ՋՈՐՋ ՖՐԻԴՄԱՆ
Կայսրությունը հակահարված է տալիս
Հուսահատ պայքար էր: Գերմանիան ու Հունաստանը իրար դեմ էին դուրս եկել: Յուրաքանչյուրն ամեն ինչ ռիսկի էր ենթարկել: Ձեռք բերված համաձայնության հիման վրա Գերմանիան Հունաստանին կապիտուլյացիայի էր ենթարկում: Հույներն էլ Գերանիային էին անկյուն խցկել: Գերմանացիներին այլ բան չէր մնում, քան վրեժխնդիր լինել եւ հակահարված տալ:
Գլխավոր իրադարձությունը հանրաքվեն էր, որն անցկացվեց Հունաստանում ի պատասխան երկրի բանկային համակարգը փրկելու նպատակով հավելյալ խնայողական միջոցներ կիրառելու Եվրոմիության պահանջներին: Հանրաքվեն «Սիրիզա» կուսակցության նախաձեռնությունն էր, ուժեղացնելու համար իր դիրքերը: Կուսակցությունը հավատացած էր, որ գոտիները սեղմելու պահանջված միջոցառումները ոչ մի կերպ չէին կարող փրկել իրավիճակը: Ընտրությունը պետք է լիներ բանկային համակարգում կարճաժամկետ աղետի եւ բնակչության երկարաժամկետ չքավորության միջեւ: Հույները կանգնած էին անելանելի կացության առաջ:
Շախմատում հուսահատ վիճակից ելք գտնելու միջոցներից մեկը պարզապես շախմատի տախտակին խփելն է: Հենց այդ ձեւով էլ վարվեցին հույները հանրաքվեի ժամանակ: Եթե կորցնեին, կառավարությունը կկարողանար կապիտուլյացիայի ենթարկել գերմանական պահանջներըՙ ասելով, որ ժողովրդի կամքն է, իսկ եթե հաղթեին, երկրի առաջնորդները կկարողանային Եվրոմիությանը դեմ գնալ ասելով, որ զրկանքներին եւ խնայողություններին «ոչ» ասելը ոչ միայն կառավարության դիրքորոշումն էր, այլեւ հույն ամբողջ ժողովրդի կամքը:
Եվրոմիությունը կազմված է երկրներից, որոնք միացած են իրար, բայց պահպանում են իրենց ազգային ինքնիշխանությունը: Հույները արտահայտում էին իրենց ազգային, ինքնուրույն կամքը, որով կառավարությունը կկարողանար շախմատային նոր խաղի կանոններ սահմանել: Գերմանացիները հույներից պահանջում էին հրաժարում ինքնուրույնությունից եւ հնազանդեցում եվրոպացի բյուրոկրատներին, որոնք վերահսկելու էին երկրի ազգային գույքի վաճառքն ու ստացված եկամուտները, ընդմիշտ իրենցից կախվածության մեջ պահելով Հունաստանը: Հույները նախընտրեցին պահպանել իրենց ինքնուրույնության իրավունքը, իսկ գերմանացիները հակադարձեցին, ստիպելով նրանց ընդունել պայմաններ, որոնցով նրանք հարկադրված կլինեին զիջել:
Գերմանիայի դրդապատճառները
Գերմանիան մեծապես արտահանող երկիր է, որը եվրոպական ազատ առեւտրի գոտին օգտագործում է իր արտադրանքի զգալի մասը երկրից դուրս հանելու համար: Եվրոմիության քայքայումը Գերմանիայի ազգային շահերին անմիջական սպառնալիք էր դառնալու: Հույների դիրքորոշումը, եւ մանավանդ հանրաքվեի արդյունքը, քայքայման հեռանկար էր նախատեսում իր մեջ:
Հույների դիրքորոշման մեջ երկու բան սարսափեցնում էր գերմանացիներին: Առաջին. օգտագործելով իր ազգային ինքնիշխանության իրավունքը, Հունաստանը փորձում էր խուսափել հավելյալ զսպումներից եւ հունական պարտքի ծանր բեռը փոխանցել Եվրոմիությանը, որը նշանակում էրՙ Գերմանիային:
Գերմանացիների համար, միությունը տնտեսական աճի գրավականն է, գործիքը: Եթե Գերմանիան հանձն առներ պատասխանատվություն կրել ազգային ֆինանսական խնդիրների համար, ապա կկործանվեր, որովհետեւ Եվրոմիության սահմաններում թվով քիչ չեն այն երկրները, որոնք ունեն ֆինանսական խնդիրներ: Եթե Հունաստանին հաջողվեր պարտքերի պատասխանատվությունը բարդել Գերմանիայի վրա, հայտնի չէ, թե ինչպիսի ելք կունենար ճգնաժամը:
Մյուս կողմից, եթե Հունաստանը դուրս գար Եվրոմիությունից, ստեղծելու էր մի նախադեպ, որն ի վերջո ցնցելու էր ամբողջ միությունը:
Եթե եվրոպական միությունը լիներ, Գյոթեի խոսքերովՙ «ընտրովի ազգակցություն», որտեղ հնարավոր լիներ մտնել եւ դուրս գալ, երբ ցանկանաս, ապա միության երկարաժամկետ գոյությունը սասանված կլիներ: Եվ պատճառներ չկան չհավատալու, որ նախադեպը կունենար իր շարունակությունը: Եթե երկրները կարողանային դուրս գալ Եվրոմիությունից եւ ստեղծել առեւտրական խոչընդոտներ, ապա Գերմանիան երեւի ստիպված կլիներ ապրել այսպես կոչված «տարիֆային աշխարհում», որն էլ մղձավանջային սցենար կլիներ նրա համար:
Հանրաքվեն պատին էր դեմ տվել գերմանացիներին, որոնք չէին կարող ընդունել հույների պահանջը, չէին կարող թույլ տալ, որ Հունաստանը դուրս գար Եվրոմիությունից: Գերմանիան չէր կարող ցույց տալ, որ վախենում է Միությունից մի երկրի դուրս գալուց, ոչ էլ ընդունել նման ելքը: Շաբաթվա ընթացքում գերմանացիները քննարկում էին եվրոգոտուց Հունաստանի ժամանակավոր դուրս գալու հարցը, բայց հստակ չէր, թե դրանով ինչ կշահեր Եվրոպան, կամ ինչպես կլուծվեր բանկային խնդիրը: Հունաստանը հսկայական պարտքեր ուներ, եւ պետք է վերականգներ իր տնտեսությունը: Միության ներսում կամ դրսում լինելու հանգամանքը չէր կարող լուծել խնդիրը: Այնպես որ, ժամանակավորապես դուրս գալու հարցը անիմաստ քայլ կլիներ: Բանակցություններում երբ մի բանից շատ ես վախենում, ամենալավ մարտավարությունը թողնելն է, որ այդ բանը տեղի ունենա:
Գերմանական գերակայության վերականգնումը
Ես դիտավորյալ Գերմանիային եմ նշում եւ ոչ թե Եվրոմիությանը, որպես հույների հետ բանակցող կողմի, որովհետեւ արդեն երկար ժամանակ է, ինչ Գերմանիան է վերահսկում ամբողջ Եվրոմիությունը: Այս անգամ էլ նա ապացուցեց այդ երեւույթը եւ չթաքցրեց հակահարված տալու իր դաժանությունը: Իրականում Գերմանիան բարձրացրեց իր գերակայության նշաձողը հանուն իր ազգային շահերի եւ ցույց տվեց իր պատրաստակամությունը ջարդելու ամեն տեսակի ընդդիմություն: Ուրիշների թվում, ֆրանսիացիներն ու իտալացիները հրապարակայնորեն հարցականի տակ դրեցին Գերմանիայի դիրքորոշումը, բայց վերջին հաշվով դա ոչ մի նշանակություն չունեցավ: Գերմանացիները անշուշտ խորհրդակցեցին այլ երկրների կառավարությունների հետ, բայց ի վերջո Բեռլինը եղավ վճիռ կայացնողը: Եվրոմիության շրջանակներում վարվող բանակցությունը իրականում գերմանական բանակցություն էր:
Դրանով գերմանացիներն արեցին մի բան, որ հավանաբար երբեք չէին ցանկանում անել. նրանք վերականգնեցին Եվրոպայում գերիշխող, ինքնիշխան պետություն լինելու գաղափարը եւ այլ պետությունների վրա իրենց կամքը թելադրելու ուժն ու պատրաստակամությունը:
Պատմականորեն Գերմանիան Եվրոպական միության մեջ մի պետություն էր շատ ուրիշների թվում: Եվրոպական ինտեգրման գլխավոր նպատակը Գերմանիային տեղավորելն էր եվրոպական բազմազգ կառույցի միջավայրում, որպեսզի կարողանար տնտեսապես զարգանալ, եւ ոչ թե ստանձներ դարձյալ 1871-ից 1945 թվերին ունեցած իր դերակատարությունը: Դրան հասնելու համար անհրաժեշտ էր վստահ լինել, որ Ֆրանսիան եւ Գերմանիան համագործակցելու են, հավասարապես են գործելու: Դա թույլ չէր տալու, որ Գերմանիան միակողմանիորեն գերիշխան պետություն դառնար:
Սրան բոլորն էին համամիտ, նույնիսկ գերմանացիները: Նրանք էլ էին կողմ, որ պահպանվի կառույցի բազմակողմանիությունը: Եվ ներկա որոշումն ընդունելիս նրանք երկու սահմանագիծ հատեցին: Առաջին, Հունաստանի հետ բանակցություններում չնայած Ֆրանսիայի հետ չընդհարվեցին, բայց անքան էլ միասնական չգործեցին: Երկրորդ, գործադրեցին միակողմանի իշխանության իրենց ուժը: Ճիշտ է, որպես դաշնակիցներ հանդես եկան արեւելյան Եվրոպայի երկրները, որոնք այնքան էլ գոհ չեն Ռուսաստանի հետ Հունաստանի հարաբերություններից, բայց եղան նաեւ հակառակորդներ, որպիսին գերտերություններն էին, որոնց անտեսեցին:
Անտեսեցին հատկապես երկու հարցերում: Առաջին, ժամանակավոր վարկերի տրամադրում հունական բանկերին, եւ երկրորդՙ առավել խիստ մոտեցում, հրաժարում ազգային տնտեսության ինքնիշխան ղեկավարումից: Գերմանիան պահանջեց, որ Հունաստանը վերահսկողության տակ գտնվի Եվրոմիության կողմից ստեղծված «մոնիտորինգի»ՙ օտար մի կառույցի, որը նշանակում էր վերահսկողության տակ լինել գերմանացիների կողմից:
Գերմանացիները չէին ցանկանում նման քայլ կատարել, բայց այն ինչ մի պետություն ցանկանում է եւ այն ինչ կատարում է որոշակի հանգամանքներում, երկու տարբեր բաներ են: Գերմանիան ցանկանում էր, որ Հունաստանը կիրառի հավելյալ ինքնազրկման միջոցառումներ եւ ստանա օժանդակություն կարգավորելու իր բանկային համակարգը: Գերմանիային անհանգստացնողը կառավարության դիրքորոշումը չէր, այլ հանրաքվեն: Եթե Գերմանիան Հունաստանի կառավարությանը կապիտուլյացիայի ենթարկեր, դա կլիներ միջազգայնորեն ընդունված գործելակերպ, սակայն եթե նույնը կատարեր ժողովրդի կողմից ընդունված հանրաքվեի արդյունքի պայմաններում, ապա կընկալվեր որպես ազգային ինքնիշխանության ոտնահարում: Փաստորեն պարտադրվում էր մի լուծում ոչ թե ընդդեմ կառավարության, այլ ընդդեմ ընտրազանգվածի: Գերմանացիները չէին կարող մարսել քվեարկությունը: Նրանք ինքնիշխանության զիջումներ պետք է պահանջեին հույներից:
Բայց, իհարկե, հարցը փակված չէ: Հունաստանի կառավարությունը դեռ պետք է գործադրի համաձայնությունը: Իրադրությունը Հունաստանում հուսահատական է բանկային համակարգում տիրող կացության պատճառով: Հունաստանն այժմ ոչ միայն խնայողական ծայրահեղ միջոցառումներ պետք է իրականացնի, այլեւ գտնվի օտարների վերահսկողության ներքո: Գերմանացիների դիրքորոշումն այն է, որ չեն վստահում հույներին, ոչ թե կառավարությանը, այլ ընտրազանգվածին: Այդ պատճառով էլ վերահսկողություն են սահմանում: Սա տրամաբանական է գերմանացիների տեսակետից, բայց պայթյունավտանգՙ հույների համար:
Մայրցամաքային հուզումների հնարավորությունը
Երկրորդ համաշխարհային պատերազմի օրերին Գերմանիան ներխուժեց Հունաստան: Ինչպես Եվրոպայի մյուս երկրներում, այնպես էլ Հունաստանում այդ օրերի հիշողությունը դեռ վառ է մնում: Դրա համար էլ Գերմանիայի ներկա պահվածքը բնութագրվում է որպես վերադարձ անցյալին, եւ կայացած համաձայնության ընդդիմադիրները այդ փաստարկը օգտագործելու են իրենց բանավեճերում: Համաձայնության գալու ձեւը եւ օտար վերահսկողություն սահմանելու Գերմանիայի պարտադրանքը գերմանական ներխուժումների պատմական հիշողություններ է զարթեցնելու: Այն արդեն սկսվել է: Գերմանացիների ագրեսիվ անզիջողականությունը անկարելի է գուցե բացատրել վախի դրդապատճառներով, բայց պետք է ընդունել, որ Գերմանիան միշտ էլ վախեցած երկիր է եղել, որն արձագանքել է, կամ հակահարված է տվել ինքնավստահությամբ եւ ցուցադրական խիզախությամբ:
Խնդրի էությունը հետեւյալն է: Հույների պատասխանը անկանխատեսելի է: Նրանք դիմակայելու են ե՛ւ աղքատությունը, ե՛ւ ինքնիշխանության կորուստը: Գերմանացիները նախ Կիպրոսին, հիմա էլ Հունաստանին ծնկի բերեցին: Եվրոպայի առաջավոր պետությունը քաղաքական հնազանդություն է պահանջում տրամադրված օգնության դիմաց: Այս ուղերձը Եվրոպայում չեն մոռանալու:
Հարցն իհարկե չափից ավելի հեռուն է գնացել, քան գերմանացիները պատկերացնում էին: Բայց ոչ հույները կարող էին ապրել գերմանացիների պահանջներին համապատասխան, ոչ էլ գերմանացիներըՙ հույների: Բանկային ճգնաժամը գերմանացիներին տվեց անհրաժեշտ գործիքը: Հանգամանքները պահանջում են, որ հույներն ընդունեն ինքնազոհողության խստագույն պայմանները, ու նաեւ ինքնիշխանության կարեւորագուն տարրեր փոխանցեն գերմանացիներին: Է՞լ ինչ կարող են Գերմանիան, կամ Հունաստանը անել: Աշխարհաքաղաքական իրականության ողբերգությունը այն է, որ այն ինչ կարող է տեղի ունենալ, հաճախ շատ քիչ կապ ունի այն ցանկությունների հետ, որ սկզբնական շրջանում փայփայում են քաղաքական գործիչները:
Stratfor G.I., Geopolitical Weekly, Թարգմ. Հ.Ծ.