Մեզ համար 70 տոկոսով ցածրՙ 80 անգամ պակաս ծավալների դեպքում
Հայաստանին մատակարարվող գազի գնի իջեցումն այս տարի իրական է թվում: Նման խնդրանքով Հայաստանի կառավարությունը դիմել է Ռուսաստանին, ինչի նշանակությանն անդրադարձել ենք մեր նախորդ հրապարակման մեջ («Նորից դիմել ենք Ռուսաստանինՙ գազի գնի իջեցման խնդրանքով», «Ազգ», 21.01.2016թ.): Մասնավորապես նշել էինք, որ երբ կենսական նշանակություն ունեցող հարցերում դիմում ենք Ռուսաստանինՙ «հաշվի առնելով մեր գործընկերության ռազմավարական բնույթը», հիմնականում արժանանում ենք դրական արձագանքի:
Հայաստան մատակարարվող գազի գնի մասին խոսելով հարկ է նշել, որ այն որպես կանոն զգալիորեն նվազ է եղել միջազգային միջին գներից: Հայաստանի դեպքում, 2015-ի հունվարից 1000 խմ գազի գինը ռուսասկան կողմը իջեցրեց մոտ 15 տոկոսովՙ նախկին 189 դոլարի փոխարեն սահմանելով 165 դոլար: Դա հնարավորություն տվեց անփոփոխ պահել բնակչությանը մատակարարվող գազի գինը Հայաստանում, ինչպես նաեւ ծածկել այն վնասները, որ կրել էր «Գազպրոմ»-ի հայաստանյան ձեռնարկությունըՙ «Գազպրոմ-Արմենիա»-ն դրամի մոտ 15 տոկոս արժեզրկումից: Տեղեկացնենք, որ Հայաստանին մատակարարվող ռուսական գազի ծավալը տարեկան մոտ 2 մլրդ խմ է կազմում: Պատկերացում կազմելու համար, թե որքանո՞վ է դա էժան, համադրենք այս գինը եւ ծավալը եվրոպական երկրներին մատակարարվող գազի գնի եւ ծավալի հետ:
2015-ին Ռուսաստանի կողմից Եվրոպային մատակարարված գազի միջին գինը կազմել է 238 դոլար 1000 խմ դիմաց, այն դեպքում, երբ մատակարարված գազի ծավալը կազմել է 160 մլրդ խմ: Այսինքն, Ռուսաստանը Հայաստանին գազ է մատակարարել մոտ 70 տոկոսով ավելի ցածր գնով, այն դեպքում, երբ մեր ծավալը 80 անգամ փոքր է եղել Եվրոպային մատակարարվող ծավալից: Եվրոպային մատակակարվող գազի գինը տնտեսապես հիմնավորված է եւ շաղկապված նավթի գների հետՙ 6-9 ամսվա կտրվածքով: Այսինքն, նավթի գների անկումը անդրադառնում է նաեւ գազի գնի վրա: Ինչը երեւում է 2014-ին Եվրոպային մատակարարվող գազի միջին գնից, որը կազմել էր 349 դոլար 1000 խմ դիմաց: Սա գրեթե կրկնակի բարձր էր Հայաստանիՙ այդ տարում մատակարարված 189 դոլար գազի գնից:
Սրանք են իրական գները, ի տարբերություն այն տեղեկատվությանը, ավելի շուտՙ ուղղորդված ապատեղեկատվությանը, թե Ռուսաստանի կողմից Եվրոպային մատակարարվող գազի գինը կազմում է 180 դոլար, այն դեպքում, երբ Հայաստանինըՙ 165 դոլար: Իրականում միայն կանխատեսվում է, որ 2016-ին Եվրոպային մատակարարվող գազի միջին գինը կկազմի 200 դոլար, որը վերջին 10 տարվա ընթացքում ամենացածրը կլինի:
Վերադառնալով Հայաստանին մատակարարվող գազի գնի հարցին, ապա դրան կառավարության վերջին նիստերից մեկում երկրորդ անգամ անդրադարձավ վարչապետ Հովիկ Աբրահամյանը , ոչ միայն անհրաժեշտ, այլեւ հնարավոր համարելով Հայաստանի համար գազի գնի իջեցումը: Վարչապետի այս խոսքից կարելի է ենթադրել, որ արդեն կան դրական ազդակներ առ այն, որ ռուսական կողմը այս անգամ էլ կընդառաջի մեր խնդրանքին եւ որոշակիորեն կնվազեցնի գազի գինը: Թեեւ հարկ է նշել, որ այս օրերին հայկական դրամի մոտ 5 տոկոս արժեզրկումը հավելյալ խոչընդոտ է գազի գնի իջեցման համար:
Եվ վերջում բնական է հարց կառաջանա, թե ռուսական կողմից գազի գնի իջեցումն ինչպե՞ս կփոխի դրա սակագինը սպառողների համար: Այս պահին քանի դեռ պարզ չէ, թե ե՞րբ եւ որքա՞ն կփոխվի մատակարարվող գազի գինը, դժվար է որեւէ հստակ բան ասել: Սակայն, նկատի ունենալով դրամի արժեզրկումը, որն արդեն իսկ նույնքանով թանկացնում է գազի ներմուծման գինը, կարելի է ենթադրել, որ հնարավոր չի խոսել սպառողների համար գազի գնի լուրջ նվազման հավանականության մասին: