Պրոֆ. ՆԻԿՈԼԱՅ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Արաբական արդի պատմագիտությունը Հայոց ցեղասպանության հիմնահարցերի խորքային ուսումնասիրության , ընգրկված խնդիրների բազմաշերտ ծալքերի բացահայտման, եզակի նյութերի եւ փաստաթղթերի գիտական շրջանառության մեջ դնելու եւ մեկնաբանությունների ու գնահատականների վստահության բարձր աստիճանի առումով, յուրօրինակ տեղ է գրավում ցեղասպանագիտության համակարգում, իսկ որոշ դեպքերումՙ ուղղակի անմրցելի է:
Իսկ ինչո՞վ է դա բացատրվում:
Առաջին, արաբական երկրները ավելի քան չորս դարՙ 1516-1918թթ., Օսմանյան կայսրության մասն են կազմել: Սակայն դա եղել է ոչ թե կամավոր միացում, այլ նվաճման արդյունք: Օսմանյան-թուրքական չորսդարյա բռնատիրական լուծը, ինչպես նշում են արաբ հետազոտողները, աղետաբեր եղավ արաբների համար: Արաբները օսմանյան կայսրությունը գիտեն ոչ թե հեռվից կամ գրականությունից, այլ ներսից, որպես օսմանյան սուլթանների հպատակներ, օսմանյան դաժանության, վայրագության եւ սարսափների կրողներ: Պատահական չէ, որ հենց արաբները սուլթան Աբդուլ Համիդ II-ի դարաշրջանը` 1876-1909թթ., անվանեցին «Զուլումի դարաշրջան»: «Զուլում» եզրը արաբերեն բառ է, որը նշանակում է «բռնակալություն», «դիկտատուրա», «միահեծանություն» եւ այդ իմաստով էլ ընկալվեց աշխարհում: Սակայն նա ունի նաեւ ողբերգության, աղետի եւ դժբախտության երանգավորում եւ, օրինակ, հայերը այդպես են ընկալում եւ այդ իմաստով են գործածում զուլում բառը:
Կարծում ենք, որ քրդական գործոնի դերակատարումը հայկական կոտորածների հարցում պետք է դիտարկել համիդյան զուլումի համատեքստում, մասնավորապես Համիդիե հեծելազորի ստեղծումը եւ նրա վայրագ գոծողությունները Արեւմտյան Հայաստանի տարբեր հայաբնակ վայրերում : Այդ բանդիտա-ավազակային զորախումբը, ինչպես նշում են արաբ մասնագետները, ստեղծվել էր սուլթան Աբդուլ Համիդի հրամանով բացառապես քրդերից եւ նրա գլխավոր խնդիրը հայերին բռնության եւ սարսափի մեջ պահելն ու հայկական ջարդեր կազմակերպելն էր ( Ֆուադ Հասան Հաֆիզ, Հայ ժողովրդի պատմությունը սկզբից մինչեւ մեր օրերը, Կահիրե, 1986, արաբերեն ):
Երկրորդ, երկարատեւ պատերազմներից հետո, շահական Պարսկաստանը եւ օսմանյան Թուրքիան 1639թ. Կասր ի Շիրինում ստորագրեցին պայմանագիր, որով Հայաստանը բաժանվեց նրանց միջեւ: Արեւելյան Հայաստանը մնաց Պարսկաստանի կազմում, իսկ Արեւմտյան Հայաստանն անցավ օսմանյան Թուրքիայի տիրապետության տակ: Հայաստանի արեւմտյան հատվածն անցավ Ալթայից եւ Միջին Ասիայից Փոքր Ասիա ներխուժած մի նոր էթնոսիՙ քոչվորական անասնապահ օղուզ թուրքերի տիրապետության տակ, եւ տարածաշրջանի բնիկ տերերըՙ հայությունը, հայտնվեց մի այնպիսի անկառավարելի էթնոսի հարեւանությամբ, ինչպիսին քրդերն էին, որոնք իրենց հետամնացությամբ ու ընչաքաղցությամբ ոչնչով չէին զիջում իրենց տերերինՙ թուրքերին: Եվ սկսվեց Արեւմտյան Հայաստանի վարչատարածքային մարզերի անընդմեջ վերաձեւումը, նպատակակետ ունենալով նպաստել թուրքական եւ քրդական էթնոսի թվական գերակայությանըՙ ի հաշիվ հայերի թվաքանակի նվազեցման իր բնօրրանում: Արաբ պատմաբանները նկատել են, որ թուրքերի, քրդերի եւ չերքեզների բնակեցումը հայկական շրջաններում եւ տեղաբնիկ հայերի պապենական հողերի բռնագրավումը հարցի մի կողմն էր: Հարցի մյուս կողմն այն էր, որ օսմանյան իշխանություններն անընդհատ բախումներ եւ ընդհարումներ էին հրահրում եկվոր մահմեդականներիՙ թուրքերի, քրդերի, չերքեզների եւ տեղաբնիկ հայերի միջեւ, քրդերի եւ չերքեզների ձեռքով իրականացնելով հայկական ջարդեր , պաշտպանելով մահմեդականներին ընդդդեմ հայերի:
Կարելի է վստահաբար ասել. որ առանց 1639թ. եւ դրանից հետո իրականացված թուրք-քրդական հակահայկական քաղաքականության, չէր լինի 1915թ.:
Երրորդ, հայտնվելով հետամնաց, բարաբարոսական սկզբունքների վրա խարսխված Օսմանյան կայսրության կազմում, հայերը դարձան դեռեւս 1516թ. նվաճված արաբների հարեւաններն ու բախտակիցները: Մենք ժամանակին այն տեսակետն ենք արտահայտել, որ արաբները եւ հայերը, հայտնվելով միեւնույն Օսմանական կայսրության տիրույթում եւ տիրապետության տակ, դարձան բախտակից ժողովուրդներ, նրանց հակառակորդը միեւնույն օսմանյան դաժան լուծն էր, նրանց խնդիրները նույնն էինՙ պայքար օսմանյան բռնատիրության դեմ, ազգային ինքնության պահպանում եւ տարրական իրավունքների պաշտպանություն: Մեր այս տեսակետն ընդունվել է արդի արաբագիտության կողմից: Այդ կապակցությամբ լիբանանյան արաբ հայտնի պատմաբան Սալեհ Զահր ալ-Դինը գրում է, որ «Ինքը լրիվ համամիտ է պրոֆ. Ն. Հովհաննիսյանի այն տեսակետին, որ «Դեռեւս XIX դարի վերջին-XX դարի սկզբին արաբական եւ հայկական քաղաքական միտքը հանգեց այն եզրակացության, որ արաբների եւ հայերի ազգային շահերը համընկնում են, որ նրանք տառապում են միեւնույն օսմանական լծից եւ ունեն մի ընդհանու թշնամիՙ օսմանյան բռնապետությունը, հետեւաբարՙ նրանք բախտակից ժողովուրդներ են» (Սալեհ Զահր ալ-Դին, Օսմանյան կառավարության քաղաքականությունն Արեւմտյան Հայաստանում եւ մեծ տերությունների քաղաքականությունը Հայկական հարցում, Բեյրութ, 1996, էջ 28-29, արաբերեն եւ հայերեն ): Ի պաշտպանություն մեր այդ տեսակետի են հանդես եկել նաեւ Ումար ալ Դակակը, Ադնան ալ-Սայիդ Հուսեյնը եւ ուրիշներ: Արաբա-հայկական բարեկամական համագործակցությունը, բնականաբար, ենթադրում էր հայերի կողմից արաբների ազգային իրավունքների պաշտպանություն ընդդեմ օսմանյան իշխանությունների հակաարաբական քաղաքականության, եւ արաբների կողմից հայերի իրավունքների պաշտպանությունՙ ընդդեմ թուրք-քրդական հակահայկական քաղաքականության:
Այսպիսով, հենվելով վերոշարադրյալ նյութի եւ արաբական հեղինակների ինքնատիպ դիտարկումների վրա, կարելի է ներկայացնել հայկական հարցում ուժերի դասավորության եւ այդ ուժերից յուրաքնչյուրի գործառույթի հետեւյալ սխեման. թուրքեր (իշխանություններ )ՙ դահիճներ- քրդեր եւ չերքեզներՙ դահիճների կամակատար ջարդարար օգնականներ- հայերՙ զոհեր, եւ արաբներՙ զոհերի, հայերի, որպես բախտակից ժողովրդի պաշտպաններ:
***
Քրդական գործոնը տիպաբանորեն պատկանում է Հայոց ցեղասպանության իրականացման առանցքային հարցերին: Օսմանյան կառավարողները, օգտագործելով քրդերին որպես զենք հայերին բնաջնջելու գործում, հարստացրին իրենց դահճային զինանոցը: Արաբ հեղինակներն առաջնայինը համարելով օսմանյան ղեկավարության քաղաքականությունը , իսկ քրդերի հակահայկական գործունեությունը դիտելով որպես դրանից բխող երեւույթ, բնավ չեն ցանկացնել դույզն ինչ նվազեցնել քրդերի պատմական պատասխանատվությունը: Քրդերն ունեն մեղքի իրենց բաժինը եւ գիտությունը չի կարող դա անտեսել: Ահա թե ինչու նրանք այդքան մեծ տեղ են հատկացրել քրդերի մասնակցությանը հայկական կոտորածներին եւ 1915թ. ցեղասպանությանը:
Ֆուադ Հասան Հաֆիզը, Մուսա Պրենսը, Մարվան ալ-Մուդավարը, Ուսման ալ-Թուրքը, Մուհամմադ Ռիֆաթ ալ-Իմամը եւ արաբ այլ հետազոտողներ, հանգամանորեն անդրադարձել են քրդերի հակահայ գործունեությանըՙ կապված Հայկական հարցը միջազգային դիվանագիտության հարցի վերածվելու, 1977-1978թթ. ռուս-թուրքական պատերազմից հետո կնքված Սան Ստեֆանոյի հաշտության պայմանագրի (1978թ. մարտի 3) եւ Բեռլինի կոնգրեսի (1978թ. հունիսի 13 -հուլիսի 13) տրակտատի հետ: Արաբ պատմաբանները դրական են գնահատել Սան Ստեֆանոյի պայմանագիրը, հատկապես նրա 16-րդ հոդվածը, որում արձանագրված էր. «Բարձր Դուռը (իմա Օսմանյան կայսրությունը-Ն.Հ.) պարտավորվում է անհապաղ կենսագործել հայաբնակ մարզերի տեղական կարիքներից հատուցվող բարելավումներ եւ բարենորոգություններ, եւ զերծ պահել հայերի անվտանգությունը քրդերից եւ չերքեզներից»: Արաբ պատմագիրների համար տվյալ դեպքում ամենակարեւորը հայերի անվտանգության ապահովումն էր քրդական եւ չերքեզական հարձակումներից, կողոպուտներից եւ թալանից: Կար նաեւ եւս մեկ այլ պայման, որը չի վրիպել արաբ հեղինակների աչքից: Ըստ Սան Ստեֆանոյի պայմանագրի, Օսմանյան կողմը համաձայնվում էր, որ Արեւմտյան Հայաստանում ռուսական զորքերը կմնան վեց ամիս ժամանակով , որի ընթացքում Արեւմտյան Հայաստանում պետք է կիրառվեին բարենորոգումները: Ռուսական զորքերի ներկայաությունն արաբ հեղինակներն իրավացիորեն ընկալել են բարեփոխումների եւ հայության անվտանգության երաշխիք:
Սան Ստեֆանոյի պայմանագիրը դիտարկվեց որպես ռուսական դիվանագիտության հաղթանակ եւ Մեծ Բրիտանիային ու Ավստրո-Հունգարիային հաջողվեց Գերմանիայի կանցլեր Օտտո Բիսմարկի աջակցությամբ 1878թ. հասնել Բեռլինում կոնգրեսի գումարման, որը վերանայեց Սան Ստեֆանոյի պայմանագիրը, այդ թվում եւ նրա 16-րդ հոդվածը, որը Բեռլինի տրակտատում վերածվեց 61-րդ հոդվածի: Սակայն նրանում տեղ չգտավ Հայաստանում բարեփոխումների իրականացումը ռուսական զորքերի ներկայությամբ դրույթը, որը երաշխիքներ էր տալիս ոչ միայն բարեփոխումների կիրառմանը, այլեւ հայերի անվտանգությունը զերծ պահում քրդական եւ չերքեզական հարձակումներից: Արաբ պատմաբանները դա համարեցին խիստ վտանգավոր հայերի անվտանգության ապահովման տեսակետից (Տե՛ս Մարվան ալ-Մուդավար, Հայերը պատմության ընթացքում, Բեյրութ, 1982, արաբերեն ): Այդ բոլորի հետեւանքով ոչինչ չփոխվեց հայերի նկատմամբ օսմանյան քաղաքականության մեջ: Բարեփոխումները չկիրառվեցին եւ դրանում արաբ պատմաբանները մեղադրում են ոչ միայն սուլթան Աբդուլ Համիդ II -ին եւ քրդերին, այլեւ մեծ տերություններին, առաջին հերթին Մեծ Բրիտանային եւ Գերմանիային: «Անգլո-ռուսական մրցակցությունը եւ բիսմարկյան մաքիավելիզմը ,- գրում է արաբ պատմաբան Մուսա Պրենսը,- թույլ չտվեցին Սան Ստեֆանոյի պայմանագրի 16-րդ հոդվածի իրականացումը» ( Moussa Prince, L՛Armenocide, Liban, 1975, p.75 ): Իսկ Ֆուադ Հասան Հաֆիզը եւ Ուսման ալ-Թուրքը հավելում են, որ Մեծ Բրիտանիան անհանգստությամբ էր նայում ցարական Ռուսաստանի ուժեղացմանը եւ նեղուցների վրա նրա վերահսկողությունը հաստատելու առաջխաղացմանը եւ նրան ստիպեցին իր զորքերը դուրս բերել Արեւմտյան Հայաստանից եւ Թուրքիային վերադարձնել Էրզրումն ու Բայազեդը: Եվ հայերը միայնակ մնացին թուրքերի ու քրդերի դեմ-հանդիման, իսկ Ուսման ալ-Թուրքի դիպուկ բնութագրությամբ, Արեւմտյան Հայաստանում բարեփոխումները եւ հայերին քրդերից ու չերքեզներից ապահովագրելը մնացին «տեսական ցանկություններ, որոնց իրականացման համար ոչ մի քայլ չձեռնարկվեց» (Ուսման ալ-Թուրք, էջեր հայ ազգի պատմությունից, Հալեպ, 1960, էջ 189, արաբերեն): Հետաքրքրական է նաեւ նրա կարծիքն առ այն, որ մեծ «պետություններն անկեղծ չէին հայերին թուրքական ստրկությունից ազատագրելու հարցում»:
Բեռլինի կոնգրեսից հետո հայերի կոտորածներն ավելի մեծ ծավալներ ընդունեցին, որում ակտիվորեն ներգրավվեցին քրդերը: Բեռլինի կոնգրեսից հետո, 1891 թ., կազմավորվեց քրդական Համիդիե հեծելազորը, որի մասին մենք արդեն նշել ենք:
Այստեղ հարկ է ավելացնել, որ նա բացառապես կազմված էր քրդերից, որոշ արաբական աղբյուրների համաձայնՙ գլխավորապես Դիարբեքիրի քրդերից, եւ նրա զորակայանը տեղակայված էր հայկական Երզնկա քաղաքում: Աբդուլ Համիդի հրամանով ստեղծված եւ օսմանյան կառավարության հաշվին պահվող քրդական այդ հեծելազորը բաղկացած էր 30 գնդերից: 1894-1896թթ. Օսմանյան կայսրությունում իրագործվեցին հայկական նոր ջարդեր, որոնք ծավալների առումով մինչ այդ իրենց նախադեպը չեն ունեցել: Այս անգամ եւս Աբդուլ Համիդ II-ի գլխավոր զենքը, ինչպես հաստատում են արաբ հեղինակները, հանդիսացան քրդական Համիդիե հեծելազորը ու Մուսա բեկի տիպի քրդական ցեղապետները: Սալեհ Զահր ալ-Դինը մատնանշում է, որ Աբդուլ Համիդն իր հակահայկական գործողությունների կենտրոն է դարձնում Սասունը, համարելով այն «ըմբոստ շրջան, որը պետք է հնազանդեցնել: Եվ սասունցիներին բնաջնջելը որոշվեց իրագործել քրդերի ձեռքով» (Սալեհ Զահր ալ-Դին, նշվ. աշխ.): Բիթլիսի նահանգապետ Թահսին փաշան 1891թ. իր մոտ է կանչում քրդական գիլան ցեղի քուրդ ցեղապետներին եւ սուլթան Աբդուլ Համիդի անունից պահանջում ջիհադՙ սրբազան պատերազմ սկսել հայերի դեմ: Սակայն, ինչպես վկայում է արաբ պատմաբանը, «Ջիհադ տեղի չունեցավ ո՛չ 1891, ո՛չ 1892 եւ ոչ էլ 1893թ., քանի որ քուրդ շեյխերի մի մեծ թեւ, դեմ լինելով նման պատերազմի, հրաժարվեց մասնակցել դրան: Թեեւ որոշ քրդական ցեղեր տեղական բնույթի հարձակումներ գործեցին ավարի ակնկալիքով, սակայն համատարած հարձակումներ տեղի չունեցան: Ընդհակառակը, 1891-1892թթ. հայտնի են հայ-քրդական համագործակցության շատ դեպքեր Սասունի գյուղերումՙ ընդդեմ թուրքերի»:
Դժբախտաբար, հայ քրդական նման համագործակցությունը քուրդ ցեղապետների եւ օսմանյան սուլթանի մեղքով, չդարձավ մշատական գործոն եւ չվերածվեց մշակված ու գիտակցված քաղաքականության: Դա հաստատում են արաբ հեղինակները, վկայակոչելով «Սասունի դեմ 1894թ. ձեռնարկված թուրք-քրդական ռազմական գործողությունները», Համիդիե զորագնդի վայրագությունները Բահա ալ-Դին փաշայի գլխավորությամբ» եւ այլն: Արաբ հեղինակները նշում են, որ արյունարբու սուլթանը հետագայում եւս բազմիցս քրդերին օգտագործել է հայերի դեմ եւ նրանց ձեռքով իրականացրել հայերի կոտորածները, ինչպես 1903թ., երբ Անատոլիական 4-րդ բանակի հրամանատար Զաքի փաշան, կատարելով սուլթանի հրամանը, սպառնաց քրդական ցեղերի դեմ խիստ միջոցներ ձեռնարկել, եթե նրանք չմասնակցեն Սասունի դեմ նոր հարձակմանը: Եվ նա ոտքի հանեց 25000 զինյալ քրդերիՙ ընդդեմ Սասունի հայերի:
Եվ այդպես շարունակաբար, ընդհուպ 1915թ. , երբ սկսվեց Հայոց Մեծ Եղեռնը:
***
Քրդերը դարձան Հայոց ցեղասպանության անմիջական մասնակիցներ նրա առաջին իսկ օրվանից, որը սադիստական սառնասրտությամբ իրականացրին երիտթուրքական դահիճները, հետամուտ լինելով Օսմանյան կայսրությունը էթնիկապես «մաքուր թուրքական պետության» վերածելու ռասիստական ծրագրի կենսագործմանը: Համաձայն այդ դիվային ծրագրի, Օսմանյան կայսրությունում բնակվող բոլոր ազգությունները պետք է դառնային թուրքերՙ կամովին, կամ էլ բռնությամբ: Իսկ համառորեն հրաժարվող ժողովուրդները պետք է ենթարկվեին ֆիզիկական ոչնչացման: Ուշագրավն այն է, որ երիտթուրքերի հեռահար ծրագրերով թուրքացման ենթակա էին ոչ միայն քրիստոնյա ժողովուրդներըՙ հայերը, հույները եւ ասորիները, այլեւ իսլամադավան ժողովուրդներըՙ արաբները, քրդերը, չերքեզները եւ այլք: Մուսուլման արաբները հրաժարվեցին ենթարկվել երիտթուրքական այդ դիվային պահանջին եւ 1916թ. ապստամբեցին օսմանյան իշխանությունների դեմ, որը պատմության մեջ մտել է որպես «Արաբական մեծ ապստամբություն», եւ իրենց լուման ներդրեցին Առաջին համաշխարհային պատերազմում Օսմանյան կայսրության պարտության գործում: Իսկ ինչ վերաբերում է մուսուլման քրդերին, ապա նրանք, ի տարբերություն արաբների, անհեռատեսորեն կրկին գործիք դարձան երիտթուրքերի ձեռքինՙ հայերին իրենց բնօրրանում բնաջնջելու թուրքական հրեշային ծրագրի իրականացման գործում: Դա նկատել եւ դատապարտել են ոչ միայն արաբները, այլեւ այլ ժողովուրդներ եւ երկրներ:
Այդ տեսակետից խիստ կարեւոր է Անտանտի հիմնադիր երեք պետություններիՙ Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի եւ Ռուսաստանի կառավարությունների 1915թ. մայիսի 24-ի համատեղ հայտարարությունը, որում ի լուր աշխարհի հայտարարվում էր. «Վերջին ամիսներին Հայաստանի քրդերը եւ թուրքական բնակչությունը զբաղված են հայերի կոտորածներով: Օսմանյան իշխանությունների թողտվությամբ եւ հաճախ նրանց օգնությամբ նման կոտորածներ են տեղի ունեցել ապրիլի կեսերին Էրզրումում, Դերջանում, Ակնում, Բիթլիսում, Սասունում, Մուշում, Զեյթունում եւ ամբողջ Կիլիկիայում: Վանի մերձակա 100 գյուղերի համարյա ամբողջ բնակչությունը ոչնչացվել է: Վան քաղաքի հայկական թաղերը շրջապատվել եւ դեռ շրջապատված են քրդերի կողմից: Ի տես Թուրքիայի կողմից այս թարմ ոճրագործությունների , դաշնակից կառավարությունները հայտարարում են Բարձր Դռանը, որ օսմանյան կառավարության բոլոր անդամները, ինչպես նաեւ դրանց մասնակցած գործակալները, անձնապես պատասխանատու են հայկական կոտորածների համար»: Դրա համար պատասխանատու էին համարվում նաեւ քրդերը: Մեզ մնում է ավելացնել, որ Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի եւ Ռուսաստանի այդ նախազգուշացումը չսթափեցրեց երիտթուրքերին եւ քրդերին, որոնք շարունակեցին հայերի ֆիզիկական վերացման իրենց արյունոտ գործը, որի ընթացքում XX դարի առաջին ցեղասպանությանը զոհ գնաց 1,5 միլիոն հայ:
Մենք Հայոց ցեղասպանության խնդիրներին, այդ թվում եւ քրդերի մասնակցությանը ու արաբների մարդասիրական դիքորոշմանը անդրադարձել ենք մեր բազմաթիվ աշխատություններում, որոնք լույս են տեսել նաեւ օտար լեզուներով արտասահմանյան մի շարք երկրներում: Դրան մենք անդրադարձել ենք նաեւ մի շարք հոդվածներում, այդ թվում եւ «Ազգ»-ի էջերում (Տե՛ս «Քրդական պատասխանատվություն», «Ազգ», 2 հոկտեմբեր 2015, էջ 7-8), որոնք մատչելի են ընթերցողներին: Ուստի անհրաժեշտ չենք գտնում կրկին անդրադառնալ այդ նյութին: Միայն ավելացնենք երկու կարեւոր հանգամանք: Առաջին, արաբական միջավայրում առաջացավ մի շատ կարեւոր գիտական տերմին , որը մինչ այդ հայտնի չէր: Խոսքը «Արմենոցիդ» տերմինի մասին է, որը շրջանառության մեջ դրեց լիբանանցի արաբ պատմաբան Մուսա Պրենսը: Նա այդ տերմինը ստեղծել է հենվելով Ռաֆայել Լեմկինի հայտնագործած «գենոցիդ» տերմինի վրա: Դա քաղաքական տերմին է, որի տակ հստակորեն հասկացվում է արմեններիՙ հայերի, որպես ցեղատեսակի , էթնոսի ամբողջական ոչնչացում, որի հայկական համարժեքը «հայասպանությունն» է: Ըստ որում Մուսա Պրենսը գտնում է, որ «Արմենոցիդը ամենագենոցիդային գենոցիդն է»: Եվ հանուն ճշմարտության հարկ է նշել, որ քրդերը բացասական իմաստով իրենց «արժանի» լուման են ներդրել թե՛ այդ եզրույթի առաջացման եւ թե՛ ամենագենոցիդային գենոցիդի իրականացման գործում:
Երկրորդ, արաբ պատմաբանների մոտ կասկած չկա, որ 1915թ. հայերի հետ պատահած իրադարձությունները ոչ թե սովորական ջարդեր էին, այլ ցեղասպանություն:Արաբ հեղինակները, Ֆուադ Հասան Հաֆիզը, Սամիր Արբաշը, Սալեհ Զահր ալ-Դինը եւ այլք, գտնում են, որ «Հայոց ցեղասպանությունը XX դարի սեւ էջն է»: Ուստի միանգամայն տեղին կլինի ասել, որ քրդերը, նրանց բեկերը եւ ցեղապետները պատմության սեւ էջը գրելիս երիտթուրքական դահիճների աջ ձեռքն են եղել:
***
Ուղիղ մեկ դար է անցել Հայոց ցեղասպանությունից: Այդ ընթացքում ահագին ջրեր են հոսել եւ շատ բան է փոխվել աշխարհում: Հայոց ցեղասպանությունը դադարել է համարվել «Մի մոռացված ցեղասպանություն»: Նա արդեն միջազգայնորեն ճանաչված ցեղասպանություն է, որի գագաթնակետը հանդիսացավ 2015թ. : Սակայն դեռ կան անելիքներ: Հայոց ցեղասպանության գլխավոր մեղավոր Օսմանյան Թուրքիայի իրավահաջորդ արդի Թուրքիայի կառավարությունը համառորեն չի ուզում ճանաչել օսմանյան լեգիտիմ դատարանի որոշումը, որը երիտթուրքերի բարձրագույն ղեկավարությանը դատապարտեց մահվան, այդ թվում եւ Հայոց ցեղասպանության իրականացման համար: Անորոշ եւ խուսափողական է նաեւ մարդկության դեմ ուղղված այդ հանցագործության մյուս մեղավորիՙ Թուրքիայի քրդերի ղեկավարության դիրքորոշումը, որոնք այսօր ըստ էության պայքարում են իրենց իրավունքների համարՙ հրապուրված պետականություն ունենալու հեռանկարով: Բայց ո՞րտեղ: Ո՞ր տարածքում: Նրանք մոռանում են, որ իրենք սոսկ Արեւմտյան Հայաստանի բնակիչներ են եւ ոչ ավելին: Խորհրդի կարգով կցանկայի նրանց ասել, որ չի կարելի պայքարել պետականության համար ուրիշի պետականության տարածքների վրա նստած : Դրա համար ոչ միայն Հիսուս Քրիստոսն է պատժում, այլեւ Ալլահը եւ նրա առաքյալ Մուհամմադը:
Այնուամենայնիվ, զգուշությունը լավ բան է: