Ներկայումս Եվրոմիությանը սպառնացող ամենալուրջ վտանգներից մեկը մերձավորարեւելյան եւ աֆրիկյան երկրների բնակիչների անվերահսկելի գաղթն է: ԵՄ վիճակագրական գործակալության տվյալներով, միայն 2015 թվականին ապաստան է խնդրել 1,25 մլն գաղթական: Սպասվում է, որ 2016 թվականին նրանք էլ ավելի շատ կլինեն, ինչը բնավ չի ուրախացնում Շենգենյան գոտու անդամ մի շարք պետությունների: Գաղթականների նշանակալի մասը Եվրոմիություն է մուտք գործում այսպես կոչված «Բալկանյան միջանցքով»ՙ Թուրքիայի եւ Հունաստանի տարածքներից, իսկ հետո Արեւելյան Եվրոպայով անցնում է Գերմանիա եւ արեւմտաեվրոպական այլ երկրներ: Եվրոմիությունը շարունակ Թուրքիայի իշխանություններից խնդրում է փակել սահմանները եւ կասեցնել այդ գաղթականների հոսքը դեպի Եվրոպա:
Ամիսներ առաջ թվում էր, թե կողմերը համաձայնության են հասել. Եվրոմիությունը Թուրքիային տալիս է երեք միլիարդ եվրո, որը Անկարան պետք է օգտագործի թուրքական տարածքում գտնվող գաղթականների կենսապայմանները բարելավելու եւ միաժամանակ սահմանային հսկողությունն ուժեղացնելու համար: Սակայն կողմերից ոչ մեկը առ այսօր չի կատարել տվյալ գործարքի պահանջները: Այսպես, Եվրոմիության մի շարք երկրներ (մասնավորապես Իտալիան) չեն ուզում «տուրք վճարել» Թուրքիայի ղեկավարությանը: Իսկ վերջինս իր հերթին ավելի ու ավելի մեծ պահանջներ է ներկայացնում եվրոպացիներին: Նախագահ Էրդողանի խոսքերով, Անկարան գաղթականների ընդունման վրա արդեն ծախսել է 10 միլիարդ դոլար, ուստի երեք միլիարդ եվրոն քիչ է: Մամուլի հրապարակումների համաձայն, Անկարան հավակնում է մինչեւ 20 միլիարդանոց գումարի: Էրդողանը սպառնում է հակառակ դեպքում Եվրոպան «հեղեղել» գաղթականներով:
Եվրոպացիներն այդ սպառնալիքին վերաբերվում են լրջորեն: Պատահական չէ, որ նախատեսված էր մարտի 7-ի գագաթաժողովում մշակել նոր գործարք: Բրյուսելում կարծում էին, թե Եվրոմիությանը կհաջողվի Անկարայից նոր զիջումներ կորզել քաղաքական ճնշման միջոցով, օրինակՙ քուրդ բնակչության ահաբեկումը դադարեցնելու կոչերով: «Եվրոմիությունը ընդունում է, որ PKK-ն ահաբեկչական կազմակերպություն է, բայց անհրաժեշտ է, որ Թուրքիայի իշխանությունները վերսկսեն փոխգործողությունը քրդերի քաղաքական այն ներկայացուցիչների հետ, որոնք իրենց դիրքորոշումն արտահայտում են խաղաղ միջոցներով, համապատասխան կառույցների միջոցով», հայտարարեց ԵՄ արտաքին գործերի հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին: Բացի դրանից, եվրոպական որոշ պետությունների ղեկավարներ պատրաստվում էին վարչապետ Ահմեդ Դավութօղլուին մեղադրել թուրքական ընդդիմադիր ԶԼՄ-ների (մասնավորապես «Զաման» թերթի) հետապնդման համար:
Սակայն հանդիպման ժամանակ Թուրքիայի վարչապետն ինքը անցավ հարձակման: Նա հայտարարեց, որ ինքը մտադիր չէ սահմանափակվել միայն գաղթականների եւ նյութական փոխհատուցման հարցերով: Դավութօղլուն Եվրոպային ներկայացրեց մի շարք լուրջ պահանջներ, որոնց Բրյուսելը պարզապես իրավունք չուներ համաձայնելու:
Ընդունեք նաեւ մեզ
Դավութօղլուն նախ եւ առաջ խնդրեց մինչեւ 2018 թվականը իր երկրի ֆինանսավորումն ավելացնել առնվազն եւս 3 մլրդ եվրոյով, այսինքն կրկնապատկել այն տուրքը, որի վճարումից առանց այդ էլ հրաժարվում են եվրոպացի մի շարք ղեկավարներ: Շատ ուրիշ դեպքերում թուրքերի պահանջները կթվային արդարացված. նրանք իրոք մեծ վնասներ են կրում հարյուր հազարավոր գաղթականներ պահելու պատճառով: Սակայն Էրդողանի դեպքում պահանջներն անտեղի են, քանզի սիրիացի փախստականների խնդիրը ծագել է Սիրիայում հենց Թուրքիայի բորբոքած «քաղաքացիական» պատերազմի պատճառով:
Երկրորդ, Դավութօղլուն պահանջեց թուրքահպատակների այցագրերի վերացում, ըստ որումՙ ոչ թե անորոշ ապագայում, այլ մինչեւ 2016-ի կեսը: Ըստ էության սա նշանակում է ոչ միայն թուրքական ընդհատակյա աշխատուժի զանգվածային ներհոս. կաշառքով թուրքական անձնագիր ստացող սիրիացի ամեն մի գաղթական կամ ահաբեկիչ կկարողանա շատ հանգիստ թափանցել Եվրոպա: Դա հետեւանքներ կունենա եվրոպական երկրների թե՛ աշխատաշուկայի եւ թե՛ անվտանգության վրա:
Երրորդ, թուրք վարչապետն ուզում էր ԵՄ սկզբունքային համաձայնությունն ստանալ այն առնչությամբ, որ Սիրիայում ստեղծվեն գաղթականների համար անվտանգ գոտիներ: Տվյալ հարցի առթիվ Անկարան վաղուց էր ձգտում ստանալ Արեւմուտքի հավանությունը. չէ՞ որ սիրիական տարածքում նման գոտիների ստեղծումը ըստ էության ենթադրում է թուրքական օկուպացիա:
Չորրորդ (եւ սա ամենագլխավորն է), Դավութօղլուն պահանջեց Թուրքիայի ներգրավում Եվրոմիության կազմում: Խոսելով ընդհանուր մարտահրավերներին «համերաշխությամբ» պատասխանելու անհրաժեշտության մասինՙ Դավութօղլուն մասնավորապես ասաց. «Թուրքիան պատրաստ է համագործակցելու Եվրոմիության հետ: Նա պատրաստ է նաեւ դառնալու ԵՄ անդամ»: Վարչապետը Եվրոմիությանն առաջարկեց ապաշրջափակել բանակցային գործընթացի «գլուխները» եւ առավել թափանցիկ դարձնել Թուրքիայի անդամակցության բանակցությունները, նվազեցնելով Եվրոմիության խուսավարման հնարավորությունները:
Թուրքական ծուղակ
Այդ զիջումների դիմաց Դավութօղլուն առաջարկեց մի սխեմա, որը նույնիսկ չի էլ ենթադրում գաղթականների հարցի լուծում: Այն լոկ լղոզում է հարցը, զուգահեռաբար եվրոպացիներին գցելով թուրքերի ծուղակը: Սխեմայի համաձայն, ենթադրվում է, որ թուրք սահմանապահները «որսում են» Հունաստանի սահմանը ապօրինաբար հատող բոլոր անձանց, բայց յուրաքանչյուր բռնված եւ Թուրքիա վերադարձված գաղթականի դիմաց Եվրոմիությունը պարտավոր է օրինական հիմունքներով ընդունել թուրքական ճամբարներում ապրող գաղթականներից մեկին: Այսինքն ԵՄ ղեկավարները կարող են ձեւականորեն ասել, թե իրենք հաջողությամբ փակել են «Բալկանյան միջանցքը»: Իսկ իրականում թուրքերը ստանում են դեպի ԵՄ շարժվող գաղթականների հոսքի լիակատար վերահսկողություն, ընդհուպ սեփական տարածքում գտնվող գաղթականների մեծամասնությանը օրինական հիմունքներով Եվրոպա ուղարկելու հնարավորություն: Չէ՞ որ թուրք սահմանապահները կարող են միեւնույն գաղթականին «որսալ» 2-3 անգամ, ապա թուրքական ճամբարներից 2-3 հոգու Եվրոմիություն ուղարկել ապրելու ի հաշիվ եվրոպացի հարկատուների:
Զավեշտականն այն է, որ եվրոպացի ղեկավարները մի քանի ժամ տեւած զարմանքից ու վրդովմունքից հետո ընդունեցին վերոհիշյալ պայմանները: Եվրոհանձնաժողովի ղեկավար Դոնալդ Տուսկը հայտարարեց Դավութօղլուի շարադրած սկզբունքների «համաձայնեցման» եւ մինչեւ մարտի կեսը գործողությունների կոնկրետ ծրագիր մշակելու անհրաժեշտության մասին, իսկ Անգելա Մերկելը ուրախությամբ նշեց, որ թուրք վարչապետի առաջարկած փոխանակման սխեմայի շնորհիվ «անօրինական գաղթը կվերածվի օրինական գաղթի»:
Իհարկե, դեռ հույս կա, որ Եվրոմիությունը պարզապես խորհելու ժամանակ է վերցրել, եւ որ մարտի կեսերին կայանալիք հաջորդ հանդիպման ժամանակ թուրքական ծրագրի կետերի կոնկրետացումը կհանգեցնի դրանց մերժմանը: Օրինակ, Ֆրանսիայի նախագահ Օլանդը ասում է, որ Թուրքիան Եվրոմիության հետ անայցագիր ռեժիմ կստանա 72 չափանիշի իրականացման դեպքում, իսկ ԵՄ որոշ երկրներ պարզապես չեն ուզում տուրք վճարել թուրքերին կամ ապաշրջափակել անդամակցության հետ կապված «գլուխները»: Սակայն առավել հավանական է, որ Մերկելը մտածելու 10 օրերը կօգտագործի եվրոինտեգրմանը դեռ հավատացող գործիչներին ճնշելու համար: Եվրոմիության շրջանակներում հենց վերջերս Մեծ Բրիտանիային հատուկ իրավունքների շնորհումը ամենքին ցույց տվեց, որ Մերկելն ինքը չունի նման հավատ, եւ որ կանցլերի համար կարեւորը ոչ թե ԵՄ փրկությունն է, այլ տվյալ կառույցի շրջանակներում իր առաջնորդական կերպարի փրկությունը, արձանագրում է «Լենտա.ռու» կայքը: