ԱՐԱՄ ՍԱՖԱՐՅԱՆ, Քաղաքական վերլուծաբան, բանասիրական գիտությունների թեկնածու
Մեր հասարակության մեջ վերջերս կրկին աշխուժացան քննարկումները Եվրասիական ինտեգրման գործընթացից սպասելիքի կապակցությամբ: Այս տարվա առաջին երկու ամիսների արդյունքով մեր տնտեսությունը փոքր, բայց աճ է արձանագրել: Սա թույլ է տվել փորձագետներին զգույշ կանխատեսում անելու այն մասին, որ Հայաստանը բռնել է ետճգնաժամային զարգացման ճանապարհ: Սա այն պարագայում, երբ ըստ նախնական տվյալների 60 տոկոսով կրճատվել է Ռուսաստանից ստացվող տրանսֆերտների ծավալը, իսկ հայ արտահանողներից շատերը դադար են վերցրելՙ հասկանալու համար, թե ինչպես իրեն կդրսեւորի ռուսական ռուբլին: Հայտնի է, որ այդ դադարի պատճառը հունվարին Ռուսաստանի ֆինանսների նախարարի եւ Կենտրոնական բանկի կանխատեսումներն էին այն մասին, որ տարվա ընթացքում ռուբլին իր վրա կզգա դոլարի ուժեղացող ճնշումը եւ այդ ճնշման առավելագույն ազդեցությունը կլինի մարտ եւ ապրիլ ամիսներին: Առայժմ այդ կանխատեսումները չեն իրականանում, իսկ ռուբլին մի փոքր նույնիսկ ամրապնդվում է, ինչը ստիպել է ռուս ֆինանսական վերլուծաբաններին մտածելու այն մասին, թե արդյոք ռուսական տարադրամը կարո՞ղ է ունենալ ինքնուրույն գործելու տրամաբանությունՙ անկախ նավթի գների շարունակվող անկումից: Միաժամանակ ակնհայտ է, որ շտապել դատողություններ անել Ռուսաստանի տնտեսության եւ հայ-ռուսական տնտեսական հարաբերությունների մասին երկու ամսվա տվյալներով ուղղակի անիմաստ է եւ պետք է շարունակել ուշադրությամբ հետեւել այդ գործընթացներին: Ճիշտ են նրանք, ովքեր պնդում են, որ Եվրասիական ինտեգրման գործընթացի մասին քիչ թե շատ ամփոփիչ դատողություններ կարելի է անել միայն տարվա վերջում:
Հիշեցնենք, որ Ղազախստանի նախագահը կանխատեսել էր, որ այս վերջին ֆինանսատնտեսական ճգնաժամի ամենասուր պահը վրա կհասնի 2016թ.: Ռուսաստանի նախագահն իր վերջին հայտնի մեծ ասուլիսի ժամանակ կանխատեսել էր, որ ֆինանսատնտեսական ճգնաժամը կշարունակվի մոտ երկու տարի եւ զարգացման փուլին Ռուսաստանը կվերադառնա մոտավորապես 2016թ. կեսերին կամ դրանից մի փոքր ուշ:
Աշխարհի տնտեսության պատկերը փոխվում է արագ եւ շատ դինամիկ: Եվրոն դոլարի համեմատությամբ արժեզրկվում է, ինչը ԵՄ քաղաքականության եւ տնտեսության ճարտարապետների մոտ չի կարող մտահոգություն չառաջացնել: Շարունակում է զարգանալ չինական տնտեսությունը եւ անկասկած է, որ չինացիները մոտենում են աշխարհի ամենամեծ տնտեսությունը եւ ամենաարտադրող պետությունը դառնալու հռչակած տեսլականին: Եթե հերթական անգամ ապացուցվի այն իրողությունը, որ փոքր տնտեսությունները տնտեսական մեծ համակարգերում կարող են ոչ միայն թուլացման, այլեւ ուժեղացման միտումներ դրսեւորել, ապա Հայաստանի տնտեսական զարգացման հեռանկարները գլոբալ ճգնաժամի ծավալման պայմաններում կարող են եւ միանգամայն իրատեսական լինել:
Կոնկրետ բովանդակություն ավանդական քաղաքական կապերին
Վաղը Ազգային Ժողովում կմեկնարկի ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի եւ ՌԴ Դաշնային Խորհրդի Պետական Դումայի ԱՊՀ երկրների, Եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի համատեղ նիստը Արտակ Զաքարյանի եւ Լեոնիդ Սլուցկու համանախագահությամբ: Հետաքրքրական է, որ մեր խորհրդարանական դիվանագիտության դաշտում Ռուսաստանը միակ երկիրն է, որի հետ համակարգված համագործակցության այսպիսի ձեւաչափ կա: Նախորդ համատեղ նիստը հաճելիորեն զարմացրեց այն իմաստով, որ ավանդական բարեկամության եւ դաշնության փոխադարձ հավաստիացումներից զատ անցավ արտակարգ գործնական մթնոլորտում, շատ մեծ թվով ռուս եւ հայ փորձագետների մասնակցությամբ: Սկսված տարում սա մի բացառիկ հարթակ է, որտեղ պաշտոնական եւ ոչ պաշտոնական քննարկումներում ռուս խորհրդարանականներին եւ փորձագետներին կարելի է հասցնել Հայաստանի ակնկալիքը Եվրասիական ինտեգրման գործընթացում, մասնավորապեսՙ տնտեսության մեզ համար կարեւոր ճյուղերում ռուսական ներդրումների մեծացման մասին: Նկատի ունենք առաջին հերթին արդյունաբերական որոշ ճյուղերի, այդ թվումՙ գյուղատնտեսական մթերքի մշակման նոր հնարավորությունների հարցերը:
Վերջին օրերին կրկին աշխուժացել են քննարկումները, որոնց իմաստը հասկանալն է, թե դեռ ինչքա՞ն կշարունակվեն Արեւմուտքի արգելամիջոցները Ռուսաստանի նկատմամբ, որքանո՞վ են դրանք արդյունավետ եւ որքանո՞վ է Ռուսաստանը պատրաստ ամրացնելու իր տնտեսության ռազմավարական ճյուղերը եւ դիվերսիֆիկացնելու իր արտաքին տնտեսական կապերը միակողմանի տնտեսական կախվածություններից ազատվելու համար: Եթե նույնիսկ ճիշտ է, որ ժամանակին սոցիոլոգիական տարբեր հետազոտություններով ցույց տրված մեր քաղաքացիների սպասելիքը Եվրասիական ինտեգրումից եղել է ավելին, քան դրա իրական ներուժը կա, ապա միեւնույն է, այսօր Ռուսաստանի բոլոր հարեւանները մտածում են ստեղծված քաղաքական-տնտեսական իրողությունների պայմաններում նոր, լրացուցիչ օգուտներ ստանալու մասին:
Չինաստան մեկնած ՀՀ նախագահի գլխավորած պաշտոնական պատվիրակությունն իր հետ բերում է ստորագրված տասից ավել համաձայնագիր տնտեսության, գիտության, կրթության եւ ենթակառուցվածքների ոլորտում նոր համագործակցություն ծավալելու մասին: Սա կարեւոր նորություն է, եւ եթե նկատի ունենանք, որ չինացիները փոխադարձության սկզբունքով ճանաչելու են մեր դիպլոմներն ու գիտական կոչումները եւ պատրաստ են մեզ հետ կիսվելու ժամանակակից տեխնոլոգիաների իրենց նվաճումներով, ապա կարելի է կանխատեսումներ անել, որ ոչ միայն հյուսիսային, այլեւ արեւելյան ուղղությամբ մենք զարգացման ու համագործակցության դեռեւս չօգտագործված ներուժ ենք բացահայտելու:
Ետ չմնալ մեր փոփոխվող տարածաշրջանում
Ճանաչված վերլուծաբան Գագիկ Հարությունյանը մի քանի օր առաջ ուշադրություն հրավիրեց այն փաստի վրա, որ մոտակա տասնամյակում Թուրքիան կարող է դառնալ միջուկային տերություն, կառուցել ատոմակայաններ եւ տիրապետել ուրանի հարստացման այնպիսի տեխնոլոգիաների, որը նրան կտա միջուկային զենք ստեղծելու հնարավորություն: Չորեքշաբթի օրը Հորդանանում ռուսական կողմի հետ պայմանագիր կնքվեց ատոմակայան կառուցելու վերաբերյալ: Հորդանանցիներն արդեն ունեն եվրոպական գիտական շրջանակներին հայտնի միջուկային արագացուցիչ եւ փաստորեն հավակնում են միջուկային միջազգային ակումբի լիարժեք անդամ դառնալու: Մինչեւ հիմա մեր տարածաշրջանում (նկատի ունեմ Մերձավոր եւ Միջին Արեւելքը) միջուկային ակումբի միայն երեք անդամ կարՙ Հայաստանը, Իսրայելը եւ Իրանը: Փաստորեն միջուկային էներգետիկան թափանցում է տարածաշրջանի նոր երկրներ: Եվ այս համապատկերում Հայաստանում դեռ կան ազդեցիկ մարդիկ, որոնք մտածում են, արժե՞, թե չարժե մեր երկրում կառուցել նոր, ժամանակակից ատոմակայան եւ վերջապես ունենալ նոր սերնդի միջուկային արագացուցիչ: Ռազմաքաղաքական հարցերի փորձագետ Սերգեյ Սարգսյանը ցույց է տվել, որ Հայաստանի էներգետիկ անվտանգությունն ապահովելու դրդումով մեր երկիրը գնաց ոչ թե ԵՄ-ի պահանջների կատարման ուղղությամբՙ փակելու իր գործող ատոմակայանը, այլ մտավ ԵԱՏՄՙ ակնկալիքով, որ Ռուսաստանը կօգնի երկարացնելու գործող ատոմակայանի շահագործման ժամկետը եւ կառուցելու գալիք տասնամյակում նոր սերնդի ատոմակայան: Նա ցույց է տվել նաեւ, որ հակառակ դեպքում մեր կախվածությունների թիվը կմեծանա եւ կընդգրկի նաեւ էներգետիկայի ոլորտը, ինչը միանգամայն անթույլատրելի է:
Վերջին օրերի հետաքրքրական տնտեսական քննարկման թեմաներից մեկն էլ այն է, թե որքանով է հնարավոր համատեղել անդամակցությունը ԵԱՏՄ-ին եւ ամրապնդել համագործակցությունը ԵՄ-ի հետՙ նկատի ունենալով, որ ԵՄ-ի եւ Ռուսաստանի հարաբերությունները բավական լարված են: Հենց այդ պատճառով է, որ մենք ուշադրությամբ հետեւում ենք պաշտոնական Բրյուսելում եւ եվրոպական մայրաքաղաքներում ծավալված այն բանավեճերին, որոնց նպատակն է կոնսոլիդացված եզրակացության գալ Ռուասատանի հանդեպ արգելամիջոցները շարունակելու կամ հանելու հարցում: Մենք թեթեւորեն շունչ կքաշենք, եթե այդ լարվածությունը վերանա: Բայց եթե այն չվերանա, հարց է ծագում, թե ինչպե՞ս կվերաբերվեն մեզ Ռուսաստանում եւ Բրյուսելում մեր դիրքորոշումների հարցում:
Ի՞նչ է հաջորդելու տնտեսական պատերազմներին
ԵՄ առայժմ չի որոշել, թե երկարաձգելո՞ւ է արդյոք Ռուսաստանի դեմ արգելամիջոցները: Բայց յոթ երկիր, մասնավորապես Հունաստանը, ցանկանում են վերականգնել եւ զարգացնել տնտեսական կապերը Ռուսաստանի հետ: Ըստ երեւույթին պետք է սպասել, որ գյուղատնտեսական մթերքների ներկրումն այդ երկրներից դեպի Ռուսաստան կվերականգնվի: Ինչ վերաբերում է ԱՄՆ-ին, ապա թե՛ ռուս, թե՛ ամերիկացի փորձագետները պնդում են, որ Ռուսաստանի դեմ մտցված արգելամիջոցները դեռ երկար կպահպանվեն, եւ լարվածությունը կշարունակի մնալ: Ռուս քաղաքական գործիչների շրջանում շատերն են կարծում, որ ԵԱՏՄ ստեղծումը լուրջ հարված է միաբեւեռ աշխարհի ամերիկյան մոդելին եւ դրա համար էլ ԱՄՆ ամեն ինչ անելու է թույլ չտալու համար Եվրասիական ինտեգրման գործընթացի հաջողությունը:
Բոլոր պարագաներում տնտեսական զարգացման հարցերը գալիս դիպչում են քաղաքական հիմնախնդիրներին: Շուտով մեր տնտեսական մտքից եզրակացություն կպահանջվի նախագահ Վ. Պուտինիՙ ԵԱՏՄ նոր միասնական տարադրամ ստեղծելու հնչեցրած գաղափարի վերաբերյալ: Հայտնի է, որ նա ՌԴ կառավարությանը հանձնարարել է մինչեւ սեպտեմբեր ուսումնասիրել այդ գործընթացը սկսելու հնարավորությունը: Պարզ է նաեւ, որ այդ հարցը սկսելու է քննարկվել Մինսկում եւ Աստանայում, ուրեմն նաեւ մեզանում: Տնտեսագետ պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանը կարծում է, որ այդ գործընթացի առաջմղման համար կարող են երկար տարիներ պահանջվել, ինչպես որ դա եղել է եվրոյի դեպքում: Սակայն կա նաեւ կարծիք, որ մերօրյա զարգացումները շատ ավելի դինամիկ են եւ այդ ուղղությամբ որոշումները կարող են ընդունվել շատ ավելի արագ, քան նախադեպերի օրինակով կարծում ենք մենք: Սա եւս մի թեմա է, որի քննարկումները մեր բիզնես եւ փորձագիտական շրջանակներում պետք է սկսված համարել:
Անկախ այն հանգամանքից, որ մենք ԵԱՏՄ անդամ դարձանք գլոբալ ճգնաժամի նոր ալիքի ամենադժվարին պահին, շատերն են հասկանում, որ մեր տնտեսությունը միջնաժամկետ եւ երկարաժամկետ ժամանակաշրջանում էապես զարգանալու այլ հնարավորություն տեսական մակարդակով ուղղակի չունի: Պարզապես շատ կարեւոր է, որ վերջին տասնամյակներում թռիչքաձեւ զարգացում ունեցած արեւելյան երկրների օրինակով մեր քաղաքական վերնախավերը, գիտափորձագիտական շրջանակները եւ տեղեկատվական դաշտը միասնաբար լծվեն տնտեսության զարգացմանն ուղղված փաստորեն լոբբիստական գործունեությանը: Ավելի պարզ ասած, բռունցք դարձած առաջ մղեն «նախ եւ առաջ տնտեսությունը» թեման: