Ցեղասպանության ճանաչումն ամենից առաջ կանխարգելման, նման հանցագործությունների կրկնելիությունը կանխելու խնդիր պետք է լուծի` անմասն չմնալով հանցագործության դատապարտմամբ առաջ քաշվող հատուցման հարցերից: Մնացյալ պարագաներում ճանաչումը կարող է անգամ բարոյական բավարարություն չբերել, քանի որ այն, ինչ փաստ ու եղելություն է տառապած ժողովուրդների համար, այլոց ճանաչմամբ ոչ թեթեւանում, ոչ էլ ամոքվում է:
Հայոց ցեղասպանության 100-ամյակի հիշատակումն այսօր իր վերջնագծին է մոտենում` միջոցառումների, ընդգրկման ու անդրադարձի առումով: Լավ, իսկ ապրիլի 24-ից հետո՞… 101-րդ, 102-րդ եւ հետագա տարելիցների առումով էլ ի՞նչ կարելի է անել կամ արդյո՞ք անհրաժեշտ է անել:
Ակնհայտորեն մինչեւ այս օրը միջոցառումների ու Ցեղասպանության թեմայի արծարծման առատության արդյունքում առաջինը, հուսանք, ժամանակավորապես գալու է դատարկության զգացում, երբ անմոռուկապատումն իր բոլոր ուղեկցող տարրերով կանհետանա: Հասկանալի է, որ ամենից առաջ 100-րդ ապրիլի 24-ից հետո ապրելու ենք, ինչպես ապրել են` յուրաքանչյուրն իր հոգսով ու առօրյայով: Սակայն որոշ բաներ, այդուհանդերձ, փոխվելու միտումներ են ցույց տալիս, ու հարց է մնում այդ միտումները պահպանելու, ապա նաեւ զարգացնելու ուղղությամբ աշխատանքի առումով:
100-ամյա խնդիրներ
1942թ. հունվարի 20-ին Բեռլինի արվարձաններից մեկում` Վանզիում կոնֆերանս էր, որի նպատակը, ըստ մասնակիցների, «հրեական հարցի վերջնական լուծման իրականացման հարցում կառավարական տարբեր մարմինների վարչական ղեկավարների համագործակցության ապահովումն էր»: Իսկ վերջնական լուծում ասելով տվյալ դեպքում հասկանում էին «հրեաների տեղափոխում Լեհաստան եւ սպանություններ»: Այս կոնֆերանսը փաստագրված է ամենայն մանրամասներով, թե ինչպես էին տրանսպորտի, էներգետիկայի, առողջապահության նախարարությունների ներկայացուցիչները քննարկում հրեշավոր մի ծրագրի վարչական-կազմակերպական հարցերը:
Այս ամենի համար Գերմանիան ստանձնել է պատասխանատվություն: Ու կարծես այս հարցում այնքան բան է արված, բայց հենց այս օրերին Հոլոքոսթի զոհերի ժառանգները դատական հայց են ներկայացրել Ֆրանսիայի երկաթուղային ազգային ընկերությանը` Աուշվիցի եւ Բուխենվալդի համակենտրոնացման ճամբարներ հրեաներին տեղափոխելու համար: Ֆրանսիական ընկերությունը մեղադրվում է, որ շահույթ է ստացել գերմանական իշխանությունների անօրինական ու հանցավոր գործողություններին մասնակցելով:
Օրինակը բերվել է զուտ այն նպատակով, որ տարիները ոչինչ չեն որոշում, եւ երբ էլ հանցագործությունն իրականացվել է կամ մասնակցել են հանցագործության իրականացմանն ու անգամ շահույթ ստացել, պետք է լինի պատասխանատվություն: Մինչդեռ գրեթե այնքան տարիներ, որքան այսօր հիշատակում ենք, ապրում ենք զոհի բարդույթով, ցայսօր միայն եզակի ու եզակի հայցադիմումներով, մինչդեռ ճանաչման ու դատապարտման իմաստն առանց իրավունքների վերականգնման պահանջի ավելի շուտ փակ շրջապտույտ է, ոչ մի տեղ չտանող մոտեցում:
Այս օրինակը նաեւ հատկանշական է, որ հանցագործության իրականացմանը նպաստողները, իսկ այդպիսիք Հայոց ցեղասպանության պարագայում էլ եղել են, եւս ունեն պատասխանատվության իրենց բաժինը, որի հարցը պիտի բարձրացվի, եւ այնպես, որ ճանաչումը չլինի միակ դրսեւորումը:
100 տարի շարունակ, ժամանակ առ ժամանակ բավարարում են տվել տարբեր երկրների կառավարությունների, օրենսդիր մարմինների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման բանաձեւերը, օրենքները: Սակայն 100 տարի պահանջվեց, որ դատապարտման խոսքերն ավելի բարձր հնչեն, ավելի հաճախ, տարբեր անկյուններից, որ փոքր-ինչ բացվեն արխիվները, արթնանա տարիների թմբիրում նիրհող ինքնությունն այնտեղ, որտեղ այն փորձել են գլխատել:
100 տարի պահանջվեց, որ շեշտադրումներ արվեն, մինչդեռ յուրաքանչյուր տարելից նույն իրադարձության հիշատակումն է, ուրեմն 100, թե 150` էական փոփոխություն չի բերում: Սակայն դար պահանջվեց, որպեսզի ընդհանրացվեն ու համատեղվեն բոլոր-բոլոր ջանքերը… դժվա՞ր, թե՞ անհնար էր մինչ այդ նույն կերպ հանդես գալ: Հասկանալի է, որ ներկայիս ռեսուրսներն ու հնարավորությունները չէին կարող արդյունք բերել առանձին-առանձին այնպես, ինչպես հիմա կարելի էր ակնկալել, սակայն մի՞թե միասնական դիրքերից ու մեկտեղված եռանդով գործելու համար էլ էր 100 տարի անհրաժեշտ…
Էականը
Թուրքիայից լրագրողների մի խումբ այս օրերին Հայաստանում է, ու նրանց հետ ապրիլի 22-ին հանդիպումը սեղանի շուրջը հետաքրքրական էր տարբեր առումներով, բայց դրանցից անդրադառնամ մեկին: Հրաշալի երաժշտություն էր հնչում, հայկական: Սեղանի շուրջը նստածները ձայնակցում էին, հետո էլ ֆիդայական երգերից մեկի ընթացքում սկսեցին ծափ տալ: Կողքից շշնջացին, թե գեղեցիկ չէ, ճիշտ չեն հասկանա, որ ապրիլի 22-ին ուրախ սեղանի շուրջն են նստել հայ ու թուրք լրագրողները:
Անկեղծ ասած` ոչ մի հիմք չէի տեսնում սեղանի շուրջը լաց լինելու: Զրույցները հետաքրքրական էին, ներկայացվող տպավորությունները` յուրօրինակ, կարելի էր համաձայնել-չհամաձայնել, բայց մեկ է` լաց լինելու բան չկար: Եվ ուրախալի էր, որ նույն երաժշտությունը թուրք գործընկերների կողմից սեփական էր ընկալվում ու ուրախություն պատճառում:
Ասել կուզի` ողբասաց ենք: Կա այդպիսի բնութագիր: Դա էլ թերեւս պետք էր, սակայն ժամանակն է այլ փուլի անցնելու: 100-ամյան բավական էր ողբի համար: Ցեղասպանությունների ճանաչումն ու դատապարտումն ամենից առաջ ունի կանխարգելման նպատակ, ուրեմն ողբը չէ այդ գործընթացի ուղեկիցը: Հայ ժողովրդի համար էլ դարն ավելին էր, քան պետք է մնալու այն վիճակում, որ ավելի հաճախ բնութագրում են 100-ամյա լռությամբ ու տառապանքով:
Ցեղասպանության թեման հեշտ ու թեթեւ չի, հասկանալի է, որ տառապանքը, գազանություններն ու վայրագ ցավը անբաժանելի մասն են այդ անցյալի: Ապրիլի 24-ից, արդեն 100-ամյա, հետո էլ զոհի բարդույթով ապրելու չէ: Զոհի բարդույթից դուրս գալ է պետք այնպես, որ արդեն ոչ թե ողբասացություն լինի, այլ զարգացման ու հեռանկարի ձգտում: Սեփական մտորումներս հաճախ են տարել այնքան հեռու, որ մտածել եմ, թե արդյո՞ք հայ ժողովուրդը` հավաքական, ամբողջ, կարծես գրեթե 10 մլն-անոց, կարող է համախումբ լինել այլ հարցերում, որոնք պակաս կենսական ու կարեւոր չեն. Արցախ, Հայաստան, ապագա…
Որպես 20-րդ դարասկզբի առաջին ցեղասպանությունը տեսած ժողովուրդ առնվազն բարոյական պարտք ունենք աշխարհին այդ մասին մշտապես հիշեցնելու, պահանջելու, որ կրկնությունը բացառվի բոլոր դեպքերում, բոլոր մայրցամաքներում: Այդ պարտքը փորձում ենք կատարել, թեեւ այդ հարցում էլ միասնական լինելու վերաբերյալ ես իմ կասկածներն ունեմ: Ցեղասպանության հարցում էլ մենաշնորհ ունենալու ձգտողներ կան, ավելին` դափնիներ կրելու երազանքներ սնողներ եւս` դեսպան կլինի, թե կուսակցություն:
2015թ.-ից հետո պետք է նաեւ այլ առաջնահերթություններ առաջ քաշել` հնարավոր միավորված մոտեցմամբ ու համատեղված ուժերով հարցերին լուծում տալու պատրաստակամությամբ, առաջին հերթին` Հայոց ցեղասպանության ճանաչման, դատապարտման ու հետեւանքների վերացման համատեքստում: Բայց ոչ միայն:
Ավելի գործուն քայլերի անհրաժեշտություն
ԱՄՆ պարագայում հատկանշական է, որ նախագահ Բարաք Օբաման այդպես էլ չի վարանում դրժել իր նախընտրական խոստումը: Նա չի պատրաստվում ցեղասպանությունը կոչել ցեղասպանություն, եւ դա, անկեղծորեն, առանձնակի ոչինչ չի նշանակում: Եթե ԱՄՆ նախագահի թեկնածուն օգտագործում է «Ցեղասպանություն» բառը, իսկ արդեն ընտրվելով նախագահ վերանայում սեփական դիրքորոշումը, ապա դա եզրակացություններ անելու եւ արդեն իսկ ամերիկյան նախագահական թեկնածուների կողմից նմանատիպ նոր խոստումների հետ այլ կերպ աշխատելու նշան է: Այսօր էլ արդեն հնչում են այդպիսի խոստումներ, ուրեմն դրանք պետք է դրվեն այնպիսի հիմքերի վրա, որ ընտրությունից հետո վերանայումը այնքան հեշտ չլինի, որքան դա եղավ Օբամայի համար:
Եթե յուրաքանչյուր անգամ Թուրքիայի արտգործնախարարի շուտափույթ այցելություններով եւ անգամ քաղաքական առումով պարզունակ շանտաժների գործադրմամբ հարցը կարգավորվում է այնպես, որ տխրահռչակ «ցեղասպանություն» բառն այդպես էլ չի հայտվում ԱՄՆ նախագահի ամենամյա ուղերձի տեքստում, ուրեմն թեկնածուական խոստումներին պետք է այլ կերպ վերաբերվել, հատկապես որ Թուրքիայում իսկապես ու լրջագույնս մտահոգված են Հռոմի Պապի, Եվրոխորհրդարանի եւ այլ մակարդակներում «ցեղասպանություն» բառի օգտագործման չափաբաժիններով: Դիտարկել, որ Թուրքիայի արտգործնախարար Մեվլութ Չավուշօղլուն` ամերիկյան թուրքական լոբբիի հետ հարցերը մեկ գիշերում լուծեց, իսկ Օբաման էլ Թուրքիայի նախագահին ենթակա անձ է, միամտություն կլինի. ԱՄՆ համար եւս հարմար է թեւնոցում Թուրքիայի նկատմամբ միշտ ճնշման այնպիսի մի լծակ ունենալ, ինչպիսին հայկական հարցն է:
Իհարկե, դրական տեղաշարժ կլիներ, եթե Միացյալ Նահանգները նախագահի մակարդակով եղելությունը անվաներ «ցեղասպանություն», սակայն դրա փոխարեն արդեն ավելի մեծ թվով ամերիկյան նահանգներ են այդպիսի բնութագրով բանաձեւեր ընդունել: Բոլոր նահանգների կողմից ընդունվելու դեպքում իրավիճակը դաշնային մակարդակում գործադիր իշխանության մոտեցումների առումով կարող է փոխվել: Ուրեմն այստեղ կա տարվելիք աշխատանք, մտածել ու գործել է պետք` 100-րդ տարելիցից հետո ավելի, քան մինչ այդ: Էական է նաեւ, որ ԱՄՆ Սենատում Հայոց ցեղասպանության ճանաչման նոր բանաձեւ է ներկայացվել` ի հետեւումն Հռոմի Ֆրնացիսկոս պապի եւ Եվրոխորհրդարանի հայտարարություններին:
Ապրիլի 24-ից հետո, արդեն մայիսին, Վաշինգտոնում են ծրագրված ցեղասպանության զոհերի ոգեկոչման արարողություններ, ու թեեւ դժվար է Օբամայի մոտեցման մեջ մեկ տանսօրյակում փոփոխություն ակնկալելուն լուրջ վերաբերվել, այդուհանդերձ, դա եւս մեկ հնարավորություն կլինի ամերիկյան իրականության մեջ ցեղասպանության թեմայի արծարծման ու դատապարտումի համար: Եվ ամերիկյան գործադիր իշխանության մակարդակով ցեղասպանության ճանաչման դեպքում անգամ, ճիշտ այնպես, ինչպես ճանաչողների դեպքում, Թուրքիան հոխորտանքից ու դեսպանին հետ կանչելուց քիչ անց կրկին կվերադառնա իր պրագմատիկ ու ռեալ քաղաքականությանը` կարգի բերելով նաեւ ճանաչած երկրների հետ հարաբերությունները: Այդպես լինում է գրեթե միշտ: Ու թեեւ ներկա դրությամբ զուտ նախընտրական պայքարի համատեքստում թուրքական իշխանություններն ավելի ազգայնական նոտաներով են հայտարարություններ անում, ակնհայտ է, որ դա ավելի շատ ներքին լսարանին ուղղված խոսք է` խորհրդարանական սպասվող ընտրություններում ձայներ հավաքելու ամենակենցաղային խնդրի պատճառով:
Բացի այդ, Թուրքիան պրագմատիկ երկիր է` նույն այդ հարթությունում աշխատել փորձող իշխանությամբ, ուստի հոխորտանքը, թե թուրքերը որպես զբոսաշրջիկ էլ ոտք չեն դնի Վատիկան, Վատիկանում հյուրանոցներն էլ դատարկ կմնան` լավագույն դեպքում քարոզչական հայտարարություն է: Գալիպոլիի միջոցառումներն ապրիլի 24-ին անցկացնելը, նաեւ Կոսովոյի սերբական համայնքի ղեկավարին դեպի Երեւան այցի համար օդային տարածք չտրամադրելը ավելի շատ է շեշտել 100-ամյակը:
Մտահոգիչ է, որ Ստամբուլում հայկական եկեղեցու պատերին հակահայկական գրառումներ են արվել, բայց դա էլ տեղավորվում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի ազգայնական հայտարարությունների հետեւանքներում այն դեպքում, երբ նախորդ տարվա ապրիլքսաներեքի նրա հայտարարությունն այս տարի կրկին արվել է վարչապետի մակարդակով` ի դեմս Ահմեդ Դավութօղլուի` Էրդողանի խոսքի քիչ խմբագրված տարբերակով: Ի դեպ, եթե անցյալ տարի Թուրքիայի որեւէ իշխանավորի կողմից հայերին ուղղված ցավակցությունը ինչ-որ բացառիկ ու որոշ առումով գնահատելի քայլ կարելի էր դիտել, այս տարի նմանատիպ ուղերձով` գրավոր հայտարարությամբ ապրիլի 21-ին հանդես գալով նախորդ տարվա քայլն արժեզրկվեց:
Ամերիկյան իրականության մեջ մեկ այլ կարեւոր հանգամանք էլ հրեական ներկայության դիրքորոշման մեջ փոփոխությունն է, որին եթե գումարենք Իսրայելում եւս Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում ավելի հաճախ հնչող ձայներն ու հայտարարությունները, ապա 101-րդ տարելիցը հատկանշական դարձնելու եւս մեկ ուղղություն է ուրվագծվում: Իսրայելում այս հարցում փոփոխություններ արձանագրելը դժվարագույն խնդիր է, բայց եթե փորձագիտական գնահատականների համաձայն` իսրայելցիների մոտ տրամադրություններն այս հարցում փոխվում են, ուրեմն հնարավոր է 100-րդ տարելիցից հետո նշանակալի քայլերի հասնել:
Ավստրիայի կողմից ճանաչման քայլից հետո թեեւ Թուրքիայի դեսպանն այս երկրից էլ է մեկնել Անկարա, այդուհանդերձ, ավելի մեծ կարեւորություն է ստանում Գերմանիայի պարագան, քանի որ Եվրոմիությունում Թուրքիայի ամենախոշոր առեւտրային գործընկեր այդ երկրի դիրքորոշումը, ըստ որոշ տվյալներիՙ արդեն ավելի քան 3 մլն թուրք եւ թուրքական ծագմամբ բնակչությամբ, չի կարող անհետեւանք մնալ Թուրքիայի համար: Հասկանալի է, որ Գերմանիայի պարագայում առավել մեծ քաջություն ու հաստատակամություն էր անհրաժեշտ ընդունել ու դատապարտել նացիզմի չարագործությունները, սակայն Հայոց ցեղասպանության հարցում եւս այս երկիրը պատասխանատվության իր մեծ բաժինն ունի, որ պետք է ստանձնել: Ուստի 2015թ.-ի ապրիլի 24-ին Բունդեսթագում նախատեսված քվեարկությունից հետո եւս մեկ զարգացում կարող է հասցվել տրամաբանական ավարտի: