Երկուշաբթի, Մայիսի 12, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ի՞ՆՉ ՍՈՎՈՐԵՑ ԿՈԼՅԱ ԼՈՒԿԱՇԵՆԿՈՆ ՄԱԿ-Ի 70-ՐԴ ԳԱԳԱԹԱԺՈՂՈՎԻՑ

02/10/2015
- 02 Հոկտեմբերի, 2015, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Եթե ՄԱԿ-ը մարդկության գոյության եւ հետագա զարգացման կարեւորագույն քաղաքական միավորումն է, ապա պետք է ընդունենք, որ դատելով նրանից, թե ինչպես է անցել ՄԱԿ-ի հոբելյանական 70-րդ գագաթաժողովը, մարդկության գոյությունն ամուր է, իսկ նրա հետագա զարգացումը` հուսալի: Ընդ որում այս եզրակացությունն ամենեւին էլ ռոմանտիզմի դրսեւորում չէ: Դատեք ինքներդ. գագաթաժողովից ազատ ժամանակ, երբ ՄԱԿ-ի գլխավոր գրասենյակի միջանցքներով քայլելիս են եղել աշխարհի երկրների նախագահները, Ուկրաինայի նախագահին է մոտեցել ԱՄՆ նախագահը, սեղմել է ձեռքը, ապա քանի որ շտապելիս է եղել, բացականչել է. «Ես անհամբեր սպասում եմ, թե ե՞րբ պետք է դուք ինձ հրավիրեք հանգստանալու Ղրիմում»: Ականատեսները, այդ թվում` Օբաման եւ Պորոշենկոն լիաթոք ծիծաղել են, ինչը նշանակում է, որ Օբաման կատակ է արել: Բայց հումորը ՄԱԿ-ի գագաթաժողովում այսքանով չի սպառվել. բանն այն է, որ Բելառուսի պատվիրակությունը, որը գլխավորել է այդ երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, համալրված է եղել մի ներկայացուցչով, ով, ասում են,լուրջ ազդեցություն ունի առնվազն Բելառուսում քաղաքական-հասարական-տնտեսական, անգամ ռազմական գործընթացների վրա: Խոսքը գնում է Կոլյա Ալեքսանդրովիչ Լուկաշենկոյի մասին, ով ասում են, հաջորդ շաբաթ դպրոց գնալիս տնօրինությանը ներկայացնելու է իր մեկ շաբաթյա բացակայությունները հարգելի համարելու թուղթ. մարդը մասնակցել է ՄԱԿ-ի 70-րդ գագաթաժողովին, կատակ բան չէ:

Եւ, վերջապես, Ադրբեջանը ՄԱԿ-ի հիշյալ գագաթաժողովում ներկայացրել է ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը: Ինքը Իլհամ Ալիեւը, ասում են, նեղացել է Ալեքսանդր Լուկաշենկոյից, քանի որ վերջինս չի ասել, որ երեխաներին եւս թողնում են, հակառակ պարագայում Ալիեւն իր փոխարեն կուղարկեր որդուն` կրտսեր Հեյդար Ալիեւին, ով, չնայած արդեն երեխա չէ եւ լավ-լավ ոտանավորներ է գրում` խաղաղության, սիրո, գարնան եւ այն աղջկա մասին: Մյուս կողմից, չնայած բացակայությանը, ՄԱԿ-ը «Հազարամյակների մարտահրավեր» իր ծրագրում, կոնկրետ գյուղատնտեսական ոլորտում ցուցաբերած աշխատանքների համար հատուկ պարգեւատրել է Իլհամ Ալիեւին: Սա եւս համարենք 70-րդ գագաթաժողովի կատակ եւ ավելի լուրջ խոսենք:

Օբամա եւ ամաբՕ

Բայց դա այնքան էլ հեշտ չէ, նկատի ունենք` լուրջ խոսելը ՄԱԿ-ի 70-րդ գագաթաժողովի մասին: Օրինակՙ ԱՄՆ նախագահի ելույթը ՄԱԿ-ի բարձր ամբիոնից: Կարդում ենք. «ԱՄՆ-ն աշխարհի ամենահզոր երկիրն է, շնորհիվ իր ժողովրդավարության»: Ճիշտ է, ԱՄՆ նախագահը նաեւ նշել է, որ իր երկրում ժողովրդավարությունը թերի է, ինչը նշանակում է, որ կարելի է ամենահզոր երկիրը լինել շնորհիվ թերի ժողովրդավարության, բայց սա կատակային մասը չէ: Նույն ելույթում Օբաման ասել է. «Երկրների հզորությունը որոշվում է բնակչության բարեկեցությամբ»: Այլ հարց է, որ փաստորեն ԱՄՆ նախագահի կարծիքով ենթադրենք Նորվեգիան ավելի հզոր երկիր է, քան նույն ԱՄՆ-ը, որից, ի դեպ, ըստ այս տրամաբանության, ավելի հզոր երկիր էր նաեւ գնդապետ Քադաֆիի Լիբիան: Կարեւորն այն է, որ մենք այդպես էլ չհասկացանք, հիմա ժողովրդավարությանը հուպ տանք, թե բնակչության բարեկեցությունը բարձրացնենք:

Մյուս կողմից, ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ Վաշինգտոնը երբեք չի հաշտվի «Ղրիմի անեքսիայի» եւ Ուկրաինայի արեւելքում ՌԴ-ի ագրեսիայի հետ: Նույն ելույթում Օբաման հայտարարել է. «Մեզ պետք է ուժեղ Ռուսաստան»: Շատ լավ, պարզապես Ղրիմը հետ տալով եւ Ուկրաինայի արեւելքում ամենաթողություն թույլ տալով, Ռուսաստանը չի ուժեղանա, համենայն դեպս ոչ ժողովրդավարությունը կավելանա, ոչ էլ բնակչության բարեկեցությունը:

Եւ վերջապես, ԱՄՆ նախագահը հայտարարել է.«ԱՄՆ-ի համար հավանական մարտահրավերներ են Ռուսաստանը եւ Չինաստանը»: Ավելի ուշ, Օբաման ասել է. «Մենք կարեւորում ենք Ռուսաստանի եւ Չինաստանի դերը` Իրանի միջուկային հարցի եւ սիրիական ճգնաժամի հաղթահարման գործում»: Չմոռանանք նաեւ ասել, որ ԱՄՆ նախագահը Սիրիայի նախագահ Ասադին անվանել է «բռնակալ» եւ «մարդասպան», ապա կոչ է արել միջազգային հանրությանը` «համատեղ պայքարել Իսլամական պետության դեմ, վերացնելով այդ պետության ապոկալիպտիկ պաշտամունքը»:

Կարճ ասած, նախագահ Օբամա,կամ հակառակը` ամաբՕ, տարբերություն չկա:

Սթափ Պուտինը

Ռուսաստանցիների որոշ հայտնի առանձնահատկությունները ուսումնասիրողների համար թերեւս անակնկալ կլինի այն, որ եթե կար մեկը, ով սթափ էր ՄԱԿ-ի 70-րդ գագաթաժողովում, ապա նա ՌԴ նախագահ Պուտինն էր: Ավելին, Պուտինի` թեւավոր դարձող խոսքերը` «Դուք գոնե հասկացա՞ք, թե ի՞նչ եք արել»` ուղղված Մերձավոր Արեւելքում սրացումներ հրահրած արեւմտյան երկրներին, ավելի շատ նման էր լավ խնճույքից հետո, երբ բոլորը աստիճանաբար սթափվում են, միակ սթափ մնացածի խոսքերին: Դժվար է ասել, թե հասկացել են արդյոք Պուտինի խոսքի հասցեատերերը: Հազիվ թե, քանի որ ՌԴ նախագահի ելույթին շատ քչերն են կենդանի հետեւել, իսկ օրինակ ուկրաինական պատվիրակությունը` հրապարակավ լքել է դահլիճը, մինչ այդ պարզելով Ուկրաինայի պատառոտված դրոշը, կարծես ասելով Պուտինին` «Իսկ դու տեսնո՞ւմ ես, թե ինչ ես արել»:

Իր ելույթում Պուտինը խոսել է այն մասին, թե այլեւս հնարավոր չէ համակերպվել միաբեւեռ աշխարհակարգին, թե անհրաժեշտ է մարդկության առջեւ ծառացած մարտահրավերներին համախմբված, միասնական դիմակայել, եւ որ Ռուսաստանը պատրաստ է այդ համախմբմանը: Ճիշտ է, ՌԴ նախագահը չի մանրամասնել, թե ինչպես է ինքը պատկերացնում այդ համախմբումը, կամ արդյոք պատկերացնում է համախմբում, որի կենտրոնը Ռուսաստանը չէ, հենց այդ պատճառով էլ Պուտինին ելույթի համար շատ չեն ծափահարել: Ասում են, որ Կուբայի պատվիրակությունը, ավանդույթի համաձայն ցանկացել է ծափահարել, սակայն կողքին նստած ամերիկացիները աչքով են տվել, ասելովՙ հո չեք մոռացել, որ մենք ձեր վրայից բոլոր պատժամիջոցները հանում ենք… Այդուհանդերձ, ՌԴ նախագահին ծափահարողներ եղել են, նրանցից մեկն էլ եղել է պատանի Կոլյա Լուկաշենկոն:

«Համախմբվածները»

Կոլյա Լուկաշենկոն, սինքրոն թարգմանության սարքը ականջին ուշադիր լսել է նաեւ Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի ելույթը: ԱՄՆ «հավանական մարտահրավեր» երկրներից մեկի առաջնորդը եւս կոչ է արել մարդկության առջեւ ծառացած բոլոր տեսակի մարտահրավերներին` միջազգային ահաբեկչությանն, օրինակ, համախմբված դիմակայել: Ի դեպ, չի բացառվում, որ ՌԴ նախագահը խորապես ազդված է եղել նախագահ Ցզինպինի ելույթից, քանի որ Պուտինը ՄԱԿ-ի դահլիճում էր եղել ավելի վաղ, քան իր ելույթն էր, որպեսզի լսի Չինաստանի նախագահին:

Սակայն, օրինակ Ֆրանսիայի նախագահ Օլանդին ոչ Պուտինը, ոչ Կոլյա Լուկաշենկոն, ոչ էլ վերջինիս հայրը չեն լսել, այնինչ մարդը եւս կոչ է արել համախմբման: Տրամաբանում ենք, որ համախմբան մեջ կարեւորը ոչ թե բուն համախմբումն է, այլ այն, թե ո՞ւմ շուրջ պետք է լինի այդ համախմբումը: Կրկին տրամաբանում ենք, որ համախմբում չի լինի:

Չնայած, անգամ Իրանի նախագահ Ռոհանին է դրան կողմ: Վերջինս, սակայն, մեկ այլ, ոչ պակաս հետաքրքրական հայտարարություն է արել. Իրանի նախագահը նշել է, որ Արեւմուտքի ներխուժումը Իրաք, իրավասություն տվեց ահաբեկիչներին գործելու: Պուտինի ասած` «Հիմա դուք գոնե հասկանում եք, թե ինչ եք արել»:

Դեմ առ դեմ

ՄԱԿ-ի այս գագաթաժողովի հիմնական ինտրիգներից մեկը Օբամա-Պուտին հանդիպումն էր, կկայանա՞ր արդյոք այն: Կայացավ, ինչպես գիտենք, Օբամայի նախաձեռնությամբ եւ խնդրանքով: Սակայն հանդիպումից հետո լրագրողների հարցերին պատասխանեց միայն նախագահ Պուտինը: ՌԴ նախագահը հանդիպման մասին ասաց, որ իր համար զարմանալի կերպով իրենք ունեցան «անկեղծ զրույց » եւ նախատեսվածից կրկնակի երկար (ժամ ու կես): Հանդիպման առաջին մասում խոսել են Սիրիայից, երկրորդ մասում` Ուկրաինայից: Ամերիկյան կողմը Օբամա-Պուտին հանդիպումից հետո պետքարտուղար Քերրիի մակարդակով հայտարարեց, որ իրենք շարունակում են պահանջել Ասադի հրաժարականը, բայց «դրան պետք է հասնել ոչ թե կտրուկ, այլ աստիճանաբար»: Հիշեցնենք, որ ավելի վաղ նույն Քերրին հայտարարել էր, թե Ասադը պետք է անհապաղ հրաժարակ տա եւ հեռացվի իշխանությունից:

Երկուսից մեկը

Հայտնի է, որ աշխարհում շուրջ 5000 ժողովուրդ է ապրում, որոնցից միայն 250-ը ունեն իրենց պետությունը: Վերջիններիս թվում մենք ենք, մենք անգամ երկու պետություն ունենք, որոնցից մեկի նախագահը եւս մասնակցում էր ՄԱԿ-ի 70-րդ գագաթաժողովին: Սերժ Սարգսյանը եւս համախմբման կոչ է արել եւ Հայաստանի Հանրապետության անունից վստահեցրել է, որ մենք պատրաստ ենք միջազգային ահաբեկչության եւ մարդկության այլ մարտահրավերների դեմ համընդհանուր պայքարի մի մասնիկը դառնալ: Բայց Սերժ Սարգսյանը նաեւ այլ համախմբան կոչ է արել. նա հորդորել է միջազգային հանրությանը` համատեղ զսպել ադրբեջանական ագրեսիան, մյուս կողմից շեշտելով, որ Ադրբեջանի նման պահվածքի շարունակման պարագայում Հայաստանը կձեռնարկի պատասխան իրավական եւ ռազմաքաղաքական քայլեր: Բայց Հայաստանի նախագահը ՄԱԿ-ում ունեցել է եւս մի ելույթ` ՄԱԿ-ի Խաղաղապահության գագաթաժողովում: Ու անկեղծ ասած, ՀՀ նախագահի երկու ելույթներից մեզ հատկապես հետաքրքրեց այս վերջինը: Բանն այն է, որ Խաղաղապահության գագաթաժողովում Սերժ Սարգսյանի հիմնական լսարանը ՆԱՏՕ-ի անդամ երկրների ներկայացուցիչներից էր բաղկացած, այսինքն Հայաստանի նախագահը կոնկրետ ադրբեջանական ագրեսիայի զսպման անհրաժեշտությունից խոսել է հենց ՆԱՏՕ-ականների ներկայությամբ, ինչը նշանակում է, որ նրա` այս հարցում համախմբան անհրաժեշտության հորդորը ուղղված է հենց ՆԱՏՕ-ին: Եթե հիշում եք, օրեր առաջ, ստանձնելով ՀԱՊԿ-ում նախագահությունը, Սերժ Սարգսյանը ՀԱՊԿ-ի Դուշանբեում կայացած գագաթաժողովում նման հորդոր հնչեցրեց ՀԱՊԿ գործընկերների առջեւ, եւ այն փաստը, որ հիմա նույն հորդորը հնչեցնելու կարիք կա նաեւ ՆԱՏՕ-ի առջեւ, նշանակում է, որ կա՛մ ՀԱՊԿ-ի արձագանքը չի գոհացրել Հայաստանին, կա՛մ միայն ՀԱՊԿ-ի արձագանքով բավարարվել չի կարելի: Ի դեպ, Նյու Յորքում նախագահներ Սարգսյանն եւ Պուտինը չեն հանդիպել, անգամ կարճատեւ բարեկամական զրույց չեն ունեցել, սա այն պարագայում, երբ Սերժ Սարգսյանը կարճատեւ զրույց է ունեցել Բարաք Օբամայի հետ, անգամ լուսանկարվել է վերջինիս եւ տիկին Օբամայի հետ: Իսկ նախագահներ Օբաման եւ Սարգսյանը, որքան էլ տարօրինակ հնչի, ըստ պաշտոնական հաղորդագրության, զրուցել են` «համահայկական հարցերի շուրջ»:

Սերժ Սարգսյանը Նյու Յորքում հանդիպել է նաեւ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունին, Իտալիայի եւ Շվեդիայի վարչապետներին, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին:

Նա անգամ չի մոտեցել եւ չի սեղմել Կոլյա Լուկաշենկոյի ձեռքը: Վերջինս, ի դեպ, ըստ որոշ տվյալների, գալիք երկուշաբթի օրվանից իրենց դպրոցում պատրաստվում է համախմբված աշխատանք սկսել` դպրոցի շրջակա միջավայրը բարելավելու ուղղությամբ:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՍՈՒՐԻԱ-ՌՈՒՍԻԱ

Հաջորդ գրառումը

ԱԿԱԴԵՄԻԿՈՍ ՌՈՒԲԵՆ ՍԱՖՐԱՍՏՅԱՆ

Համանման Հոդվածներ

2 մայիսի, 2025

Խզումը խորանում է

02/05/2025
2 մայիսի, 2025

Տնտեսաքաղաքական նույն կարծրապատկերով

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրավունք ունե՞նք մեր ցեղասպանված նախնիների ձայնը չդառնալու

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրանի նախագահի այցը Բաքու՝ Ադրբեջան-Իսրայել հարաբերությունների ակտիվացման ֆոնին

02/05/2025
Հաջորդ գրառումը

ԱԿԱԴԵՄԻԿՈՍ ՌՈՒԲԵՆ ՍԱՖՐԱՍՏՅԱՆ

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

Նորություններ

Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու բաժին ընկնող պետական պարտքը 4400 ԱՄՆ դոլար է. Վահե Դաֆթյան

12/05/2025

Էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դաֆթյանը գրում է. 2025 թ. ապրիլի 1-ի դրությամբ Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու բաժին ընկնող պետական պարտքը գերազանցել...

ԿարդալDetails

Իրենց համար շատ վատ լուր ունեմ. իրենց մերժելուց,  վախենամ, թավիշով չմերժեն. Նինա Կարապետյանց

12/05/2025

Ձեռքերս, ոտքերս էլ կանդալեցին, լայն սկոչով բերանս կապեցին, քացիներով սկսեցին հարվածել, հետո մի ոստիկան ասեց՝ «Մեռավ, մնաց վրեքներս, չխփեք». տուժող անձ

12/05/2025

Ինչպե՞ս է լինում, որ Աննա Հակոբյանի հիմնադրամը և Հ1-ի ամերիկյան մասնաճյուղը գրանցված են նույն հասցեում. Ռոբերտ Մարգարյան

12/05/2025

ՄԻՊ-ի հանձնարարությամբ իրականացվել է այց, տեղի է ունեցել առանձնազրույց Լիլիթ Աղեկյանի հետ

12/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական