Թվում է, թե արտասովոր ոչինչ չկա քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանի կողմից վաստակավոր շինարարի կոչում սահմանելու մասին խորհրդարան բերված նախագծի մեջ: Այն չուներ քաղաքական ենթատեքստ, ոչ մի կերպ չէր առնչվում իշխանություն-ընդդիմություն հարաբերություններին, ընտրական օրենսգրքին, հարկային կամ մաքսային քաղաքականությանը եւ նմանատիպ երեւույթներին. այն ավելի շատ բարոյական խթան էր շինարարի մասնագիտություն ունեցողների համար: Մասնագիտություն, որով հաճախ բնորոշում են մեր ամբողջ ժողովրդին: Բայց արի ու տես, որ պատգամավորներից ոմանք ջղաձգության նոպաներ ունեցան այս հարցի քննարկման ընթացքումՙ ցույց տալով սեփական անգիտությունն ու սահմանափակվածությունը:
Չգիտես ինչո՞ւ վաստակավոր կոչումն ընդհանրապես համարվեց կոմունիստական կամ սովետական մնացորդ, դրանից բխող մեկնաբանություններով: Ընդ որում, նման մեկնաբանությամբ հանդես եկող պատգամավորները առանձնապես չէին տարբերվում նույն կոմունիստական-բոլշեւիկյան «քանդենք հին աշխարհը մինչեւ հիմքերըՙ կառուցենք նորը» կարգախոսով գործելաոճից: «Վաստակավոր շինարար»-ի եւ ընդհանրապես «վաստակավոր» կոչման դեմ նրանց ելույթներում նույն կարգախոսն էր:
Մասնավորապեսՙ նախկին արտգործնախարարը եւ ներկայիս ազատ դեմոկրատը գտնում է, որ կոչումներ սահմանելիս մենք պետք է իմանանքՙ ԵՄ երկրներում նման բան կա, թե՞ ոչ: Հավանաբար նախկին միութենական կենտրոն Մոսկվան այս մարդու գիտակցության մեջ փոխարինել է Բրյուսելը կամ Վաշինգտոնը: Ընդ որում, այս խիստ «ժողովրդավարական» ստրկամտությունը նա չի էլ թաքցնում, մերժելով այնՙ ինչի ավանդույթը ստեղծվել է Հայաստանում տասնամյակների ընթացքում: Ուրեմն «քանդենք մինչեւ հիմքերը» տրամաբանությամբ մերժե՞նք նաեւ այդ տասնամյակներում մեր մշակութային, գիտական, մարզական, տնտեսական եւ այլ ձեռքբերումները:
Ոչ ազատ դեմոկրատը, ոչ ՀՀՇ-ական մեկ այլՙ այս անգամ ազգային կոնգրեսական դարձած պատգամավորը, ոչ միջատաբանի ու շինարարի մասնագիտությունները խառնող մեկ ուրիշը, ոչ մի փաստարկ չբերեցին, թե ինչո՞վ է վաստակավոր լինելը կոմունիստական կամ սովետական: Մինչ սովետական դարաշրջանը վաստակավոր բառը չի՞ եղել կամ նման մարդիկ չե՞նք ունեցել: Իհարկե ունեցել ենք, բայց պետություն չենք ունեցել, որ նման կոչում տար: Հետո եղել է խորհրդային պետությունը եւ Հայաստանն էլ այդ պետության մաս է կազմել: Արժանավորների վաստակն էլ այդ պետությունը գնահատել է այդ կոչումը տալով: Ի՞նչ վատ կամ մերժելի բան կա դրա մեջ: Սա լենինյան կամ ստալինյան մրցանակ չէ, որ մերժելի համարենք: Ոչ մի քաղաքակիրթ երկիր չի հրաժարվում նրանից, ինչը ժամանակի քննությունը բռնում է եւ պահպանվում:
Ի դեպ, «քաղաքակիրթ» երկրներին հետեւել-չհետեւելու մասին կամ ինչո՞վ է վաստակավոր կոչումը կամ կոչում շնորհելն ընդհանրապես ոչ «քաղաքակիրթ»: Մեղմ ասած, շատ վիճելի է այն քաղաքակրթության կացությունը, որի մասին անընդհատ կրկնում են վերոնշյալ անձիք: Երբ բարոյական եւ համամարդկային արժեքներ են ոչնչանում ԵՄ-ում կամ ԱՄՆ-ում, նրանք ձկան պես լուռ են:
Կոչումներ շնորհվում են նաեւ ոմանց քծնելի արեւմուտքում: Օրինակՙ Ֆրանսիայում պատվո լեգիոնի շքանշանը շնորհվում է ասպետի, սպայի կամ հրամանատարի կոչումների հետ: Քաղաքակի՞րթ երկիր է Ֆրանսիան այս պատգամավորների ընկալմամբ: Եթե այո, ապա մեկ այլ բան հիշեցնենք նույն երկրի օրինակով: Այդ պետության «ազատություն, եղբայրություն, հավասարություն» կարգախոսը ֆրանսիական մեծ հեղափոխության ստեղծածն է: Հեղափոխություն, որի ժամանակ արյան գետեր հոսեցին եւ յակոբինյան դաժան բռնապետությունը հաստատվեց, բայց դրա պատճառով այդ կարգախոսը Ֆրանսիայում չհամարեցին «յակոբինյան մնացուկ» կամ «նավթալինոտ» ու չհրաժարվեցին նրանից:
Ցավոք, պատգամավոր լինելու համար կարիք չկա այս ամենի մասին իմանալ, այլապես ամբոխի վրա տպավորություն թողնելու համար խրոխտ եւ անգրագետ հայտարարություններ անել չի ստացվի: Դրա համար բավական է անտեղյալ լինել «վաստակ» եւ «վաստակավոր» հասկացություններին:
Խմբ. կողմից.- Այսուամենայնիվ, ամբողջովին կողմ լինելով մեր աշխատակցի առարկություններին, խմբագրությունս կողմ չէ շինարարներին նման կոչումներով օժտելու առաջարկին: Երբ ունենք «վաստակավոր ճարտարապետի» կոչումը, այսինքն այդ մասնագիտության ստեղծագործական կողմը առանձնացնող գնահատականը, շինարարի վաստակավորն անհասկանալի է: