Հունիսի 16-ին ժամը 16-ին Ստրասբուրգում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի Մեծ պալատը, նախկինում տեղի ունեցած դատավարություններից հետո, 2012-ից դատարանը ղեկավարող Դին Շփիլմանի (Dean Spielmann) նախագահությամբ իր 13 րոպեանոց նիստում հրապարակեց «Չիրագովը եւ մյուսներն ընդդեմ Հայաստանի», ինչպես նաեւ «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» երկու գործերով վերջնական վճիռները: Այս գործերն ավելի քան 10 տարի գտնվում են ՄԻԵԴ- ի վարույթում, սակայն հայ հանրությունն այնքան էլ ծանոթ չէ վերոնշյալ դատական հայցերին: Չիրագովի գործը ՄԻԵԴ է ներկայացվել 2005-ի ապրիլի 6-ին, առաջին դատալսումը կայացել է 2010-ի սեպտեմբերի 15-ին, երկրորդըՙ 2014-ի հունվարի 22- ին:Հայցվորներըՙ Չիրագովը եւ մյուսները ադրբեջանաբնակ քրդեր են, ապրել են Լաչինում, Սարգսյաններըՙ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Շահումյանի շրջանի Գյուլիստան գյուղից են: «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» հայցը ՄԻԵԴ-ին է ներկայացվել 2006-ի օգոստոսի 11-ին: Մեծ պալատի առաջին դատալսումը կայացել է 2011-ի դեկտեմբերի 14-ին, երկրորդըՙ 2014-ի փետրվարի 5- ին: Չիրագովի գործով Հայաստանի շահերը պաշտպանող խմբում ի թիվս այլոց ներգրավված է եղել հանրահայտ Ջեֆրի Ռոբերտսոնը, որ նույն դատական ատյանում Փերինչեքի գործով էլ Հայաստանի շահերի պաշտպանն է: Ադրբեջանի շահերի պաշտպանությամբ հանդես է եկել միջազգային հայտնի իրավաբան Մալկոլմ Շոուն:
Այժմ հունիսի 16-ի նիստըՙ հերթականությամբ: «Չիրագովը եւ մյուսներն ընդդեմ Հայաստանի » գործով պատասխանող կողմ էր հանդիսանում Հայաստանը, որի շահերը ներկայացնում էր ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը, տեղակալներն էին Էմիլ Բաբայանը եւ Արման Թաթոյանը:
Երրորդ կողմ հանդիսացող Ադրբեջանը ներկայացնում էր Չինգիզ Ասքյարովը:Հայցվորները բացակայում էին: Հայաստանի դեմ գանգատ ներկայացրած Ադրբեջանիՙ ազգությամբ քուրդ քաղաքացիներ Էլիխան եւ Ադիշիրին Չիրագովները, Ռամիզ Ջեբրաիլովը, Քառաչա Ջեբրայիլովը, Ֆեխրեդդին Փաշաեւը, Ակիֆ Հասանովը բնակվել են Լաչինում եւ հարակից գյուղերում: Ինչպես հրապարակման պահին նշում է դատավորը, Լաչինը ժամանակին բնակեցված է եղել մեծ մասամբ ադրբեջանցիներով եւ քրդերով: ՄԻԵԴ-ին ուղղված հայցում Ադրբեջանի քաղաքացիները պնդում են, թե 1992 թվականի մայիս 17-18-ին Լաչինի ազատագրման եւ մարդասիրական միջանցքի բացման հետեւանքով խախտվել են նրանցՙ մարդու իրավունքների հռչակագրին կից առաջին արձանագրության առաջին հոդվածով նախատեսված սեփականության իրավունքը, 8- րդ հոդվածովՙ անձնական եւ ընտանեկան կյանքի իրավունքը, 13-րդ հոդվածովՙ իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունքը, 14-րդ հոդվածովՙ կրոնական եւ ազգային խտրականության չենթարկվելու իրավունքը: Ադրբեջանցի 6 փախստականներիցՙ էլխան եւ Ադիշիրին Չիրագովները, Ռամիզ Ջեբրաիլովը, Ֆեխրեդդին Փաշայեւը Բաքվում են ապրում, Ակիֆ Հասանովի բնակության վայրը չի նշվում, իսկ Քարաչա Ջաբրայիլովը մահացել է 2005-ին, նրանք անկարող են վերադառնալ Լաչինում գտնվողՙ ժամանակին Ադրբեջանին պատկանող իրենց տները, որտեղից բռնի պիտի հեռանայինՙ 1992-ին հայ- ադրբեջանական հակամարտության պատճառով: Այժմ Հայաստանը լիովին վերահսկում է ԼՂ եւ հարակից շրջանները, այդու Լաչինի շրջանը նրա իրավասության տակ է: Դատարանը մերժել է Հայաստանի կառավարության առարկությունը, թե չունի արդյունավետ վերահսկողություն ԼՂ եւ հարակից տարածքների վրա, այդպիսով չունի իրավազորությունՙ նկատել տալով, թե բազմաթիվ զեկույցներում, հանրագրերում ՀՀ կառավարության ներկա եւ նախկին անդամները հավաստել են, թե ներգրավված են եղել ԼՂ հակամարտության վաղ փուլից սկսյալ, Հայաստանը շարունակում է ռազմական, քաղաքական, ֆինանսական աջակցություն ցուցաբերել, ԼՂ քաղաքացիները արտասահման մեկնելիս օգտվում են ՀՀ անձնագրից, քանի որ որեւէ պետություն, միջազգային կազմակերպություն չի ճանաչել ԼՂՀ: Կարելի է եզրակացնել, որ Հայաստանը արդյունավետ վերահսկում է ԼՂՀ եւ հարակից տարածքները, գրված է դատարանի վճռում: Դատարանը համարում է, որ արդարացված չէ հայցվորներիՙ իրենց գույքի նկատմամբ պահանջը մերժելը: Եվ քանի դեռ գույքը մատչելի չէ, պետության պարտականությունն է այլընտրանքային միջոցառումներ ձեռնարկել ապահովելու գույքային իրավունքները: Այն փաստը, որ խաղաղ բանակցությունները ԵԱՀԿ շրջանակներում շարունակվում են, ՀՀ կառավարությանը չի ազատում իր պարտականություններից. պիտի վերականգնվի հայցվորների սեփականության իրավունքը եւ պիտի մշակվի մեխանիզմ, որը թույլ կտա փոխհատուցել գույքային պահանջը: ՄԻԵԴ-ը տեղյակ է, որ Հայաստանի կառավարությունը ստիպված էր օժանդակություն տրամադրել հարյուր հազարավոր հայ փախստականներին ու ներքին տեղահանվածներին, բայց դա ՀՀ կառավարությանը չի ազատում Ադրբեջանի հակամարտության պատճառով բռնի տեղահանված քաղաքացիների նկատմամբ պարտավորություններից: Հատուցումը կարող է իրականացվել 12 ամսվա ընթացքումՙ կողմերի փոխշահավետ բանակցություններից հետո, որի մասին դատարանը պիտի իրազեկվի: ՄԻԵԴ Մեծ պալատի վերոնշյալ վճիռը կայացրել է 17 դատավոր: «Չիրագովը եւ մյուսներն ընդդեմ Հայաստանի» գործով ՄԻԵԴ դատավորներից 4-ը հատուկ կարծիք են հայտնել, որ կցվել է վճռին: Ադրբեջանը ներկայացնող դատավոր Հաջիեւը մասնակի չհամընկնող կարծիք է հայտնել, Հայաստանը ներկայացնողՙ այժմ նախկին դատավոր Ալվինա Գյուլումյանի եւ Պորտուգալիան ներկայացնող դատավորի կարծիքները չեն համընկել վճռին:
6 րոպե տեւած առաջին վճռի ընթերցմանը հետեւեց երկրորդՙ «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» հայցով վճռի հրապարակումը: Հայցվորների շահերը դատարանում ներկայացնում էին Նարինե Գասպարյանն ու Արման Ալոյանը:Հայցվոր Մինաս Սարգսյանը ծնվել է 1929-ին, մահացել Երեւանում 2009 թվականին, իրավահաջորդ է նրա ընտանիքը: Նրանց գանգատը հետեւյալն էՙ 1992-ին հունիսի 12-13- ին Սարգսյանների հայրենի Շահումյանի շրջանի Գյուլիստան գյուղը հայտնվում է ադրբեջանական զինուժի հրետակոծության տակ, գյուղի ողջ բնակչության հետ իրենք էլ հարկադրաբար փախչում են Հայաստան, որպես բռնի տեղահանված ապրում Երեւանում, 2002-ին ստանում ՀՀ քաղաքացիություն: Դատավորն ընդգծում էՙ ինչպես Շահումյանի շրջանում, այնպես էլ Ադրբեջանի ՍՍՀ կազմի մեջ մտնող ԼՂ ինքնավար մարզում բնակչության մեծամասնությունը հայ են եղել:Հայ փախստականը հարկադրաբար է լքել Ադրբեջանի Շահումյանի շրջանում գտնվող իր տունը,մինչեւ հիմա մերժվում է նրաՙ հայրենի գյուղ վերադառնալու, ինչպես նաեւ գույքը տնօրինելու, եւ ի տարբերություն ադրբեջանցիների հայցիՙ հարազատների գերեզմաններին այցելելու իրավունքը, խախտվել է հռչակագրի 8-րդ հոդվածը: Սա առաջին դեպքն է, երբ դատարանը վճիռ է կայացնում մի պետության դեմ, որ հակամարտության հետեւանքով կորցրել է վերահսկողությունը իր տարածքի մի մասի հանդեպ, որ թույլ չի տալիս քաղաքացուն վերադառնալ իր ենթակայության տակ գտնվող բնակավայր, եւ որը պատասխանատու է իր վերահսկողության տակ գտնվող տարածքում տեղահանված անձի գույքային պահանջի հանդեպ: Դատարանը վճռել է, որ Ադրբեջանի պարտականությունն է այլընտրանքային ուղիներ որոնել բավարարելու Սարգսյանի սեփականության իրավունքը, քանի դեռ իրեն պատկանող գույքը հնարավոր չէ տնօրինել: Խաղաղ բանակցային գործընթացը Ադրբեջանի կառավարությանը չի ազատում հայ հայցվորի պահանջը բավարարելու այլ ուղիներ գտնելու պարտավորությունից: Սարգսյանի պարագայում ոտնահարվել է Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի առաջին արձանագրության առաջին հոդվածըՙ սեփականության պաշտպանության իրավունքը, 8-րդ հոդվածըՙ անձնական եւ ընտանեկան կյանքը հարգելու իրավունքը, հոդված 13-ըՙ իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունքը, 14-ըՙ խտրականության արգելում: Վերջնական վճռով նախատեսված հատուցման բավարարումը, նախորդի նման չի պարտադրվում անհապաղ ի կատար ածել:
Հրավիրյալ երկու կողմերինՙ Հայաստանին եւ Ադրբեջանին 12 ամիս տրվեցՙ վերջնական որոշում կայացնելու համար, որի մասին պիտի տեղյակ պահեն դատարանին: Մեծ պալատի 17 դատավորներից Լատվիայի, Ուկրաինայի ներկայացուցիչները արտահայտել են վճռին համընկնող կարծիք, դատավոր Ալվինա Գյուլումյանըՙ մասամբ տարակարծիք է եղել, իսկ Ադրբեջանի ներկայացուցիչ դատավոր Հաջիեւը եւ պորտուգալացի դատավորը վճռին համամիտ չեն եղել: ՄԻԵԴ Մեծ պալատի վերջնական վճիռներն անբեկանելի են: Դատարանի վերջնական վճիռն ուղարկվում է ԵԽ նախարարների կոմիտե, որը վերահսկողություն է իրականացնում նրա կատարման նկատմամբ:
Երկու հայցերով էլ ՄԻԵԴ-ը միանման վճիռ կայացրեցՙ ճանաչեց բռնի տեղահանվածների իրավունքների խախտման փաստը, պահանջեց բավարարել արդարացի փոխհատուցման պահանջըՙ Հայաստանին եւ Ադրբեջանին առերեսելով նոր իրականության հետ: Չիրագովները դատարանից պահանջել էին իրենց կորցրած գույքի համար Հայաստանից բռնագանձել 7,9 մլն եվրոյի, Սարգսյանները Ադրբեջանիցՙ 570 000 եվրոյի փոխհատուցում: 12 ամսվա բանակցությունների ընթացքում կողմերը փոխհատուցման ինչպիսի՞ տարբերակ կընտրեն, կծանուցենք ապագայում, համոզված լինելով, որ ֆինանսական բեռը ծանրանալու էՙ անտես չառնենք ՄԻԵԴ-ի վճռի քաղաքական նշանակությունը:
Այս վճիռը ենթադրելի էՙ չի կարող ազդեցություն չունենալ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ընթացող ԼՂՀ հակամարտության հանգուցալուծման վրա: Դժվար է պատկերացնել, թե նախադեպային այս վճիռն ինչ մեծ ազդակ է լինելու այն 1000-ից ավելի նմանատիպ հայցերի համար, որ այսօր գտնվում են ՄԻԵԴ վարույթում: Դրանք իրավական վավերաթղթեր լինելուց բացի քաղաքական լուրջ դերակատարում կարող են ունենալՙ ի վնա՞ս, թե՞ հօգուտ ԼՂ, հայկական շահերի: Մեր զրուցակիցը Երեւանի պետական համալսարանի Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի ղեկավար իրավաբանական գիտությունների թեկնածու Արթուր Ղազինյանն է:
– Չիրագովի գործը միջազգային իրավունքի տեսանկյունից առնչվում է Հայաստանի իրավազորության խնդրին: Հայաստանը պնդել է, թե ԼՂՀ անկախ պետություն է, հետեւաբարՙ պետական այս միավորումն է պատասխանող կողմը, ոչ թե Հայաստանը, որ իրավազորություն չունի Լաչինի վրա: Ադրբեջանն էլ պնդել է, թե իրավազորություն չունի Շահումյանի շրջանի Գյուլիստան գյուղի հանդեպ, թեպետ Գյուլիստանն իր վերահսկողության տակ է:Դատարանի վճիռն ի վերջո ինչպիսի՞ եզրակացություն ամրագրեցՙ Հայաստանը իրավազո՞ր է Լաչինի, ԼՂՀ-ի հանդեպ: Եթե այո, սա ի՞նչ վտանգավոր հետեւանքներ է ենթադրում Հայաստանի համար:
– Միջազգային իրավունքի կանոնակարգումներով ՀՀ իրավազորությունը տարածվում է բացառապես ՀՀ տարածքի վրա, եւ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, լինելով իրավական մարմին, կարծում եմ, որ պետք է առաջնորդվեր բացառապես իրավական կանոնակարգումներով եւ տուրք չտար քաղաքական եւ սոցիալական շահարկումներին: Սա հատկապես կարեւորվում է Լաչինի շրջանի նկատմամբ դատարանի կողմից հաստատված ՀՀ իրավազորության փաստով, ինչը` մեղմ ասած, անհասկանալի է: Այս հարցը, անշուշտ, պահանջում է առավել մանրակրկիտ մասնագիտական հետազոտություն, սակայն նույնիսկ անզեն աչքով կարելի է հասկանալ, որ ՀՀ իրավազորությունը Լաչինի միջանցքի նկատմամբ խիստ կասկածելի է: Այս փաստի արձանագրմամբ Դատարանը առաջնորդվեց ոչ թէ դե-յուրե, այլ դե-ֆակտո հանգամանքներով` հիմնավորելով իրավազորության առկայությունը ՀՀ-ի կողմից ԼՂՀ-ին ցուցաբերվող տնտեսական, ֆինանսական եւ քաղաքական աջակցությամբ: Եթե նույնիսկ այս տարածքի վրա տարածվում է որեւէ պետության իրավազորություն, ապա դա բացառապես ԼՂՀ իրավազորությունն է, ինչը շատ լավ հասկանում էին դատարանի Մեծ պալատի դատավորները, սակայն գիտակցելով, որ ԼՂՀ իրավազորության ճանաչումը Լաչինի շրջանի վրա կնշանակեր ճանաչել ԼՂՀ ինքնիշխանությունը, որոշեց ճանաչել ՀՀ իրավազորությունը` գտնելով հասցեատեր, ումից կարող է հետագայում պահանջել որոշմամբ նախատեսված փոխհատուցումը: Խնդրի ամբողջ բարդությունը կայանում է նրանում, որ ՄԻԵԴ Մեծ պալատի որոշումները բողոքարկման ենթակա չեն եւ ուժի մեջ են մտնում հրապարակման պահից, ինչը նշանակում է, որ վճռի կատարման համար սահմանված 12 ամսվա ընթացքում Հայաստանն ու Ադրբեջանը պետք է գտնեն ուղիներ դատարանի վճռի կատարումն երաշխավորելու համար, ինչը, կարծում եմ, առանց աշխարհաքաղաքական համալիր լուծումների, հնարավոր չի լինի կատարել: Սա իր հերթին նշանակում է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների օրակարգում տեղ է գտնելու եւս մեկ կետ` այն է ՄԻԵԴ վճռի կատարման համար բարենպաստ քաղաքական միջավայրի եւ փոխհամաձայնության ձեռք բերումը, ինչը, իմ կարծիքով, իրատեսական չէ եւ այս վճիռը մեծ վտանգ է պարունակում չկատարված մնալու համար եւ լրացուցիչ գործիք է ստեղծվում կողմերի վրա լրացուցիչ քաղաքական ճնշումներ գործադրելու համար:
– Հայաստանը բռնազավթել, գրավել է Լաչինը: (According to the applicants, on 17 May 1992, they were forced to flee from Lachin to Baku. Since then they have not been able to return to their homes and properties because of Armenian occupation ). դատարանն իր վճռով կարծես ուղղակի չի անդրադառնում, բայց հայցվորների այսպիսի ձեւակերպումը կարո՞ղ է շրջանառվել այլ ատյաններումՙ ներկայացնելով Հայաստանը որպես «ագրեսոր»:
– Դատարանը այս ձեւակերպումը որպես իր կողմից հաստատված փաստ չի ընդունել եւ մեջբերել է հայցվորի կողմից ներկայացված փաստական տվյալը: Սա, կարծում եմ, արվել է միտումնավոր` նպատակ ունենալով դատարանը հեռու պահել հակամարտության կարգավորման գործընթացից եւ վճռի հետագա քաղաքական շահարկման վտանգներից: Նման ձեւակերպումները առաջին անգամ, չէ, որ տեղ են գտնում Ադրբեջանի մշակած փաստաթղթերում, սակայն որեւէ միջազգային կառույց դեռեւս Հայաստանը ագրեսոր չի ճանաչել եւ չեմ կարծում, որ այս վճիռը ի զորու է փոխել ձեւավորված ստատուս-քվոն եւ միջազգային հանրության վերաբերմունքը ՀՀ եւ ԼՂ հակամարտության նկատմամբ:
– Ձեր կարծիքով, վճիռը կարո՞ղ է խանգարել ԼՂ հակամարտության ԵԱՀԿ խաղաղ կարգավորման գործընթացին:
– ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացը ընթանում է բոլորովին այլ հարթության վրա եւ այլ իրավական ռեժիմով, իսկ դատարանի վճիռը բանակցային գործընթացին վնասելու կամ խանգարելու որեւէ ներուժ չունի: Չեմ կասկածում, որ Ադրբեջանը կփորձի միջազգային ասպարեզում շահարկել այս վճիռը, մասնավորապես Լաչինի շրջանի նկատմամբ ՀՀ իրավազորության հաստատման փաստը, սակայն որեւէ շոշափելի արդյունքի հասնելու հնարավորություն չունի: Դատարանը պահպանել է հավասարակշռություն եւ միավորելով երկու հայցերը փորձել է գտնել միասնական լուծում, ինչը էապես դժվարացնում է Ադրբեջանի դիրքերը բանակցային գործընթացում, մասնավորապես տեղահանվածների իրավունքների վերականգնան առումով, քանի որ եթե ազատագրված տարածքների վրա ՀՀ իրավազորության առկայությունը ենթակա է վիճարկման եւ աշխարհաքաղաքական հարթությունում կարող է վերանայվել, ապա Շահումյանի շրջանի նկատմամբ Ադրբեջանի իրավազորության փաստը վիճարկման ենթակա չէ, եւ Ադրբեջանը պարտավոր է լինելու ամբողջությամբ կիրառել իր դեմ ներկայացված նմանատիպ բոլոր հայցերով ընդունված վճիռները: Հայաստանի Հանրապետությունը բոլոր հիմքերն ունի չընդունելու իր իրավազորության փաստը եւ աշխարհաքաղաքական հարթության վրա դա, կարծում եմ, մեզ կհաջողվի:
Գերմանիա