Քանի որ Հայաստանում այս օրերին ըստ էության քաղաքական գործընթացներ եւ հետեւաբար` իրադարձություններ քիչ են կատարվում, կամ կատարվում են հասարակության աչքից ու ականջից հեռու, առաջարկում ենք մի մաքուր քաղաքական խաղ խաղալ: Դրա համար անհրաժեշտ է երկու բան` խաղալու ցանկություն եւ երեւակայության վառ արտահայտված զգացողություն: Եթե դուք երկուսն էլ ունեք, ուրեմն շարունակենք:
Բացի Արմավիր քաղաքի բնակիչներից, մյուսներս պատկերացնենք, որ ամրավիրցի ենք, եւ մեզ, ինչպես նաեւ թալինցիներին, սիսիանցիներին, ղուկասյանցիներին, իջեւանցիներին, սպիտակցիներին, հրազդանցիներին, սեւանցիներին, եղեգնաձորցիներին,արտաշատցիներին եւ իհարկե երեւանցիներին արդեն մի քանի տարի խոստանում են, թե «հեսա բան չի մնացել, մի քիչ էլ հուպ տանք եւ սրանք, այսինքն` ռեժիմը, կա՛մ ինքնակամ կգնա, կա՛մ արյունլվիկ կգնա, ինչը մենք չենք ցանկանում, բայց կարող ենք ստիպված անել»:
Օրերից մի օր էլ մեր հայրենի Արմավիր քաղաքում տեղի են ունենում քաղաքապետի ընտրություններ: Դե մենք էլ, որպես քաղաքակիրթ մարդ եւ պետության լիարժեք քաղաքացի,մտածում ենք, որ ահա, ընտրությունները միակ լեգիտիմ հնարավորությունն են. կգնանք, կընտրենք մեր ուզած ընդդիմադիր թեկնածուին եւ գոնե Արմավիրից «սրանց դուրս կշպրտենք»:
Ընտրության օրը գնում ենք տեղամաս եւ իմանում, որ թեկնածուն մեկն էՙ գործողը, հասկանալի է` ընդդիմության հետ ոչ մի կապ չունեցող «սրանցից մեկը»: Մեզ, սակայն, համոզում են, թե ոչինչ, դուք ընտրեք իրեն, միեւնույն էՙ միայն Արմավիրով բան դուրս չի գա, պետք է կենտրոնը քանդենք, Երեւանը գրավենք, որից հետո նոր միայն առանձին-առանձին եւ ինքնաբերաբար հաղթենք մարզերում, մի օր էլ Արմավիրի հերթը կգա: Մենք էլ, քանի որ քաղաքակիրթ մարդ եւ պետության լիարժեք քաղաքացի լինելուց բացի` ի դժբախտություն մեզ նաեւ միամիտ մարդ ենք, անում ենք այնպես, ինչպես ասում են: Այսինքն ընտրում ենք գործող քաղաքապետին, որը լրիվ լեգիտիմ քաղաքապետ է դառնում:
(Ի դեպ, շնորհավորում ենք պարոն Խլղաթյանին` երկուշաբթի օրը Արմավիրի քաղաքապետ վերընտրվելու կապակցությամբ):
Արդեն տանը մենք այդպես էլ չենք մտածում, կամ ուշ ենք գլխի ընկնում, որ փաստորեն, հաշվի առնելով, որ հայրենի ընդդիմության համար մարզերի քաղաքների պետերի ընտրությունը անտեսված բան է, նշանակում է, որ կա՛մ ընդդիմությունը այդ ընտրությունները չի կարեւորում, կա՛մ կարեւորում է, բայց բավարար ռեսուրս չունի, որպեսզի մասնակցի դրանց: Երկու պարագայում էլ նշանակում է, որ այսօրվա ընդդիմությունը թույլ է: Առաջին պարագայում թույլ է, որովհետեւ քաղաքականություն չի հասկանում, երկրորդ պարագայում թույլ է, քանի որ մրցակցում է, ավելինՙ ցանկանում է հաղթել ՀՀԿ-ին, որը ոչ միայն կարեւորում է բոլոր տեսակի ընտրությունները երկրում` լինի դա Հանրապետության նախագահի, թե դպրոցի տնօրենի, այլեւ ունի բավականաչափ ռեսուրս` մասնակցելու դրանց բոլորին:
Ընդդիմությունը, փաստորեն, չունի: Երբ կունենա, այդ ժամանակ էլ կստանա ՀՀԿ-ին քաղաքակիրթ ճանապարհով հաղթելու հնարավորություն եւ մեզ` արմավիրցի լինենք, թե երեւանցի` փրկության հույս տալու իրավունք:
Իսկ մեր առաջարկած խաղն ավարտվեց: Արմավիրում Ռուբեն Խլղաթյանը կշարունակի քաղաքապետի իր գործունեությունը, որը սկսվել է 2004-ից, արդեն 11 տարի: Ի դեպ, պարոն Խլղաթյանը, ով ՀՀԿ-ական է, համենայն դեպս` էր (Խլղաթյանը ընտրություններում ինքնաառաջադրվել է, ոչ թե առաջարդվել է ՀՀԿ-ի կողմից- Հ.Ա.), նաեւ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի խնամին է, եւ նախագահական անցյալ ընտրություններում, երբ Արմավիր քաղաքում Րաֆֆի Հովհաննիսյանը հաղթեց, ելնելով «բարոյական նորմերից»` հրաժարական ներկայացրեց, ինչը սակայն կառավարությունը չընդունեց:
Արմավիրի քաղաքապետի կայացած ընտրություններին, ըստ պաշտոնական տվյալների, մասնակցել է ընտրողների 32,5 տոկոսը կամ 9 հազար 246 քաղաքացի, որոնցից 8 հազար 169-ը քվեարկել է միակ թեկնածու Խլղաթյանի օգտին, իսկ 810-ը` դեմ: