Ինչպես արդեն տեղեկացրել ենք նախորդ համարում, Մոսկվայի եւ Կարսի պայմանագրերը չեղյալ հայտարարելու հետ կապված ռուս որոշ պատգամավորների առաջարկին ի պատասխան, ՌԴ ԱԳՆ-ն պաշտոնապես հայտարարել էր, որ Մոսկվան չի կարող խզել այդ համաձայնագրերը, քանի որ «Խաղաղության պայմանագրերը, որոնցով որոշվում են պետությունների սահմանները, խզելու միջազգային նախադեպ չկա…Եւ պայմանագրի խզումը, որով հստակեցվում է Թուրքիայի սահմաններըՙ Վրաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի հետ… հակասում է միջազգային պրակտիկային»:
Բայց մեր ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ ոչ միայն Խաղաղության պայմանագրերի խզման միջազգային նախադեպեր կան, այլեւ Ռուսաստանն ինքը բազմիցս խզել է նման համաձայնագրերը:
Այսպես, երբ Օսմանյան կայսրության փլուզումից հետո իշխանության եկավ Քեմալ Աթաթուրքը, Թուրքիայի ազգային Մեծ ժողովը չեղյալ հայտարարեց 1920-ի օգոստոսի 10-ին սուլթանի կողմից կնքված Սեւրի պայմանագիրը, որով Հայաստանը ճանաչվում էր ազատ եւ անկախ պետություն: Բանն այն է, որ Սեւրի պայմանագիրը հենց այդպես էլ կոչվում էրՙ Սեւրի Խաղաղության պայմանագիր, այսինքն կոնկրետ քեմալական Թուրքիայում խաղաղության պայմանագիրը չեղյալ հայտարարելու նախադեպ կա, ինչն էլ նշանակում է, որ նման պայմանագրերը խզելու միջազգային նախադեպ կա:
Տեղի սղության եւ ընթերցողի համբերությունը չչարաշահելու նպատակովՙ զերծ մնանք Խաղաղության պայմանագրերի խզման միջազգային այլ նախադեպեր ներկայացնելուց: Մանավանդ որ տվյալ պարագայում խնդիրը ոչ թե միջազգային խաղաղության պայմանագրերը խզելու նախադեպերի բացակայությունն է, այլ այն, որ Ռուսաստանն ինքը դա չի կարող անել: Բանն այն է, որ մեկ այլ, այս անգամՙ Սովետական Միության փլուզումից հետո, ԽՍՀՄ տեղըՙ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում ժառանգեց հենց Ռուսաստանը, դրանով իսկ դարձավ երկրներիՙ հետպատերազմական (Երկրորդ համաշխարհայինից հետո) սահմանագծերի պահպանման երաշխավորներից մեկը: Այսինքն ՄԱԿ-ի ԱԽ-ում, ինչպես նաեւ մի շարք միջազգային այլ կազմակերպություններում ստանձնեց իրավական եւ քաղաքական պարտավորությունՙ պահպանելու եվրոպական տարածաշրջանի երկրների տարածքային ամբողջականությունն ու սահմանագծերի անխախտությունը: Շեշտենք, որ Մոսկվան նման պարտավորություններ ստանձնելու մասին հատուկ փաստաթուղթ է ստորագրել: Հիմա, հասկանալի է, որ, ուրեմն, Ռուսաստանն իսկապես չի կարող խզել կամ վերանայել Մոսկվայի եւ Կարսի Խաղաղության համաձայնագրերը, բայց ոչ թե որովհետեւ չկա նման պայմանագրերը խզելու միջազգային նախադեպ, այլ քանի որ ինքը հանդիսանում է եվրոպական տարածաշրջանում հետպատերազմական սահմանագծերի պահպանման իրավական եւ քաղաքական երաշխավորներից մեկը, իսկ Մոսկվայի եւ Կարսի պայմանագրերով, ինչպես արդեն նշել ենք եւ հայտնի է, որոշվում են հենց եվրոպական տարածաշրջանում գտնվող երկրների սահմանագծերը, որոշվելՙ պրծել են:
Բայց, ինչպես հայտնի է, պաշտոնյաները պարտականություններ են ստանձնում, իսկ ճարպիկ պաշտոնյաներըՙ խախտում են դրանք: Հետպատերազմական եվրոպական տարածաշրջանում, Ղրիմն, օրինակ, Ուկրաինայի մաս էր եւ այսօր, փաստորեն, այն ՌԴաշնությանը կցելով, Ռուսաստանը խախտել է իրՙ երաշխավորի պարտականությունները: Ավելին, Հարավային Օսիան եւ Աբխազիան ոչ միայն հետպատերազմական եվրոպական տարածաշրջանում Վրաստանի մաս էին, այլեւ այդ երկրի մասեր էինՙ ըստ Մոսկվայի համաձայնագրի, որն էլ վերահաստատվեց Կարսի համաձայնագրով: Կնշանակիՙ Մոսկվան ճանաչելով Հարավային Օսիայի եւ Աբխազիայի անկախությունները, ոչ միայն խախտել է իրՙ երաշխավորի պարտականությունները, այլեւ Մոսկվայի եւ Կարսի համաձայնագրերը:
Ի դեպ, ո՞վ ասաց, որ կոնկրետ Կարսի համաձայնագրի վերանայումը բխում է Հայաստանի շահերից: Այո, եթե Կարսի համաձայնագիրը չեղյալ է հայտարարվում, ապա Հայաստանը կարող է հավակնել Սեւրի համաձայնագրով իրեն վերապահված տարածքներին: Բայց, մյուս կողմից, եթե Կարսի պայմանագիրը չեղյալ է հայտարարվում, ապա թուրքերը կարող են պահանջել գործադրությունը դրան անմիջապես նախորդող Ալեքսանդրապոլի պայմանագրի, որի համաձայն իրենց զորքը կկանգնի Երեւանից չնչին հեռավորության վրա, որտեղ կանգնած էրՙ նախքան Կարսի համաձայնագիրը:
Այնպես որ, դեռ մեծ հարց է, ավելինՙ հայկական հարց է, թե արդյոք խաղաղության պայմանագրերի խզման միջազգային նախադեպ կա՞, թե՞ ոչ: Հասկանալի է, որ կա, բայցՙ կա՞: