Էներգակիրներից ոչ մեկը կրկնակի չի թանկացել այդ ընթացքում
«Հայաստանի էլեկտրական ցանցերի» (ՀԷՑ) եւ էներգիա արտադրող ձեռնարկությունների ներկայացրած հայտը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով` էլեկտրաէներգիայի սակագնի 17 դրամով թանկացման մասին, առաջին իսկ հայացքից տարօրինակ է թվում: Ընդ որում, ոչ միայն դրա սոցիալ-տնտեսական հետեւանքները նկատի ունենալով, այլեւ տրամաբանությամբ եւ տնտեսական գործոնները հաշվի առնելով:
Երկու տարվա ընթացքում սակագնի բարձրացման երրորդ հայտը
Երկու տարվա ընթացքում երրորդ անգամն է (երկու անգամ ՀԷՑ-ը, մեկ անգամ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը) էլեկտրաէներգիայի սակագների թանկացման հայտ ներկայացվում: 2013-ի հուլիսից էլկտրաէներգիայի սակագինը 30 դրամից դարձավ 38 դրամ (գիշերայինը 28 դրամ) 1 կՎտ/ժ-ի համար, 2014-ի օգոստոսից` գրեթե 42 դրամ (գիշերայինը 32 դրամ) եւ հիմա էլ առաջարկվում է 59 դրամ: Ստացվում է, որ երկու տարվա ընթացքում սակագինը թանկանում է կրկնակի, ինչն ուղղակի անհեթեթ է: Ոչ մի ծառայության սակագին կամ ապրանքի գին կրկնակի չի թանկացել անցած երկու տարվա ընթացքում: Ընդ որում, կրկնակի չի թանկացել ոչ Հայաստան մուտք գործող գազի գինը, ոչ ատոմակայանի, ոչ էլ ՀԷԿ-երի արտադրած էլեկտրական էներգիան: Ավելին, վերջերս հայ-ռուսական բանակցությունների արդյունքում ռուսական «Գազպրոմը» հայտարարեց, որ Հայաստան մատակարարվող գազի գինը իջեցնելու է մինչեւ 165 դոլարի` 189 դոլարի փոխարեն: Ակամայից այն եզրակացության ես գալիս, որ սակագնի փոփոխությունն արվում է գլխավորապես մատակարար ընկերության` ՀԷՑ-ի կորուստները փոխհատուցեու համար: Որքա՞ն են դրանք եւ ինչո՞ւ են կուտակվել:
էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանի տեղեկացմամբ, 2015թ. հունվարի 1-ի դրությամբ, ՀԷՑ-ի պարտքը էներգիա արտադրող ձեռնարկություններին կազմում է 15,8 միլիարդ դրամ, իսկ առեւտրային բանկերին` 220 միլիոն դոլար: Այսինքն, մոտ 250 մլն դոլար: Դարձյալ ըստ Երվանդ Զախարյանի, ՀԷՑ–ի ֆինանսական ծանր իրավիճակը պայմանավորված է 2012-2014թթ. մարժային տարիներին ոչ իրատեսական էներգահաշվեկշիռներով, ատոմակայանի լրացուցիչ կանգառով, ջրի սակավությամբ, ՀԷԿ-երում թերի արտադրված էլեկտրաէներգիայիով:
Թանկացման այս պատճառները նշվել են նաեւ նախորդ թանկացման ժամանակ
Սակայն, անցյալ տարի, երբ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հայտ էր ներկայացրել սակագնի վերանայման մասին, հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը դա հիմնավորում էր դարձյալ նույն պատճառներով` ատոմակայանի լրացուցիչ կանգառով, ջրի սակավությամբ, ՀԷԿ-երում թերի արտադրված էլեկտրաէներգիայով: Այդ ժամանակ, նա մոտ 10 տոկոսով սակագնի թանկացումը բավարար էր համարում էներգետիկ համակարգում ստեղծված իրավիճակին լուծում տալու համար: Մինչդեռ, չի անցել անգամ մեկ տարի, երբ նույն պատճառներով այս անգամ արդեն 40 տոկոսով թանկացման հայտ է ներկայացվում: Փաստորեն կամ Ռոբերտ Նազարյանը եւ նրա գլխավորած հանձնաժողովը մեկ տարի առաջ իրավիճակը լավ չեն իմացել, կամ իմացել են, բայց հանրությանը ասել են այլ բան:
Ինչ վերաբերում է էնեգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանի մյուս պատճառաբանությանը` 2012-2014թթ. ոչ իրատեսական հաշվարկներին, ապա ակնհայտ է, որ դրա համար սպառողը չպետք է փոխհատուցի: Եթե ՀԷՑ-ը պարտքեր է կուտակել, բանկերից վարկեր վերցրել իր սխալ հաշվարկների պատճառով կրած վնասները փոխհատուցելու համար, ապա դա տվյալ ընկերության կառավարման արդյունավետության խնդիրն է:
Հանուն արդարության նշենք, որ վերջին կես տարվա ընթացքում, փոխարժեքի դեկտեմբերյան արժեզկումից հետո, արտադրող եւ բաշխիչ ընկերությունները օբյեկտիվորեն կորուստներ էին կրում, քանի որ գազի գինը դոլարով փոխվել էր, իսկ դրամով մնացել նույնը: Արդյունքում, գազը փաստացի ձեռք էր բերվում ավելի թանկ գնով: Սակայն, քիչ հավանական է, որ վերջին 6-7 ամիսներին դա կարող էր 250 մլն դոլար պարտք առաջացնել, առավել եւս, որ ոլորտի պաշտոնյաները այս պատճառը չեն նշում հիմնական պատճառների թվում:
Առաջիկայում էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման օբյեկտիվ պատճառ կարող է դառնալ ատոմակայանի ժամկետի երկարացումը, որի համար հատկացվել է 270 մլն դոլար վարկ (չհաշված մոտ 30 մլն դոլար անհատույց դրամաշնորհը): Սակայն խոսքը միայն 2,5 դրամ թանկանալու մասին է, եւ ներկայիս թանկացման պատճառների թվում սա նույնպես չի նշվում:
Երվանդ Զախարյանը վկայակոչում է եւս մեկ ցուցանիշ` «Հայաստանի էլեկտրական ցանցերում» կորուստները կազմում են 14,5 տոկոս` միջազգայնորեն ընդունված 9-10 տոկոսի փոխարեն: Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարը հայտարարում էր, որ աշխատանքներ են տարվում մինչեւ 13 տոկոսի այս ցուցանիշը հասցնելու համար: Զարմանալիորեն նրան ոչ ոք չի հարցնում, ի՞նչ եղան այդ «աշխատանքների» արդյունքները, եթե, իհարկե, դրանք տարվել են, կամ ո՞ւր են արդյունքները, եթե կան:
Պատեհ պահ` համակարգի արդյունավետության ուսումնասիրության եւ էներգախնայողության ծրագրի իրագործման համար
Էլեկտրաէներգիայի սակագնի նախորդ թանկացմանն անդրադառնալով, կարեւոր էինք համարել եւ այժմ էլ համարում ենք, թե որքանո՞վ են հիմնավոր հանձնաժողովի հաշվարկները, արդյո՞ք էլեկտրաէներգետիկ ոլորտի ընկերությունները ուռճացված չեն ներկայացնում իրենց գործունեության համար պակասող գումարի չափը, որքանո՞վ են արդյունավետ կառավարվում այդ ընկերությունները, ի՞նչ ռեսուրսներ կան դրանց կառավարումը բարելավելու եւ ծախսերը նվազեցնելու համար: Ո՞վ դա պետք է անի` էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությո՞ւնը, թե՞ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը: Գուցե միջգերատեսչական կամ խորհրդարանական հանձնաժողով ստեղծվի՞: Ամեն դեպքում, հիմա պատեհ պահն է համակարգի կառավարման լուրջ ուսումնասիրություններ կատարելու համար:
Պատեհ պահ է նաեւ մեկ այլ կարեւոր խնդրին, ի վերջո, անդրադառնալու համար: Խոսքը էներգախնայողության մասին է: Մի քանի անգամ մեր թերթում անդրադարձել ենք այս հարցին: Բանն այն է, որ էներգետիկ ոլորտում մենք ունենք խնայողությունների ռեսուրս: Դա ոչ թե խոսակցությունների կամ անգամ փորձագիտական տեսակետների մակարդակով ասված խոսք է, այլ Հայաստանի կառավարության կողմից դեռ 2007-ին ընդունված ծրագիր ` «ՀՀ էներգախնայողության եւ վերակագնվող էներգետիկայի ազգային ծրագիր» անվանմամբ:
Ծրագրի եզրակացության մեջ նշված է, որ Համաշխարհային բանկի 2008-ի ուսումնասիրության համաձայն, էներգախնայողությամբ Հայաստանը կարող է խնայել տարեկան 132 մլրդ դրամ, որը համարժեք է եղել այն ժամանակվա ՀՆԱ-ի գրեթե 5 տոկոսին: Դոլարային արտահայտությամբ դա մոտ 275 մլն դոլար է : Համեմատության համար նշենք` այնքան, որքան կազմում է ատոմակայանի ժամկետի երկարացման համար Ռուսաստանի տրամադրած վարկը: «Դա հավասար է էներգիայի խնայողության մոտ 1,21 մլն տնհ տարեկան կամ 1 ՏՎտժ էլեկտրաէներգիա, կամ 600 մլն մ3 բնական գազ», նշված է կառավարության ծրագրում:
Այս ծրագրում շեշտվում է, որ Հայաստանի շենքերի գերակշռող մասը կառուցվել են խորհրդային ժամանակներում` 35-60 տարի առաջ, առանց որեւէ էներգախնայողության: Այդ շենքերում Էներգիայի օգտագործումը մեկ քառակուսի մետրի վրա մոտ 3-5 անգամ բարձր է, քան Եվրոմիության երկրներում: Բնակելի եւ հանրային շենքերի արդյունավետ ջերմամեկուսացման միջոցով հնարավոր է կրճատել ջեռուցման համար էներգասպառումը առնվազն 20-40 տոկոսով: Այս բավականին տպավորիչ արդյունքներ խոստացող էներգախնայողության ծրագիր Հայաստանի ոչ մի կառավարություն, 2007-ից ի վեր, քայլեր չի արել կյանքի կոչելու համար: Հարկ է ի վերջո գիտակցել, որ էներգառեսուրսները` գազը, ատոմային վառելիքը եւ այլն, սպառվող, հետեւաբար եւ թանկացող ռեսուսներ են: Ուստի խիստ կարեւորվում են էներգախնայողության ծրագրերի իրականացումը, օգտվելով տեխնոլոգիական զարգացման հնարավորություններից, ինչպես նաեւ առավելագույնս արդյունավետ եւ ամբողջական օգտագործելով մեր եղած ռեսուրսները` հիդրոէներգետիկան, այլընտրանքային էներգետիկան: Անշուշտ, սրանք չեն կարող փոխարինել ատոմակայանին կամ գազին, բայց գոնե բնակչության համար կարող են նվազեցնել էներգետիկ ծախսերը եւ քիչ ցավալի դարձնել սակագնային հնարավոր, օբյեկտիվ գործոններով պայմանավորված թանկացումները:
Այս առումով հարկ է նաեւ նշել, որ «Ոչ մի լումայի թանկացում» հերթական «ակտիվիստական» լոզունգը ոչ այլ ինչ է, քան «չենք վճարում 150 դրամի» շարունակությունը: Վերջինիս հետեւանքով Երեւանի տրանսպորտի վիճակը անցած երկու տարում ավելի է վատթարացել` մի քանի տասնյակ երթուղիներ փակվել են, մնացածներն ավելի երկար են սպասեցնում ուղեւորներին ու ավելի գերբեռնված երթեւեկում, նոր ավտոբուսներ ներկրողներ էլ այլեւս չկան: Այսինքն, էլեկտրաէներգիա սակագների բարձրացումը ընդհանրապես բացառելը միտինգային դատարկախոսություն է` հեռու իրականությունից, շուկայական տնտեսության կանոներից եւ տնտեսական իրողությունների գիտակցումից: Հիշեցնենք, թե ի՞նչ կարող է տեղի ունենալ էներգետիկ համակարգի անգամ մասնակի խափանումների դեպքում` հովհարային անջատումներ, տնտեսական ճգնաժամ եւ այլն: Էներգետիկ անվտանգությունը երկրի պաշտպանական անվտանգության մասն է եւ այն ռիկսի ենթարկել ամբոխավարական կոչերի ազդեցությամբ, անթույլատրելի է: Խնդիրն այլ է` բնական մենաշնորհ հանդիսացող էլեկտրաէներգիայի սակագնի ցանկացած փոփոխություն պետք է ունենա անառարկելի փաստարկներ, որոնք այս հայտում չեն երեւում: