Հայաստանի` այսպես կոչված քաղաքական կյանքը Գագիկ Ծառուկյանի կապիտուլյացիայից հետո չնայած կիսամեռ է թվում, բայց ավելի շուտ այն սառույցի տակ քլթքլթացող ջուր է հիշեցնում: Համենայնդեպս` ուշադիր դիտողներն արդեն Սեյրան Օհանյանի եւ նրա տիկնոջ շուրջ կոմպրոմատային բնույթի բացահայտումների, առաջիկայում կազմվելիք կոալիցիայի, օգոստոսի վերջին առաջարկվելիք սահմանադրական փոփոխությունների փաթեթի վերաբերյալ աշնանը սկսվելիք սահմանադրական փոփոխությունների շուրջ գործընթացների հիմքում հայտնաբերել են ապագա նախագահական-իշխանական հավակնությունների բախման հետքը:
Բայց վերջին օրերին մի քանի նոր միտումներ կան, որոնք ցույց են տալիս, թե որքան հարաբերական է անգամ այդ` թվացյալ ուրվագծումը: Եթե նկատի առնենք մամուլի անհանգիստ շարժումները Հայաստանում միգուցե քաղաքական հավակնություններ ունեցող ռուսաստանցի մեծահարուստներ Սամվել Կարապետյանի եւ Արա Աբրահամյանի անունների շուրջ խորանանք ստեղծվող կամ ստեղծվելիք քաղաքական բովանդակությամբ նոր միավորումների ղեկավարների շարժառիթներում, ապա նոր բան բացահայտած չենք լինի` ասելով, որ Հայաստանում քաղաքական կյանք որպես այդպիսին գոյություն չունի. քաղաքական կյանքի իմիտացիան արհեստականորեն է ստեղծվում որեւէ համապետական ընտրությունից մեկ կամ մեկուկես տարի առաջ, ռելսերին դրվում այդ հենքի վրա եւ ավարտվում նոր կառավարության ձեւավորումից հետո: Հատկապես նոր ստեղծվող միավորների պարագայում: Այսինքն` դրվում է նպատակակետ` վերցնել Բաստիլը ( իշխանությունը), դրա համար ստեղծվում են տարբեր ինքնապաշտպանական եւ հարձակողական ջոկատներ, Բաստիլը գրավելուց հետո սկսում են բաշխել պաշտոնները, ու վերջ: Այդ պահից քաղաքական անվանվող պայքարն արդեն չկա, սկսվում է «բաժանելու եւ ուտելու գործընթաց», ինչպես ժողովուրդն է ասում: Մոռացվում են բոցավառ ճառերը` ժողովրդի ապագայի մասին, գունաթափվում են հանուն ժողովրդի պայքարող հեղափոխական վառ կերպարները, դա էլ հասկանալի է, չէ որ նրանց գերակշիռ մասը, անկախ նրանից` իշխանական, թե՞ ընդդիմադիր տիտղոսն են կրում, քաղաքական կյանքի, այն է` ԱԺ դռնից ներս են անցնում միայն վերին թույլտվությամբ: Գլոբալ խնդիր, ասենք` կառուցելու Հայաստանի ապագայի պատկերը, ստեղծելու Հայաստանի կառավարման որակը փոխող բարձր ինտելեկտուալ, երիտասարդ մարդկանց հերթափոխ, կամ կենտրոնանալու հայերիս համար մեկ -երկու նպատակակետ առանձնացնելու եւ այդ ուղղությամբ համակարգված աշխատելու վրա, այդ միավորները երբեք մինչեւ հիմա չեն դրել: Ու դրա համար միշտ ստացել ենք օրհաց կառավարություններ, օրհաց իշխանության որակ: Ով մոռանում է այս բոլորի ցիկլիկ լինելը, առաջարկում ենք վերհիշել մոտակա քսան տարվա անցյալը կամ նայել թեկուզ նոր ստեղծվող միավորներին: Եւ այս վերջին` մամուլ արտահոսած լուրերը, թե Հայաստանի նախագահը հանդիպել է ԲՀԿ, ՕԵԿ եւ ՀՅԴ կուսակցությունների հետ` ենթադրաբար քաղաքական հեռանկարներ, դրանց հետ նաեւ սահմանադրական փոփոխությունների հարց քննարկելով, տեղավորվում է վերն ասվածի տրամաբանության մեջ: Արդյո՞ք հենց այս կուսակցությունների հետ պետք է անցնի իր հետագա ճանապարհը իշխող հանրապետականը (կարեւոր չէ` նրանցից ով կլինի ընդդիմադիր, ով` իշխանական, նրանք միասին կներկայացնեն համակարգը): Թե՞, այնուամենայնիվ, Նիկոլ Փաշինյանի եւ Արթուր Բաղդասարյանի ստեղծած նորակառույցները եւս կարեւոր դեր են ստանձնելու ապագա քաղաքական դաշտը կերտելու գործում:
Արթուր Բաղդասարյանը «Հայկական վերածնունդ» հավակնոտ անունը կրող միավորումը ստեղծելով (որի մեջ աշնանը միգուցե կմիավորվի ՕԵԿ-ը, եւ այն քաղաքական կառույց կհայտարարվի), հույս ունի լայնորեն ներկայացված լինել խորհրդարանում` փորձելով կտրվել մոտակա անցյալի ստվերից, որը դեռ չի ջնջվել հանրության մտքից: Դրա վկայությունն է խորհրդարանում իշխանական նախագծերի բավական ակտիվ քննադատությամբ հանդես եկող ՕԵԿ խմբակցությունը` Հեղինե Բիշարյանի, Մհեր Շահգելդյանի, մյուս ՕԵԿ-ականների խոսքը դժգոհ ու վատ ապրող հանրությանն ընկալելի երանգներ է ձեռք բերել: Անգամ հաջողված պատգամավոր Էդմոն Մարուքյանը, իր պատգամավորական հաջողություններից ոգեւորված` նոր կուսակցություն է ուզում ստեղծել, երեսուն տոկոսանոց էլեկտորատ իրենով անելու հույսով, նոր մշակույթ, նոր դեմքեր խոստանալով: Խեղճ էլեկտորատ: Նրա գրագետ մասին վաղուց հայտնի է` Հայաստանում ոչինչ չի ստեղծվում եւ չի ավարտվում առանց հիմնական նախագծողների, անգամ մե՛կ պատգամավոր: Ամեն քաղաքական անվանված բան հատկապես վերջին տասնամյակում այնքան մանրակրկիտ նախագծային փուլ է անցնում, որ նոր կոչված ամեն բանի այդ նույն էլեկտորատի գրագետ մասը կասկածով վերաբերվում եւ ճիշտ էլ անում է:
Մենք, իհարկե, ԶԼՄ-ներից շատերի նման չենք վերցնի սրան կամ նրան հրեշտակի թեւեր հագցնելու, կամ` սրանից- նրանից հրեշ կերտելեու «առաքելությունը», քանի որ նախ` դա թույլ չի տալիս բոլորին եւ ամեն ինչ արմատից իմանալու փորձառությունը, երկրորդ` դրա համար որեւէ շահագրգռվածություն չունենք, ինչպես շատերն ունեն: Այնպես որ` ընթերցողին եւ գրագետ էլեկտորատին առաջարկում ենք սառը գլխով հետեւել իրադարձությունների ընթացքին` այս դեպքում որպես սովորական էկլեկտիկ:
Բուն քաղաքական կյանքի բացակայությունը պետք է բերեր տարատեսակ փոխակերպումների, այդ պատճառով բնական է, որ քաղաքական ընդդիմախոսությունն իր տեղը ժամանակավորապես զիջեց տնտեսական ընդդիմախոսությունը, քանի որ դրա առիթներն էլ շատ էին` գազի անբնական սակագին, էլեկտրաէներգայի գնի բարձրացում, նաիրիտցիների աշխատավարձ, մանր բիզնեսի զանազան պահանջների սատարում: Բացի այդ` մեծ տնտեսական հարցերը հենց սովորաբար լծակ են քաղաքականության վրա ազդելու: Մեր քաղաքական դերակատարների համար վատթարացած տնտեսական վիճակը, ՀԷՑ-ի տնօրեն Բիբինին հայերի արյունը խմող հրեշ դուրս բերելը, ՀԾԿՀի- ուղղությամբ ձվեր նետելը երկնքից իջած մանանա է պարզապես, պայքարի հուռթի դաշտ այն պարապի մեջ, երբ քաղաքական կյանքի ճարտարապետները դեռ վաղ են համարում քաղաքական կյանքի ստարտի կոճակը սեղմել եւ արդեն բյուրեղացված- գծված սխեմաներով աշխատելու ճանապարհային քարտեզ դեմ տալը: Դա կարող է միայն սեպտեմբեր-հոկտեմբերին լինել, երբ կտրվի սահմանադրական փոփոխությունների քննարկումների մեկնարկը` օգոստոսին առաջարկվելիք փոփոխությունների փաթեթի վերաբերյալ արդեն հստակված մոտեցումներով:
Իսկ հիմա բաղձալի ամառն է դեռ նոր սկսվել, ու դեռ կարելի է ՀԵՑ-ի վատ կառավարումը տարիներ չնկատող, ոլորտում մենաշնորհի առաջացմանը նպաստած պետական շրջանակներին իրենց տեղը ցույց տալու փոխարեն` ինչ-որ Բիբինի պայքարի թիրախ ընտրել կամ միայն նրա լկտիությունը մատնացույց անել: Կամ` մեր երկրում ամեն ինչի սակագինը մի քանի հոգու քաղաքական որոշմամբ ընդունելու փաստի դեմ պայքարելու փոխարեն` խեղճուկրակ ու վատ ներկայացումն իսկական թրիլլերի տակ անցկացնել փորձող Ռոբերտ Նազարյանի ուղղությամբ ձվեր նետել, այդպիսով` վատ քաղաքական շոուի մասնակից դառնալով: Բայց մեր քաղաքական հիմնական ուժերից ոչ մեկն, օրինակ, այդպես էլ ռիսկ չի անի բարձր պաշտոնյաների եւ գործարարների լայնածավալ հասիենդաների ծախսած էներգիայի ամփոփագրերը պահանջել, տեսնելու համար` թե արդյոք սրանք իրականում վճարո՞ւմ են ծախսածի ողջ ծավալով, թե՞ այդ ահռելի ծախսերի համար եւս պետք է վճարի ժողովուրդը` ամեն անգամ սակագնի բարձրացման տեսքով: Նույնը շուտով կվերաբերի ջրի սակագնին` հազարավոր խորանարդ մետրեր ջուրը վատնվում է «լեւի» ջրագծերով հզորների ահռելի շատ ջուր օգտագործող արտադրություններում, լվացման կետերում, դրանք հավանաբար հենց «խմում» են ջրակորուստների առյուծի բաժինը, բայց ոչ ոք չի համարձակվում այդ փաստերը բացահայտել, ոլորտի պատասխանատուներն էլ անընդհատ նվնվում են ջրակորուստների ահռելի ծավալներից եւ մաշված ջրագծերից:
Ահա այսպես էլ ապրում ենք, կրկնակի ստանդարտներով, թույլատրված «բացահայտումներով», նշանակովի ընդդիմությամբ-նշանակովի ընդդիմադիր լիդերներով, այդ դեպքում ինչպե՞ս կարելի է պահանջել իրական քաղաքական դաշտ եւ իրական քաղաքական գործընթացներ: Պարզ է, որ իննսուն տոկոսով վերահսկվող մամուլն ու հեռուստատեսությունը (սունկի պես աճող կուսակցական հեռուստաընկերությունները մեր ժամանակի համար պարզապես նոնսենս են) սնունդ են տալու հենց այդ իմիտացիային` մեզ հեռացնելով իրական քաղաքական դաշտ, իրական քաղաքական գործընթացներ ունենալու հեռանկարից: Բայց դե ինչպիսին որ երկրի մեծավորներն են, այդպիսն էլ նրա ԶԼՄ-ներն են, ինչ արած, եւ նույնիսկ առանձին հաջողված կոսմետիկ շտրիխներն ընդհանուր վատ շպարված դեմքին` ընդհանուր վատ նկարագրից չեն փրկում: Գումարվում են արտաքին ազեցությունները, որոնք կարող են սաստկանալ աշնանը, միգուցե հենց այդ սպասումներով է պայմանավորված սահմանադրական բարեփոխումների մի տարբերակի վերաբերյալ կողմնորոշման ուշացումը, քանի որ սահմանադրական փոփոխություններով նաեւ ուրվագծվում են ապագա դերակատարները, իսկ ապագա դերակատարների հարցում դեռ չեն կողմնորոշվել նաեւ արտաքին դերակատարները:
Ասենք` ռուսները, որ չեն կարող անտարբեր լինել, թե ովքեր կղեկավարեն Հայաստանը նոր խորհրդարանական եւ նախագահական ընտրություններից հետո, իրենց բազմաթիվ խնդիրների մեջ խճճված, դեռ մեր ուղությամբ չեն նայում, որքան էլ ԵՏՄ անդամ ենք: Նույն կերպ` ռուսների չձեւակերպված հավակնությունները կապված են թողնում նաեւ Հայաստանում հետաքրքրություններ ունեցող մյուս խաղացողների ձեռքերը: Ի դեպ, մեր տպավորությամբ`Հայաստանի ներկա ղեկավարները եւս դեռ չեն կողմնորոշվել, եւ նրանց որոշումների վրա եւս կարող են ազդել արտաքին ազդեցությունները: Եթե ընտրվի խորհրդարանական կառավարումն ու խորհրդանշական նախագահի առկայությունը` մի իրավիճակ ու ղեկավարների մեկ կոմբինացիա է, ուժեղ նախագահական ինստիտուտի դեպքում` ղեկավարների եւ ուժերի այլ կոմբինացիա, կոմպրոմիսային տարբերակի դեպքում` այլ: Այնպես որ` զարմանալի չէ քաղաքական ուժերի սպասումը: Նույնքան անստույգ են այն արտահոսքերը, թե Գագիկ Հարութունյանը կարող է լինել նախագահ (սիմվոլիկ) , իսկ Սերժ Սարգսյանը, կախված մոդելի ընտրությունից, խորհրդարանի նախագահ կամ վարչապետ: Անգամ` ֆանտաստիկ ենթադրությունները` իշխանությունը ժառանգաբար հանձնելու մասին: Էստեղ կասվեր հայտնի խոսքը` երկիրը հո գույք չէ, որ ժառանգություն տան:
Այս ամառ դեռ շատ բան կփոխվի, համենայնդեպս` ռուսական ուղղությամբ հայ պաշտոնյաների ոչ պաշտոնական շփումների արտահոսքերը հենց այդ են վկայում: Այնպես որ` թե մի բան պարզ լինի, ամռան վերջին կլինի: Նույնիսկ` այս խորհրդարանում կոալիցիա կազմելու դեպքում, ինչպես որ խոսվում է այժմ, ներկա կառավարության ուրվագիծը նույնպես կփոփոխվի, անգամ դժվար է ենթադրել, թե ինչ աստիճանի: Մի խոսքով` որքան էլ տարբեր տեսակի շարժումներ, տուրեւառ կա` արդյունքին օգոստոսի վերջից շուտ սպասել պետք չէ: Այս բոլորում մի անհարմար պահ կա` հանրության մշտական օտարվածությունն այդ բոլորից: Սակայն դա մեր ղեկավարներին երբեք անհարմարություն չի պատճառել: Մեր հանրության զգալի հատվածը վաղուց սովորել է դրան, անտարբեր ու ներհայեցողական դարձել, ու անգամ այն ենթադրությունները, թե էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման եւ հետագա թանկացումների դեմ պայքարը կարող է իշխանափոխության բերել, չենք կարծում, թե իրականություն դառնա: Եթե, իհարկե, չխրախուսվի տարբեր կենտրոններից: Իսկ թե երբ մենք մեր խնդիրները մեր ձեռքով լուծելու կենսակերպը կընտրենք, դեռեւս չի ուրվագծվում: