ՋՈՐՋ ՖՐԻԴՄԱՆ
«Միջին արեւելք» եզրը մեր օրերում չափազանց առաձգական բնույթ է ստացել: Այն ծագել է 19-րդ դարում: Մեծ Բրիտանիայի «Ֆորին օֆիսը», այսինքն արտգործնախարարությունը, տվյալ տարածաշրջանը բաժանեց Մերձավոր Արեւելքի (Near East), որը Միացյալ Թագավորության ամենամոտիկ շրջանն էրՙ ներառյալ Հյուսիսային Աֆրիկան, Հեռավոր Արեւելքի (Far East), որը Բրիտանական Հնդկաստանից դեպի արեւելք էր գտնվում, եւ Միջին Արեւելքի (Middle East), որը գտնվում էր այդ երկու տարածքների մեջտեղում: Դա օգտակար մոդել էր կազմակերպելու համար արտգործնախարարության գործունեությունը, որը նաեւ կարեւոր էր տարածաշրջանի համար, քանի որ բրիտանացիները, եւ ինչ-որ չափով նաեւ ֆրանսիացիները, այդ անուններով սահմանում էին ոչ միայն տարածքների, այլեւ դրանցում ընդգրկված երկրների անունները:
Այսօր «Միջին Արեւելք» եզրույթը վերագրվում է Աֆղանստանից դեպի արեւմուտք եւ Հյուսիսային Աֆրիկայի ափերի երկայնքով գտնվող մահմեդական երկրներին: Թուրքիայից եւ Իրանից բացի, այդ տարածքը հիմնականում բնակեցված է մահմեդական արաբներով: Այդտեղ է, որ բրիտանացիները ստեղծեցին քաղաքական ինքնուրույն կազմավորումներՙ եվրոպական պետությունների մոդելով:
Բրիտանացիները Արաբական թերակղզուց, որ ժամանակին բնակեցված էր բարդ կոալիցիաներով իրար հետ կապված ցեղախմբերով, ձեւավորեցին Սաուդյան Արաբիան, հիմնվելով այդ ցեղախմբերից մեկիՙ սաուդների վրա: Նրանք նաեւ ստեղծեցին Իրաքը եւ Եգիպտոսը: Անկախ բրիտանացիներից, Թուրքիան եւ Իրանը իրենք իրենց դարձրին աշխարհիկ պետություններ:
Սրանով էլ պայմանավորվեցին Միջին Արեւելքի երկու թերությունները կամ անհարիրությունները: Առաջինը եվրոպական աշխարհիկության եւ իսլամի միջեւ էր: Սառը պատերազմը, սովետների տարածաշրջան ներթափանցելուց հետո, արագացրեց այդ թերության, անհարիրության ձեւավորումը: Տարածաշրջանի մի մասը աշխարհիկ էր, սոցիալիստական ուղին բռնած եւ զինվորականության շուրջ համախմբված: Մյուսըՙ հատկապես Արաբական թերակղզում, իսլամիստական էր, ավանդապաշտ եւ միապետական: Վերջինս ընդհանուր առմամբ արեւմտամետ էր, իսկ առաջինը, հատկապես արաբական երկրները, հիմնականում խորհրդամետ (ռուսամետ): Երեւույթը շատ ավելի բարդ էր, անշուշտ, բայց նման տարբերակումը բավականին գործնական է:
Երկրորդըՙ ստեղծված պետությունների եւ տարածաշրջանի հիմքում ընկած իրականության միջեւ էր: Եվրոպական երկրները ընդհանուր առմամբ համապատասխանում էին 20-րդ դարում ընդունված «պետություն» հասկացությանը: Եվրոպացիների կողմից Միջին Արեւելքում ստեղծված երկրներըՙ ոչ: Ինչ-որ բան գտնվում էր ցածր մակարդակի վրա, մեկ այլ բանՙ ավելի բարձր մակարդակի վրա: Ցածր մակարդակի վրա էին ցեղախմբերը, կլանները եւ էթնիկական խմբավորումները, որոնք ոչ միայն բնակվում էին այդ ստեղծված երկրներում, այլեւ շատ հաճախ բաժանված էին իրարից սահմաններով: Բարձր մակարդակի վրա էին համընդհանուր կրոնական հավատարմություններն ու իսլամի գլխավոր հոսանքներիՙ Սուննիզմի եւ Շիիզմի հանդեպ հնազանդությունը: Ավելացնենք դրանց համա-արաբական շարժումը, որի նախաձեռնողն էր Եգիպտոսի նախկին նախագահ Գամալ Աբդել Նասերը, ով պնդում էր, որ արաբական երկրները պետք է միավորվեն եւ կազմեն մեկ արաբական պետություն:
Այնպես որ, Միջին Արեւելքը հասկանալու որեւէ փորձ պետք է սկսեր նոր քաղաքական աշխարհագրության ստեղծումով Առաջին համաշխարհային պատերազմից հետո, որը գերհարկադրված էր շատ տարբեր սոցիալ-քաղաքական իրականությունների վրա, եւ որը փորձ էր սահմանափակելու տարածաշրջանային եւ էթնիկական խմբավորումների իշխանությունները:
Լուծումը գտնվեց: Շատ երկրներ ընդունեցին, որ աշխարհիկության կամ ավանդապաշտական գաղափարները պետք է օգտագործվեն որպես գործիքներ կառավարելի դարձնելու համար ինչպես զանազան խմբավորումները, այնպես էլ ավելի լայն կրոնապաշտության պահանջները: Բոլորին միավորող հանգամանքը Իսրայելն էր: Նրան բոլորն էին դեմ: Բայց այստեղ էլ ամեն ինչ ավելի պատրանքային էր, քան իրականություն: Աշխարհիկ, սոցիալիստական ուղին բռնած երկրները, ինչպիսին Եգիպտոսն ու Սիրիան էին, ակտիվորեն պայքարում էին Իսրայելի դեմ: Ավանդապաշտ միապետությունները, որոնց համար աշխարհիկ սոցիալիստները վտանգ էին ներկայացնում, դաշնակից էին համարում Իսրայելին:
ԽՍՀՄ-ի փլուզման ցնցումները
ԽՍՀՄ-ի փլուզման եւ դրան հաջորդած աշխարհիկ սոցիալիստական պետություններին աջակցելու ծրագրերի դադարեցման հետեւանքում աճեց ավանդապաշտ միապետությունների իշխանությունը:
Դա սոսկ փողի ու հարստության հարց չէր: Այդ երկրները, ճիշտ է, ունեին հարստություն, բայց հարցը առավելապես արժեքներին էր վերաբերում: Աշխարհիկ սոցիալիստների շարժումը կորցրել էր իր հենարանը, ուստի եւ իր վստահելիությունը: «Ֆաթահի» նման շարժումները, որոնք աշխարհիկ-սոցիալիստական գաղափարների եւ նաեւ ԽՍՀՄ-ի աջակցության վրա էին հիմնված, կորցրեցին իրենց իշխանությունները համեմատած մյուս խմբավորումների, որոնք իսլամ էին դավանում, միակ գաղափարախոսությունը, որն անեղծ էր մնացել: Ընթացքում անշուշտ կային միջանցիկ իրադարձություններ, սակայն պետք է նշել, որ մեծ հույսերով կազմավորված սոցիալիստական աշխարհիկ պետությունները շարունակեցին գոյատեւել, առանց նոր աշխարհ կառուցելու խթանիչ ուժի ներգործության:
Եգիպտոսի Հոսնի Մուբարաքի, Սիրիայի Բաշար էլ Ասադի եւ Իրաքի Սադդամ Հուսեյնի նման առաջնորդներ մնացին իրենց պաշտոններում: Շարժումը, սակայն, որ մի ժամանակ խոստումնալից էր, եթե նույնիսկ առաջնորդներն էին կոռումպացված, կորցրեց իր ուժը, իր իշխանությունը եւ ինքն էլ դարձավ կոռումպացված:
Խորհրդային Միության փլուզումը աշխուժացրեց, նոր շունչ հաղորդեց իսլամիզմին, նախ որովհետեւ մուջահիդները պարտության մատնեցին սովետներին Աֆղանստանում, եւ երկրորդ, որովհետեւ իսլամի այլընտրանքային տարբերակը «հնամաշ լաթի» էր վերածվել: Չմոռանանք, որ Իրաքի Քուվեյթ ներխուժումը համընկավ ԽՍՀՄ-ի փլուզման օրերին: Մ. Նահանգները, անգլիացիներից ժառանգելով տարածաշրջանի դերակատարությունը, միջամտեց պաշտպանելու համար մեկ ուրիշ անգլիական հորինվածքՙ Սաուդյան Արաբիային եւ ազատագրելու համար Քուվեյթին: Արեւմտյան տեսանկյունից դա անհրաժեշտ քայլ էր կայունացնելու համար տարածաշրջանը: Եթե մի հեգեմոն առաջանար այնտեղ եւ մնար անդիմադրելի, ապա հետեւանքները ծանր կլինեին: «Անապատի փոթորիկը» տրամաբանական «գործողություն» էր, որը նաեւ իր մեջ հակասովետական բնույթ էր կրում:
Մի կողմից Աֆղանստանում սովետների պարտությունը, մյուս կողմից աշխարհիկ վարչակարգերի իրավազրկումը ճանապարհ հարթեցին երկու գործընթացների: Մեկն այն էր, որ ենթազգային խմբավորումները պարզեցին, որ գոյություն ունեցող վարչակարգերը ուժեղ են, բայց անօրինական: Երկրորդը, Աֆղանստանի իրադարձությունները առաջ բերեցին պան-իսլամական գաղափարախոսության վերականգնումը: Իսկ Աֆղանստանում հաղթանակ տարած սուննիները պարզեցին իրավական շիիզմի դինամիզմը եւ արագ գործելու անհրաժեշտությունը:
Երեք խնդիր կար, որ պետք էր լուծել: Առաջին, ծայրահեղականները կարիքն ունեին պատմական կոնտեքստում տեղավորել պան-իսլամիզմը: Կոնտեքստը անդրազգային խալիֆայությունն էր, մի առանձին քաղաքական կազմավորում, որը կվերացներ գոյություն ունեցող պետությունները եւ իսլամը կհամաձայնեցներ քաղաքական իրականության հետ: Ծայրահեղականները փորփրեցին անցյալը մինչեւ խաչակրաց արշավանքներըՙ գտնելու համար համապատասխան պատմական կոնտեքստ, եւ Մ. Նահանգերը, որպես հզորագույն քրիստոնյա իշխանություն, Քուվեյթի իրադարձություններից հետո դարձավ թիրախ: Երկրորդ, պան-իսլամիստները կարիքն ունեին ցույց տալու, որ Մ. Նահանգները ե՛ւ խոցելի էր, ե՛ւ իսլամի թշնամի: Երրորդ, նրանք պետք է օգտագործեին տարբեր երկրների ենթա-ազգային խմբավորումներին` կառուցելու համար մի կոալիցիա, որը կտապալեր կոռումպացված մահմեդական վարչակարգերը ինչպես աշխարհիկ, այնպես էլ ավանդապաշտ երկրներում:
Արդյունքը եղավ ալ-Ղաիդան եւ նրա արշավը Մ. Նահանգների դեմ: Ալ-Ղաիդան մտադիր էր իր գործողություններով ցույց տալ, որ Մ. Նահանգները խոցելի է: Եթե Մ. Նահանգները չարձագանքեր, իր թուլությունն էր ցույց տալու: Եթե արձագանքեր, ցույց էր տալու, որ իսլամի թշնամին էր: Մ. Նահանգների գործողություններն, իրենց հերթին, նպաստեցին, որ խռովություններ ծայր առնեն ընդդեմ կոռումպացված եւ երկերեսանի մահմեդական պետությունների, անտեսվեն եվրոպացիների կողմից պարտադրված սահմանները, եւ ճանապարհ հարթվի ավելի լայնածավալ ապստամբությունների: Նպատակը ցույց տալն էր, որ այդ վարչակարգերը թույլ էին եւ համագործակցում էին ամերիկացիների հետ:
Երբ տեղի ունեցավ սեպտեմբերի 11-ի իրադարձությունը, սկզբում թվաց, թե օպերացիան ձախողվեց: Մ. Նահանգները արագ արձագանքեց: Ապստամբություններ տեղի չունեցան տարածաշրջանում, ոչ մի կառավարություն էլ չտապալվեց, եւ շատ մահմեդական երկրներ համագործակցեցին Մ. Նահանգների հետ: Այս շրջանում ամերիկացիներին հաջողվեց նախահարձակողական պատերազմ մղել Ալ-Ղաիդայի եւ նրա Թալիբան դաշնակիցների դեմ: Առաջին այս փուլում Մ. Նահանգները հաղթանակեց: Բայց երկրորդ փուլում, ցանկանալով վերաձեւավորել Իրաքն ու Աֆղանստանը (եւ նաեւ այլ երկրներ) Մ. Նահանգները ինքը խրվեց ենթա-ազգային հակամարտությունների մեջ: Փոխանակ ռազմավարական խնդիրներ դիմակայելու, այսինքն հասկանալու, որ պատերազմի հետեւանքով տարածաշրջանի ազգային կառույցներն են փլուզվում, նա խրվեց տակտիկական լուծումներ գտնելու հորձանուտում:
Ալ-Ղաիդային ջախջախելով ամերիկացիները ավելի մեծ խնդիրներ առաջացրին: Նախ, ենթա-ազգային խմբավորումներին ազատություն տվեցին: Երկրորդ, որտեղ կռիվներ մղեցին, այնտեղ թողեցին դատարկություն, որը չկարողացան լցնել: Եվ վերջապես, թուլացնելով կառավարություններին եւ ուժեղացնելով խմբավորումներին, նրանք պատճառ դարձան, որ խալիֆայությունը իրեն հռչակի որպես միակ կառույցը, որն ի վիճակի է կառավարելու մահմեդական աշխարհը արդյունավետ ձեւով: Այլ խոսքերով լայնորեն բացեցին անդրազգային իսլամի դռները:
Արաբական գարունը սխալմամբ մեկնաբանվեց որպես լիբերալ-դեմոկրատական շարժումՙ նման 1989-ի իրադարձություններինՙ արեւելյան Եվրոպայում: Դա ավելի շուտ ապստամբական շարժում էր պան-իսլամական խմբավորման կողմից, որին թեեւ չհաջողվեց տապալել որեւէ վարչակազմի, բայց Սիրիային ներքաշեց երկարատեւ մի պատերազմի մեջ: Հակամարտությունն ուներ ենթա-ազգային բաղադրիչ. իրար դեմ տրամադրված տարբեր խմբավորումները իսլամական պետությանը խուսանավելու հնարավորություն էին տալիս, հավելյալ նվիրվածություն հաղորդելով խալիֆայության հանդեպ: Մոտ 15 տարի անց իսլամական պետությունը փորձում էր հասնել այն ամենին, ինչին չկարողացավ հասնել ալ-Ղաիդան:
Ամերիկյան նոր մարտավարությունը եւ դրա արձագանքները
Մ. Նահանգները ստիպված էր փոխել մարտավարությունը: Ամերիկացիներին հաջողվել էր քայքայել ալ-Ղաիդան եւ ոչնչացնել իրաքյան բանակը: Բայց նրանց չհաջողվեց հանգստացնել իրաքցիներին կամ աֆղանցիներին: Խմբակայնությունը, որ առաջինի դեպքում նպաստել էր, երկրորդիՙ խաղաղեցնելու փուլում ձախողվեց: Մի խմբավորման հետ համագործակցությունը ամերիկացիներին խոցելի էր դարձնում մեկ այլ խմբավորման համար:
Որոշ առումով Միջին Արեւելքի կենտրոնական մասը դատարկվել էր եւ վերածվել մարտնչող ուժերի հորձանուտի: Լիբանանյան եւ իրանյան սահմանների միջեւ ընկած տարածքում երկու իրականություն էր հայտնվել: Նախ, որ ենթա-ազգային ուժերը դարձել էին այդ տարածքի իրական տերերը, եւ երկրորդՙ սիրիա-իրաքյան սահմանի վերացումով, այդ ուժերը եւ հատկապես իսլամական պետության կորիզը կազմող խմբավորումները, կարողացել էին հիմքը դնել իրենց իսկ հորջորջումով «խալիֆայության», որը սահմաններ չէր ճանաչում, եւ անդրազգային իշխանություն էր:
Ամերիկյան նոր մարտավարությունը առավել բարդ տարբերակը դարձավ 1980-ական թվերի նախագահ Ռոնալդ Ռեյգանի քաղաքականության, որի նշանաբանն էրՙ «թողնել, որ պատերազմող կողմերը պատերազմեն»:
Իսլամական պետությունը կռիվը վերածեց պատերազմի ընդդեմ շիաների հերետիկոսության եւ ընդդեմ կայացած ազգային պետությունների:
Տարածաշրջանում չորս գլխավոր ուժեր են գործում. Իրանը, Սաուդյան Արաբիան, Իսրայելը եւ Թուրքիան: Ամեն մեկը տարբեր ձեւով է մոտենում հարցին: Յուրաքանչյուրն ունի իր ներքին խմբավորումները, բայց հակառակ դրանց ներկայության, ամեն մեկը առայժմ կարողացել է գործել միասնական ուժով: Նրանցից երեքը ոչ-արաբական պետություններ են: Մեկը միայն արաբականՙ Սաուդյան Արաբիան, որը գուցե ամենաշատն է անհանգստացած ներքին սպառնալիքների հարցով:
Իրանի համար վտանգն այն է, որ իսլամական պետությունը Բաղդադում կվերստեղծի արդյունավետ մի կառավարություն, որն սպառնալիք կդառնա իրեն: Այդ պատճառով էլ Իրանը օժանդակում է Իրաքի շիաներին եւ Ասադի կառավարությանը, մի կողմից փորձելով սահմանափակել վերջինիս իշխանությունը:
Սաուդյան Արաբիայի համար, որն անցյալում էլ սուննի արմատականներին զորակցել էր, իսլամական պետությունը մահու եւ կենաց սպառնալիք է: Վերջինիս անդրազգային կոչերը կարող են արձագանք գտնել վահաբիների կողմից: Սաուդցիները, «ծոցի համագործակցության խորհրդի» որոշ անդամներ եւ Հորդանանը վախենում են անդրազգայնականությունից, Իրաքում եւ Սիրիայում շիաների իշխանությունից: Ռիադը ամեն ինչ անում է պարփակելու իսլամական պետության գործողությունները, սակայն առանց զիջումներ անելու շիաներին:
Իսրայելի համար իրավիճակը միաժամանակ արտակարգ է եւ սարսափելի: Արտակարգ է, որովհետեւ իր թշնամիներն իրար դեմ են կռվում: Սարսափելի, որովհետեւ վերջում ով էլ որ հաղթի, Սիրիայում կարող է ավելի վտանգավոր լինել, քան ներկայիս իրավիճակը: Հատկապես եթե իսլամական պետության գաղափարախոսությունը տարածվի նաեւ Պաղեստինում: Վերջին հաշվով Ասադը նվազ վտանգավոր է, քան իսլամական պետությունը:
Թուրքերին հասկանալը ամենաբարդն է: Նրանք այնքան թշնամական են ալ-Ասադի վարչակազմին, որ իսլամական պետությունը համարում են նվազ վտանգավոր: Երկու բացատրություն կա դրան: Մեկն այն է, որ նրանք ակնկալում են, որ ի վերջո իսլամական պետությունը կպարտվի եւ իրենց ներգրավվածությունը Սիրիայում կընդգծի թուրքական քաղաքականության նշանակությունը: Մյուսը, որ նրանք այնքան էլ դեմ չեն իսլամական պետության հաղթանակին: Կառավարությունը ժխտում է նրանց օժանդակելու լուրերը, բայց փաստերն այլ բան են ասում: Եվ խորհրդարանական ընտրությունների արդյունքներն էլ դրա վառ վկայությունն են: Սա անհասկանալի կարող է թվալ, եթե չմտածենք, որ թուրքերը հավանաբար կարծում են, որ ի վերջո կկարողանան հսկողության տակ վերցնել «իզիսին» եւ դրանով նպաստել թուրքական իշխանության հզորացմանը տարածաշրջանում: Կամ մեկ այլ տարբերակով նրանք վախենում են «իզիսի» հակադարձություններից Թուրքիայի ներսում:
ԻԶԻՍ-ի դերակատարությունը տարածաշրջանում
Իսլամական պետությունը տրամաբանական շարունակությունն էր ալ-Ղաիդայի, որն առաջ էր բերել ե՛ւ իսլամական ուժի զգացումը, ե՛ւ ձեւավորել Մ. Նահանգների թշնամանք-սպառնալիքը իսլամի հանդեպ: Իսլամական պետությունը ստեղծեց ռազմա-քաղաքական այն հենքը, որով կարող էր շահագործել ալ-Ղաիդայի ստեղծածը: Նրա ռազմական գործողությունները տպավորիչ են (Մոսուլ, Ռամադի, Պալմիրա եւ այլն): Զինվորների մարտունակությունը եւ մեծ քանակը բազմաթիվ հարցեր են առաջացնում դրանց ակունքների եւ պատրաստվածության վերաբերյալ: Նրանք շրջապատված են երեք թշնամական ուժերի կողմից, որոնք սակայն իրար հետ համագործակցելով, միաժամանակ մրցում են միմյանց հետ:
Մյուս կողմից չպետք է մոռանալ, որ նրանց ցանկությունն է ստեղծել խալիֆայություն, որը նշանակում է կենտրոնացված հրամանատարություն եւ վերահսկողությունՙ մարտավարական մակարդակով:
Թվում է, թե աշխարհիկությունը զիջում է իր դիրքերը մահմեդական աշխարհում: Այնտեղ այժմ պայքարը ընթանում է երկու մակարդակներով. վերեւում սուննիներն են ընդդեմ շիաների, ներքեւումՙ իրար հետ համագործակցող, բայց նաեւ իրար դեմ երբեմն տրամադրված խմբավորումները: Արեւմտյան ուժերը չեն կարողանում խաղաղեցնել իսլամական աշխարհը: Մեկ միլիարդ մարդկանց խաղաղեցնելը վեր է որեւէ մեկի կարողություններից: Ալ-Ղաիդայից վերցրած գաղափարախոսությունը իսլամական պետությունը փորձում է օրինական կառույցների վերածել: Տարածաշրջանի պետությունների դիմադրողական հնարավորությունները սահմանափակ են, մանավանդ, որ համագործակցելու ցանկությունն է պակասում: Գլոբալ ուժերին պակասում են այն ռեսուրսները, որոնցով հնարավոր լիներ պարտության մատնել այդ պետությանը, կամ վերահսկել հետագայում ակնկալվող խռովությունները:
Այժմեական հարցը հետեւյալն է. անձնական շահերից ձերբազատվելով տարածաշրջանի չորս պետությունները կարողանալո՞ւ են եւ ցանկանո՞ւմ են արդյոք վերահսկել իրադրությունը: Իսկ այդ հարցի էությունը կախված է նրանից, թե ի՞նչ խորհրդավոր մտադրություններ ունի Թուրքիան, այժմ երբ Էրդողանի իշխանությունը թուլանում է:
Geopolitical Weekly, Stratfor G.I., Թարգմ. Հ. Ծ.