիտասարդների, տարեկան 50 հազար դոլարից պակաս եկամուտ ունեցողների եւ անկախ ընտրողների շրջանում: Հանրապետականները տվյալ դեպքում այդպես էլ չկարողացան արդյունավետ հակախաղ ծավալել:
Նոր «սառը պատերազմ»
Բեռնարգելքի վերացման հնարավորության վերաբերյալ հայտարարություն անելու հաջորդ օրը Օբաման ձեռնարկեց նոր պատժամիջոցներ, այս անգամՙ Ռուսաստանի դեմ: Այսպիսով, նախորդ «սառը պատերազմի» ժառանգությունից ազատվելովՙ նա նորը սկսեց: Պատժամիջոցները չազդեցին ՌԴ ԱԳՆ դիրքորոշման վրա: Մոսկվան հավանություն տվեց Վաշինգտոն-Հավանա հարաբերությունների բարելավմանը, իսկ արտգործնախարար Սերգեյ Լավրովը տեղեկացրեց, որ Ռուսաստանի ու Կուբայի ռազմավարական գործընկերությունն անխախտ է:
ՌԴ հասարակությունը առավելապես բացասաբար ընդունեց Օբամայի հայտարարությունը, այն մեկնաբանելով որպես Կուբան ԱՄՆ-ին կապելու, Ռուսաստանին հուսալի դաշնակցից զրկելու փորձ: Արտաքին եւ պաշտպանական քաղաքականության խորհրդի նախագահ, «ՀՏրրՌÿ Չ չսՏոՈսՖվՏռ տՏսՌՑՌՍպ» ամսագրի գլխավոր խմբագիր Ֆյոդոր Լուկյանովը հարցին նայում է թերահավատությամբ: «Կուբան վաղուց մեր դաշնակիցը չէ: Այն բանից հետո, երբ 1990-ականների սկզբին մենք նրանց բացահայտորեն լքեցինք, նրանք այլեւս հույս չէին դնում մեզ վրա», գրում է նա: Ու թեեւ 2000-ականներին Մոսկվա-Հավանա հարաբերությունները սկսեցին կարգավորվել, ամեն ինչ չէ, որ հարթ էր ընթանում. ամենքը հիշում են Լուրդեսի ռադիոտեղորոշիչ կայանի փակումը Վլադիմիր Պուտինի հավանությամբ եւ Ֆիդել Կաստրոյի կարծիքին հակառակ:
Այդուհանդերձ Լուկյանովը անհնար է համարում Ռաուլ Կաստրոյի վարչակարգի կտրուկ շրջադարձը ԱՄՆ-ի կողմը, քանզի անչափ շատ են Հավանայի եւ Վաշինգտոնի համակարգային հակասությունները: Դրա հաստաատումը Ռաուլ Կաստրոյի հետեւյալ խոսքերն են. «Ոչ ոք չպետք է մտածի, թե հանուն ԱՄՆ-ի հետ հարաբերությունների բարելավման Կուբան կհրաժարվի այն գաղափարներից, որոնց համար այդքան երկար պայքարել է»:
Ռաուլ Կաստրոյի առջեւ ծառացած է բարդ խնդիր. ակնհայտորեն շատ թույլ դիրքեր ունենալովՙ անչափ շատ բան չզոհաբերել: Եթե 1960-ականներին եւ մասնավորապես Կարիբյան ճգնաժամի տարիներին Կուբան դժվարություններին դիմացավ հզոր դաշնակից ԽՍՀՄ-ի օգնությամբ, ապա այժմ իրավիճակն անահմեմատ վատ է. Ռուսաստանն իր ուժերը չի վերականգնել այնքան, որ գործի նման հեռավորության վրա, Չինաստանը եւս բավականաչափ հզոր չէ եւ ձգտում է խուսափել ԱՄՆ-ի հետ ուղղակի առճակատումից: ԽՍՀՄ փլուզումից հետո Կուբան դաժան շրջափակման մեջ մեն-մենակ դիմացավ մեկուկես տասնամյակ: Հարց է ծագում. նա կդիմանա՞ արդյոք այդ շրջափակման վերացումից հետո:
Նկար 1. Ամենավերջին մոհիկանը` Ֆիդել Կաստրոն:
Լուսանկարը Մանուկ Փոլադյանի (բրազիլահայ լուսանկարիչ եւ նկարահանող ռեժիսոր): Վահան Քոչարի «Հայ լուսանկարիչներ» գիրք-ալբոմից: