Մի քանի օրից կնշենք Հայաստանի անկախության 24 ամյակը: Գրեթե քառորդ դար է, ինչ մենք ունենք մեր անկախ պետությունը: Պետություն, որի մասին երազել են մեր նախնիները հարյուրամյակներ շարունակ, այդ ճանապարհին տալով հազարավոր զոհեր, կրելով աննկարագրելի զրկանքներ ու տառապանքներ: Պետություն, որի ստեղծման համար պայքարել եւ իրենց կյանքն են զոհել մեր ժողովրդի ամենապայծառ եւ անձնազոհ զավակները: Պետություն, որն ունենալու համար աշխարհի տարբեր հատվածներում հիմա էլ ծանր պայքար են մղում անկախություն երազող ժողովուրդները: Պետություն, որը կորցրեցինք մեր պատմական հայրենիքում մեկ անգամ` 1000 տարի առաջ ու չհաշված անկախության կամ ինքնուրույնության որոշ կարճատեւ ժամանակաշրջաններ, մնացինք օտարների տիրապետության տակ մինչեւ ներկայիս Հայաստանի Հանրապետության ստեղծվելը: Առանց պետության մնալով, ենթարկվեցինք ցեղասպանության, կորցնելով նաեւ մեր պատմական հայրենիքի մեծ մասը:
Թվում է, թե անկախություն չունենալու հետեւանքով նման ծանրագույն պատմություն ունեցող ժողովրդի համար սեփական պետությունը պետք է լինի այն գերագույն արժեքը, որի վրա պետք է դողալ, որն անսասան պահելու համար չխնայել ոչինչ, որի զարգացման համար ներդնել մեր ողջ ունակություններն ու ջանքերը, որի կարեւորությունը գիտակցել եւ փոխանցել սերնդեսերունդ` մեր ընտանիքներում, դպրոցներում ու բուհերում, պետական, հասարակական, մասնավոր կառույցներում, բայց …
Պարազապես տարօրինակ է, եթե չասենք արտառոց. մենք ասես չենք էլ հասկանում, թե ի՞նչ է սեփական պետությունը, ինչպե՞ս է այն առաջացել եւ ի՞նչ կարող էր եւ կարող է լինել, եթե այն չլինի, ի՞նչ մարտահրավերներ կան նրա առջեւ եւ ի՞նչ վտանգներ են սպառնում նրան: Մեզ թվում է, թե ամեն ինչ այսպես էլ եղել է կամ այսպես էլ պետք է լիներ, որ չեն եղել օտարների տիրապետության տակ մաքառման եւ ազգային արժանապատվության ոտնահարման դարերը: Ցավալի է հատկապես այն հանգամանքը, որ անկախության ու սեփական պետության կարեւորության գիտակցումը հատկապես բացակայում է այն սերնդի մոտ, որը ծնվել եւ մեծացել է ազատ երկրում, որի աչքի առջեւ է փոխվել այդ երկիրը, վերականգնվել անկախության սկզբնական տարիների քարուքանդ վիճակից:
Անհեթեթությունն այն աստիճանի է հասնում, որ շատերի ընկալմամբ հայրենիքն ու պետությունը երբեմն միմյանց հակադրվող հասկացություններ են: Կա՞ որեւէ այլ երկիր, որտեղ նման լայն տարածում ունեցող մտածողություն գոյություն ունենա: Կա՞ երկիր, որտեղ հարցվածների 84 տոկոսն իրեն հայրենասեր է համարում, բայց 40 տոկոսից ավելին ցանկանում է լքել սեփական երկիրը: Ո՞րն է այդ դեպքում հայրենասիրությունը: Թուրքերին ու ադրբեջանցիներին հայհոյե՞լը, անմոռուկ փակցնե՞լը մեքենաների եւ խանութների ապակիներին, կամ գուցե սեղանների շուրջ մեծադղորդ կենացներ խմե՞լը: Եթե չունենանք սեփական պետությունը, ինչպե՞ս ենք դիմակայելու այդ նույն Ադրբեջանին կամ Թուրքիային , հայհոյելո՞վ, թե՞ «քաղաքակիրթ» Եվրոպայի ընդունած բանաձեւերով, շատ նման 19-րդ դարում միջազգային դիվանագիտության մանրադրամ դարձած «հայկական հարցին»:
Նույնն է նաեւ ընկալումը հայրենիք հասկացության մասին: Գուցե՞ արժե հարցում կազմակերպել, թե անկախ Հայաստանում ապրողներից քանիսի՞ համար է հայրենիքը Հայաստանի Հանրապետությունը: Ցավոք, մեծ հավանականությամբ, նման ընկալում ունեցողները փոքրամասնություն կկազմեն: Ոմանց համար հայրենիքը սեփական բակն է, ոմանց համար` հարազատ գյուղն ու քաղաքը, մյուսների համար` Մեծ Հայքը, ուրիշների համար` Արեւմտյան Հայաստանը, բայց ոչ այն պետությունը (ներառյալ ԼՂՀ-ն), որն արդեն ունենք, որը մենք ենք ստեղծել եւ հաստատել 1991-ի սեպտեմբերի 21-ի անկախության հանրաքվեի արդյունքներով:
Հավերժ դժգոհների հերթական նվնվոցային ներխուժումն եմ լսում` «էս իշխանությունները …» եւ այլն: Ի դեպ, «էս իշխանությունները» կամ «էս երկիրը» ասողները այդպես են ասել բոլոր ժամանակներում` սկսած խորհրդային տարիներից, բոլոր իշխանությունների հասցեին եւ երբեք չեն մտածել, իսկ իրենք արժանի՞ են այս երկրին, կամ ի՞նչ են արել նրա համար, ինչպե՞ս են նպաստել նրա զարգացմանը: Այդուհանդերձ, իշխանությունների մասին երկու խոսք:
Անկախ պետության իշխանությունները ստեղծվել են մեր իսկ կողմից` լինի դա երեկ, այսօր, թե վաղը: Անկախ երկրում սեփական իշխանությունը նույնպես մերն է` անկախ նրանից, թե կոնկրետ մեզանից ովքե՞ր են ընտրել այդ իշխանությանը, ովքե՞ր` չեն ընտրել: Այսօր ես չեմ ընտրել այս իշխանությանը, չեմ համարում իմը, վաղը նա չի ընտրի քո ընտրած իշխանությանը եւ չի համարի իրենը: Այդպես ու՞ր ենք հասնելու: Մինչեւ տապալենք մեր իշխանություններին եւ օտարների տիրապետությո՞ւնը բերենք: Սեփական իշխանությունը նույնպես անկախ պետության բաղկացուցիչ մասն է: Հենց դրա համար են ազգերը պայքարում, որ ունենան սեփական, ոչ թե օտարի իշխանություն: Ամենավատ սեփական իշխանությունն հարյուրապատիկ ավելի լավ է, քան ամենալավ օտարի իշխանությունը:
Կարելի է եւ պետք է քննադատել իշխանություններին, որի պակասը, ի դեպ, երբեք չի եղել մեր անկախության 24 տարում, բայց անընդունելի է երկրի նախագահին (անկախ անձից)` գերագույն գլխավոր հրամանատարին ծաղրել, անվանել թշնամի եւ այլն: Սա նույնպես անկախ պետականության ընկալման դեֆիցիտ է, որում միանշնակ իրենց մեղքի մեծագույն բաժինն ունեն անկախության ժամանակաշրջանի բոլոր իշխանությունները: Սկսած կրթական համակարգից մինչեւ քաղաքական դաշտ, նրանք չարմատավորեցին, ավանդույթներ չստեղծեցին պետականության գաղափարի հանդեպ ոտնձգություններ թույլ չտալու, այդ գաղափարը ամենակարեւորն ու մեր հավերժ գոյության երաշխքը համարելու, այդ մտայնությունը նոր սերունդների մեջ արմատավորելու համար, իսկ շատ հաճախ էլ իրենք նպաստեցին այդ գաղափարի վարկաբեկմանը:
Սեպտեմբերի 21-ի նախօրյակին եւս մեկ անգամ ընդգծենք` մեր հայրենիքը նախեւառաջ Հայաստանի ներկայիս անկախ պետությունն է, առանց որի մեր ազգի ֆիզիկական գոյությունը հերթական անգամ կհայտնվի վտանգի տակ: Ամեն սեպտեմբերի 21-ին, շնորհավորանքներից զատ, մեկ քայլ անենք այս ընկալումը ամրապնդելու ուղղությամբ: