Որքա՞ն են ավելացել ՀՆԱ ծավալները անցած 15 տարիներին
Դժվարին համարվող տարումՙ 2015-ին Հայաստանն ունեցավ 3 տոկոս տնտեսական աճ: Այդ ցուցանիշը օրերս հրապարակեց ազգային վիճակագրական ծառայությունը: Այս համատեքստում հիշեցնենք անցյալ տարվա տնտեսական աճի կանխատեսվող տարբերակները: Այսպեսՙ ՀՀ պետական բյուջեում դրված էր 4,1 տոկոս տնտեսական աճի ցուցանիշը, ՀՀ ԿԲ-ն կանխատեսում էր մինչեւ 2 տոկոս տնտեսական աճ, Համաշխարհային բանկը` 0,8 տոկոս, իսկ Արժույթի միջազգային հիմնադրամը` մինչեւ 1 տոկոս անկում էր կանխատեսում: Նշենք, որ պարբերաբար անդրադառնալով տնտեսական աճի հնարավոր ցուցանիշին, մեր հրապարակումներում կանխատեսել էինք, որ այն կլինի 2,5-3 տոկոսի սահմաններում, ինչն, ըստ էության, տեղի ունեցավ:
Այժմ վերադառնալով ցուցանիշին տեղեկացնենք, որ գումարային առումով Հայաստանի համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) գերազանցեց 5 տրլն դրամըՙ կազմելով 5 տրլն 47 մլրդ 486 մլն դրամ: Ըստ տնտեսության ճյուղերի, գումարային առումով ամենամեծ ծավալներն ունի առեւտուրըՙ 2 տրլն 283 մլն դրամ, չնայած 8 տոկոսով նվազելուն: Զարգացած երկրներում ՀՆԱ-ում ամենամեծ ծավալներ ունենում են արդյունաբերությունն ու գյուղատնտեսությունը:
Մինչդեռ Հայաստանում արդյունաբերության ցուցանիշը միայն երկրորդն էՙ 1 տրլն 327 մլրդ դրամ, որը 5,2 տոկոսով ավելի էր նախորդող տարվանից: Երրորդը ծառայությունների ոլորտն է 1 տրլն 188 մլրդ դրամ ծավալով եւ 2,7 տոկոս աճով: Գյուղատնտեսությունն անցյալ տարի բավականին լավ ցուցանիշներ արձանագրեց, աճելով 11,7 տոկոսով եւ գերազանցելով 1 տրլն դրամը (1 տրլն 2 մլրդ): Շինարարությունը թեեւ անցյալ տարի վերջապես խախտեց անկում արձանագրելու վերջին 8 տարվա տխուր ավանդույթը եւ արձանագրեց 0,3 տոկոս աճ, բայց նրա ծավալը կազմեց 457 մլրդ դրամ:
Այդուհանդերձ, 2015-ի ՀՆԱ-ի ցուցանիշը բավականին հետաքրքրական զուգադիպություն է ցույց տվել: Համաձայն այդ ցուցանիշի, Հայաստանի տնտեսության ծավալը անցած 15 տարիներին ավելացել է 5 անգամ: Այսինքն, մեր համախառն ներքին արդյունքը հնգապատկվել է 2015-ին հասնելով 5 տրլն 47 մլրդ դրամ` 2000թ.-ի 1 տրլն 31 մլրդ դրամի դիմաց: Շատ է սա, թե՞ քիչ: Եթե նկատի ունենանք, որ 90-ականների քարուքանդ եղած տնտեսություն ունեինք, որն ըստ էության 2000-ականներին նոր-նոր սկսեց վերականգնվել, ապա աճի ցուցանիշները առաջին տարիներին առերեւույթ կարող էին տպավորիչ թվալ: Սակայն, եթե նկատի ունենանք, որ 7-8 տարի անընդմեջՙ 2001-2007-ին երկնիշ տնտեսական աճ էր արձանագրվում, ապա դա իսկապես տպավորիչ էր: Ակնհայտ է, որ եթե 2008-2009-ին չխանգարեր համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը, ինչի պատճառով 2009-ին 14,1 տոկոս անկում արձանագրվեց, ապա մեր տնտեսության ծավալն ավելի մեծ կլիներ եւ երկրի զարգացման մակարդակն էլ այդ նույն չափով ավելի բարձր:
2010-ից սկսած տնտեսական աճի տեմպը վերակագնվեց, բայց չհասավ նախկին ծավալներին: Դա մի կողմից պայմանավորված էր աշխարհաքաղաքական իրադարձություններով, մյուս կողմից էլՙ արդեն ավելի մեծ ծավալներ ունեցող տնտեսությունում ավելի դժվար է տնտեսական աճի բարձր տեմպ ապահովելը: Այս կացության մեջ 3 տոկոսի շրջակայքում տնտեսական աճ ունենալը կարող է բավարար համարվել, բայցՙ ոչ լավ: Տնտեսական բարձր աճ ապահովելը պետք է հրամայական լինի, ընդ որում ոչ միայն կառավարության, այլեւ բիզնեսի եւ ամբողջ բնակչության համար: