Արտահանումը չնչին աճ է ունեցել, ներմուծումը` զգալի նվազում
2015-ի հունվար-օգոստոս ամիսների ցուցանիշների համաձայն, Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 3,9 տոկոսով։ Հիշեցնենք, թե ինչպե՞ս է փոխվել տնտեսական աճի տեմպը տարեսկզբից: Համաձայն Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության տվյալների, հունվարին տնտեսական աճի տեմպը կազմել էր 1,8 տոկոս, հունվար-փետրվարին եւ հունվար-մարտին` 2,5 տոկոս, հունվար-ապրիլին եւ հունվար-մայիսին` 2,7 տոկոս, հունվար-հունիսին եւ հունվար-հուլիսին` 4,2 տոկոս: Այսինքն, մինչ հուլիս ամիսը տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է, օգոստոսին այդ աճի տեմպը փոքր-ինչ նվազել է: Սա սպասելի էր, քանի որ գյուղատնտեսական սեզոնն աստիճանաբար անցնում է, մինչդեռ հենց այս ճյուղն էր այս տարվա տնտեսական աճի հիմնական բաժինն ունեցել: Տեղեկացնենք նաեւ, որ համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ), այսինքն` տնտեսական աճի ցուցանիշը տարվա առաջին կեսին կազմել է 4 տոկոս:
Գյուղատնտեսական համախառն արտադրանքից հետո, ծավալների աճի ցուցանիշով հաջորդը արդյունաբերությունն է: Որոշակի աճ է արձանագրվել նաեւ ծառայությունների ոլորտում, շինարարությունում աճը չնչին է, իսկ առեւտրում անկում է արձանագրվել: Մասնավորապես, գյուղատնտեսության արտադրանքի ծավալները տարվա առաջին 8 ամիսներին աճել են երկնիշ թվով` 13,5 տոկոսով, արդյունաբերությանը` 4,4 տոկոսով, ծառայություններինը` 2,2 տոկոսով, շինարարությանը` 0,2 տոկոսով, առեւտրի շրջանառությունը նվազել է 5,4 տոկոսով:
Գումարային առումով ամենամեծ ծավալները, չնայած այս տարվա սկզբից արձանագրվող նվազմանը, շարունակում են պահպանվել առեւտրի շրջանառությունում` 1 տրլն 409 մլրդ դրամ: Երկրորդը արդյունաբերության արտադրանքի ծավալն է` 827,8 մլրդ դրամ, երրորդը`ծառայությունների ծավալը` 742,5 մլրդ դրամ: Գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալները կազմել են 504,8 մլրդ դրամ, շինարարությանը` 211 մլրդ դրամ:
Ինչ վերաբերում է Հայաստանի արտաքին առեւտրաշրջանառությանը, ապա 2015-ի հունվար-օգոստոսին 2014-ի հունվար-օգոստոսի նկատմամբ այն նվազել է 19,5 տոկոսով եւ կազմել 3 մլրդ 41 մլն դոլար։ Արտահանումը փոքր` 0,5 տոկոս աճ է ունեցել, կազմել է 967 մլն դոլար , ներմուծումը կազմել է գրեթե 2 մլրդ 74 մլն դոլար, արձանագրելով զգալիՙ 26,3 տոկոս նվազում։
Հայաստանում միջին ամսական աշխատավարձի վիճակագրական ցուցանիշները հետեւյալն են` 2015-ի հունվար-օգոստոսին այն բարձրացել է 10,3 տոկոսով եւ կազմել 181 հազար 580 դրամ, մասնավոր հատվածում` ավելի քան 208 հազար դրամ, աճելով 7,1 տոկոսով, պետականում` 162 հազար դրամ, աճելով 13,3 տոկոսով։ Հարկ է նշել, որ միջին աշխատավարձի ցուցանիշները ներկայացված են ներառյալ եկամտային հարկը: