Երբ 1994-ի մայիսին Ռուսաստանի միջնորդությամբ հրադադարի համաձայնագիր ստորագրվեց Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, ոչ ոք չէր փայփայում այն հույսը, որ պատերազմի ուրվականը անհետացել էր Հարավային Կովկասից: Պատերազմող կողմերի միջեւ կռվախնձոր հանդիսացող Լեռնային Ղարաբաղը դարձավ հետխորհրդային շրջանի «սառած հակամարտություններից» մեկը:
Բայց ներկայիս երկու երկրների սահմանում տեղի ունեցող լարվածության սաստկացումը փորձության է ենթարկում մի շարք հանձնարարություններ եւ որոշ դաշինքներ: ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայում 70-ամյակի առթիվ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի եւ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի արտասանած ճառերը դույզն չափով անգամ չէին ակնարկում, որ խաղաղությունը մոտիկ է: Ընդհակառակը, երկու ելույթներն էլ քողարկված էին պատերազմի սպառնալիքով:
Ղարաբաղիՙ Ադրբեջանի տարածքում ինտեգրված չլինելու փաստը ոչ մի միջազգային ֆորումում չի հստակեցվել: Նույնիսկ խորհրդային ժամանակաշրջանում այդ տարածքը ինքնավար մարզ (օբլաստ) է եղել Բաքվի իրավասության ներքո, բայց ոչ ազերի տարածքի մաս: Իսկ Նարիման Նարիմանովն Ադրբեջանի խորհրդայնացումից հետո հայտարարել էր, որ Ղարաբաղը, Զանգեզուրը եւ Նախիջեւանը հավերժ Հայաստանի ամբողջական տարածքի մաս են կազմում: Նարիմանովը Ադրբեջանի Հեղկոմի, ապա ժողկոմխորհի նախագահն էր այդ ժամանակ: Միայն 1920-ին էր, որ Բրիտանական կառավարությունը համոզեց Ղարաբաղի խորհրդակցական կոմիտեին ընդունել Ադրբեջանի խնամակալությունը, մինչեւ որոշվի նրա վերջնական կարգավիճակը Սեւրի պայմանագրով (1920, օգոստոսի 10): Մինչեւ այսօր Ղարաբաղի հայերը սպասում են իրենց պապենական հողի իրավական կարգավիճակի որոշմանը:
Հայաստանի ռազմավարական գործընկեր հանդիսացող Ռուսաստանը դեռեւս չի հաստատել այն սկզբունքը, որ Ղարաբաղն անջատվել է Ադրբեջանից եւ նաեւ Խորհրդային Միությունից միեւնույն իրավական կառույցիՙ խորհրդային Սահմանադրության միջոցով, որով Բաքուն է խզել իր կապերը Միության հետ: Դրանով Ռուսաստանը Հելսինկիի վերջնական որոշումը վերածել է ուղղանկյուն մի անիվի, որով այդ կառույցը պետք է կարգավորի Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման խնդիրը, առանց խաթարելու Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Խնդրի վերաբերյալ ՄԱԿ-ի չորս բանաձեւերում Ղարաբաղը ներկայացված է որպես Ադրբեջանի անբաժանելի մաս, դժվարացնելով Հայաստանի պայքարըՙ հասնելու արդարացի կարգավորման: Այդ բանաձեւերը անցկացվել են Թուրքիայի անմիջական քաղաքական մեքենայությունների միջոցով, որոնց եկել են լրացնելու իսլամական համաժողովի անդամ երկրների (ներառյալ Թուրքիայի եւ Ադրբեջանի) քվեները:
Հակամարտության շուրջ ընթացող քաղաքականությունը հիմնված է վերոնշյալ իրավական սահմանումների վրա: Հրադադարի ստորագրումից ի վեր հակամարտությունը կարգավորելու հարցը վստահված է ԵԱՀԿ Մինսկի խմբին, որի համանախագահներն են Ռուսաստանը, Մ. Նահանգները եւ Ֆրանսիան:
Վերջին երկու տասնամյակների ընթացքում Մինսկի այդ խումբը մաքոքային դիվանագիտություն է վարումՙ անօգուտ պտտեցնելով կառույցի անիվները: Մի բանում, որ ցարդ հատատակամ էր այդ կառույցը, միասնական դիրքորոշում որդեգրելն էր, որն այլեւս չի գործում: ԵԱՀԿ-ի միջնորդությամբ երկու երկրների նախագահների հանդիպումները տարբեր վայրերում (Քի Ուեստում, Աստանայում, Մադրիդում, Մոսկվայում) որեւէ գործնական արդյունք չեն արձանագրել:
Վերջին ժամանակների սահմանային միջադեպերում, սակայն, Ադրբեջանն օգտագործում է Թուրքիայից ներմուծված արդիական եւ առավել վտանգավոր զենքի տեսակներ: Զինադադարի խախտումները նաեւ ուղեկցվում են ավելի ռազմատենչ հայտարարություններով, ոչ միայն երկրորդական կամ երրորդական կարգի կառավարական պաշտոնյաների, այլեւ նախագահ Իլհամ Ալիեւի շուրթերից, որ պահանջատիրական իրավունքներից է խոսում անգամ Հայաստանի ինքնիշխան պետության նկատմամբ: Խոսքերը գործողությունների վերածելովՙ ադրբեջանական բանակը հարձակվում է Տավուշի շրջանի բնակչության վրաՙ խախտելով հրադադարի պայմանավորվածությունը նաեւ Հայաստան-Նախիջեւան սահմանի վրա:
Հոկտեմբերի 1-ի «Lragir.am» կայքում կարդում ենք. «Ակնհայտ է, որ կա Ադրբեջանին զսպելու երկու տարբերակ», որոնցից մեկը կարող է իրականացվել ԵԱՀԿ Մինսկի խմբի միջոցով, բայց նաեւ «ակնհայտ է, որ Մինսկի խումբը չունի «մանր» խախտումները կանխարգելելու կոնսեսուս:… Կրեմլը Ադրբեջանի հետ հարաբերությունները խորացնում է եւ այդպիսով Բաքվին հրադադարի անարգել խախտման կարտ-բլանշ է տալիս»:
Մինսկի խմբում տարաձայնության առկայությունը ակներեւ է դառնում այն փաստից, որ Ամերիկայի համանախագահ Ջեյմս Ուորլիքը առանց համաձայնեցնելու իր գործընկերների հետ անձնական կարծիքներ է բարձրաձայնում: Ըստ այդ կարծիքներից մեկի հայկական կողմը պետք է զիջի այն յոթ շրջանները, որոնք երաշխավորում են Ղարաբաղի ժողովրդի եւ նրա զինված ուժերի անվտանգությունը: Այս հանգերգը, որ հայկական կողմը ճկունություն ցուցաբերելով պետք է հեռանա այդ շրջաններից առնվազն մեկիցՙ ավելի վաղ, թուրք-հայկական արձանագրությունների տապալումից հետո, արտահայտել էր այդ ժամանակ Թուրքիայի արտգործնախարար Դավութօղլուն: Նշված երկու դեպքերում էլ ոչ մի խոսք չի ասվում Ադրբեջանի կողմից համապատասխան քայլ կատարելու մասին: Փոխզիջումը ենթադրում է երկու կողմերի համարժեք քայլերՙ հասնելու համար մեկ, ընդհանուր նպատակի: Միակողմանի զիջումը չի կարող խնդրի լուծման բանալին լինել:
Մինչ օրս հայկական կողմի հակադարձությունը եղել է արագ, համապատասխան եւ պատժողական: Բայց Ադրբեջանի դեմ անհրաժեշտ է նաեւ հռետորական պատերազմ մղել: Երկրի բռնապետական վարչակարգը վաղուց է խստորեն քննադատության ենթարկվել Եվրոմիության եւ Մ. Նահանգների կողմից մարդու իրավունքների կոպիտ խախտումների համար: Ի հակադրություն իշխող ալիեւյան կլանի անչափելի պերճաշուք ապրելակերպին, ավելի քան յոթհարյուր հազար ազերիներ երկրի ներսում ծայրահեղ աղքատության մատնված փախստականների են վերածված, որպեսզի աշխարհի ուշադրությունը բեւեռվի նրանց այդ «վիճակին հասցրած օտար թշնամու» վրա:
Հայաստանի սահմանների վրա վերջին ժամանակներում թուրքական, ադրբեջանական եւ վրացական զինված ուժերի մասնակցությամբ պատերազմական «խաղերը» նպատակ ունեն ցույց տալու, որ Հայաստանը մեկուսացված երկիր է, որն այնքան էլ հեռու չէ ճշմարտությունից: Իրավիճակը առավել սուր բնույթ է ստանում արտագաղթի պատճառով, որն ուրախացնում է Ալիեւին: Նա հաճախ է կրկնել, որ Ադրբեջանը կարող է սպասել մինչեւ արտագաղթի հետեւանքով Հայաստանը դառնա հեշտ խոցելի թիրախ: Մյուս կողմից Թուրքիան է կրակին յուղ ավելացնում: Երկրի զինված ուժերի գլխավոր հրամանատար Հուլուսի Ակարը հայտարարել է, որ «Թուրքիան աջակցելու է Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում»:
Այս ամենին գալիս է ավելանալու Ռուսաստանի երկդիմությունը Հայաստանի անվտանգության հարցում: Հայաստանը Մաքսային միության անդամ է: Նաեւ ՀԱՊԿ-ի ռազմավարական դաշնակից: Կազմակերպության մյուս անդամներըՙ Ղազախստանն ու Բելառուսը շարունակում են իրենց հարաբերությունները Ադրբեջանի հետ եւ հրադադարի խախտումների վերաբերյալ հրապարակում ընդհանուր հաղորդագրություններ: Գյումրիում տեղակայված ռուսական զինվորական բազան առայժմ պասիվ է: Ռուսաստանը չի հստակեցնում, որ կպաշտպանի Հայաստանին հարձակման ենթարկվելու դեպքում, մինչդեռ Բաքուն կրակի ուղղությունը արդեն իսկ շեղել է Հայաստանի վրա: Մեկնաբանելով հայ-ռուսական հարաբերությունները, վերոնշյալ «Lragir.am» կայքը նշում է, որ դե յուրե դաշնակիցն ու գործընկերը, դե ֆակտո զինում է թշնամունՙ կանաչ լույս վառելով նրա ագրեսիվ տրամադրությունների առաջ:
Ադրբեջանը նաեւ զենք է գնում Թուրքիայից եւ անօդաչու ինքնաթիռներՙ Իսրայելից: Իսրայելցի փորձագետ դոկտ. Ալեքսանդր Ցինկերը բացահայտել է հետեւյալը. «Մենք ծանր հրետանի ենք մատակարարում Ադրբեջանին, բայց դա լոկ բիզնես է: Ես զրուցել եմ հայկական կողմի հետ եւ հասկացրել, որ եթե Հայաստանը ցանկանա, մենք կարող ենք նրան էլ զենք վաճառել: Բայց հայկական կողմը նշել է, որ ՀԱՊԿ անդամ է» եւ զենք ձեռք բերելը համատեղելի չէ այդ համակարգի հետ:
Մոսկվան վաղուց է փորձում ռուսական խաղաղապաշտպան ուժեր տեղակայել Ղարաբաղումՙ ամրապնդելու համար իր դիրքերը Կովկասում: Հայկական կողմը ընդդիմանում է այդ քաղաքականությանը ասելով, որ իր զինված ուժերը վերահսկում են իրադրությունը եւ կարող են երաշխավորել հայկական երկու պետությունների անվտանգության պաշտպանությունը: Ճիշտ է, որ արտագաղթը ահազանգող աստիճանի է հասել, բայց ճիշտ է նաեւ այն, որ մեր օրերում ռազմական հաղթանակները ավելի շատ հիմնված են տեխնոլոգիայի եւ մարտավարության վրա: Զինվորական փորձագետների կարծիքով Հայաստանը դեռեւս իր ձեռքերում պահում է այդ մարտավարական առավելությունը: Բայց ոչ ոք չի կարող ասել, թե ինչքան երկար նա կկարողանա պահել այդ առավելությունը:
Ռուսաստանը չափազանց զբաղված է Ուկրաինայի եւ Սիրիայի հարցերով, եւ պետք է խոստովանենք, որ պատերազմների երկրորդ ճակատները շատ հաճախ բացվում են նման խառնաշփոթ իրավիճակներում:
Հայաստանի համար ամենավերջին ցանկությունը մի նոր պատերազմի բռնկումն է, որովհետեւ նույնիսկ հաղթանակի դեպքում այն լինելու է չափազանց թանկ եւ արյունալի:
Դետրոյթ, ԱՄՆ, Թարգմ. Հ.Ծ.