ԴԵՅՎԻԴ ՍՏՈԿՄԱՆ
Այս խորագրի ներքո Դեյվիդ Ստոկմանը գրում է, որ ուղիղ 26 տարի առաջ, երբ 1989 թվականի նոյեմբերի 9-ին քանդվեց մեր մոլորակի վրա Դամոկլյան միջուկային սուրի նման կախված, բռնատիրական պետության խորհրդանիշը հանդիսացող Բեռլինի պատը, հույս կար, որ երկար սպասված խաղաղությունն ի վերջո կհաստատվի: Տնտեսապես խարխուլ Խորհրդային Միության տապալումը ժամանակի հարց էր ընդամենը եւ աշխարհին սպառնացող միջուկային ռումբերի ու ընդարձակ զինանոցների կարիքն այլեւս չէր զգացվելու: Դրանք ապամոնտաժվելու էին: Մանավանդ, որ դրանից քիչ անց Գորբաչովն ու Ջորջ Բուշը եւ պետքարտուղար Ջեյմս Բեյքերը խոստացան, որ ՆԱՏՕ-ն «ոչ մի թիզ անգամ դեպի արեւելք» չի ընդարձակվի Գերմանիայի վերամիավորումից հետո:
Այնպես որ «առաքելությունն ավարտված» էր եւ ոչ մի տրամաբանական պատճառ չկար, որ «Վարշավայի Ուխտի» քայքայումից հետո չքայքայվեր նաեւ ՆԱՏՕ-ն, քանի որ Մ. Նահանգների անվտանգությանն սպառնացող ոչ մի էական ռազմական ուժ չէր մնացել այլեւս երկրագնդի վրա:
Ֆորտ Հուդում (Տեխաս) 1946-ին ծնված Դեյվիդ Ալան Ստոկմանը նախկին գործարար է եւ քաղաքագետ, ով Ռոնալդ Ռեյգանի նախագահության օրոք կառավարման եւ բյուջեի գրասենյակի տնօրենն է եղել: Պատմության գծով բակալավրի գիտական աստիճան է ստացել Միչիգանի պետհամալսարանից: Ավարտել է նաեւ Հարվարդի համալսարանը: Ներկայիս ապրում է Գրինվիչում (Կոնեկտիկուտ) եւ 2014-ի մարտից խմբագիրն է «Դ. Ստոկման՛զ Կոնտրա Կորներ» առցանց պարբերականի, որտեղ տպագրում է աշխարհաքաղաքական, տնտեսական եւ ֆինանսական թեմաների շուրջ թեր ու դեմ կարծիքներ:
Ստորեւ հատվածներ նրա վերոնշյալ հոդվածից:
Պարզվեց, սակայն, որ խաղաղությանն սպառնացող չարակամ մի ուժ, այդուհանդերձ, դեռ գոյություն ունի: Դա նախագահ Էյզենհաուերի բնորոշմամբ «ռազմա-արդյունաբերության համալիրի» գոյությունն էր, որին ընկերացող «կոնգրեսական» բառը, ի նշան հավատարմության օրենսդիր մարմնին, ջնջված էր նրա հրաժեշտի ելույթը գրողների կողմից:
Եթե վերականգնենք այդ բառը եւ Կապիտոլ Հիլի մարտականորեն տրամադրված քաղաքական գործիչների եւ սառը պատերազմի կողմնակիցների նպատակներին զուգակցենք, ապա պատկերը կամբողջանա եւ կդառնա քաղաքակրթություններ նվաճած հռոմեական լեգեոններից հետո ամենասարսափելի պատերազմական մեքենան: Մի խոսքով 1990-ականներին խաղաղության հաստատման գործընթացի իսկական սպառնալիքը «Pax Americana-ն» էր, որը հասկացնում էր, թե լուռ չէր անհետանալու ասպարեզից մի գիշերվա ընթացքում: Քսաներորդ դարի միլիտարիզմի եւ ամբողջատիրության անեծքի վերացումը, ճիշտ է, վերադարձ էր նախատեսում դեպի 19-րդ դարի վերջավորության լիբերալ առեւտրի եւ սպառազինությունների կրճատմանը, սակայն միեւնույն ժամանակ գոյատեւման սպառնալիք էր ստեղծում «իմպերիալ Վաշինգտոնի» համար: Զենք մատակարարողների, մարտականորեն տրամադրված կառավարման վերնախավի, հետախուզական եւ անվտանգության ծառայողների, զենքերի վաճառքով զբաղվողների, ռազմական բազաների, ուղեղների շտեմարանների եւ այլ կառույցների ներկայացուցիչների տրիլիոն դոլար արժողությամբ մի ամբողջ բանակ մեկ օրից մյուսը մնալու էր անգործ, առանց թշնամու եւ հետեւաբար նաեւ առանց գոյություն ունենալու պատճառաբանության կամ փաստարկի:
Պատահեց այնպես, որ «իմպերիալ Վաշինգտոնը» այդուհանդերձ գտավ ելքը: Գտավ իր գոյությունը պահպանելու անհրաժեշտ «թշնամուն», որին անվանեց «գլոբալ ահաբեկչություն»:
Ճշմարտությունն այն է, սակայն, որ այսպես կոչված ջիհադիստների բարբարոսական արարքները դեռ գոյություն չունեին 1989-ի նոյեմբերին: Նրանք ոչ էլ կարող էին հետագայում ասպատակել Արեւմուտքը, եթե չլինեին «իմպերիալ Վաշինգտոնի» անողոք ամբարտավանությունը, հիմարությունը, երկերեսանիությունն ու ստախոսությունը: Դժոխքի դարպասները բացվեցին Լիբիայի, Սիրիայի, Իրաքի, Եմենի, Սոմալիի, Աֆղանստանի եւ այլ «անհնազանդ» վարչակարգերի անիմաստ ոչնչացումից հետո միայն, որպես հետեւանք, չնայած դրանցից եւ ոչ մեկը, ո՛չ տնտեսական, ո՛չ էլ ռազմական առումներով, որեւէ սպառնալիք չէր ներկայացնում Ամերիկայի անվտանգությանն ու ապահովությանը: Այն որ Մերձավոր Արեւելքն ու արաբական, մահմեդական աշխարհն ի մասնավորի, ներկայիս վերածվել է իսպառ քայքայված մի տարածաշրջանի եւ դարձել կրոնական, աղանդավորական ծայրահեղական խմբավորումների «թխսամեքենա» (ինկուբատոր), «իմպերիալ Վաշինգտոնի» գործողությունների հետեւանք է միայն: Այսինքն այն, ինչ ձեւափոխվել է այժմ ամերիկյան ներխուժման թողած ավերակների հետեւանքով, բոլորովին էլ Արեւմուտքի քաղաքացիների դեմ ուղղված կազմակերպված զինվորական սպառնալիք կամ պետական հովանավորություն վայելող հարձակումների շարք չէ, այլ հիմարաբար բացված վաշինգտոնյան դժոխքի բերանից դուրս ժայթքած կործանարար բեկորների հետադարձ արձագանքը: Ամերիկայի քայլը հիմնված էր երկու սխալ ենթադրությունների վրա: Դրանցից մեկն այն էր, որ Ամերիկայի անվտանգությունն ու տնտեսական առաջխաղացումը կախված է Պարսից ծոցում մշտական նավատորմ պահելուց, որպեսզի վերահսկի շրջակա նավթահորերը եւ Հորմուզի նեղուցից դուրս եկող նավթատար նավերը: Այս հավաստիացումը սխալ էր իր սկզբնավորման օրվանից: Այն պաշտոնապես ձեւակերպել էր Ամերիկայի մեծ «տնտեսագետ» Հենրի Քիսինջերը 1973-ի նավթային ճգնաժամի օրերին: Անցած 42 տարիները ցույց են տվել, որ անկախ այն բանից, թե ում են պատկանում նավթահորերը, նավթի թանկ գների դեմ պայքարելու միակ արդյունավետ միջոցը ազատ մրցակցային շուկայի, եւ ոչ թե «հինգերորդ նավատորմի» առկայությունն է:
Այդ նավատորմը, իր բացահայտ եւ թաքուն առաքելություններով երբեք էլ այդտեղ չպետք է հայտնվեր: Հիշենք 1953-ին Իրանի դեմ կատարված ԿՀՎ-ի միջամտությունը, երբ նավթահորերը պաշտպանելու պատրվակով Վաշինգտոնի հրձիգները Մոհամմադ Ռեզա Փահլավիին բերեցին իշխանության ղեկին եւ 25 երկար տարիներ թալանեցին երկիրը: Նույնը տեղի ունեցավ 1980-ականներին, երբ այդ հրձիգները դրդեցին Իրաքի Սադդամին պատերազմելու Իրանի Իսլամական Հանրապետության դեմ եւ նույնիսկ զինեցին նրան դրա համար:
Այդ ժամանակ Թեհրանի ղեկավարները շատ ավելի քաղաքակրթված էին, օրինական, սահմանադրականորեն գործող եւ արդարամիտ, քան Սաուդյան տոհմի բացարձակ միապետները, որոնց սոցիալական ճնշումների, սահմանափակումների եւ կրոնական անհանդուրժողականության միջնադարյան վահաբիստական իշխանությունը մինչեւ օրս էլ խորապես հակասում է մեր դավանած ամերիկյան արժեքներին:
Բայց Իրանին թշնամի դարձնելով, իմպերիալիստական Վաշինգտոնը հեռահար նպատակներ էր հետապնդում, դարձյալ «հանուն նավթային պաշարների ապահովությանը»:
Այս անգամ թիրախը Քուվեյթն էր, որն այդ ժամանակ երկիր անգամ չէր, այլ «բանկային հաշիվ»ՙ դիզված 20-րդ դարի սկզբներին Իբն Սաուդի կողմից լքված առեւտրական մի հնամենի քաղաքի նավթահորերի եկամուտներից: Իբն Սաուդը հավանաբար չգիտեր այդ նավթահորերի արժեքը, բայց ուրիշներ վստահաբար գիտեին: 1913-ին Բրիտանիան այդ շեյխությունը հռչակեց իր պրոտեկտորատի ներքո անկախ պետություն, դիվանագիտական մշուշոտ պատճառներով: Քուվեյթի դեմ ունեցած Իրաքի վեճը պտտվում էր Ռումայլայի նավթահորերի շուրջը: Իրաքը պնդում էր, որ Քուվեյթի էմիրը իր տարածքի նավթահորերն է շահագործում: Իրականում խնդիրը ծագել էր 1960-ին, երբ արաբ ղեկավարների լիգան որոշել էր, որ Իրաք-Քուվեյթ սահմանը պետք է լինի Ռումայլա նավթահորերի ամենահարավային մասից երկու մղոն դեպի հյուսիս: Այդ որոշումն էլ, իր հերթին հիմնված էր դրանից 44 տարիներ առաջ անգլիացի եւ ֆրանսիացի դիվանագետների միջեւ Օսմանյան կայսրության անկումից իրենց մնացած գողոնի բաժանման վրա: Պատմականորեն անկախ եւ թշնամի Միջագետքի նահանգներից (հարավումՙ շիաների, Արեւմուտքում սուննիների եւ հյուսիսումՙ քրդերի) հիմնվեց արհեստական Իրաքի թագավորությունը:
Բավական երկար ժամանակ այն հարցը, թե ով էր վերահսկում Ռումայլայի հարավային եզրի նավթահորերըՙ Բաղդադի տիրակա՞լը, թե՞ Քուվեյթի էմիրը, խնդիր չէր հարուցում: Բայց Հենրի Քիսինջերը եւ տեխասցի պետքարտուղարը Բուշ ավագին կարողացան համոզել, որ «նավթահորերի ապահովությունը» վտանգված է, եւ 500 հազար ամերիկացի զինվորներ պետք է տեղակայել Արաբիայի հողերի վրա: Սա աղետալի սխալ էր եւ ոչ միայն այն պատճառով, որ խաչակրաց կոշկավորների ներկայությունը Արաբիայի սուրբ հողի վրա վրդովմունք էր պատճառում ԿՀՎ-ի հրահանգավորումներն անցած աֆղան մուջահեդներին, որոնք անգործ էին մնացել Խորհրդային Միության անկումից հետո: Անգործ էր մնացել նաեւ «խաչակիրների» մի այլ խումբՙ նեոկոնը, կամ ազգային անվտանգության ծայրահեղական թեւը, որի շարունակողները հանդիսացան Դիկ Չեյնին եւ Պոլ Վուլֆովիցը:
Այստեղ էլ առաջ եկավ երկրորդ սխալըՙ Մերձավոր Արեւելքում «վարչակարգերի փոփոխման» ծրագիրը, անշուշտ «տեսակավորման հիմունքներով»: Ծոցի պատերազմը ցույց էր տվել, որ դրան կարելի է հասնել կոալիցիոն դիվանագիտության, թաքուն գործողությունների եւ բացահայտ ներխուժման միջոցներով: Վարչակարգերի փոփոխության նեոկոնյան այս «դոկտրինայի» արդյունքում ծնվեց Ֆրանկենշտեյնը, որը վերածվեց Իսլամական խալիֆայության: Իրականում այս աշխարհում միակ իսկական ահաբեկիչներն, ովքեր Արեւմուտքում սպառնում են քաղաքացիների կյանքին, իմպերիալիստական Վաշինգտոնի Մերձավոր Արեւելքում 1990-ականների մեքենայությունները մոգոնողների սրիկա ժառանգներն են:
Կենտրոնական Հետախուզական վարչության զինած եւ վարժեցրած մուջահիդները հետագայում Ալ Ղաիդան կազմավորեցին ոչ թե որովհետեւ Բեն Լադենը հանկարծ գիտակցեց, որ վաշինգտոնյան իր բարերարները մեծագույն սատանաներն են, այլ որովհետեւ ներշնչվեց Սաուդյան Արաբիայի վահաբիստական ծայրահեղական քարոզչությունից, որն իր գագաթնակետին հասավ Վաշինգտոնի Պարսից ծոց ներխուժելու եւ կրոնական խժդժություններին մասնակից դառնալու հետեւանքով: Այո, Բեն Լադենը կգլխատեր Սադդամին, եթե Վաշինգտոնն իրենից առաջ չընկներ այդ գործում, բայց խնդիրն էլ հենց դա է: 2003-ի մարտին կատարված վարչակարգի փոփոխման փորձը Ամերիկայի պատմության ամենահիմար քայլերից մեկն էր:
Կրտսեր Բուշի նեոկոն խորհրդատուները հավանաբար գաղափար չունեին կրոնական խմբավորումների թշնամական տրամադրվածություններից եւ պատմական զարգացումներից, որոնց Հուսեյնը, կշռադատելով նավթի գործոնը, կարողացել էր փակի տակ պահել ճոճելով իր բաասիստական (Baathist) ազգայնամոլությունը: Բայց վախն ու սարսափը ջինը բաց թողեցին եւ հակա-բաասիստական շարժումը դուրս թափեց իր ամբողջ կատաղությունը: Հազիվ էր կրտսեր Բուշը «Աբրահամ Լինկոլն» նավի վրա հայտարարել, որ «առաքելությունը կատարված է», երբ ԿՀՎ-ի հավաքագրած Աբու Մուսաբ էլ-Զարքաուին (հայտնի պատանդ վերցնող եւ թույն պատրաստող) հրապարակ իջավ որպես նոր ղեկավար, ով կարողացավ իր հետեւից տանել զրկվածների, նվաստացածվածների, դաժանության ենթարկվածների մի ամբողջ բանակ: Մինչ Վաշինգտոնը հոխորտում էր Զարկաուիի անկման վերաբերյալ, Բաաս կուսակցության հարյուր հազարավոր հետեւորդներ միավորվում էին իրաքյան Ալ-Ղաիդայի շուրջը, իսկ նրանց ապագա առաջնորդները գտնվում էին «Քեմպ Բուկկա» կոչված գազանային արգելավայրում, որտեղ ավելի քան 26 հազար բանտարկյալ կար:
«Նրանք ատում էին մեզ, եւ հնարավորության դեպքում մեզ տեղն ու տեղը կսպանեին», հիշում է Մ. Նահանգների նախկին բանակային Միտչել Գրեյը: Նա գուցե չգիտեր, բայց պետք է իմանար, որ նայում էր ոչ թե Մ. Նահանգների նախկին, անցյալի թշնամիների, այլ նաեւ ապագայի հնարավոր ոխակալների աչքերին: Ըստ հետախուզական մասնագիտացված մարմինների տվյալների եւ պաշտպանության դեպարտամենտի արձանագրությունների, ISIS-ի ներկա ղեկավարների մեծ մասըՙ ներառյալ Աբու Բաքր էլ-Բաղդադին, «Քեմպ Բուկկայում բանտարկվածների թվում են եղել:
Մ. Նահանգները ոչ միայն սնել էր, հանդերձանքով ապահովել եւ ապաստանել այս ջիհադիստներին, այլեւ մեծ դերակատարություն ունեցել դրանց դարձնելու ժամանակակից պատմության ամենահրեշավոր ահաբեկչական խմբավորումը: Բուկկայում ամենավտանգավոր բանտարկյալները գտնվում էին 6-րդ խուցում, որտեղ բավականաչափ պահակներ չկային, եւ եղածներն էլ արաբերեն չգիտեին, այնպես որ կալանավորվածները ազատորեն կարող էին քննարկել իրենց մահաբեր ծրագրերը: Նրանց թվում էր նաեւ Հաջի Բաքրը, Սադդամ Հուսեյնի օդուժի նախկին գնդապետը, որն անգործ էր մնացել կոալիցիոն ժամանակավոր իշխանության ներխուժման հետեւանքում: Գերմանական «Der Spiegel» պարբերականի համաձայն Բաքրն էր ISIS-ի կազմակերպչական հարցերի բուն պատասխանատուն: Ինքն էր մշակել մարտավարությունը առաջին հաջողությունների: Նա Բուկկայում էր մնացել 2006-08 թվերին եւ մահացել 2014-ին:
Հարցն այն է, որ վարչակարգի փոփոխությունները չեն կարող իրականանալ մահացու զենքերի բռնությամբ: Այդ բանտարկվածները վրե՞ժ էին ուզում լուծել: Քուրդերը անկախ Քուրդիստան էին երազո՞ւմ հիմնել: Այո: Այնպես որ 25 միլիարդ դոլարի ներդրումով հանդերձավորված եւ մարզված Իրաքի «ազատագրման» բանակը կազմված պիտի լիներ աղանդավորական խմբավորումներից եւ չէր կարող կանոնավոր ազգային բանակ լինել:
«Խալիֆայությունը նորանոր զենքերի կարիքն ուներ: Դրանց մի մասը սուննիների ձեռը հասավ Քաթարի եւ Սաուդյան Արաբիայի միջոցով: Մի մասն էլ Բենգազիիցՙ Թուրքիայի միջոցով, իսկ մնացածըՙ Հորդանանից: Ձեւավորվեց Վաշինգտոնյան հրեշավոր Ֆրանկենշտեյնը: Ավելորդ է ասել, որ ռմբակոծությունները չեն օգնելու վերացնելու նրան: Դրա դեմը կարող է առնել, ինչքան էլ տարօրիակ հնչի, Ասադի կառավարությունը, Հեզբոլլահի եւ իրանական հանրապետական պահակախմբի դաշնակիցների օժանդակությամբ: Թող նրանք լուծեն իրենց հին հաշիվները, որոնք բոլորովին էլ Ամերիկայի գործը չեն:
Բայց Վաշինգտոնն այնքան է խրված իր ստերի եւ հիմարությունների մեջ, որ չի տեսնում այն, ինչ ակնհայտ է: Դա է պատճառը, որ սառը պատերազմից քառորդ դար անց խաղաղությունը հնարավորություն չի գտնում հաստատվելու եւ ահաբեկչությունները շարունակվում են:
Mises Institute, Թարգմ. Հ.Ծ.